Գրքեր

Ս. Անանիայի մասնատուփ-աջից օրհնություն բաշխվեց ուխտավորներին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրն այս տարի նշեց հոկտեմբերի 13-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երեկոյան ժամերգություն և զինվորների պահպանությանն ուղղված աղոթք կատարվեց, իսկ ժամը 22.00-ին, Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում Ս. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով Հայոց և Արցախ աշխարհների խաղաղության, հայրենյաց պաշտպան զինվորների և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ողջ գիշեր Խաղաղական, Հանգստյան, Գիշերային, Առավոտյան, Արևագալի ժամերգություններ անցկացվեցին և զինվորների պահպանությանն ուղղված միասնական աղոթք առաքվեց առ Տեր: Ողջ գիշեր ուխտավորներն ամեն ժամերգությունից հետո մասնակից եղան նաև սաղմոսերգությանը, որ դարեր շարունակ հայ քրիստոնյայի կյանքի ուղեկիցն է եղել. սաղմոսները երգվել ու արտասանվել են ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ:

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն ու բազմաթիվ ուխտավորներ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի մատուցմամբ: Քարոզին Տեր Հայրն, իր հորդորն ուղղելով ներկաներին, մասնավորաբար ասաց. «Եկեք այսօր խնդրենք Տիրոջը, որ մեր հոգու և սրտի աչքերը բացվեն, և մենք կարող լինենք հետևելու Քրիստոսի լույսին, ունենանք անաղարտ հավատք և անշեղորեն ընթանանք առ Աստված: Չմոռանանք, որ քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմաններին»:

Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը: Սրբերը, հոգևոր պայքարում քաջություն դրսևորելով, հոգևոր մեծ հաղթանակներ ունեցան՝ հոգևոր բարձունքներ նվաճելով: Կատարելության ձգտող սրբերը Տիրոջ օրհնությանն արժանացան, Տերը նրանց մահից հետո էլ օրհնեց նրանց սուրբ մասունքները, որոնք քրիստոնյաների համար անգնահատելի պարգև են՝ փրկության ուղին քաջաբար անցնելու և հավատի մեջ ամրապնդվելու համար: Ուստի սրբի մասունքին դիպչող քրիստոնյան հավատում է, որ սրբի բարեխոսությամբ կարժանանա աստվածային բուժիչ ու զորացնող օրհնությանը:

 

Կարինե Սուգիկյան

 

13.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․