Գրքեր

Ս. Սարգսի տոնին ընդառաջ հոգևորականները հանդիպեցին ուսանողների հետ

Փետրվարի 9-ին, Ս. Սարգսի տոնին ընդառաջ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ, ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում-զրույց: Համալասարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներին Ս. Սարգսի վարքագրության, տոնի խորհրդի, ժողովրդական սովորույթների և Վալենտինի մասին ներկայացրեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատարներ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ զրուցը ՀԵՀԵՄ բուհերի հոգևոր համակարգող Գեղամ սարկավագ Ավետիսյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպումը, որն ուսանողների համար լավագույն առիթ է տոնի վերաբերյալ հետաքրքրող և հուզող հարցերը հոգևորականների հետ քննարկելու: Հանդիպմանը ներկա էր նաև համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Իռենա Մանդոյանը: Տեր Հայկազունը ուսանողներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունը և իր խորին շնորհակալությունը հայտնեց համալսարանի ռեկտորատին, որ հնարավորություն ընձեռեց՝ ուսանողների հետ հանդիպելու և զրուցելու:

«Մարդ արարածը տիեզերքի անսահմանության մեջ մի փոքրիկ հյուլե է, իսկ իր ապրած կյանքը՝ մի ակնթարթ: Սերունդները գալիս են և անցնում, բայց մարդիկ էլ կան, որոնց կյանքն անջնջելի հետք է թողնում սերունդների համար: Այդ մարդկանց թվում են և բոլոր սրբերը»,- ասաց Տեր Հայկազունը և անդրադառնալով Ս. Սարգսի վարքին՝ նշեց, որ թեև նա ազգությամբ հայ չի եղել, բայց դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը, ինչի մասին վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը: Եզրափակելով սրբի վարքը՝ Տեր Հայրը նշեց այն անջնջելի հետքը, որ թողել է սուրբը հաջորդ սերունդներին. սիրո մեծագույն բարեխոս, նեղյալների ապավեն, վշտակիրներին մխիթարող և արագահաս սուրբը քաջության և անձնազոհության, անկոտրում և աներեր հավատքի մեծագույն օրինակն է հանդիսացել դարեր շարունակ:

Սրբի տոնի օրը սրբի բարեխոսությանը դիմելու կարևորության մասին խոսեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ով անդրադարձավ նաև Ս. Սարգսի տոնին առնչվող ավանդապատումներին, ժողովրդական սովորություններին, որոնք են՝ աղի բլիթ ուտելը, բակում կամ տանիքին սկուտեղով փոխինձ դնելը, ցանկապատին կամ ծառի բնին մի փոքր խաշիլ դնելը և հետևելը, թե թռչունն, այն ուտելով, որ կողմ կթռչի՝ ըստ այդմ էլ ցույց տալով ընտրյալի որ կողմից գալը: «Իրականում ժողովրդական սովորությունները տոնի խորհրդի հետ մեծ առնչություն չունեն: Այդ սովորույթներից որոշներն այսօր էլ պահպանվում են մեր ժողովրդի կյանքում: Իսկ տոնի հետ կապված կարևոր է հիշել, որ Ս. Սարգիսը սիրո բարեխոսն է: Աստված սեր է և Իր սիրո էությունից ելնելով՝ աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի փրկի աշխարհն անհավատության խավարից: Աստվածային սիրո էության մի մասնիկը լինելով՝ այդ սերն արտահայտենք մեր կյանքից ներս, քանի որ քրիստոնեությունը միայն եկեղեցին, քարոզը կամ հոգևորականները չեն, այլ կյանք է՝ սիրով շաղախված: Երջանիկ ենք, որ որպես սիրո պահապան և բարեխոս ունենք արագահաս Ս. Սարգսին»,- նշեց Տեր Վահանը:

Գևորգ սարկավագն ուսանողներին ներկայացրեց Վալենտինի մասին տեղեկություն՝ նշելով, որ պատմության մեջ հայտնի են երեք Վալենտիններ՝ Վալենտին Աֆրիկացի, Վալենտին Հռովմեացի և Վալենտին եպիսկոպոս: «Վալենտին Աֆրիկացու մասին ոչինչ հայտնի չէ: Վերջին երկու Վալենտիններին հիշատակում է Ռուս Ուղղափառ եկեղեցին և այն էլ հուլիս ու օգոստոս ամիսներին: Իսկ Կաթոլիկ եկեղեցին 1969 թ.-ին իր տոնացույցից դուրս է հանել երեք Վալենտինների տոները, թեև Իտալիայի Թերնի քաղաքի հովանավոր սուրբն է Վալենտինը և նրա անունով եկեղեցի կա, ուր և սրբի մասունքն է ամփոփված»,- ասաց Գևորգ սարկավագը: Ուսանողները տեղեկացան նաև Վալենտինի վերաբերյալ ոչ ճշմարտանման լեգենդներին: Ապա սարկավագը մատնանշեց այն փաստը, որ այսօր, ողջ աշխարհով մեկ, Վալենտինի տոնը կոմերցիոն առումով գերազանցում է Հելոուինին: Եվ որպես վերջաբան՝ երիտասարդներին հորդորեց՝ մեզ համար սիրո օր հռչակենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Զրույցի ավարտին ուսանողների հարցերին պատասխանեցին հոգևորականները, ապա համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Իռենա Մանդոյանը ռեկտորատի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին՝ ուսանողների համար նման կարևոր հանդիպումը կազմակերպելու համար:

Այնուհետև հոգևորականները Սրբազան Հոր կողմից ուսանողներին հանձնեցին նվերներ՝ Ս. Սարգսի պատկերը կրող տետրեր, նոթատետրեր և գրիչներ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանությանը, պատմությանը, տոնածիսական կարգին, սրբերի վարքին, սուրբգրային ճշմարտություններին և քրիստոնեական բարոյական արժեհամակարգին առավել մանրամասնորեն ծանոթանալու համար՝ Տեր Վահանը ուսանողներին հրավիրեց մասնակցելու Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության դասընթացներին, որ տեղի են ունենում շաբաթական երկու օր՝ հինգշաբթի և շաբաթ օրերին:

Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

 

 

Կարինե Սուգիկյան

09.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․