Գրքեր

Քրիստոսին նվիրվածության մասին

Ձիթենյաց լեռան վրա մի վանք կար, որի անունն էր Փարախ: Այստեղ բնակվում էին չորս հարյուր կանայք, իսկ երբ պարսիկները եկան Երուսաղեմ և պաշարեցին քաղաքը, այն ժամանակ դուրս հանեցին այն չորս հարյուր կույսերին և բաժանեցին` պղծելու համար: Երբ նրանցից ամենաստահակն ու լպիրշը կամեցավ ապականել Քրիստոսի գառնուկին, այդ անսանձը և նրա հետ նաև սատանան` խաբվեցին կույսից հետևյալ կերպ. երբ եկավ նրան ապականելու, Քրիստոսի հարսն ասաց նրան. «Շնորհի՛ր ինձ իմ կուսությունը և ես քեզ կշնորհեմ մի օծանելիք, որ որքան նետ ու սուր գա քեզ վրա՝ մնաս անխոցելի»: Եվ նա զարմացած ասաց սրբուհուն. «Բե՛ր ինձ այդ օծանելիքը, և ես չեմ մերձենա քեզ», մտքում ունենալով, թե կվերցնեմ այն, հետո կանեմ այն, ինչ կամենում եմ: Սակայն այդ ամբարտավանի հույսերն ի դերև ելան, քանզի ծոցից հանելով սուրբ յուղի շիշը` իմաստուն կույսն ասաց. «Վերցրո՛ւ այս և օծի՛ր քո պարանոցը, և ես սրով կհարվածեմ քո պարանոցին, և դու այն ժամանակ կտեսնես, թե ինչ ընծա եմ մատուցել քեզ»: Իսկ նա ասաց. «Ո՛չ իմ, այլ քո պարանոցի վրա փորձենք այն». հենց դրա համար էր աղոթում սրբուհին, դա էր ակնկալում և դրան էր փափագում, որի համար էլ իմաստությամբ խորամանկեց, որպեսզի բանսարկուի այդ որոգայթին որս չդառնա: Սա նախընտրեց մարմնավոր մահն ընդունել, քան՝ հոգևոր. դրա համար էլ, հուրախություն անօրենի, զվարթ դեմքով, մեծ սիրահոժարությամբ օծեց իր պարանոցն այն կենարար յուղով և խոնարհվելով՝ ասաց հիմար պարսիկին. «Հարվածի՛ր ողջ ուժով և տե՛ս, թե ինչ զորություն ունի այս յուղը»: Իսկ նա, տեսնելով սրբուհու ջերմեռանդ պատրաստակամությունը, հավատալով, թե ճշմարտությունը լսեց և չհասկանալով, որ իր ժանտահոտ գոյությունից կույսը փախչում է և շտապում դեպի Քրիստոս, արդարության այս թշնամին ողջ ուժով հարվածեց` հուսալով, թե սուրը չի մերձենա պարանոցին. իսկ երբ տեսավ նրա պատվական գլուխը կտրված և գետնին ընկած, հասկացավ, որ ինքը` ժանտատեսն ու անամոթը, պարտվեց կնոջից: Ո՜վ բարի խորամանկություն, ո՜վ բարի սուտ, ո՜վ գովելի նենգություն: Լսե՛ք այս, կանա՛յք, և նմանվե՛ք նրա պարկեշտությանը, որ արհամարհելով այստեղի կյանքը` ժառանգեց Երկնքի Արքայությունը` անձկալով իր անմահ փեսա Քրիստոսին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․