Գրքեր

Քրիստոսի անապական մարմինը

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության` Քրիստոսի մարմինը անապական էր ինչպես Հարությունից հետո, այնպես էլ Հարությունից առաջ: Գիտենք, որ մեր մարմիններն ապականացու են, և ապականությունն առաջացել է մեղքի պատճառով: Իսկ Քրիստոսի մարմինն անապական է, որովհետև Նա ծնվել է աստվածային զորությամբ միայն մեկ ծնողից, մինչդեռ ապականացու մարդկային մարմինները գոյավորվում են հոր և մոր սերմերից: Երկաբնակները կամ քաղկեդոնականները Քրիստոսի մարմինն ապականացու են ասում` նկատի ունենալով նաև երկրային կյանքի ընթացքում մահվան ենթակա լինելը, սակայն այլ է մահը, և այլ է ապականությունը: Մահը հոգու բաժանումն է մարմնից, իսկ ապականությունը բանսարկուից է սերմանվել` որպես մահվան հետևանք, քանզի Արարիչն Աստված միայն ստեղծում ու գոյավորման է բերում և ոչ թե եղածը տանում է ապականության: Այսպիսով, կարելի է ասել, որ Քրիստոսի մարմինը չարչարելի է և մահկանացու, սակայն չի կարելի Տիրոջ մարմինն ապականացու ասել, քանզի ապականությունը ոչ թե բնությունից է, այլ մեղքից, իսկ Քրիստոսի մարմինը մեղք չկրեց: Այս իրողությունը նկատի ունենալով` նաև Պետրոս առաքյալն է վկայում ըստ սաղմոսի խոսքերի. «Նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործք 2.31, Սաղմ. 15.10):

Ոմանք Քրիստոսի անապական մարմնի վերաբերյալ ճշմարիտ ուսուցմանն ընդդիմանալու համար մատնանշում են Քրիստոսի ուտելը, որն իբր ապականության հետ է կապված: Սակայն Քրիստոս կերավ նաև Հարությունից հետո (Ղուկ. 24.43, Գործք 10.41), և Նրա ուտելը մեր ուտելուց տարբերվում է նրանով, որ Քրիստոս երբեք ավելորդ ծորում չի ունեցել, ինչպես ապականացու մարմինները, քանի որ Քրիստոսի մարմինն անապական է: Մենք ևս անապական, բայց նաև փառավորյալ մարմին ենք ունենալու ընդհանրական հարությունից հետո (Ա Կորնթ. 15.52-54): Փառավորյալ մարմինն ունի չորս հատկություն` անապական է, թեթև, թափանցող (այսինքն` նյութական արգելքների միջով թափանցելու, անցնելու կարողություն ունեցող), պայծառ: Անապականությունը Քրիստոս ցույց տվեց վերնատանը, երբ Իր Մարմինը տվեց որպես կերակուր (Մատթ. 26.26-28, Մարկ. 14.22-24, Ղուկ. 22.19-20, Ա Կորնթ. 11.24-25), թեթևությունը, երբ քայլեց ծովի վրայով (Մատթ. 14.25-26, Մարկ. 6.48-49, Հովհ. 6.19), պայծառությունը ցույց տվեց Թաբոր լեռան վրա, երբ պայծառակերպվեց (Մատթ. 17.2, Մարկ. 9.1, Ղուկ. 9.29), իսկ թափանցողությունը երևաց այն ժամանակ, երբ Քրիստոս ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Ինչպես որ փակ դռներով Քրիստոս մտավ իր աշակերտների մոտ (Հովհ. 20.26), այնպես էլ ծնվեց Սուրբ Կույսից` անխախտ թողնելով նրա կուսության կնիքը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս վարդապետությունը մենք պետք է մեր մտքում ունենանք հատկապես նաև այն ժամանակ, երբ մոտենում ենք Սուրբ Հաղորդության` հաղորդվելու Քրիստոսի անապական Մարմնին և անապական Արյանը:

Քրիստոսի արտասվելը

Քրիստոս հարություն տվեց չորս օրվա մահացած Ղազարոսին: Երբ Քրիստոս պետք է Ղազարոսի գերեզմանը գնար, Ավետարանն ասում է, որ... Հիսուս արտասվեց (Հովհ. 11.35): Հավանաբար այս դեպքից առաջ ոչ ոք Հիսուս Քրիստոսին արտասվելիս չէր տեսել, որովհետև հրեաներն էլ զարմացած ասում էին. «Տեսեք ինչքան էր սիրում նրան» (Հովհ. 11.36): Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ Քրիստոս արտասվում էր առաջին հերթին ոչ թե Ղազարոսի համար, այլ լալիս էր այն բազում մարդկանց համար, ովքեր ապրում են, սակայն մեռելների հարության օրը հոգով մեռնելու են, այսինքն` Աստծուց հեռու են լինելու իրենց երկրավոր կյանքում անհավատության կամ էլ չար գործերի պատճառով:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

22.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․