Գրքեր

Քրիստոնյան քայլում է վերընթաց ուղով

Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան վանական համալիրում նրանք մասնակից եղան քրիստոնյայի համար ամենակարևոր և նվիրական արարողությանը, որ քրիստոնեական եկեղեցու սրբություն սրբոցն է՝ Ս. Պատարագին: Արարողության ավարտին պատարագիչը՝ Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը, ողջունեց ուխտավորներին և մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը: Ապա Տեր Հայրն ուխտավորներին ներկայացրեց միջնադարյան վանքի հարուստ պատմությունը և հոգևոր զրույց ունեցավ նրանց հետ: Սիրո ճաշով եզրափակվեց ուխտավորների աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ու անսասանությանը:

Դեպի Աստված տանող ճանապարհը վերընթաց ուղի է: Սովորաբար բարձրանալն ավելի դժվար է, քան իջնելը: Հոգևոր վերելքը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ նեղ է ճանապարհը և դժվարին, այն ենթադրում է անձի հոգևոր և բարոյական աճ, մարդու անհատականության կատարելագործում։ Այսինքն՝ հոգևոր կյանքն անհնար է առանց պայքարի, քանի որ այն սկիզբն է Երկնային Արքայության, որն, ըստ Ավետարանի, ուժով է ձեռք բերվում (Մատթ. 11:12): Եթե այդ ուղին քրիստոնյայի համար դառնում է աղոթքի, խոկման, զղջման և բարին արարելու ուղի, ապա նրա էությունը լցվում է այնպիսի ջերմությամբ և լույսով, որ կյանքը բոլորովին այլ ընթացք է ստանում: Նրանք, ովքեր, Աստծու կամքը կատարելով, կրում են իրենց խաչը, այդ ճանապարհին Տերը, Իր խոսքի համաձայն, չի թողնում նրանց առանց հոգևոր մխիթարության՝  «Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30):

 

Կարինե Սուգիկյան

 

20.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․