Քրիստոսով հաղթանակածների հաղթական երթը դեպի անմահություն | Qristosov Haghtanakatsneri Haghtakan Erty Depi Anmahutyun



Գրքեր

Քրիստոսով հաղթանակածների հաղթական երթը դեպի անմահություն

Հավատի զինակիրներն ու Ճշմարտության ջահակիրները՝ Ս. Վարդանանք և Ս. Ղևոնդյանք, անմահացան՝ նահատակվելով վասն հայրենյաց և վասն հավատի: Քրիստոնեական հավատքի մեջ հաստատակամ հոգի ունեցող քաջ այրերն ու հոգևոր սպասավորները, քաջատեղյակ լինելով հոգու անմահությանն ու հավիտենական կյանքին, չէին վախենում իրենց մարմինը սպանողներից, քանի որ իրենց սրտում անջնջելի կերպով դրոշմել էին Տիրոջ այն խոսքերը, թե՝ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցեք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում (Մատթեոս 10:28): Նրանք իրենց մեջ կրում էին կենդանի հոգի: Իսկ թե ե՞րբ է անմահ հոգին կենդանի կամ մահացած, այս մասին Ս. Օգոստինոս Երանելին ասել է. «Ավետարանը կյանք է, իսկ մեղքն ու անգիտությունը՝ հոգու մահ: Եվ ահա հոգին կարող է մահանալ՝ ընդ որում անմահ մնալով: Մարմնի կյանքը հոգին է, իսկ հոգու կյանքը՝ Աստված: Ինչպես մարմնում կա կյանքը, այսինքն՝ հոգին, որպեսզի մարմինը չմահանա, այդպես և պետք է կյանք լինի հոգում, այսինքն՝ Աստված, որպեսզի հոգին չմահանա: Ինչո՞ւ է մարմինը մահանում, քանի որ առանձնանում է հոգուց, ինչո՞ւ է մահանում հոգին, քանի որ նրանում չկա կյանք պարգևողը՝ Աստված: Իմանալով այս մասին՝ ամրագրենք մեր մեջ այն, որ մարմինը մեռած է առանց հոգու, իսկ հոգին մեռած է առանց Աստծո: Առանց Աստծո ապրող յուրաքանչյուր անձ իր մեջ կրում է մեռած հոգի»:

Քաջարի հերոսները թեև նահատակվեցին, բայց հեռու մնացին իրական մահից, այսինքն՝ հոգու մահից՝ իրենց մեջ պահպանելով ամենաթանկը՝ անմահ հոգին: Հոգևոր դասն ու հայոց քաջերը ճշմարտապես միացած էին Քրիստոսի սիրուն և կենդանի էին Աստծով, դա է վկայում նրանց Հազկերտ Բ թագավորին ուղղված պատասխան նամակի հետևյալ հատվածը. «Որովհետև եթե անմահ էլ լինեինք և պետք լիներ մեզ մեռնել Քրիստոսի սիրո համար, արժան էր. որովհետև Նա էլ անմահ էր, բայց այնչափ սիրեց մեզ, որ մինչև անգամ մահ հանձն առավ, որպեսզի մենք էլ Նրա մահով փրկվենք հավիտենական մահից: Եվ եթե Նա Իր անմահությունը չխնայեց, մենք, որ մեր կամքով մահկանացու եղանք. մեր կամքով էլ կմեռնենք նրա սիրո համար, որպեսզի Նա էլ հոժարությամբ ընդունի մեզ իր անմահության մեջ. կմեռնենք իբրև մահկանացուներ, որպեսզի Նա մեր մահն ընդունի որպես անմահների մահ»:

Սրբերի բարեխոսությամբ և նրանց հերոսական օրինակի համաձայն՝ ջանանք կյանքի բոլոր հանգամանքներում կենդանի պահել Աստծո պատկերն ու նմանությունը կրող մեր անմահ հոգին: Նրանք իրենց հայացքն ուղղեցին հավատի Հիմնադրին, մենք էլ անշեղ հայացքով ընթանանք դեպի Տերը, նրանք շտապեցին դեպի նպատակակետը, որպեսզի իբրև մրցանակ ստանան հավիտենական կյանքը (Փիլիպեցիներ 3:14), մենք էլ գլխավոր նպատակակետն ունենանք ոչ թե անցողիկը, այլ՝ հավիտենականը և վերջապես նրանք հաղթանակեցին Քրիստոսով, մենք էլ՝ որպես բարի զինվորությունն ստանձնած զինվորներ, մասնակիցը դառնանք Քրիստոսի հաղթական երթին, Ով ի լուր աշխարհի ասաց՝ Քաջալերվեցե՛ք, Ես հաղթեցի աշխարհին (Հովհաննես 16:33):

 

Կարինե Սուգիկյան

08.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․