Գրքեր

Քրիստոսի զինվոր սուրբ Թեոդորոսի վկայաբանությունը

Մաքսիմիանոսի և Մաքսենտոսի թագավորության ժամանակ մեծ հալածանք կար քրիստոնյաների դեմ` [ստիպելով] կա՛մ դառնալ կռապաշտության. կա՛մ մատնվել տանջանքի ու մահվան: Այդ ժամանակ բռնվեց Թեոդորոսը և տարան, հարկադրում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, կանգնեց զորքի մեջ ու ասաց. «Ես քրիստոնյա եմ և պիղծերին զոհ մատուցել պարտավորված չեմ»:

Բրինկաս դատավոր սենեկապետն ասաց. «Դու բեր բոլոր զինվորներիդ և զոհ մատուցիր աստվածներին, հնազանդվելով անհաղթ թագավորներին»: Թեոդորոսն ասաց. «Իմ Թագավորին եմ զինվորագրվել և ուրիշի զինվորագրվել չեմ կամենում»: Սենեկապետն ասաց. «Սրանք բոլորը, որ քեզ հետ են` Քրիստոսի՞ն են զինվորագրված»: Թեոդորոսն ասաց. «Յուրաքանչյուրը գիտե` ում զինվորագրվի, բայց ես իմ երկնային Տիրոջն ու Թագավորին եմ զինվորագրված»: Պոսիդոնոս Դուկենառիոսը մոտենալով ասաց. «Քո Աստվածն ինչո՞ւ Որդի ունի»: Թեոդորոսն ասաց. «Այո՛, ունի Որդի` ճշմարտության Բանը, որով ամեն ինչ ստեղծեց»: Սենեկապետն ասաց. «Եթե ճանաչենք Նրան` կարո՞ղ ենք թողնել մեր թագավորին և մոտենալ Նրան»: Թեոդորոսն ասաց. «Ոչինչ չի խանգարի ձեզ թողնելու խավարն ու ժամանակավոր թագավորներին և մոտենալու հավիտենից Թագավորին և զինվորագրվելու Նրան, ինչպես ես»: Սենեկապետն ասաց. «Սակավ օրեր թողնենք դրան, որպեսզի ինքը խրատվելով հանգի օգտակարին»,– և սուրբը ներումն ստացավ: Իսկ դատավորը մոլեգնեց տանջանքով ու գանահարությամբ խոշտանգելու նրանց, ում երանելին ասում էր` «Մի՛ ուրանաք անմահ Թագավորին»:

Եվ հարմար ժամանակ գտնելով` այրեց աստվածուհու տաճարը: Իսկ մեկը տեսնելով` ամբաստանեց սուրբ Թեոդորոսին. հրամայեցին տանել դատավորի ատյանը: Երբ տարան, դատավորն ասաց. «Ո՛վ թշվառական, ինչո՞ւ փոխանակ զոհ և կնդրուկ մատուցելու աստվածուհուն, այրեցիր»: Թեոդորոսն ասաց. «Ինչ որ արեցի` չեմ ուրանում, միգուցե խափանվի աստվածուհու պաշտամունքը, որով դևերը ձեզ մոլորեցրել են»: Այնժամ [դատավորը] հրամայեց գանահարել երանելիին և ասաց. «Մեղմ խոսքերը քեզ ավելի համարձակ և հանդուգն դարձրին, այնքան որ հանդգնեցիր մոտենալ աստվածուհու տաճարին: Այսուհետև քեզ դժնդակ տանջանքով կխրատեմ և կլուծեմ աստվածուհու վրեժը, և կհնազանդվես թագավորի հրամանին»: Երանելի Թեոդորոսը պատասխանեց. «Քո խոսքի մեջ ճշմարտություն չկա, քանի որ քո պատճառած տանջանքը այնքան չի զորանա, որ հատի հանդերձյալ կյանքի հույսը, և իմ համբերանքը, որ ինձ կգա վերին զորությունից, թեկուզ բյուր տեսակ–տեսակ տանջանք տաս»: Դատավորն ասաց. «Խոստովանիր, զոհ մատուցիր աստվածներին, և կփրկվես տանջանքներից»: Թեոդորոսն ասաց. «Ոչինչ են այս տանջանքները, քանի որ ինձ զորություն իջավ իմ Տիրոջից, որ ամենակարող է»: Այս որ ասաց, դատավորը հրամայեց բանտ նետել և դռները կնքել ու քառասուն օր սոված պահել, մինչև կմահանա: Եվ այն գիշեր Տերը նրան երևաց ու ասաց. «Քաջալերվի՛ր, քանի որ Ես քեզ հետ եմ ամեն ինչում և քո կյանքը անվնաս կպահեմ»: Իսկ երանելին երբ այս լսեց, սկսեց ցնծալով օրհնել ու սաղմոսել. «Տեր, լույս իմ և կյանք իմ, ես ումի՞ց կդողամ այսուհետև»: Երանելին լսում էր սաղմոսող բազմության ձայնը: Եվ բանտապետը լսեց ձայնը, զարհուրած գնաց գիշերով, պատմեց դատավորին: Դատավորը զենքով ու բազում զինվորներով եկավ, որովհետև կարծում էր, թե զորք է եկել նրան բանտից հանելու: Բայց եկան, դռները կնքած գտան, և շատերին լսելի էր սաղմոսների ձայնը: Բացին և բանտում ոչ մեկին չգտան, բացի երանելիից` կոճղին ամրացված. և բոլորին սարսափ պատեց: Հրամայեց առավոտյան [երանելիին] տանել ատյան: Եվ սկսեց աղաչական ձայնով խոսել ու ասաց. «Լսիր ինձ և զոհ մատուցիր աստվածներին: Երդվում եմ աստվածներով, կգրեմ ինքնակալ տերերին, քեզ իսկույն քահանայապետ կկարգեն, և պատիվ կստանաս ու մեզ աթոռակից կլինես, և կմեծարվես բոլորից»: Իսկ երանելի Թեոդորոսը խոստումներն արհամարհելով ասաց. «Քո պատիվներն ու պարգևները քեզ լինեն ի կորուստ. Աստծու ծառայիս չես խաբի, այլև քո տանջանքներով չես վախեցնի. իմ Աստծուն փառք կտամ և ոչ դևերին. ինչ ուզում ես` արա իսկույն»:

Այնժամ բռնավորը բարկացավ, հրամայեց կախել նրան և քերել երկաթե քերիչներով, որ մերկացնելով ամբողջ մարմինը` գետնին գցեն: Իսկ երանելին սաղմոսում էր. «Կօրհնեմ Տիրոջը ամեն ժամ, ամեն ժամ նրա օրհնությունն իմ բերանում է» (Սաղմ. ԼԳ. 2): Եվ [դատավորը] զարմացավ սրբի համ բերությանը, թե ինչպես է դիմանում այդպիսի դառն տանջանքներին: Իսկ երանելին լի էր ուժով և ասաց բռնավորին. «Նախապես քեզ չասացի՞, թե Քրիստոսն է ինձ օգնում, որ ուժ և հաղթություն է տալիս ինձ դիմակայելու քո բոլոր հնարներին, սատանայի որդի և թշնամի ամեն արդարության, որ չճանաչեցիր Աստծուն»: Բռնավորն ասաց. «Ի՞նչ ունես կամ ինչ ես մտածում` մեզ հետ լինել ու մնա՞լ, թե` քո Քրիստոսի հետ, և մահանալ»: Սուրբ Թեոդորոսը մեծ խնդությամբ ասաց բռնավորին. «Իմ Քրիստոսի հետ էի, եմ և կլինեմ»: Իսկ երբ բռնավորը տեսավ իր պարտվելը նահատակից` հրամայեց այրել երանելիին: Եվ երբ տարան այրելու տեղը և չար սպասավորները շտապ պատրաստեցին կրակը, երանելին նայեց երկինք, ինքնիրեն կնքեց խաչի սուրբ Նշանով և ասաց այսպես. «Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որով ճանաչեցինք ճշմարտությունը, որ առաքվեց Քեզնից մարդկային ցեղի փրկության համար. մարմնացավ, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ ու համբարձվեց Հոր մոտ` երկինք, որ մեզ հավաքի ավետարանական քարոզությամբ հավատալու Ամենասուրբ Երրորդությանը: Եվ ովքեր մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով ու մարդասիրությամբ արդարացան, նրանք փառավոր եղան: Այժմ ընդունիր ինձ, այս հրի միջոցով ավարտեմ իմ ընթացքը և ինձ արժանավորիր սիրելի և ճշմարիտ վկաների հետ ժառանգել աշխարհի սկզբից Քո սրբերի համար պատրաստված արքայությունը և նրանց հետ փառք մատուցել ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և հավիտյանս. ամեն»:

Եվ նայեց, բազմության մեջ տեսավ Կղենիկոսին, որ իր զինակիցն էր և արտասվում էր: Աղաղակեց դեպի նա. «Հետևիր ինձ երկնավոր Թագավորի մոտ գնալու, որ ինչպես ժամանակավոր կյանքում մնացինք միասին, մնանք նաև Հոգու սիրով և հավիտենականը միասին վայելենք ի փառս Աստուծու:– Եվ դրանից հետո ասաց,– Քրիստոս, հույս և ապավեն Քեզ հուսացողների, ողորմության շնորհ տուր նրանց, որ բռնվեցին ինձ հետ, ընտրված` պահելու ճշմարտության հավատը, որ ծանուցվեց Քեզնից, և իմ ընթացքը ավարտել բարի խոստովանությամբ և արժանավորել երկնքի արքայությունը»:

Իսկ աստվածուհու սպասավորները վրեժխնդրության համար կապեցին երանելի Թեոդորոսին և գցեցին պատրաստած հնոցը, որովհետև թագավորի հրամանը սաստկանում էր, և հնոցը բորբոքվում էր առավել: Երբ սուրբը հնոցի մեջ էր, ավելի լուսավոր քան կրակի լույսն էր, լսեց ձայն, որ ասում էր. «Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին անուշ հոտերի մեջ»: Եվ ովքեր արժանի էին տեսնելու` տեսան` ինչպես լույս հնոցից վերև` երկինք բարձրացավ սրբի հոգին, և բոլորին ահ պատեց, և օրհնում էին Աստծուն:

Մի բարեպաշտուհի` Բարի անունով, լցված բարեպաշտությամբ` վերցրեց երանելի Թեոդորոսի մարմինը, յուղերով և անուշ խունկերով պատեց, դրեց տապանի մեջ, տարավ Եվխայի դա կոչվող գյուղը, Ամասիա քաղաքի մոտ, և մեծ պատվով ու զգուշությամբ գերեզման դրեց: Եվ սուրբ Թեոդորոսի հիշատակը կատարում են ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր և Որդու և Սուրբ Հոգու. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

22.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․