Գրքեր

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Թլպատության ութերորդ օրվա խորհուրդը

Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը հարությամբ է կատարվում: Ինչպես որ Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ մարդկանց ազգը կիրակի օ՛րը հարությամբ պիտի կանչվի գերեզմաններից: Ուստի ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, երբ Աստված բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին կհանգչեցնի լուսեղեն օթևաններում, ըստ թլփատության օրինակի՝ զատելով ոչխարներին այծերից ու ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Երկնքի արքայությունը»: Ա՛յն պատճառով ութօրեկան հասակում սահմանվեց թլփատությունը, քանի որ ութերորդ օրն է, որ մեղավորները պիտի «թլփատվեն» ու բաժանվեն արդարներից՝ առանձնացվելով ձախակողմում՝ անշեջ հրի մեջ նետվելու համար:

Իսկ Քրիստոսի թլփատությունն Աբրահամի հետ կնքված աստվածային ուխտի ճշմարտության և հայրերին տրված Ավետիսը հաստատելու համար էր։ Չէ՞ որ հավատարիմ է Աստված, ով նրանց, որպես անկատարների, թլփատության պատգամը տվեց` հեթանոսներից զատելու համար: Իսկ մեր Տերն էլ հանձն առավ կատարելու Իրենով իսկ ավանդված այս պատգամը, որպեսզի այն խոտան չհամարվի, նաև որպեսզի Ինքը հետո չբամբասվի իբրև օրինազանց: Բայց և մկրտվելով՝ Քրիստոս արգելեց թլփատությունը, ինչպես որ ասաց էլ Հովհաննեսին, թե «այսպես վայել է, որ մենք կատարենք ամեն արդարություն»։ Իսկ Պողոսի միջոցով էլ հոգևո՛ր թլփատությունն օրինադրեց մեզ համար: Եվ Հիսուսի ծնողներն էլ, թեպետև հրեշտակից, հովիվներից ու մոգերից Նրա մասին մեծամեծ բաներ լսեցին, սակայն չարգելեցին Նրան թլփատվելն՝ ըստ օրենքի: Ու Զաքարիան՝ Հովհաննեսի հայրը, եկավ ու թլփատեց Նրան Հովսեփի բազուկների վրա և կոչեց Նրա անունը Հիսուս: Սակայն ո՛չ թե հատեցին, այլ, անդրանիկների օրենքի համաձայն, միայն ճեղքեցին, քանի որ արժան չէր հատել աստվածացեալ Մարմնից: Նաև Քրիստոսի համար այդպես օրինադրվեց, քանի որ Նա, Իսահակից սերելով, անդրանիկ զավակն էր հանդիսանում, և աստվածային ուխտը չանարգելու նպատակով Նա թլփատության ենթարկեց, ապա բուժիչ դեղերով ապաքինեց Իր անձը: Եվ Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ մինչև սուրբ Կույսի՝ Նրանով հղանալը, պատվիրվել էր հրեշտակի կողմից: Նշանավոր ու խորհրդավոր է Հիսուս անունը, որն, ըստ եբրայեցիների, նշանակում է «փրկիչ», իսկ ըստ էլլադացիների՝ «բժիշկ»՝ Ադամի անկման, նաև՝ «փրկիչ» անեծքներից, մեղքերից, կուռքերից ու դժոխքից և ամենայն վտանգից: Նա մեզ՝ սատանայից խոցվածներիս, նաև այս գիրը կարդացողին և՛ս թող որ փրկի ու բժշկի` Կյանքի սպեղանին տալով: Ամեն։

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

13.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․