Գրքեր

Քրիստոսից նշան խնդրելու մասին

«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տվեց նրանց ու ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրվի նրան, բայց միայն՝ Հովնան մարգարեի նշանը» (Մտթ. 12:38, 39)

 

Քրիստոսակիր Հայ Եկեղեցու սիրելի զավակներ,

Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ քիչ առաջ լսեցինք, օրենսգետներին ու փարիսեցիներին ուղղված Տեր Հիսուս Քրիստոսի հանդիմանանքի խոսքն էր, որ իրեն քրիստոնյա անվանող յուրաքանչյուր ոք կարող է անմիջականորեն իրեն ուղղված համարել, եթե ինքն էլ շարունակում է նշաններ փնտրել այս աշխարհում:

Ստեփանոս Սյունեցու ավետարանական այս հատվածի մեկնության մեջ կարդում ենք. «Քանի որ չէին կամենում ուսանել, այլ՝ նենգությամբ փորձել, դրա համար փարիսեցիներին անվանեց «չար և շնացող ազգ»։ Չար ազգ անվանեց, քանի որ չար վիշապի խորհրդով մոլորվեցին, և «շնացող»` քանզի թողնելով իրենց ամուսնուն՝ ճշմարտության Խոսքը, այսինքն՝ Քրիստոսին, օրինազանց եղան։ Աստվածային գրքերում «նշան» ասելով հասկանում ենք այն, ինչը պետք է ապագայում լինի, ինչպես և պատմվում է Հին Կտակարանում Հովնանի երեք օր ձկան փորում մնալը, որը խորհրդանշում է Քրիստոսի երեք օր երկրի սրտում մնալը»:

Իսրայելի ժողովուրդը, մարդկության պատմության ակունքներից արդեն, երջանկություն էր ունեցել Աստծո ընտրյալ ազգը լինելու: Խենթանալու բախտավորություն. Ամենազոր Աստծո կողմից ընտրյալ լինել, վայելել Նրա անմիջական պաշտպանությունը, առաջնորդությունն ու հոգատարությունը, զգալ Նրա կենդանի ներկայութունը, լսել Նրա խոսքը մարգարեների միջոցով, հարցեր տալ ու անմիջապես ստանալ պատասխաններ: Հին Իսրայելն այս առումով բացառիկ էր: Սերունդներ ի վեր Արարիչ Աստված այս ժողովրդի կողքին էր զգալի կերպով, մինչև որ նրանց անմտությունը, մոլորություններն ու անհավատությունն իրենցից չվանեցին Աստծո շնորհները: Ավարտվեցին այլևս աստվածային իմաստությունը կրող արքաների ու աստվածընկալ մարգարեների ժամանակները: Աստծո շնորհաբաշխ Հոգին հեռացավ անհնազանդ ու կարծրասիրտ ժողովրդից, բայց թողեց Տիրոջ Օծյալի գալստյան հույսը, Ով Իր հետ փրկություն ու ազատություն էր բերելու:

Իսրայելի ժողովուրդը սպասում էր: Աստված բազմից էր խոսել հինկտակարանյան մարգարեների շուրթերով ու խոստացել, որ Բեթղեհեմում Հեսսեի ցեղից պիտի ծնվի Իսրայելի Իշխանն ու Փրկիչը (Միք. 5:2; Ես. 11:1, 10): Իսրայելի ժողովրդի կրոնական առաջնորդները՝ օրենսգետներն ու փարիսեցիները, հրաշալի տիրապետելով Սուրբ Գրքին, վստահաբար հիշում էին Մեսսիայի մասին մարգարեությունների կարևորագույն տողերը, որ Եսայու մարգարեության մեջ էին տեղ գտել. «Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (7:14), «Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ: Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն: Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա» (35:4-6): Եվ ահա, դարեր ձգվող սպասումը հասել էր իր վերջնագծին. բոլոր մարգարեությունների կենդանի մարմնացումը կանգնած էր նրանց առջև, և միայն սրտի մաքրություն էր անհրաժեշտ, որպեսզի աստվածադիր հոգու աչքերը ճանաչեին Մարմնացյալ Աստծուն:

Քրիստոսից նշան խնդրելն առնվազն տարօրինակ էր, քանի որ Մարդացյալ Աստված գործում էր բացահայտ ու հրապարակայնորեն, և արդեն հասցրել էր այնքան հրաշքներ գործել, որ ավելին էին, քան բավական էր: Եվ այսօրվա բնաբանի դրվագից անմիջապես առաջ էլ Նա բժշկել էր կույր ու համր մի դիվահարի, որն այդ նույն փարիսեցիները վերագրել էին դևերի իշխանի զորությանը: Ուստի, այժմ նշան խնդրելը նրանց կողմից ոչ այլ ինչ էր, եթե ոչ բացահայտի մերժում ու նենգ ծուղակ, քանի որ Իսրայելը երբևէ չէր տեսել այն ամենն, ինչ այժմ անում էր Հիսուս Քրիստոս: Սակայն, այս ինքնահավան, մեծամիտ ու չարանենգ մարդիկ այնքան էին հեռացել աստվածային ճշմարտությունից, որ ընկել էին բանսարկուի իշխանության տակ, որն էլ թույլ չէր տալիս նրանց տեսնել ակնհայտն ու ճշմարիտը: Եվ սրտեր քննող Աստված, պարզորոշ կերպով տեսնելով նրանց նենգ մտավորությունը, նախատեց նրանց՝ ասելով, որ Իր հարությունից բացի ուրիշ նշան նրանց չի տրվելու, քանի որ տեսնում էր, որ նույնիսկ հարության հրաշափառ երևույթի համար տեղ չէր գտնվելու նրանց մոլորյալ ու քարացած սրտերում:

Այո՛, Տեր Հիսուս Քրիստոս աներևակայելի հրաշքներ էր գործում: Նա Իրեն էր հնազանդեցնում բնությունն ու դրա տարերքները (Ղուկ. 5:4-9, Մտթ. 8:23-27; 14:25), բազմացնում էր հացը (Մրկ. 6:30-44), բժշկում էր բոլոր հիվանդներին (Մտթ. 4:23-25 և այլն), հարություն տալիս մեռյալներին (Հովհ. 11:17-44, Ղուկ. 8:40-56): Այս ամենն անկասկած ապշեցուցիչ էր, վեր մարդկային երևակայությունից, և հստակ էր մի փաստ՝ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից գործված որևէ հրաշք երբևէ ինքնանպատակ չէր եղել: Դրանք չեն եղել մարդկանց զարմացնելու, շահի, սեփական հպարտ «ես»-ը մեծարելու, փառքի կամ համբավի համար: Քրիստոսի հրաշքները ծնվել են մեծագույն մարդասիրությունից: Դրանից բխել է ուրիշի ցավը սեփականի պես ընդունելու կարողությունը, կարեկցանքն ու ողորմածությունը: Այսինքն, Նրա հրաշքների դրդապատճառը, մղիչ ուժը սերն էր, ինչպես և աստվածային մեծագույն սիրո դրսևորում էր Արարչի մարդեղացումն ու Իր կյանքը զոհելը: Եվ Քրիստոսի երկրային ողջ կյանքն ու գործունեությունը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ ցույց տալ մարդկանց ճշմարտությունը և ուղղորդել դեպի հավիտենական կյանք ու փրկություն: Ուստի, այժմ, երբ ցավոք շատ ու շատ մարդիկ, թողնելով իրական Ճշմարտությունն ու Կյանքը, մոլորության մեջ են ընկնում չարի կողմից՝ հրապուրվելով արևելյան կրոններում առկա գերբնական երևույթներով ու գնալով դրանց ետևից, թող հարց տան իրենց, թե ինչ նպատակ են հետապնդում այդ այսպես կոչված «հրաշքները»: Բուդդիստ վանականները, հնդիկ յոգերը և նույնիսկ մահմեդական որոշ ուղղությունների ներկայացուցիչներ զանազան հնարքներ են ցուցադրում իրենց մարմնի հետ կապված, երբ, ասենք, երկար ժամանակ կարող են անցկացնել առանց շնչելու, ուտելու կամ քնելու: Երբ խոցում են իրենց մարմինները զանազան ծակող գործիքներով և չեն վնասվում, և այլն: Եվ մարդիկ, թողնելով իրենց ճշմարիտ հավատն ու փրկության նավը հանդիսացող Եկեղեցին, գնում են դևերի մատուցած գայթակղությունների հետևից՝ միմիայն սեփական սնափառությանն ու հպարտությանը հագուրդ տալու նպատակով: Կամ էլ տարվում են զանազան հեքիմներով, բախտագուշակներով ու էքստրասենսներով, չնայած որ Եկեղեցին մշտապես զգուշացնում ու հորդորում է հեռու մնալ այն ամենից, ինչն Աստծուց չէ, և հետևաբար դեմ է Աստծուն: Աստվածաշունչ մատյանի Հին և Նոր Կտակարաններն էլ լի են Աստծո համար պիղծ ու գարշելի և մարդու համար կործանարար կախարդություններից ու գուշակություններից զգուշացումներով (Ղևտ. 19:31, Բ Օրին. 18:10-12, Ես. 8:19, Գաղ. 5:19, 20, Գործք 19:19, Հայտն. 22:14, 15 և այլն):

Թվում է, թե ամեն ինչ պարզ է հստակ, սիրելի՛ հավատացյալներ, և յուրաքանչյուր բանական էակ ուղղակի չի կարող թողնել ճշմարտությունն ու կյանքը և գնալ ստի ու մահվան ետևից: Բայց արի ու տես, որ գնում է: Մարդը պատրաստ է թողնել ամեն ինչ ու մեկնել հեռավոր գյուղեր, օրեր ու ժամեր հերթ կանգնել, գումարներ ծախսել, որպեսզի ոմն բախտագուշակ կռահի իր կամ իր ընտանիքի անդամների անունները, ասի, թե քանի երեխա է ունենալու, կամ էլ որ բարձի մեջ է չարակամը թաքցրել թուղթ ու գիրը: Իսկ այդ ընթացքում կիսադատարկ եկեղեցիներում Սուրբ Պատարագի ժամանակ տեղի է ունենում տիեզերքի մեծագույն հրաշքն ու անգին պարգևը մեղավորներին՝ Սուրբ Սեղանին հացն ու գինին փոխակերպվում են պատարագյալ Աստվածորդու Սրբասուրբ մարմնին և արյանը՝ պատրաստ սրբելու զղջացող հավատացյալի հոգու ու մարմնի ախտերը, և կյանքի նոր շունչ հաղորդելու նրա երակներում հոսող արյանը, խորտակելու թշնամու բոլոր կապանքներն ու պահպանելու նրա հարձակումներից, նրա առջև բացելու Երկնքի Արքայության դռներն ու ուղղորդելու նրան դեպի հավիտենական փրկություն: Այո՛, Սուրբ Սեղանին սպասում է աշխարհի մեծագույն հրաշքը՝ հարուցյալ Քրիստոս, իսկ մարդիկ նշաններ են փնտրում այլուր՝ հրեա ազգի նման չցանկանալով տեսնել ու ընդունել ակներևն ու անհերքելին: Մարդիկ մեծ ոգևորությամբ միմյանց «հաջողություն բերող» նամակներ կամ պատկերներ են ուղարկում՝ հրաշքի ակնկալիքով, և ես ձեզ ուզում եմ հարցնել՝ ի՞նչ հրաշքների կամ հաջողության մասին է խոսքը, սիրելի՛ քրիստոնյաներ: Մի՞թե իսկապես հավատում եք, որ ձեր հաջողությունը որևէ պատկերից է կախված: Կամ եթե կարծում եք, որ Սուրբ Աստվածածնի պատկերներից մեկը հաջողություն է բերում, ուրեմն ի՞նչ է դուրս գալիս, որ մյուսներն անհաջողություն են բերում կամ էլ ընդհանրապես անզո՞ր են: Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜ Սրբուհի Աստվածամայր:

Այս ամենը շատ ցավալի է ու տխուր, իսկ պատճառը կարծում եմ պարզ է, սիրելինե՛ր: Մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը, մարդկանց խաբկանք ու եսասիրության բավարարում է միայն պետք: Մարդիկ չեն փնտրում Ճշմարիտ Որթատունկը, քանի որ Նրա լույսը երևան է հանում նրանց հոգիների ողջ աղտոտությունը և ցրում սեփական «ես»-ի մասին ունեցած թյուր կարծիքները: Մարդիկ գնում են նշանների ետևից, քանի որ դա հեշտ ճանապարհն է, անձնական որևէ սխրանք, ջանք ու զոհաբերություն չպահանջող ճանապարհը: Իսկ Քրիստոսի հարության նշանին հետևելու համար մաքուր սիրտ, անսասան հավատ, մեծ կամք, անխախտ վճռականություն, քաջություն ու աշխատասիրություն է անհրաժեշտ, որպեսզի համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ հատվեն սեփական կրքերն ու տկարությունները, որպեսզի աղոթական կյանքով մշտական կապի մեջ լինենք Տիրոջ հետ, որպեսզի կարողանանք առանց տարբերակելու սիրել մարդկանց և ողորմածության գործեր անել, որպեսզի ամեն օր Սուրբ Գիրք ու հոգևոր գրականություն կարդանք, որպեսզի վկայենք մեր հավատի մասին ու քրիստոնեական ճշմարտության տարածողները լինենք… Մի խոսքով, մշտական պայքար ու աշխատանք, որոնց միջոցով միայն կկարողանանք Աստծո ողորմածությանն արժանանալ ու երկնային քաղաքացիություն ստանալու հույսն ունենալ: Արդ, չփնտրենք սին նշաններ ու արտաքին հրաշքներ, սիրելի՛ հավատացյալներ, որոնք հեռացնում են մեզ Աստծուց: Մեր Գթած Հայրն արդեն իսկ տվել է մեզ այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր փրկության համար: Ուստի, սուրբ Նարեկացու օրինակին հետևելով՝ Տիրոջ լուսեղեն պատկերը նկարենք մեր հոգու խորքում (Բան ԻԷ) և անխոտոր ընթացքով գնանք դեպի այդ լույսը, որը տանում է մեզ դեպի հավիտենական փրկություն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․