Գրքեր

Քրիստոսի համբարձումը

Քրիստոսի մարդեղության մասին բոլոր հրեշտակները չէ, որ գիտեին: Եվ երբ Քրիստոս երկինք էր բարձրանում, հրեշտակները միմյանց հարցնում էին, թե ո՞վ է արդյոք այս հզորը: Հրեշտակները Քրիստոսին չճանաչեցին, որովհետև Նրա մարմինը ծածկում էր Նրա աստվածությունը: Սուրբ Դիոնիսիոսն ասում է, որ երկնայինները Քրիստոսին չէին համարձակվում հարցնել, որովհետև Նրա տեսքը ահեղ և փառավոր էր: Այս հարցումը և դրան տրված պատասխանը մեզ ներկայացնում է 23-րդ սաղմոսը: Քրիստոսին ուղեկցող հրեշտակներն ասում էին. «Բարձրացրեք իշխաններ ձեր դռները, որպեսզի փառքի արքան ներս մտնի», իսկ Քրիստոսի փրկագործությանը անտեղյակ հրեշտակները հարցնում էին. «Ո՞վ է այս փառքի արքան» և լսում էին պատասխանը, թե այդ արքան Տերն է (Սաղմ. 23.7-10): Այս նույն հարցուպատասխանը կարող ենք լսել նաև Պատարագի ընթացքում: Երբ սարկավագը սկիհը փոխանցում է քահանային, ասում է. «Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, զի մտցէ Թագաւոր փառաց», իսկ քահանան հարցնում է. «Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի»: Վերջում սարկավագը պատասխանում է` սա Ինքն է Թագաւոր փառաց: Այս հարցուպատասխանը կարծես հիշեցնում է Քրիստոսի երկինք մտնելը: Քանի որ Սուրբ Խորանը խորհրդանշում է երկինքը, և Քրիստոս Իր զորությամբ Պատարագի ժամանակ երկնային զորություններով ներկա է Սուրբ Խորանին, և Սուրբ Հոգին սրբագործում է Պատարագի հացն ու գինին` Տիրոջ Մարմինն ու Արյունը դարձնելով, ապա շատ պատշաճ է այստեղ այդ սաղմոսն ասելը: Երկիրը կարծես թե անարդարությամբ ավելի ցած է բոլոր տարրերից, և մեր մարմինը պատրաստված է այդ երկրից: Մենք ինքներս միշտ տրորում ենք երկիրը` հողը, այն տրորվում է նաև բոլոր կենդանիների կողմից: Սակայն Քրիստոս Իր Համբարձմամբ մեր հողեղեն մարմինը վեր բարձրացրեց: Եվ այսօր, ըստ Սուրբ Գրիգոր Նյուսացու, այս առումով մենք կարող ենք ասել, որ երկիրը նույնիսկ ավելի բարձր է, քան երկինքը:

Ժողովրդական լեզվով Համբարձումը կոչվում է նաև Ջանգյուլումի օր: Սրա հետ կապված ժողովրդական տոնախմբությունը վերաբերում է հատկապես աղջիկներին: Նախկինում` Համբարձման տոնին նախորդ չորեքշաբթի օրը, աղջիկները դաշտերից, այգիներից ծաղիկներ էին հավաքում, փնջեր կազմում: Ամենամեծ փունջը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր: Աղջիկները մի սափորի մեջ ջուր էին լցնում, և ամեն մեկն իրեն պատկանող մի փոքրիկ առարկա էր գցում այնտեղ: Համբարձման տոնի օրը աղջիկները հավաքվում էին սափորի շուրջը, Ջանգյուլումի երգեր երգում և ջրի միջից հանում էին փոքրիկ առարկաները: Ինչպիսին որ էր երգի տունը, ուրախ կամ տխուր, այդպիսին էլ լինելու էր առարկայի տիրուհու վիճակը: Այժմ ժողովրդական այս սովորույթը գրեթե վերացել է, և Համբարձման օրը միայն երեխաներն են տոնական զգեստներով դուրս ելնում և Ջանգյուլումի երգեր երգում:

Ի՞նչ է մեզ համար Համբարձումը: Եթե միայն այս կյանքով տարված, ավելի շատ երկրայինի մասին մտածող մարդ ենք, ինչ խոսք, Համբարձումը կամ Համբարձման տոնը մեզ համար կարող է ոչ մի արժեք էլ չունենալ: Սակայն եթե հավատում ենք Աստծուն և հույս ունենք հավիտենական կյանքի արժանանալու և Երկնքի Արքայության մեջ լինելու, ապա Համբարձումը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի: Մեծ ուրախություն է մեզ համար Համբարձումը, քանզի ցույց է տալիս, որ մենք ևս ի վերջո այսպես համբարձվելու ենք երկինք: Գուցե զարմանալի լինի ոմանց համար, սակայն դեպի երկինք վերանալը մենք սկսում ենք այս կյանքից. դա է վկայում Հակոբ նահապետի տեսիլքում երևացած սանդուղքը: Սանդուղքի երկու ուղղահայաց փայտերը ցույց են տալիս մարդու երկու տեսակի կենցաղավարությունը` հարստությունն ու աղքատությունը: Հարուստներն իրենց հարստության մեջ պետք է չհպարտանան և չմոռանան ողորմությունը, իսկ աղքատները պետք է չձանձրանան աղքատությունից և չտրտնջան Աստծո դեմ, որովհետև Աստված մարդուն փորձության մեջ է գցում` նրան ավելի կատարյալ դարձնելու համար: Եթե մարդը անընդհատ տրտնջա և դժգոհի, նրա վիճակն ավելի կվատանա, մինչդեռ Աստծուն փառաբանելը հեռացնում է սատանային և նրա չար գործակիցներին: Այդ սանդուղքը, որով մենք այս կյանքից սկսած երկինք ենք ելնում, պետք է ունենա նաև յոթ աստիճաններ: Առաջին չորսն են` խոնարհություն, արիություն, ողջախոհություն և արդարություն: Սակայն այս առաքինությունները սովորական են և մարդուն երկինք չեն հանում: Անհավատ, աթեիստ որևէ մեկը կարող է այս բարոյական սկզբունքներով ապրել, իբրև լավ մարդ շրջապատում մեծ հարգանք վայելել, սակայն նա երբեք չի կարող երկինք ելնել, որովհետև չունի մնացած երեք աստիճանները, որոնք կոչվում են աստվածային առաքինություններ: Դրանք են` ճշմարիտ հավատ, հաստատուն հույս և աստվածային սեր:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

07.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․