Գրքեր

Քրիստոսի ծնունդը

Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը ամենահավատարիմ կնոջը, և Սուրբ Կույսի այս հարցը ոչ թե թերահավատությունից էր, այլ ճշմարտությունն իմանալու համար էր: Եվ հրեշտակի բացատրությունը լսելուց հետո Սուրբ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. 1.30-38): Այսօր, ցավոք, կան մարդիկ, ովքեր այս հարցը տալիս են առաջին հերթին թերահավատությամբ և երբեմն էլ ծաղրանքով. «Ինչպե՞ս կարող է կույսը որդի ունենալ»: Աստված միշտ նախապատրաստել է մարդկանց այսպիսի մեծ իրադարձությունների և հրաշքների, որպեսզի երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր, որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակը և ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարման ժամանակ առանց սերմի և առանց աշխատանքի, միայն Աստծո խոսքով երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց (Ծննդ. 1.11): Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց:

Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում: Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. 2.7): Այն փաստից, որ ծննդաբերության ժամանակ որևէ կողմնակի անձի ներկայություն չի հիշատակվում և նշվում է, որ Աստվածամայրն ինքը մանկանը խանձարուրի մեջ փաթաթեց, Եկեղեցու Հայրերը հետևյալ եզրակացությունն են արել: Աստվածամայրը միայնակ ծնեց իր Որդուն առանց կողմնակի օգնության, և այդ ծննդաբերությունը Սուրբ Կույսի համար չէր ուղեկցվում ծննդաբերող կանանց հատուկ ցավերով: Քրիստոս ծնվեց մսուրի մեջ` քարայրում: Այդ քարայրի վրա հետագայում Հեղինե թագուհին Աստվածածնի պատվին տաճար կառուցեց:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը`ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22):

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

02.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․