Գրքեր

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության առաջին օրվա խորհուրդը

Այսօր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնն է, որը կատարվում է հունվարի 6-ին, ինչպես որ, համաձայն ճշմարիտ ավանդության, տոնում է սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի առաքյալներից մինչև օրս։ Տոների այս դասավորությանը մենք ականատես ենք լինում եկեղեցու հայրերի գրվածքներում։ Սա մասնավորապես սահմանվել է Հակոբոս Տյառնեղբոր կողմից, ապա Կյուրեղ հայրապետը, լրացնելով որոշ օրերի բացակայության հետևանքով ի հայտ եկած պակասությունը, վերջնական տեսքի է բերել այն։ Եվ գիտելի է, որ ութօրեքի առաջին օրը պատկերն է արարչագործության առաջին օրվա։ Արարչագործության առաջին օրը Աստված յոթ բան ստեղծեց՝ եռյակ լույսերն ու քառյակ տարերքները։ Այդ երեք լույսերն են, նախևառաջ, լուսեղեն երկինքը, ապա՝ հրեշտակների բյուր դասերը, և երրորդ՝ արեգակի, լուսնի ու աստղերի լույսը։ Իսկ չորս տարրերն են՝ հողն ու ջուրը, օդը և կրակը։ Այս ամենից զատ Աստված արարեց նաև ժամանակը, որը ութերորդը եղավ։ Նոր արարչությունը, սակայն, գերազանցում է առաջինին, քանի որ Աստված այս նոր արարչությամբ ո՛չ թե լույսից հրեշտակներ ստեղծեց և կամ հողից՝ մարդուն, այլ Ինքն՝ Աստված, եկավ ու ստեղծվեց որպես մարդ՝ մե՛ր իսկ բնությամբ, ծնվեց սուրբ Կույս Մարիամից կատարյալ մարմնով, ըստ իր կամքի, և Իր ծնողի կուսությունն էլ անխախտ, անարատ ու անապական պահեց։ Ու այսօր մենք տոնում ենք Աստծո Ծնունդը սուրբ Կույս Մարիամից և Մկրտությունը, որը եղավ Նրա Ծնունդից 30 տարի անց՝ միևնույն օրը՝ հունվարի 6-ին։ Այս պատճառով է, որ Հակոբոս Տյառնեղբայրը կարգադրեց Ծննդյան ու Մկրտության տոները միասին տոնել այս օրը՝ հունվարի 6-ին։ Իսկ նրանից հետո էլ սուրբ Կյուրեղ հայրապետը՝ աթոռակալը միևնույն՝ սուրբ Հակոբոս առաքյալի աթոռի, կարգադրեց տոնել 8 օր․ յոթը՝ ըստ արարչագործության յոթ օրերի, և մեկը՝ որպես օրինակ հանդերձյալ օրվա, ըստ աստվածաշնչյան այն խոսքի, որն ասում է՝ «բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ»։

Արդ, Աստված նոր արարչություն գործեց ու մարդուն հասցրեց աստվածեղեն փառքին, ինչպես որ ի սկզբանե կամենում էր։ Եվ, ահավասիկ, այս տոնախմբության առաջին օրը նախկինում ստեղծված եղական լույսի փոխարեն ճշմարիտ ու անեղ լույսը սփռվեց աշխարհում, ինչպես որ հենց Ինքը՝ մեր Տերն ասաց, թե՝ «Ես եմ աշխարհի լույսը, և Ես լույս աշխարհ եկա»։ Լույսից էր, որ առաջացան հրեշտակները։ Իսկ այս նոր արարչության մեջ մկրտության շնորհներով մարդիկ վերստին ծնվում են հրեշտակների կերպարանքով ու որպես սուրբերի անթիվ բազմություններ՝ միանում են երկնային հրեշտակների զորքի բազմությանը։ Իսկ երկնքի փոխարեն մարդկային հոգիները, որ ապականված էին երկրային բնությամբ, անգիտությամբ խավարած ու հնացած ամբարշտությամբ, նորոգվեցին ու լուսավորվեցին և երկնքի՛ց էլ առավել պայծառորեն ճառագեցին ճշմարիտ աստվածգիտությամբ, այսինքն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով։ Իսկ երկրի հաստատության փոխարեն աղտաղտուկ հողից ու տղմալի մեղսասիրությունից կազմված մարդկային մարմինը, զորանալով Քրիստոսով, հաստատվեց անշարժ հույսով գործելու: Եվ ջրի փոխարեն երկրում ծավալվեցին աստվածգիտության հոսանքները, ըստ այն խոսքի, որն ասում է. «Երկիրը լցվեց Տիրոջ գիտությամբ այնպես, ինչպես ջրերի բազմությունն է ծածկում ծովերը»: Իսկ կենդանարար օդի փոխարեն Սուրբ Հոգու շնորհները տարածվելով՝ սփռվեցին մարդկային բնության մեջ, ըստ Պողոսի խոսքի, որն ասում է. «Քրիստոսով անուշահոտություն ենք Աստծո համար»։ Զգայական հոտը, սակայն, զգայական օդով է տարածվում, մինչդեռ հոգևոր անուշահոտությունն իմանալի կերպով, Սուրբ Հոգու շնորհներո՛վ տարածվեց մարդկային բնության՝ Իրեն ընդունողների մեջ, և նրանց մահվանից դեպի կյանք վերակոչեց: Եվ մեզ էլ ավետարանվում է ո՛չ թե դեպի վերին, զգայական բարձունքներ ելնել, այլ դեպի Երկի՛նք վերանալ: Իսկ կրակի փոխարեն էլ աստվածային սիրո հուրը բորբոքվեց երկրում, ինչպես որ ասում է Տերը. «Եկա հուր բորբոքելու երկրի վրա»։

Նաև սկզբնապես Աստծո Հոգու՝ ջրերի վրա շրջելու փոխարեն, այսօր Հոր և Սուրբ Հոգու Հորդանանի ջրերում ճշմարտապես Որդու վրա երևալով, հայտնի դարձավ Ամենասուրբ Երրորդության միությունը․ Որդին՝ մկրտվելով, Հայրը՝ վկայելով, և Սուրբ Հոգին՝ աղավնակերպ իջնելով Իր փառակցի վրա: Եվ այդ ամենը տեսան ու լսեցին ամենքը՝ և՛ արդարները, և՛ մեղավորները: Այսօր նաև, Հորդանանում Ամենասուրբ Երրորդության հայտնությամբ բոլոր ջրերը սրբվեցին ու զորացան ծնելու ո՛չ թե անմիտ ձկներ կամ թռչուններ, որոնք սլանալով խայտում են վերին ջրերում և օդում, այլ Սուրբ Հոգու էջքով զորացան ծնելու մարդկային ազգին՝ որպես հրեշտակներ, և Ադամի որդիներին՝ որպես որդիներ Աստծո:

Տեսնո՞ւմ ես՝ որքա՜ն ավելի գերազանց է երկրորդ արարչությունը առաջինի հետ համեմատությամբ, քանի որ այն միայն նախօրինակն էր երկրորդի, իսկ այս մեկը`ճշմարի՛տ արարչությունն էր: Քանի որ ինչպես Աստված Կույսի բնությունը զորացրեց` նրանից ծնվելու համար, նույնպես և զորացրեց ջրի բնությունը՝ մկրտվելու համար նրանում, որպեսզի ջրերը կարողանան ծնել մեզ Հոգով` Աստծուց որդեգրության համար: Իսկ Հոր ձայնն էլ Հորդանանում վկայեց Որդու մասին, թե. «Դա´ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը»։ Նա, ով այսօր ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, նույն այս օրը մկրտվում է Հորդանանում՝ Հովհաննեսից: Այս մասին և Դավիթն է ասում Աստծո առաջ. «Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»: Նույնը և այսօր Հորդանանում Աստված ասաց, ում վկայությանը և մենք հավատում ենք, որովհետև Նա, ով ի սկզբանե Իր պատկերով ստեղծեց մարդուն, այսօր դարձյալ եկավ նորոգելու ու նախկին փառքին հասցնելու նրան: Նա, ով ստեղծեց Ադամին երեսնամյա, նույնպես և Ինքը երեսնամյա տարիքում եկավ մկրտվելու, որպեսզի ամեն ինչ Իր արարչության նույն պատկերին վերադարձնի և դարձյալ նորոգի հանդերձյալ աշխարհում` հավիտենական կյանքի համար և մեզ արժանի դարձնի անտրտում կյանքին ու անբավ ուրախությանը հանուն Քրիստոսի՝ մեր Աստծո փառքի:

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

06.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․