Գրքեր

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երրորդ օրվա խորհուրդը

Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։ Եվ այսօր՝ նոր արարչագործության՝ Քրիստոսի Ծննդյան տոնախմբության երրորդ օրը, հիշատակվում են Բեթղեհեմի մանուկները, որոնք Հերովդեսի ձեռքով սպանվեցին ու կոտորվեցին Քրիստոսի՛ փոխարեն: Իսկ Բեթղեհեմը, որն իր երկրի երեսը երկրավոր տնկիներով էր վայելչացրել, առավել ևս պայծառացավ ու զարդարվեց սուրբ մանուկների արյան ցայտումով։ Եվ այս երկրի մասին է, որ ասում է մարգարեն. «Մի ձայն էր լսվում Ռամայում, ողբ, լաց ու գույժ»: Ռամա քաղաքը գտնվում էր Հորդանանի արևելյան կողմում: Երբ Նաբուգոդոնոսորը գրավեց Երուսաղեմը, այնտեղ՝ Ռամայում, կոտորեց բոլոր արուներին, և լացի ու ողբի ձայնը հասավ Երուսաղեմ: Եվ դարձյալ, Բենիամինի ցեղից շատերը բնաջնջվեցին ու վերացան կնոջը չարչարանքի ենթարկելու պատճառով, ու սակավաթիվ տղամարդիկ միայն փրկվեցին: Այս պատճառով է, որ ասում է. «Ձայն գուժեց Ռամայում»: Սրանք նախօրինակներն էին Հերովդեսի կողմից իրականացված Բեթղեհեմի մանուկների կոտորածի: Մարգարեության խորհուրդն այն էր, որ Ռաքելը ողբում էր իր որդիներին, որոնք Քրիստոսի համա՛ր չէին մեռել, և ինքը՝ Ռաքելն էլ, մահացավ Բենիամինին ծննդաբերելիս:

Եվ հայտնի է, որ այստեղ՝ Ռամայում, Ռաքելը լաց էր լինում բոլոր մանուկների համար, ու քանի որ մա՛յրն էլ, այս մանուկնե՛րն էլ մեկի ծնունդից հետո մահացան, ուստի վիշտը զուգահավասար էր: Այդ պատճառով նրանք մեկ անվամբ կոչվեցին պապեր ու թոռներ: Չէ՞ որ այն ժամանակ՝ Բենիամինի ծնվելուց, մայրը մահացավ, իսկ այստեղ՝ Քրիստոսի ծնվելուց հետո, մանուկները կոտորվեցին: Ռաքելն օրինակն էր հեթանոսների եկեղեցու, և ողբում էր իր որդիներին, որոնք չծնվեցին Սուրբ ավազանի մկրտությամբ, այլ այդպես էլ խավարում ու մահվան ստվերում նստած մնացին: Այս մասին է, որ ասվում է. «քանի որ իրենը չէին», որպես և մարգարեն է ասում. «առյուծ և կորյուն առյուծի»: «Առյուծ» է կոչում Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, իսկ «առյուծի կորյուն» է անվանում Սամուելին ու մյուս մարգարեներին, որոնք ամենքն էլ աշխարհում վիշտ կրեցին, սակայն առյուծաբար հաղթեցին սատանային ու նրա դևերին: Նույնպես և սուրբ Հովհաննես Կարապետը լաց էր լինում Երուսաղեմ քաղաքի համար, քանի որ այդ քաղաքի բնակիչները չընդունեցին Քրիստոսին: Այս կերպ նաև սուրբ Եկեղեցին է լաց լինում իր ա՛յն որդիների համար, որոնք թե՛ անցյալում, թե՛ հետագայում էլ չճանաչեցին Քրիստոսին: Ռաքելը նաև «գառ» է կոչում Նրան՝ Հիսուս Քրիստոսին, ով «Գառն Աստծո» կոչվեց ու Ինքն էլ լաց եղավ Երուսաղեմ քաղաքի համար, ինչպես որ գրված էլ է, թե՝ «տեսավ քաղաքը և լաց եղավ նրա համար», որովհետև չընդունեցին սուրբ Ավետարանի Նրա քարոզությունը:

Եվ արդ, պետք է իմանալ մոգերի մասին, թե ովքե՞ր էին և կամ որտեղի՞ց էին նրանք: Ասում են, թե Աբրահամի որդիներից էին՝ քետական սերնդից, և Բաղամի մարգարեությունից ուսանել էին, որ երբ ծագի Հակոբի աստղը, գնան նրա ետևից: Այդ պատճառով երեք թագավորներ՝ տասներկու հազար հեծյալներով, ճանապարհ ընկան աստղի հետևից, և աստղը առաջնորդեց նրանց մինչև Երուսաղեմ: Իսկ աստղի մեջ երևում էր Կույսի պատկերը՝ որպես տասնհինգամյա մի աղջիկ, որն իր գրկում կրում էր լուսատիպ, թագավորակերպ մանկանը: Եվ երբ մոգերը հասան Երուսաղեմ, աստղը ծածկվեց նրանցից, մինչև որ իմացան Միքիա մարգարեի վկայության մասին: Ու ապա դարձյալ աստղը երևաց ու առաջնորդեց նրանց՝ կանգ առնելով ա՛յն քարայրի վրա, ուր մանուկ Հիսուսը խանձարուրապատ դրված էր մսուրում: Եվ մոգերն, ուրախանալով՝ ընծաներ մատուցեցին ու երկրպագեցին նորածին մանկանը՝ Հիսուսին, ու այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:

Իսկ Հերովդեսն իր մարդահամարի հրամանի կատարմամբ զբաղվեց 51 օր, մինչև որ քառասնօրյա Հիսուսը եկավ Տաճար ու, գգվելով Սիմեոն ծերունուն, արձակեց նրան մարմնի կապանքներից: Ապա Տաճարից գնաց Նազարեթ, իսկ դրանից տասներկու օր անց էլ Հերովդեսից Եգիպտոս փախավ, այնպես, ինչպես Մովսեսը` փարավոնից: Իսկ երբ Հիսուս մտավ Հերմոպոլիս, պարսպի վրա կանգնեցված կուռքերը, ընկնելով՝ ջարդուփշուր եղան: Այդ պահին այնտեղ էին Հնդկաստանից ժամանած դեսպանները, որոնք, տեսնելով դա՝ գնացին իրենց երկիրն ու պատմեցին այդ սքանչելիքի մասին: Այս է, որ ասվում է սաղմոսում. «Հնդիկներն ավելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն»: Այս պատճառով էլ, երբ Թովմաս առաքյալը գնաց այնտեղ, նրանք դյուրությամբ հավատացին Քրիստոսին: Այդ մասին լսեցին նաև Աթենքում ու այնտեղ կանգնեցրին անծանոթ աստծո բագինը, ասելով, թե՝ այն բարին չի գործում, սակայն ինքն իրենով արգելում է չարը:

Ոմանք ասում են, որ թվով 72-ն էին այն մանուկները, որոնց կոտորեց Հերովդեսը, իսկ ուրիշներն էլ ասում են, որ 84-ն էին: Այս պատճառով է, որ Տեր Հիսուս Իր համար ընտրեց 12 առաքյալ և 72 աշակերտ, որը որ միասին անում է 84: Իսկ ի՞նչ է նշանակում «երկու տարեկան և ավելի ցածր տարիքի» ասելը: Ասում են, թե Օգոստոս կայսրից Հերովդեսին Հռոմ գնալու հրաման է տրվում ու նա այնտեղ մնում է երկու տարի: Վերադառնալով Երուսաղեմ՝ Հերովդեսը հիշում է մոգերի խոսքերն ու կոտորում 14 162 մանուկների 84 գյուղերից: Այդ պատճառով Ռաքելը՝ Հակոբի կինը, լալիս էր ու չէր կամենում մխիթարվել, որովհետև այլևս չկային այդքան մեծ թվով մանուկները: Որպես չմխիթարվելու պատճառ նախ այն իմանանք, որ Մովսեսի կողմից մեռածների համար սգալու և լաց լինելու 30 օր սահմանվեց, ինչպես որ Իսրայելի որդիներն էլ 30 օր սգացին Ահարոնի, Մովսեսի ու մյուս բոլոր մարգարեների համար: Սակայն ինչո՞ւ 30 ու ոչ ավել և կամ պակաս․ քանի որ ամիսը 30 օր ունի, և, ինչպես որ ստուգաբանվում է իմաստունների կողմից, 30 օրից նորանում է լուսինը: Այդ պատճառով էլ 30 օր լաց էին լինում ու սգում էին մեռյալներին և ապա, սգից դուրս գալով, ուրախանում ու մխիթարվում էին: Իսկ ահա Ռաքելը մարգարեաբար տեսավ որդիների կոտորածը, և քանի որ դեռ ծնված չէին ու դեռ չէին վախճանվել, չէր կամենում մխիթարվել, և դեռ Բենիամինին ծնելուց հետո էլ մահացավ նաև ինքը:

Ռաքելի անմխիթար լինելու երկրորդ պատճառը այն էր, որ Բեթղեհեմի երկիրը ժառանգած Բենիամինի ցեղը բնաջնջվեց իր չար գործերի ու ղևտացի կնոջը չարչարելու համար, ուստի Ռաքելը անմխիթար լաց լինում, քանի որ իր որդիներն այն ժամանակ իրենց գործած չարիքների համար կոտորվեցին և ո՛չ, ավա՜ղ, Քրիստոսի՛ համար: Երրորդ պատճառն էլ այն էր, որ մանուկները, որոնք կոտորվեցին, պատկանում էին Հուդայի ցեղին և ո՛չ Բենիամինի, քանի որ Բենիամինի ցեղի կոտորվելուց հետո Հուդայի ցեղին էին փոխանցվել նրանց կալվածքները: Ուստի Ռաքելը լաց էր լինում ու չէր կամենում մխիթարվել, քանի որ Բեթղեհեմի այդ մանուկներն իր որդիներից չէին:

Նաև հնարավոր էր, որ Քրիստոս, մարդանալով՝ անմիջապես հայտնվեր ըստ Ադամի հասակի չափի, որին Ինքը ստեղծել էր երիտասարդ հասակով, սակայն Քրիստոս այդ անպատշաճ համարեց, քանի որ եթե Նա չապրեր մինչ այդ մարդու ապրած տարիները, մարդը փրկված չէր լինի: Այդ պատճառով էլ Քրիստոս որպես նորածի՛ն լույս աշխարհ եկավ ու մանկան պես ծնվեց Սուրբ Կույսից՝ ապրելով մանկության ու երիտասարդության հասակները: Եվ երեսուն տարեկանում մկրտվելով՝ հայտնեց Իր աստվածության փառքն ու շնորհեց մեզ Մկրտության ավազանի միջոցով վերստին ծնվել՝ երկնավոր Հորը որդեգրվելու և Աստծո որդիներ լինելու համար, ինչպես որ Ինքն էլ ծնվեց Կույսից և մարդու որդի եղավ: Այդ պատճառով էլ մանկության իսկ հասակից հայտնվեց Քրիստոս, որպեսզի մեզ հայտնի դարձնի, որ մարդկային բնության երեք հասակներն էլ պիտի Իրեն նմանվեն. Մանկությունը՝ անմեղությամբ, երիտասարդությունը՝ արիական քաջությամբ, ծերությունը՝ հոգով իմաստնանալով ու գիտության լույսով պայծառացած՝ արդարություն գործելով:

Եվ ինչպես արարչագործության առաջին երեք օրերում առանց արեգակի երևում էր պայծառ ու համատարած լույսը՝ մեզ հայտնելու համար Սուրբ Երրորդության անձերի անսահմանությունը, նույնպես և այստե՛ղ երևաց Սուրբ Երրորդության ճշմարիտ լույսը երեք հասակներում և սուրբ ավազանի աննյութ ծննդյամբ՝ առաքինությամբ ամենքին մանկացրեց մեղքերից, արիությամբ երիտասարդացրեց և իմաստությամբ ծերացրեց՝ Քրիստոսի՝ մեր Աստծո փառքի համար: Նաև այս օրն էր՝ Քրիստոսի մկրտությունից մեկ տարի ու երկու օր անց, որ Գալիլիայում տեղի ունեցավ Կանայի հարսանիքը, ուր գնաց մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր մոր և աշակերտների հետ և այնտեղ ջուրը գինի դարձրեց:

Քրիստոս Աստված, Դու, որ Աստված էիր ու մարդ եղար և մարդուն աստվածացրիր, Դու, որ երկիրը երկինք դարձրիր և ջուրը գինու փոխեցիր, միևնույն ամենակարող զորությամբդ մեզ էլ մեր մեղքերից դեպի արդարությու՛ն դարձրու՝ ներելով մեր բոլոր մեղքերը, և ողորմի՛ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողին: Ամեն։

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

08.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․