Գրքեր

Քրիստոնյայի համար սուրբ օրը կիրակին է

Տասը պատվիրաններից չորրորդը՝ «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8), մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հատկացնել աստվածապաշտության, ձեռնպահ մնալ աշխարհիկ գործերից և այդ օրը նվիրել Աստծուն: Աստվածաշնչի առաջին էջերում կարդում ենք, որ. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ» (Ծննդոց 2:2): Տերը մեզ օրինակ ծառայեց, որ մենք էլ վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը հանգստանանք: Հրեաների համար հանգստյան այդ օրը շաբաթն է, այն բոլորին աշխատանքից հանգստանալու ընդմիջում էր տալիս՝ ազատներին ու ստրուկներին և նույնիսկ ընտանի կենդանիներին: Հինկտակարանյան ժամանակաշրջանում շաբաթվա օրերը չեն ունեցել հատուկ անվանումներ, այլ պարզապես թվերով են անվանվել՝ առաջին, երկրորդ օր և այսպես շարունակ: Միայն յոթերորդ օրն է անուն ունեցել՝ շաբաթ, որ նշանակում է «հանգիստ»:

Ս. Գրքում շաբաթ օրվա մասին բազմիցս է խոսվում: Հրեաները ծայրահեղացրել էին շաբաթը սուրբ պահելը: Օրինակ՝ Մակաբայեցիների պատերազմի ժամանակ ապստամբների մի խումբ գերադասեց մեռնել «քար չշպրտելով», քան կռվել շաբաթ օրը, և գլխովին ոչնչացվեց: Այդժամ հավատի համար պայքարի ոգեշնչող քահանա Մատաթիան որոշեց գործել այլ կերպ. «Պետք է կռվենք շաբաթ օրը»,- ասաց նա: Ալեքսանդր Մենը նշում է, որ փարիսեցիների մեջ մեկ անգամ չէ, որ հնչեցին բողոքի ձայներ, հանգստին վերաբերող օրենքները չափազանց ուռճացնելու դեմ: «Շաբաթն է տրված ձեզ, և ոչ թե դուք՝ շաբաթին»,- ասում էր նրանցից մեկը (Մակաբայեցիներ 2:32-41): Հատկապես ջերմեռանդ էին հեսսեականները: Նրանք գտնում էին, որ եթե շաբաթ օրը փոսի մեջ մարդ կամ կենդանի է ընկել, դուրս քաշել-հանել կարելի է միայն հաջորդ օրը: Շարունակելով արգելքների շարքը՝ նշենք, որ հրեաների մոտ արգելված էր կերակուր պատրաստել, անգամ որոշված էր, թե այդ օրը քանի քայլ կարելի է կատարել, արգելված էր շաբաթ օրով բժշկել, վեր կենալ և վերցնել մահիճը. «Օրը շաբաթ է և Օրենքի դեմ է, որ վերցնես մահիճդ» (Հովհաննես 5:10),- հանդիմանում էին հրեաները Տիրոջ կողմից բժշկված մարդուն: Օրենքի նախանձախնդիրներն այն աստիճան բծախնդրության էին հասցրել շաբաթը պահելը, որ բարի գործ կատարելու իրավունք չկար, նրանց բնավ չէր ուրախացնում 38 տարվա անդամալույծի բժշկվելը, կարևորը նրանց համար Օրենքն էր խախտվել: Հրեաները հավատում էին, որ շաբաթ օրով կատարված ամեն գործ՝ բարի կամ չար, մեղք էր: Քրիստոս նման տեսակետները դիտում էր որպես Մովսեսի պատվիրանների ոգու խեղաթյուրում:

Շաբաթ օրով արգելված էր անգամ հասկ քաղել: Երբ Հիսուսի աշակերտները հասկեր պոկեցին և կերան, փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Տե՛ս, Քո աշակերտներն ի՞նչ են անում շաբաթ օրով, մի բան, որ մեր Օրենքով արգելված է» (Մարկոս 2:24): Այս պատճառով Քրիստոս այսպիսի անմիտ ըմբռնողության դեմ զինվեց և նրանց բացատրեց շաբաթվա նշանակությունը: «Հիսուս պատասխանեց նրանց.

- Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ պետք էր ուտել, այսինքն՝ երբ ինքը և իր հետ եղողները քաղցած էին: Աստծո տունը չմտա՞վ, երբ Աբիաթարը քահանայապետ էր, չկերա՞վ առաջավորության հացերը և չտվե՞ց նաև իր հետ եղողներին, մի բան, որ ըստ Օրենքի միայն քահանաներին էր թույլատրված:

Ապա ավելացրեց.

- Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար: Ուրեմն Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է» (Մարկոս 2:25-28):

Մեր Տերը բազում հիվանդների բժշկեց շաբաթ օրով՝ Կափառնայումում մի մարդուց դուրս հանեց պիղծ ոգուն (Մարկոս 1:21-28), այդ օրը բուժեց Սիմոնի զոքանչի ջերմախտը (Մարկոս 1:29-31), բացեց ի ծնե կույրի աչքերը (Հովհաննես 9:1-41), բուժեց չորացած ձեռքով մարդուն (Մատթեոս 12:9-13), կուչ եկած կնոջը (Ղուկաս 13:10-16), ջրգողով հիվանդին (Ղուկաս 14:1-6): Վերջին բժշկության ժամանակ Հիսուսի այն հարցին, թե. «Մեր Օրենքը թույլ տալի՞ս է շաբաթ օրով բժշկել», Օրենքի ուսուցիչները լռեցին (Ղուկաս 14:3-4): Քրիստոս, շաբաթ օրով բժշկություններ կատարելով, հաստատում էր, որ շաբաթ օրով բարիք գործելն արգելված չէր:

Հիսուս փարիսեցիների առջև այսպիսի հարց դրեց. «Եթե ձեզնից մեկի էշը կամ եզը ջրհորն ընկնի, նա այն չի՞ հանի շաբաթ օրով» (Ղուկաս 14:5):

Մեր Տերը ցույց տվեց, որ ողորմածությունն ու գթասրտությունն ավելի կարևոր են, և չորրորդ պատվիրանը պահելը չպետք է վնասի մարդուն:

Ի տարբերություն հրեաների՝ դեռևս առաքելական ժամանակաշրջանից քրիստոնյաների համար սրբագործյալ հանգստյան օրը դարձավ շաբաթվա առաջին օրը` միաշաբթին, որը կոչվեց կիրակի: Այն առաջին օրն է, օրերի սկիզբը, օրերի օրը, այդ պատճառով էլ կոչվում է միաշաբթի: Նրան են հաջորդում շաբաթվա մյուս օրերը՝ երկրորդը, երրորդը և այլն: Միաշաբաթ բառն այսօր գործածվում է ժամակարգության մեջ, օրինակ Առավոտյան ժամերգության «Նորաստեղծեալ» երգի մեջ:

Շաբաթվա մյուս օրերի համեմատ կիրակին քրիստոնյայի համար պատվելի և կարևոր օր է: Քրիստոսով այն սրբագործվեց՝ ստանալով նոր իմաստ. այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ, Քրիստոսի մկրտության օրը` կիրակի էր, ինչպես նաև Քրիստոսի Այլակերպության օրն էր կիրակի, առաքյալներն այդ նույն օրը Վերնատանը ստացան Սուրբ Հոգին, Քրիստոսի Երկրորդ գալուստն այդ օրն է լինելու: Ինչպես նաև կիրակի օրը Նոյը տապան մտավ, Աստված խոսեց Աբրահամի, նաև Մովսեսի հետ Սինա լեռան վրա, և Օրենքը տրվեց: Փարավոնից Իսրայելի ազատության օրը, երբ ծովն անցան, կիրակի էր: Կիրակի նշանակում է «տերունի», քանի որ Տիրոջը միշտ ունի իրենում: Այդ օրը ոչ միայն հանգստանում ենք կենցաղային հոգսերից և թողնում ենք բոլոր մարմնավոր գործերը, այլև նվիրում ենք Աստծուն՝ հետևելով միայն աստվածահաճո գործերին. գնում ենք եկեղեցի, մասնակցում Ս. Պատարագին, աղոթում, շնորհակալություն հայտնում անցած շաբաթվա համար և օրհնություն խնդրում եկող շաբաթվա համար, օգնում աղքատներին, կարոտյալներին: Հանգիստը միայն Աստծուց է և Աստծով: Աշխարհում չենք կարող գտնել այնպիսի հանգիստ, ինչպիսին Աստված միայն կարող է տալ: Աստծուց հեռու եղող մարդու համար հանգիստ չկա: Ահա թե ինչու Քրիստոս կոչ է ուղղում մեզ դեպի Իրեն գնալու և հանգիստ գտնելու. «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատթեոս 11:28): Աստված է միայն տալիս սրտի խաղաղություն, Նա է օգնում մեզ, թե ինչպես հաղթահարել ներքին հակասությունները: Աստված և՛ աշխատանքը օրհնեց, և՛ հանգիստը: Այնպես որ ճիշտ աշխատելը և ճիշտ հանգստանալը ոգեշնչում է մարդուն և երիտասարդացնում:

Իսկ շաբաթ օրը քրիստոնյաների կողմից պատվվում է որպես սրբոց հիշատակության օր: Յուրաքանչյուր ոք աստվածային այս պատվիրանին անհնազանդություն է ցուցաբերում, եթե առանց ծայրահեղ անհրաժեշտության աշխատում է կամ էլ ծուլության պատճառով չի գնում եկեղեցի: Այս պատվիրանը խախտում են նաև նրանք, ովքեր անտեղի արգելում են իրենց հարազատներին, ենթականերին և գործակիցներին եկեղեցի գնալ Տիրոջ սուրբ օրը՝ աղոթելու և արարողություններին մասնակցելու: Պատվիրանը չեն պահում նաև նրանք, ովքեր ուղղակի հետաքրքրության համար են գնում եկեղեցի, որոնց մտքերն այս ու այն կողմ են թափառում:

Քրիստոնյաներս այս պատվիրանի նպատակն անգործ մնալու մեջ չենք որոնում, այլ հոգեկան կազդուրման: Աստված մարդուն թելադրում է շաբաթվա մեջ մի օր հատկացնել որոշ նպատակի համար, այս պարագայում՝ Աստծուն:

Կիրակի առավոտյան, երբ սկսում է Ս. Պատարագը, շատ մարդիկ դեռ քնած են: «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից»,- ասում է առակագիրը: Նման մարդիկ պատճառաբանում են, թե մի կիրակի է, հանգստյան օր է, երկար ենք քնում: Բայց կիրակի օրն է, որ Ս. Պատարագ է մատուցվում եկեղեցում:

Քրիստոնյա մեր երկրում ինչպե՞ս է տարբերվում կիրակի օրը շաբաթվա մյուս օրերից: Կարելի է ասել՝ ոչ մի բանով: Քանի որ ինչպես մյուս օրերին, այնպես էլ կիրակի օրը հարկի և անհարկի բաց են բոլոր խանութները, առևտրի ու զվարճանքների կենտրոնները:

Այսօր հաճախ մարդկանցից լսում ենք, որ ժամանակ չունեն կիրակին սուրբ պահելու, այսինքն՝ եկեղեցի գնալու, աղոթելու, հոգևոր ընթերցանությամբ զբաղվելու, իսկ մյուս օրերին՝ առավել ևս: Սակայն ամենազբաղված մարդն անգամ, երբ աշխատանքից տուն է վերադառնում, թեև, ցավալի է, որ ժամանակ չունի աղոթելու, սակայն, ժամանակ է տրամադրում հեռախոսով խոսելու, ժամերով հեռուստացույց դիտելու, համակարգչից օգտվելու, թերթեր, ամսագրեր կարդալու և այլն: Այն մարդիկ, ովքեր փորձում են կիրակին սուրբ պահել, ստանում են ավելին. Աստված օրհնում է նրանց աշխատանքը, բազմապատկում է նրանց ուժերը և օգնում, ի տարբերություն նրանց՝ ովքեր իրենց ժամանակն անցկացնում են անգործությամբ և ծուլությամբ: Եվ հակառակը՝ Աստված չի օրհնում այն գործերը, որ կատարվում են կիրակի օրը: Պատմվում է, որ մի գյուղացի իր արտում կարտոֆիլ է ցանում, մի մասը ցանում է կիրակի օրը, իսկ մյուսը՝ երկուշաբթի: Որոշ ժամանակ անց նկատելի է դառնում, որ կիրակի օրվա ցանածները համարյա թե չեն աճել՝ ի տարբերություն մյուս օրվա ցանածի:

Չորրորդ պատվիրանը պահելիս պետք է զգուշանալ չընկնել ծայրահեղությունների մեջ, մի կողմից ինչպես փարիսեցիները, իսկ մյուս կողմից էլ՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնել այս պատվիրանին: Քրիստոս, բացատրելով շաբաթ օրվա խորհուրդը, մեջբերում է կատարում Հին կտակարանից. «Ողորմություն եմ ուզում և ո՛չ զոհ» (Մատթեոս 12:7; Օսե 6:6):

Մարդուն մնում է ընտրություն կատարել. «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19): Կենարար դարձի դեպքում ամենաթշվառ չարագործն անգամ գնում է դեպի հույս, մահվան մատնվածը՝ դեպի կյանք (Ս. Գրիգոր Նարեկացի, Բան ԺԱ):

Աստծու սուրբ օրը պահելով՝ ավելի ենք մոտենում Տիրոջը, ճանաչում Նրա կամքն ու կատարում: Եվ Աստծու պատվիրանները պահելը դժվար չեն. «Այն պատվիրանները, որոնք այսօր Ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի… Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում, քո սրտում է, և դու ի վիճակի ես կատարելու այդ» (Երկրորդ Օրենք 30:11; 14): Աստվածային պատվիրանները մարդու հոգևոր և մարմնավոր բարօրության և հավիտենական երջանկության համար է:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

20.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․