Գրքեր

Քրիստոսի ներկայությունը

Սիրելի´ բարեպաշտ հավատացյալներ,

Այսօրվա ավետարանական ընթերցվածքներից որոշեցի անդրադառնալ Պողոս առաքյալի` կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի մի հատվածի, որում ասվում է. «Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. Քրիստոս Հիսուսի ներկայությունը զգո՞ւմ եք ձեր մեջ, թե պարզապես նրա անունն եք կրում»։ Պողոս Առաքյալն այսպիսի մտահոգությամբ է ավարտում իր նամակը, և հազարամյակներ առաջ հնչած այս կարևոր հարցադրումն արդիական է բոլոր ժամանակներում:

Յուրաքանչյուր մարդու կյանքում հաստատապես եղել է, կա կամ կլինի Տեր Հիսուս Քրիստոսի հետ հանդիպման որոշիչ պահը: Դա անձնական հանդիպում է՝ նախատեսված հենց այդ մարդու համար: Հավատացե՛ք, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, որ մեզ Սիրող Հայրը հերթով թակում է յուրաքանչյուրիս հոգու դռները, և միմիայն մեզանից է կախված կկայանա՞ արդյոք այդ հանդիպումը, թե՞ ոչ: Չգիտեմ, թե այսօր այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրն ինչ պատրաստակամու­թյամբ ու եռանդով է պատասխանել Տիրոջ կանչին, բայց վստահ եմ, որ որքան էլ թույլ ու անվստահ եղած լինի ձեր արձագանքը, կարևոր է, որ թիկունք չեք դարձրել ձեր Փրկչին և թույլ եք տվել, որպեսզի Կենսատու Արեգակը ձեր սրտերում էլ ծագի։

Պողոս Առաքյալի հարցը հենց այդպիսի մարդկանց էր ուղղված, որոնք անսացել էին Աստծու Կենարար Խոսքին, Տիրոջ առջև բացել էին իրենց հոգու դռները, և այժմ առաքյալի հոգածությունը նրանց հավատը պահպանելու մասին էր: Քանի որ ի՞նչ օգուտ, եթե լապտեր ունես, բայց չես հոգում ձեթի մասին կամ գիտես ճշմարտությունը, բայց շարունակում ես կեղծիքի մեջ ապրել:

Մի բան պետք է ձեզ համար որոշակիորեն հստակ լինի, սիրելի՛ հավատացյալներ, որ որքան էլ բարդ ու քարքարոտ լինի Քրիստոսի մատնանշած ուղին, որքան էլ խոչընդոտներ ու փորձություններ հանդիպեն ձեր ճանապարհին, որքան էլ սայթաքեք ու վեր բարձրանաք, երբեք միայնակ չեք. Երկնավոր Հայրը միշտ ձեր կողքին է, դժվարություններին արիաբար տոկալու և դրանք վճռակամորեն հաղթահարելու ուժ և համբերություն է տալիս: Եվ որքան էլ բանսարկու թշնամին ջանա խաբել ու ապակողմնորոշել ձեզ, վստա՛հ եղեք, որ այդ ճանապարհը միանշանակորեն դեպի վեր է տանում:

Եթե մեզանից յուրաքանչյուրը մի պահ կանգ առնի աշխարհի այս խելահեղ մրցավազքում և ուշադրությամբ շուրջը նայի, քննի իր կյանքը, վերհիշի ինչ-ինչ դեպքեր, ապա անվերապահորեն կհանգի Աստծու ներկայության անհերքելի փաստին: Տիեզերքի կատարելությունը և դրա ամենայն ճշգրտությամբ հաշվարկված, անխափան ընթացքը միայն բավարար է` փաստելու Արարչի ներկայությունը: Բայց խնդիրը մեր մեջ Աստծու ներկայության մասին է: Այն անեղծ լույսի, ճշմարիտ սիրո և կատարյալ երանության, որ միայն Տիրոջ ներկայությունն է պարգևում:

Բոլոր մարդիկ անխտիր ունեն այդ երանության կարիքը. նրանք թերի են համարում իրենց կյանքն առանց դրա, բայց ամեն ոք տարբեր եղանակով է փնտրում այն: Ոմանք փորձում են այդ երանությունը գտնել ոգելից խմիչքի, ոմանք՝ տարատեսակ զվարճությունների, ոմանք՝ միգուցե արվեստում կամ երաժշտության մեջ, բայց  բոլոր թվացյալ երանություններն էլ ժամանակավոր են և մի օր անպայման ավարտվում են։ Իսկ մարդու հոգին հավիտենական է, և երջանկության, սիրո, խաղաղության ու երանության նրա բնական ձգտումը նույնպես պետք է հավիտենական լինի, իսկ դա հնարավոր է միայն Հավիտենության Աղբյուրի ներկայությամբ: Ոչ միայն իրական երանությունն է պայմանավորված Քրիստոսի ներկայությամբ, այլև դա է մեր հավատքի հաստատունության միակ գրավականը:

Երբ այսօր նայում ենք քրիստոնեական համարվող երկրներին, սրտի ցավով ենք արձանագրում, որ դրանք անվանապես են միայն քրիստոնյա: Աշխարհն իր փուչ բարքերով, սին հրապույրներով ու գայթակղություններով, մշուշել ու թմրեցրել է մարդկանց հոգիները, կտրել կյանքի իրական Աղբյուրից ու ստիպել է հավատալ, որ Աստծու և հավատքի կարիք չունեն այլևս: Շատ երկրներում բազմաթիվ եկեղեցիներ դադարեցրել են իրենց գործունեությունը, որովհետև մարդիկ հրաժարվել են Եկեղեցուց և հոգևոր կյանքից: Նրանք պարզապես Քրիստոսի անունն են կրում, սակայն ներկայությունն իրենց մեջ այլևս չեն զգում: Ցավոք սրտի, սիրելի՛ հավատացյալներ, նույնը կարող եմ ասել մեզանից շատերի մասին: Եթե հետևենք սուրբ առաքյալի հորդորին և անկեղծորեն քննենք ինքներս մեզ, սարսափով կտեսնենք, որ շատ հաճախ մենք էլ Նրա անունը կրողն ենք միայն:

Քրիստոս աշխարհ եկավ` Աստծու Խոսքը մարդկանց քարոզելու, Աստծու անսահման սիրո կենդանի օրինակ լինելու և Իրեն զոհաբերելու՝ հանուն յուրաքանչյուրիս փրկության: Եվ Քրիստոսի ներկայությունը մեր մեջ շոշափելն ու զգալը ենթադրում է այս ամենը կիրառել կյանքում: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ինչպե՞ս ենք պատասխանում Նրան այն բոլոր բարիքների համար, որ տվել է մեզ: Սիրո՞ւմ ենք Աստծուն: Մեծամասնությունը կպատասխանի. «Իհա՛րկե»: Եվ ես ուզում եմ հարցնել՝ իսկ ե՞րբ: Երբ ազատ ժամանա՞կ ունեք կամ տրամադրությո՞ւն: Կամ ինչպե՞ս է արտահայտվում այդ սերը` «Ես իմ Աստծուն իմ սրտում եմ սիրում» ասելո՞վ, թե եկեղեցում մոմ վառելով միայն: Կամ եկեղեցական ծեսերին ու արարողություններին պարտաճանաչ մասնակցելով, բայց ի Քրիստոս եղբորդ կամ քրոջդ ետևից բամբասելով, իրար արհամարհելո՞վ կամ ծաղրելո՞վ:

Աստծու ներկայությունը մեր հոգում միայն խոսքերով չէ, սիրելի՛ հավատացյալներ: Աստված խոսքի Աստված չէ, այլ գործի: Ճշմարիտ քրիստոնյա լինելը, Քրիստոսի ներկայությունը մեր մեջ պահպանելն ամենօրյա տքնաջան աշխատանք են պահանջում: Դա նախ և առաջ Աստծու Խոսքը ճանաչելն է, ամեն օր ընթերցելը, տարածելը և, իհարկե, գործնականորեն կիրառելը: Երբ մարդ կարդում է Սուրբ Գիրքը,  զգում է, որ Աստծու Խոսքը դիմում է իր հոգուն։ Իսկ երբ նա սկսում է հետևել այդ Խոսքին,  աստիճանաբար սկսում է այն ընդունել, խոնարհվել և ենթարկվել դրան՝ համապատասխանաբար փոխելով իր մտքերը, խոսքերը, արարքներն ու ողջ կյանքը:

Հաճախ աշխարհիկ ըմբռնումով «հարուստ կյանք ապրած», կյանքի բոլոր «հաճույքները» վայելած, ունեցվածք ու հեղինակություն ձեռք բերած մարդիկ, իրենց կյանքի մայրամուտին որևէ դժբախտության կամ լուրջ արգելքի բախվելով, կանգ են առնում ու մեծ ափսոսանքով հետ նայում:  Եվ նրանցից շատերը պատրաստ են ամեն ինչ տալու, միայն թե ետ բերեն մանկական անհոգ տարիները, հայրական օջախի միգուցե աղքատիկ, բայց այնքան ջերմ ու հարազատ պատերը կամ էլ պատանեկան առաջին սիրո ամոթխած մաքրությունը: Այսինքն, երբ մարդը վերջապես կանգ է առնում թվացյալ բարիքներ կուտակելու խելահեղ մրցավազքում և սթափ նայում իր անցած ճանապարհին, հասկանում է, որ կյանքն ապրել է միայն իր համար, որ եսասիրությունն ու եսակենտրոնությունը սրտից դուրս են մղել աստվածային լույսն ու ջերմությունը, և այժմ այնտեղ լավագույն դեպքում սառը դատարկություն է: Երբ աշխարհի ծովի ալեբախումները մեզ մի ափից մյուսն են նետում, և մենք  տեսադաշտից կորցնում ենք աստվածային Ուղեցույց Լույսը, ճանապարհից շեղված օտարականի պես սխալ փողոցներ ու խուլ նրբանցքներ ենք մտնում, թույլ գտնվելու դեպքում, ի վերջո, կործանվում ենք՝ երկար թափառումներից ու թշնամական հարձակումներից հյուծվելով:

Սիրելի՛ հավատացյալներ, Բազումողորմ Հայրը հոգալով մեր հոգիների փրկության մասին, առաջարկում է միակ ճշմարիտ ու փրկչական ճանապարհն ընտրել, որն է Աստծու կամքի ու պատվիրանների վրա հիմնված կյանքը, որը կյանքի վերջում մեզ զերծ կպահի հիասթափություններից: Տերն առաջարկում է մեր կյանքը կառուցել ոչ թե մեր տկար ու մեղավոր «ես»-ի, այլ Ամենակարողի շուրջ: Բայց զգուշացնում է նաև, որ` «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մտթ. 16:23): Այս տողերը բազմիցս եք կարդացել ու լսել տարբեր առիթներով, բայց կամենում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ Քրիստոսի մատնանշած խաչն ամենևին էլ այն տառապանքն ու դժվարությունները չեն, որ առաջանում են մեր անմիտ ու սխալ արարքների կամ մեղքերի հետևանքով: Խոսքն այն փորձությունների ու դժվարությունների մասին է, որոնց բախվում ենք անկախ մեր գործերից, այլ դրանք պատահում են, որպեսզի ամրանանք հավատի, աճենք համբերության, խոնարհության և այլ առաքինությունների մեջ՝ ի փառս Տեր Հիսուս Քրիստոսի և ապացուցենք, որ անվերապահորեն Աստծուն վստահելով՝ աներեր քայլում ենք Արքայություն տանող ճանապարհով: 

Հիսուս Քրիստոս ասում է. «Մարդիկ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մտթ. 11:12): Այսինքն` մարդիկ, որոնք ջանք են թափում, ստիպում են իրենց հրաժարվել մեղքերից, աղոթել, պահք պահել, բարի գործեր գործել, եկեղեցի գնալ ու Սուրբ Հաղորդության պատրաստվել, այցելել հիվանդներին, ծերերին, որբերին… Այսինքն` մարդիկ, որոնք Քրիստոսի ներկայությունն են զգում իրենց ներսում, կյանքը գիտակցելով են ապրում, ընտրում են այն քայլերը, որոնք մոտեցնում են նրանց Երկնքի Արքայությանը, և հրաժարվում այն ամենից, ինչ հեռացնում է նրանց բաղձալի նպատակակետից:

Արդ, մենք էլ նմանվենք այս գիտակից մարդկանց, սիրելինե՛ր, ամեն պահ մեր սրտերում զգանք Աստծու ներկայությունն ու գործեք այդ ներկայության համաձայն: Եվ թող Տերը ուժ և հաստատակամություն պարգևի ամենքիս՝ Իր ճանապարհին հաստատակամորեն հետևելու և Երկնային Արքայությանն արժանի լինելու: Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

04.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․