Գրքեր

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը

Ինչպես որ վեց օրերից յուրաքանչյուրն Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվան Աստված օրհնության և հանգստի պատիվն արեց, ինչպես Մովսեսն է ասում, թե «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված»։ Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը պատկերն է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին սուրբերն ու արդարները և որոնց մեջ որ հանգչեց Աստծո կամքը: Նրա՛նց է, որ Քրիստոս ասում է. «Եկե´ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Արքայությունը»։

«Յոթը» թիվը, Աստծո նմանողությամբ, անեղ է և անսկիզբ, անծին և անժամանակ, անեզր և անմահ։ Այն «կույս» թիվ է, քանի որ չի ծնում որևէ ուրիշ թիվ, ինչպես որ, օրինակ, «երկուս»-ը «մեկ»-ից է գոյանում, «չորս»-ը՝ «երկուսից», «վեց»-ը` երեքից, «ութ»-ը` չորսից, և «տասը»` հինգից: Նաև «յոթը» թիվը, որ չի գերազանցում «տաս»-ին, չի կազմվում նախորդ վեց թվերով, քանի որ ոչ ոքի կարոտ չէ, ոչ ոքից չի գոյանում, այդ պատճառով էլ ասվում է՝ անեղ:

Յոթն են մարմնի զգայությունները և յոթը՝ շաբաթվա օրերը: Յոթներորդը Ադամից՝ Ենոքը, փոխվեց երկինք: Յոթն են Կայենի մեղքերը, յոթը անեծք՝ նրա և յոթանասուն անգամ յոթը՝ նրա սպանողի վրա են բարդված: Նոյը անասուններից յոթ-յոթ վերցրեց տապան: Նոյի տապան մտնելուց հետո յոթ օր այն դեռևս շարունակեց մնալ ցամաքում: Ագռավին բաց թողնելուց հետո Նոյը յոթ օր սպասեց և ապա՝ բաց թողեց աղավնուն: Ադամից մինչև Աբրահամ երեք հատ յոթը սերունդ է կազմում: Յոթն էին Սամսոնի կարգերը, յոթը՝ ջիլերը և յոթը՝ գիսակները: Նույնկերպ և՝ յոթ կանգուն, յոթ ցից, յոթ կորյուն, յոթ քահանաներ, յոթ փողեր: Յոթներորդ տարին է, որ հոբելյանական էր: Յոթը հոգի էին աղաղակողները: Յոթն էին պարիսպները: Յոթ ասպարեզ էր կազմում քահանաներից պահվող հեռավորությունը: Յոթն էին երինջները, յոթ-յոթ՝ հասկերը: Յոթն էին լիության և սովի տարիները: Մարգարեների յոթը խմբեր: Յոթը շնորհներ, յոթ դասեր, յոթ եղանակներ ու յոթը ազգ։ Պատանին յոթն անգամ գնաց Եղիայի մոտ: Յոթն անգամ էր, որ Եղիսեն կորացավ մեռած պատանու վրա: Ամուլը յոթ որդի ծնեց: Օրվա մեջ յոթն անգամ օրհնվում է Աստված: Յոթն անգամ է ընտիր արծաթը մաքրվում ու զտվում հողից: Յոթն են այս կյանքի դարերը: Յոթնապատիկ անգամ Տերը անօրենների գիրկն է վերադարձնում նախատինքը: Յոթ աչքեր կային վեմի վրա, սեղանի յոթ աստիճաններ, յոթ ճրագ և ճրագների վրա՝ յոթը բերաններ: Յոթը կանայք պիտի սպասեն մեկ տղամարդու: Յոթ տղամարդ էին եկողները և յոթանասունը՝ ամենքի համար լաց եղողները: Յոթ օր էր, ինչ չէին կերակրվել առյուծները, որոնց մեջ գցեցին Դանիել մարգարեին: Յոթն անգամ յոթը կանգուն բարձրության էր հնոցի բոցը: Յոթ հազար մարդ չերկրպագեց բահաղին:

Յոթ հովիվ, յոթ զամբյուղ․․․ Յոթը դևեր, որ դուրս ելան և յոթնարփյան շնորհներ, որ ներս մտան: Յոթը ձորերը Մովաբի և Պետրոսի յոթ խնդրանքները: Յոթն անգամ յոթանասուն չափով ներման շնորհումը: Ջերմի թողնվելը յոթներորդ ժամին: Նէեմանի յոթն անգամյա մկրտումը: Յոթը մատյանները: Յոթ կաթուղիկե եկեղեցիները։ Պողոս Առաքյալի երկու յոթնյակ թղթերը: Նաև վեցապատիկ յոթը չարիքները խափանեցին հեթանոսներին: Նաև յոթանասունն էին ծերերը, յոթանասունը՝ արմավենիները և Գեդեոնի որդիները։ Յոթանասունն էին Քրիստոսի աշակերտները: Յոթն էին նկանակները, յոթն են Մեծ Պահքի, յոթը` Հինանց, յոթը` Հիսնակաց շաբաթները: Յոթն էին սյուները, յոթն են առաքինությունները, յոթը՝ մոլությունները: Յոթն են մահացու մեղքերը, յոթը՝ ողորմությունները, յոթը՝ պարգևները: Յոթն են աստվածուսույց աղոթքի խնդրանքները: Յոթն են սուրբ Աստվածածնի խոսքերը Ավետարանում: Քրիստոս ևս յոթը խոսք ասաց խաչի վրա: Երկու անգամ յոթն են հավատքի դավանությունները Հավատամքում: Յոթն են հրեշտակները, յոթը՝ եկեղեցիները, յոթը՝ պատրիարքները: Յոթն են Փիլոն Ալեքսանդրացու գրքերը: Յոթն են նաև սարկավագները: Յոթ ամսեկան ծնված երեխան է, որ ապրում է: Յոթ ամսեկան հասակում է, որ նա ատամներն է հանում: Յոթ տարեկան դարձած է, որ պատրաստ է ուսման:

Եվ արդ, տեսնենք այս յոթներորդ օրվա խորհուրդը, որը Աստծո հանգիստն է և բոլոր օրերի գլուխը, քանի որ օրհնյալ է Աստծո հանգստի օրը: Չէ՞ որ Աստված կամեցավ արարածներին հաղորդ դարձնել Իր բարերարությանը և սահմանեց յոթ օր․ վեցը՝ աշխատելու, և մեկը՝ հանգստի համար: Աստված հինգ օրում Իր Խոսքով ստեղծեց արարածներին, իսկ վեցերորդ օրը ո՛չ թե Խոսքով, այլ Իր ձեռքերո՛վ ստեղծեց Ադամ մարդուն և Սուրբ Հոգու փչմամբ կենդանացրեց նրան: Սակայն այնժամ Աստծո ողորմությունը, որ Նա կամենում էր անել մարդուն, խափանվեց մարդու՛ իսկ հանցանքների պատճառով: Բայց և Աստված ոխ չպահեց մարդու հանդեպ և չանտեսեց նրան, այլ մարդասեր կամքով ու գթությամբ մեր կյանքի և փրկության սկիզբը դրեց։ Մեկ օրը հազար տարի եղավ, ու ամեն մի հազարամյակում, ըստ արարչագործության առաջին օրերի, Աստված մի նոր գործ արեց:

Առաջին հազարամյակում Աստված հրեշտակների նմանողությամբ ընտրեց Սեթի որդիներին և նրանցից Ենոքին երկինք փոխադրեց, որպեսզի երևա ամենքի՝ երկնքի ու երկրի Տերը և Աստվածը: Երկրորդ հազարամյակում Աստված ջրհեղեղ արեց, որպեսզի ցույց տա, թե Նա, ով սկզբում ցամաքեցրեց երկիրը, դարձյալ Նա՛ ծածկեց այն ջրով` բնակիչների անօրենությունների պատճառով, սակայն Իր գթության պատճառով կրկին ցամաքեցրեց այն: Երրորդ դարում հազարամյակում մարդիկ դարձյալ ամբարշտացան մեղքերով և անհավատությամբ՝ չհավատալով Աստծուն, ու վախենալով ջրասույզ լինել նոր ջրհեղեղից, միաբանվելով՝ աշտարակ կառուցեցին: Իսկ Սուրբ Հոգին, ցրելով նրանց չար միաբանությունը, բաժանեց մեկ լեզուն 72 լեզվի և Իր բարերար ողորմության գութը ցույց տվեց Եբեր նահապետին՝ պահելով նրանով առաջին լեզուն: Չորրորդ հազարամյակում երկրի երեսը բույսերից ու տնկիներից առավել Աբրահամի հավատով ու նրա որդիներով ծաղկեց: Հինգերորդ հազարամյակում Աստծո հրամանների լույս օրենքները Մովսեսի ձեռքով խառնվեցին Աստծո օրինադրության գրին և այդպիսով լուսավորվեց մարդկանց որդիների ազգը: Այդ միևնույն հազարամյակում Աստված Իր հրամանով Բաբելոնից գերեդարձությամբ կենդանածնեց հրեաներին, որոնք, գերվելով բաբելացիներից, ասես տարուբերվում էին ջրերի սասանությունից: Եվ նրանց Աստված հրամայում է աստվածպաշտության թևերով շրջել և թռչել:

Իսկ ահա վեցերորդ հազարամյակում ո՛չ թե հրամանով, այլ անձամբ Իրենո՛վ արարչագործեց Աստված՝ մեր առաջին կենդանությունից էլ առավել կատարյալ կերպով. Նա, Կույսից մարմին առնելով, Իր իսկ կամքով որպես մարդ ծնվեց Մարիամից, որպեսզի մեզ սուրբ ավազանի ծննդյամբ աստվածացնի: Եվ Բանն Աստված կատարեց այն ամենը, ինչը որ Իր իսկ կամքով կամեցավ անել, ու Խաչը ելնելով` ասաց. «Ահա կատարված է այն ամենն, ինչ սկսեցի անել»: Այդ պատճառով է, որ Քրիստոսի խաչելությունից մինչև Երկրորդ Գալուստը յոթներորդ հազարամյակն է՝ Աստծո հանգստյան, օրհնության և սրբության օրը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության: Միայնակյացների դասի ճգնության շնորհներով, Քրիստո՛ս Աստված, ողորմիր նաև այս գիրը կարդացողին: Ամեն։

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

12.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․