Գրքեր

Քրիստոսի իշխանության մասին

«Դարձյալ Երուսաղեմ եկան. և մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: (Մրկ. 11:27, 28)

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Այսօր տերունական կիրակի է կրկին, և կրկին համախմբվել ենք հարազատ եկեղեցու պատերից ներս՝ մասնակցելու Տիրոջ կողմից ավանդված Սուրբ Պատարագին, լսելու Աստծո կենարար խոսքը, բաժնեկից լինելու Սուրբ Հոգու շնորհներին, և միասնաբար օրհնելու ու փառաբանելու Տեր Հիսուս Քրիստոսին՝ մեզ ընձեռած այս անգին հնարավորության համար:

Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ վերցված է Մարկոսի ավետարանից, տեղափոխում է մեզ առաջին դարի Երուսաղեմ, քաղաքի գլխավոր տաճարը, որտեղ Տեր Հիսուս Քրիստոս շրջում էր մարդկանց մեջ՝ քարոզելով և բժշկելով նրանց: Եվ ահա՛, ինչպես ավետարանիչն է պատմում, Նրան են մոտենում քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը, այսինքն՝ հրեական ծերակույտի, բարձրագույն խորհրդի անդամները, ժողովրդի մեջ ամենահեղինակավոր մարդիկ և հարցնում, թե ինչ իշխանությամբ է նա այդ անում և ով տվեց Նրան այդ իշխանությունը: Բանն այն է, որ դրանից մեկ-երկու օր առաջ Տեր Հիսուս, չհանդուրժելով Աստծո տաճարում առևտուր անողների և լումայափոխների ներկայությունը, դուրս վռնդեց նրանց այնտեղից՝ ասելով. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր» (Մրկ. 11:17): Այսինքն՝ մինչ այս պահը այդ բոլոր մարդիկ իրենց առևտրական գործունեությունն էին ազատորեն ծավալում աղոթքի համար նախատեսված վայրում, և նույնիսկ տաճարի բակում իրենց հատկացված հատուկ տարածքներ ունեին, և այդ նույն քահանայապետներն ու օրենսգետները, որ ժողովրդի մեջ կարգ հաստատողն էին, նրանց առաջնորդներն ու տաճարի համար պատասխանատուները, հանդուրժում էին այս ամենը և հանցավոր ոչինչ չէին տեսնում դրա մեջ, իսկ այժմ հայտնվել էր մեկը, ով իրենցից չէր, սակայն փորձում էր կարգ ու կանոն հաստատել իրենց իշխանության տակ գտնվող տարածքում: Բացի այդ, ուսուցանում էր մարդկանց, քարոզում, ինչը ևս իրենց իրավասությունն էր, ինչպես նաև՝ բժշկում և հրաշքներ գործում՝ բազմաթիվ հետևորդներ հավաքելով Իր շուրջը: Այս փաստը բնականաբար չէր կարող դուր գալ կարծրասիրտ, մեծամիտ, կեղծավոր և ամբարտավան այս մարդկանց, որ իրենց հոգևոր կուրության պատճառով անզոր էին տեսնել բացարձակ ակնհայտն ու ճշմարիտը: Եվ ինչպես հայտնում է ավետարանիչը. «մի միջոց էին փնտրում, թե ինչպես կորստյան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա» (Մրկ. 11:17):

Արարիչ Աստված, Սրտեր Քննողն ու Իմաստության Աղբյուրը չէր կարող չիմանալ նրանց մտքերը, ուստի և՝ հարցի տակ թաքնված նենգավորությունը: Մովսիսական օրենքի, մարգարեական թղթերի գիտակների շուրթերից հնչած այս հարցն այնքան անհեթեթ էր, այնքան թափանցիկ Քրիստոսի համար, որ Նա հարկ չհամարեց ուղիղ պատասխան տալ դրան՝ քաջ գիտենալով, թե ինչ է հաջորդելու իր պատասխանին: Եթե ասեր, որ Իր իշխանությունն Աստծուց է, ապա պիտի մեղադրեին Իրեն աստվածանարգության մեջ՝ հայտարարելով, որ քահանայական օծություն չունի, իրենց հոգևոր խորհրդի անդամ չէ, իրենք չեն ճանաչում նրա իշխանությունն, ուստի՝ ինքնակոչի մեկն է և արժանի է դատապատժի: Իսկ եթե ասեր, որ չունի այդ իշխանությունը, առավել ևս պիտի մեղադրեին Նրան, որ անում է մի բան, որի իրավունքը չունի: Ուստի, հրեա ժողովրդի մեջ ընդունված կարգով, հարցին հարցով պատասխանեց՝ ասելով. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցե՛ք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում: Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞՝ մարդկանցից. պատասխանեցե՛ք ինձ» (Մրկ. 11:29, 30): Թվում է, թե այս հարցն ընդհանրապես կապ չուներ տվյալ խնդրի հետ, սակայն իրականում այս հարցադրումը նրանց ուղղելով՝ Քրիստոս ցանկացավ ասել, որ հրաշալի հասկանում է Իրեն ուղղված հարցի շարժառիթն ու դրա իրական նպատակը:

Հովհաննես Մկրտիչն իր ժամանակի ամենահայտնի դեմքերից էր հրեա ժողովրդի մեջ, և ինչպես նշում է Ավետարանը՝ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում էին նրանից Հորդանան գետում և խոստովանում էին իրենց մեղքերը (Մտթ. 3:5, 6): Եվ Հովհաննեսի հռչակը բացատրվում էր նրանով, որ դարերի լռությունից հետո հրեա ժողովրդի մեջ կրկին ծնվել էր արդար և Աստծուն հավատարիմ մեկը, ով, մոր որովայնից Սուրբ Հոգով էր լցված, լծվել էր Տիրոջ գալուստն ազդարարելու և ժողովրդին դեպի իրենց Տեր Աստծուն դարձնելու սրբազան առաքելությանը: Ինչպես նաև սերում էր հարգարժան ընտանիքից՝ Զաքարիա քահանայի որդին էր, և բոլոր առումներով ընդունված էր ժողովրդի կողմից: Եվ, ահա, այս Հովհաննեսը բազմիցս էր վկայել Աստծո Որդու մասին, Աստծո Օծյալի և այն Փրկչի մասին, որին այդքան երկար սպասում էր հրեա ժողովուրդը, և այդ վկայություններն, անշուշտ, լսել էին նաև ժողովրդի հոգևոր առաջնորդներն ու ղեկավարները (Հովհ. 1:19-28, Մտթ. 3:7-12), նրանք, ովքեր այժմ հատուկ էին եկել տաճար՝ Քրիստոսին ծուղակը գցելու:

Քրիստոսի աստվածությունն այնքան ակներև էր, Նրա խոսքերն ու գործերն ուղեկցվում էին այնպիսի նշաններով, որոնց մասին բազմիցս էին խոսել հինկտակարանյան մարգարեներն ու իմաստունները: Իսկ Հին Կտակարանը նրանց սեղանի գիրքն էր, այն գիրքն էր, որն անգիր գիտեին և հատկապես՝ Մեսիային վերաբերող հատվածները, Նրա մասին մարգարեություններն ու աստվածային նշանները, քանի որ սերունդներ ի վեր սպասում էին Ամենակալի խոստման իրականացմանը, սպասում էին իրենց Փրկչին ու փրկությանը: Սակայն ավաղ… Մարդու հիվանդ բնությունը, շատ հաճախ, մեղքի պարգևած կործանարար հաճույքը գերադասում է կյանքից:

Նույնիսկ քարերն ու մանուկներն էին աղաղակում Քրիստոսի մասին և օրհնում Նրան, իսկ հոգևոր այրերի սրտերը լուռ էին, աչքերը՝ կույր, ականջները՝ խուլ: Նրանք սերտաճել էին իրենց դիրքի, իշխանության ու մարդկային հեղինակության հետ: Դրանց պարգևած հաճույքն այնպես էր փաթաթվել նրանց հպարտ «ես»-ին, որ կուրացրել ու խլացրել էր այն՝ ոչ մի հույս չթողնելով ազատագրման: Նրանք չէին կամենում տեսնել ճշմարտությունը, քանի որ դա նրանց «շահերից» չէր բխում: Նրանք կանգնած էին Կենդանի Աստծո առջև, որ փրկության ձեռք էր մեկնում իրենց և խորհում էին շահի մասին: Արարածն Արարչից հաշվետվություն էր պահանջում, և փորձում ծուղակը գցել Նրան, որպեսզի չկորցնի իր աշխարհիկ փառքն ու իշխանությունը:

Այո՛: Որքա՜ն կործանարար է մարդու եսասիրությունը, որքա՜ն խորամանկ են չարի որոգայթներն ու որքա՜ն անկայուն մարդկային վճռականությունը: Ավետարանական այս ընթերցվածքը որքան այն օրերին է վերաբերում, սիրելի՛ հավատացյալներ, նույնքան էլ այսօրվան: «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8), Նա երբեք չի դադարում ուսուցանել, բժշկել, ճշմարիտ հավատի պահապանը լինել և խնդիրն այն է, թե մե՛նք ինչ դիրք ենք գրավում այս պատմության մեջ: Ասում են Երուսաղեմի տաճարը տարբեր սրահներ, հրապարակներ ու մասնաբաժիններ ուներ՝ նախատեսված հիվանդների, հեթանոսների, հավատացյալ հրեաների ուսուցման և նույնիսկ առևտրականների կրպակների ու լումայափոխների համար, և հարց է, թե Տերն այդ բաժիններից որում է պատահում մեզ, կամ միգուցե Երիքովի ճանապարհի՞ն… և ինչպե՞ս ենք ընդունում Նրան: Երբ Տերը հայտնվում է մեզ կյանքի ճանապարհի զանազան հատվածներում ու տարբեր միջոցներով, և ճշմարտության լույսն առաջարկում մեզ, արդյոք ի՞նչ ենք պատասխանում Նրան: Մեր պահվածքը, մտքերը, խոսքերը, գործերն ու կենսակերպն ի՞նչ են արտահայտում: Արդյո՞ք դրանցով մենք էլ չենք ասում Նրան՝ ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը: Ինչպե՞ս ենք կիրառում այն հեղինակությունը, կարողությունները կամ որևէ մեկի նկատմամբ ունեցած իշխանությունը, երբ գալիս է ընտրության պահը: Արդյո՞ք այդքան խոնարհություն, մաքրություն, անկեղծություն և արիություն ունենք, որպեսզի կարողանանք նայել ճշմարտության աչքերին և ընդունել այն, որքան էլ այդ պահին թվա, թե ի վնաս մեզ ենք գործում: Քանզի աստվածային ճշմարտությունը կոչված է ապրեցնելու, և երբեք ընդունակ չէ վնասել:

Ուղղափառ եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Ես ճամփորդ եմ երկրի վրա: Ճամփորդությունս սկսել եմ օրորոցից և կավարտեմ մահվան մահճում»: Մենք ամենքս էլ ճամփորդ ենք այս կյանքում, սիրելինե՛ր, և մեր ընտրությունից է կախված, թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը և որտեղ կհայտնվենք ի վերջո: Կանմտանանք, կհամառենք, կհպարտանանք, կփակենք մեր մարմնավոր և հոգևոր աչքերն ու չենք ընդունի Քրիստոսի իշխանությունը, ուրեմն մեր կյանքի ճանապարհը կացնի բազմաթիվ վայրիվերումներով՝ ծանր ու մահացու վերքեր հասցնելով աստվածադիր մեր հոգիներին: Իսկ խոնարհությամբ և հոժարակամորեն մեր խաչերը վերցնելով և Տիրոջը հետևելով, աստիճանաբար կզգանք Նրա հոգատար ներկայությունը մեր կողքին, կզգանք թե երբեմն-երբեմն ինչպես է թեթևանում այն խաչը, որի ծանրությունն այլևս անտանելի էր թվում, քանզի Քրիստոս Ինքն է կրում այն մեզ հետ, որպեսզի չհուսահատվենք, այլ ամրապնդվենք հավատի մեջ, վերականգնենք ուժերն ու շարունակենք մեր անխախտ ընթացքը դեպի Քրիստոսի աստվածային իշխանությամբ հաստատված հավիտենական փրկություն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

07.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․