19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Քրիստոսի սիրո օրենքին հետևող սիրիահայ ուխտավորները

Հոկտեմբերի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցի: Աղոթքի ճանապարհը միասին անցնելը և միասնական աղոթքը թվով 56 սիրիահայ ուխտավորների համար ուղղված էր Սիրիայում առևանգված հայորդիների վերադարձին և հիվանդների ապաքինմանը: Ճանապարհին ուխտավորների խնդրանքն էր, որ կյանքի Առաջնորդը, խաղաղության Պարգևիչը՝ Հիսուս Քրիստոս, հաջողի իրենց ընթացքը և առաջնորդի դեպի բարին, խաղաղությունը և արդարությունը: Աղոթքից հետո տիկնանց միության անդամ Սիրանուշ Գյումրույանը ներկայացրեց դեպի Աբովյան տանող ճանապարհի նախ Երևան քաղաքի հուշարձանների, այգիների հիմնադրման, ապա Կոտայքի թեմի հայտնի սրբավայրերի պատմություններին:

Սբ. Հովհաննես եկեղեցում միասնական աղոթքից հետո Վաչագան սարկավագը հոգևոր զրույց ունեցավ ուխտավորների հետ: Զրույցի ընթացքում նա անդրադարձավ Սբ. Հովհան Ոսկեբերանի հետևյալ խոսքին՝ «Եթե մարդն իրեն չվնասի, ոչ ոք իրեն չի վնասի» և այդ հատվածի մեկնությանը: Սարկավագը մեջբերեց աստվածաշնչյան հետևյալ կերպարներին. «Մարդկության թշնամին փորձեց վնասել Հոբ արդարին, բայց չկարողացավ, որովհետև Հոբն ինքն իրեն վնասել չկամեցավ: «Աղքատ Ղազարոս»-ի առակում աղքատությունը չվնասեց Ղազարոսին, այլ երանության արժանացրեց, քանի որ Ղազարոսն ինքն իրեն չվնասեց, այնինչ՝ հարստությունը վնասեց մեծահարուստին: Ի տարբերություն Քրիստոսին ուրացող Պետրոս առաքյալի՝ Տիրոջը մատնող Հուդան իրեն վնասեց: Ո՛չ հարստությունը և ո՛չ աղքատությունը, ո՛չ առողջությունը և ո՛չ հիվանդությունը չեն կարող օգնել մեզ, եթե ինքներս չցանկանանք մեզ օգնել»: Վաչագան սարկավագը նշեց, որ, ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի, մարդուն վնասում է ոչ ուղղափառ դավանանքը և առաքինություններից հեռու կյանքը:

Զրույցի ավարտին բարեշնորհ սարկավագն ասաց. «Ուխտի նպատակն իրագործելով՝ աղոթենք Սիրիայում առևանգված հայորդիների, հիվանդների և այն ընտանիքների համար, որ հարազատներ են կորցրել, որպեսզի իրենք իրենց չվնասեն»: Միասնական աղոթքի կարևորության հետ կապված էլ նշեց. «Մեկ մոմն ավելի քիչ լույս է տալիս, քան մի քանիսը. միասնական աղոթքը միասին մի խնդրի մասին Աստծուն դիմելն է, ըստ եկեղեցու հայրերի խոսքի, միասնական աղոթքը զորեղ է: Չկա առանձնական աղոթք առանց ընդհանրականի և ընդհանրական աղոթք առանց առանձնականի»:

Եկեղեցում սիրիահայ ուխտավորներից Շողիկ Արաբաթլյան Զգուշյանը, Զարմինե Բանոյանը, Լուսի Բահարյանը շարականներ կատարեցին, իսկ «Տեր ողորմեա», «Քրիստոս ի մեջ», «Մարմին Տերունական» շարականները երգեցին բոլորը:

Ապա Սիրանուշն ուխտավորներին մանրամասնորեն ծանոթացրեց Սբ. Հովհաննես եկեղեցու ճարտարապետության, քանդակարգործության, որմնանկարչության պատմությանը և խորհուրդներին:

Եկեղեցուն կից աշնանային գույներով զգեստավորված այգում ուխտավորներն իրենց հանգիստն ունեցան, ուր և հնչեցրին հայկական ժողովրդական երգեր:

Ուխտավորներից Անիի աղոթքը և մեծ ցանկությունն է, որ Աստծո բժշկարար ձեռքը բոլոր հիվանդների վրա լինի. «Ինչպես ավետարանական առակում կինն ուրախացավ՝ կորցրած դրամը գտնելով, այնպես էլ տա Աստված, որ առևանգվածները վերադառնան իրենց ընտանիք, և բոլորն ապրեն կորցրածը գտնելու ուրախությունը»:

Ուխտավորներն որպես Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու անդամներ, նույն մարմնի մյուս անդամների ցավին ապրումակից լինելով, ապրեցին միասնական աղոթքի խորությունն ու զորությունը:

«Եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր և անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Իսկ վերջինիս օգտակար լինելը ցույց է տալիս առաքյալի խոսքը. «Արդարի խոսքը հույժ զորավոր է օգնելու համար»» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

 

Կարինե Սուգիկյան

24.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․