Գրքեր

Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնի քարոզ

«Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն՝ որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում»: (Մատթ. ԺԳ 24)

Ահավասիկ, սիրելիներ, իբրև այսօրվա հոգևոր կերակուր Մատթեոս ավետարանչի շուրթերով ինչ առակ պատմեց մեր Տեր Հիսուս՝ երկնքի արքայությունը բացատրելով ու նմանեցնելով մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանելու էր ելել: Արդար և մաքուր ցորեն էր ցանել տվել՝ ակնկալելով առատ բերք ստանալ: Սակայն նա հարևան արտում մի թշնամի ուներ, որ, չարությամբ լցված ու դրդված, գիշերով գալիս և որոմ է ցանում՝ ապականելով ամբողջ արտը: Քանի որ աճելու ընթացքում որոմը շատ չի տարբերվում ցորենի հասկից, որոմները նկատելի են դառնում, երբ ցորենի հասկերը ցողուն են գցում: Ագարակատերն արգելում է սպասավորների ցանկությունը՝ արմատախիլ անելու և զատելու որոմը ցորենից՝ ասելով, թե հունձքի ժամանակ կզատենք, քանզի հիմա մաքրելը կարող է ցորենին էլ վնասի:

Առակում պատմվող արտը մեր աշխարհն է, որ իբրև տնտեսություն տրված է մարդուն՝ ստեղծագործաբար մշակելու և հոգ տանելու նրան: Արդար ցորենն առաքինի ու բարեպաշտ մարդիկ են, որ իրենց աստվածահաճո կյանքով կարողանում են ցորենի նման առատ արդյունք տալ, իսկ մեր ընդհանուր թշնամին սատանան է, որ ամեն քայլին առյուծի նման մռնչում է՝ կամենալով կործանել մեզ: Որոմի վատ սերմերն անօրենության և Աստծուն հակառակվող չարի ծառաներն են, և երբ հունձքը հասնում է, այսինքն՝ աշխարհի վախճանն է, հրեշտակները մանգաղելով սկսում են զատել բարի սերմը չարից, ազնիվ պտուղը՝ կեղծից, արքայության վաստակն արդար շտեմարանների մեջ ժողովելով, իսկ դժոխքի բաժինը՝ հավիտյանս այրելու:

Այսօր մեր այս աշխարհի մեջ, խառնակ վիճակում, ապրում են և՛ անօրենության, և՛ արդարության որդիներ, և՛ բամբասող, դատող, չներող, հպարտացող, նախանձող, հայհոյող, վնասատու հոգիներ, և՛ սրանց կողքին՝ սակավախոս, իմաստուն, ներող, ողջախոհ, արդարախոս, կյանք տվող ու բարեմիտ հոգիներ՝ պատրաստ ամեն տեսակ սիրահորդ գործերի: Սակայն տեսեք, Աստված՝ մեր բոլորի Արարիչն ու Դատավորը, թույլատրում է այսօրինակ կենցաղակերպը՝ սպասելով, որ մեկ օր Աստուծո գութն իրենց վրա հասնելով, իրենք էլ երկընքի արքայություն սերմանեն այստեղ՝ այս աշխարհում, մեր միջավայրում, ընտանիքում, և ինչու չէ՝ նաև անձնական կյանքում, որպեսզի այս ամենն անդրադառնա մեր հանդերձյալ վիճակին:

Սիրելիներ, այսօր մեր սրբազան նախնյաց կարգավորությամբ Սուրբ Աստվածամոր յուրահատուկ տոներից մեկն է, նրա գործածած տուփի տոնը, որն իր վերափոխվելուց հետո գտնվել է երկու ուխտավոր իշխանների կողմից, ովքեր մի արևաշատ և կանաչազարդ առավոտ Գալիլիայի երկնախառն ծովեզերքին հյուրընկալվում են մի հրեա կնոջ մոտ: Գիտե՞ք, թե ինչու Երուսաղեմից՝ տիեզերական ուխտավայրերի կենտրոնից գնում էին Գալիլիա, ուր շրջել և քարոզել էր մեր Տերը, քանզի այնտեղ Դավիթ մարգարեի խոսքն իրականացավ. այնտեղից երկինքն ու երկիրը պատմում են Աստուծո փառքի մասին: Տերն այնտեղից էր աշակերտներ ընտրել, այնտեղ առաջին հրաշքն էր գործել՝ ջուրը գինու փոխելով, այնտեղ՝ նույն վայրերում աղոթական թախծոտ ու երջանիկ հայացք էր նետել, երբ ժողովրդին ուսուցանում էր կյանքի ճշմարիտ ճանապարհը:

Այս Տերունակոխ բնության կենսատու և կենագործող ուժի ներքո էր ապրում այն հրեա կինը, որ պահում էր Աստվածամոր գործածած տուփը, որի մեջ, ըստ ավանդության, Ս. Կույսի անապակ գլխաշորն էր դրվել, այն գլխաշորը, որով նա Տիրոջ հետ երկխոսության՝ աղոթքի էր կանգնում, և դրա համար էլ այդ տուփը աղոթքի սրբագործող ուժով բազում հրաշքներ էր գործել: Իշխանները, կրկնօրինակը պատրաստելով, իրական տուփը տանում են նախ Երուսաղեմ, ապա մեծ հանդիսավորությամբ տեղափոխում Բյուզանդիայի մայրաքաղաք՝ Կ. Պոլիս, որտեղ Պատրիարքը տոնակատարություն է հաստատում՝ խորհուրդը սերտորեն կապելով մեզ հետ, որովհետև այս տնտեսության մեջ յուրաքանչյուրս աստվածաստեղծ տուփեր ենք, որոնց մեջ կյանքի զարգացման ընթացքին Աստուծո իմաստության լույսի սերմերն են ցանվում, և գիտե՞ք, երեք օրեր առաջ մենք, իբրև մեկ Եկեղեցի, միասնաբար տոնախմբեցինք Աստվածային ճշմարտության ճառագայթների թարգմանիչ Ս. Սահակ Հայրապետի և Ս. Մեսրոպ Վարդապետի հիշատակը, ովքեր իրենց ճգնակյաց և սրբակենցաղ անձերից, 1600 տարիներ առաջ, Հայոց աշխարհում Գիր հորդեցին և իրենց կյանքով, խոսքով, գրչով ու ավյունով Աստծուն թարգմանեցին՝ ճանաչեցրին խրատն ու իմաստությունը և, մանավանդ, իմանալ տվին մեծ հանճարների խոսքերը:

Բայց ո՞ւր են հիմա, որտե՞ղ են այդ արդար սերմերը, մի՞թե մեր՝ տուփերի մեջ ծածկվել են չար ու անօրեն որոմներով, մի՞թե մենք թույլ ենք տվել, որ մեր կենցաղը նյութականանա, աղտոտվի ու ճահճանա մերօրյա աշխարհային հոգսերով:

Հունձքի ժամանակ երբ իբրև անոթներ ներկայանանք Տիրոջը, քննվելու ենք, և մեր գործերի պտուղները հատ-հատ զատվելու են ըստ մեր վաստակի և ծառայության արդյունքի:

Ուստի այսօր, քանի դեռ ժամանակը մեր ձեռքում է, եկեք՝ միասին քննենք մեր խիղճն ու հոգին՝ տեսնելու, թե ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք, և Տիրոջ ընձեռած այսօրվա հիշեցումից օգտվելով՝ շտկենք մեր կյանքը ու ճիշտ հասկանանք Աստծու արդարությունը, ընկալենք Փրկչի շնորհը, սերն ու խաղաղությունը և ընդունենք «Քրիստոսին իբրև օրենքի վախճան բոլոր հավատացյալների համար»:

Տերն սպասում է, որ Աստվածամոր օրինակը, իր խոնարհ, հեզ, համբերող, չնախանձող, ողջախոհ և սուրբ կերպարով, կենդանացնենք մեր մեջ և արդարանալու ձգտումով, մաքուր ու արդար ցորենի պես ներկայանանք Աստծուն:

Տերը գրկաբաց սպասում է, մնացյալը մեր անելիքն է:  

 

Տ. Վարդան աբեղա Նավասարդյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնին մատուցված Ս. Պատարագին, 19 հունիսի 2005 թ.)

 

24.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․