Գրքեր

«Քրիստոսին միացած անձը ստեղծված է բարին գործելու համար»

«Եթե քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա»,- հորդորում է Տերը՝ Եսայի մարգարեի շուրթերով (Եսայի 58:10-11):

Քրիստոնյան, Քրիստոսի օրինակի համաձայն, իր նմանին քաջալերելու, մխիթարելու, գթալու և կարեկցելու կարևորագույն կոչումն ու առաքելությունն է ստանձնել: Այդ առաքելությանն ու կոչմանը հավատարիմ՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է իրականություն դարձնել իր սոցիալական ծրագրերը:

Այս անգամ՝ փետրվարի 17-ին, համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Կատովսկի 106 հասցեում վարձակալությամբ ապրող անապահով ընտանիքին: 43-ամյա Պողոսյան Թամարան՝ ընտանիքի մայրը, միայնակ է խնամում իր երկու զավակներին՝ 10-ամյա Մերիին և 8-ամյա Համլետին, ով ԴՑՊ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ է տառապում: Ընտանիքն ապրում է միայն «Փարոս»-ի տրամադրած գումարով:

Ընտանիքի հետ զրույցից հետո՝ Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տրամադրած դրամական օգնություն, սննդի փաթեթներ և անկողնային պարագաներ: Պողոսյան Թամարան իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և եկեղեցու համայնքին՝ իրենց օգնելու և աջակցելու համար:

«Աստծո ներկայությունը մեր հոգում միայն խոսքերով չէ, քանի որ Աստված խոսքի Աստված չէ, այլ՝ գործի: Ճշմարիտ քրիստոնյա լինելը, Քրիստոսի ներկայությունը մեր մեջ պահպանելն ամենօրյա աշխատանք է պահանջում: Հիսուս Քրիստոս ասում է. «Մարդիկ Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթեոս 11:12): Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ջանք են թափում, աղոթում են, պահք պահում, եկեղեցի հաճախում, պատրաստվում Սուրբ Հաղորդությանը, այցելում հիվանդներին, ծերերին, որբերին… Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր Քրիստոսի ներկայությունն են զգում իրենց ներսում, իրենց կյանքը գիտակցաբար են ապրում, այն քայլերն են ընտրում, որ պիտի մոտեցնեն իրենց Երկնքի Արքայությանը»,- ասաց Տեր Գիրգորը:

Սբ. Պողոս առաքյալը Հիսուս Քրիստոսին միացած անձին անվանում է Աստծո նոր ստեղծագործություն, որ ստեղծված է կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց իրեն, որպեսզի դրանով լիացնի իր կյանքը (Եփեսացիներ 2:10):

 

Կարինե Սուգիկյան

17.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․