Գրքեր

Ս. Ծնունդն ու Աստվածհայտնությունը քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, լինելով ավանդապահ և հաստատ մնալով առաքելավանդ կարգին, մինչ օրս Ս. Ծնունդը և Մկրտությունը տոնում է միասին՝ հունվարի 6-ին, մինչ մյուս ազգերը Ս. Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին: Տոնը տևում է ութ օր, առանց պահքի: Սուրբ Ծնունդն առաջին տաղավար տոնն է. Աստված մարդացավ, մարդկանց մեղքերը վերցրեց, չարչարվեց և մահվան դատապարտվեց մեզ համար, որ արժանացնի հավիտենական կյանքի: Մկրտությունը հիշատակն է Հորդանանում Նրա մկրտվելու՝ Հովհաննես Մկրտչի կողմից: Տոնը կոչվում է Աստվածհայտնության տոն, որովհետև Աստծո փառքը հայտնվեց մարդկանց: Հարց է առաջանում. ինչո՞ւ է Հայ եկեղեցին այս տոները միասին տոնում, իսկ մյուսները՝ ոչ: Ինչպես հաստատում են հույն և լատին մատենագիրները, մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաներն այս տոները նշում էին հունվարի 6-ին: Եվ միայն 5-րդ դարից Արևմտյան եկեղեցիներն այդ տոնը սկսեցին նշել դեկտեմբերի 25-ին: Այս փոփոխությունն ուներ իր տրամաբանական պատճառը: Անգամ քրիստոնեությունն ընդունելուց հետո, հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Եվ պատճառներից գլխավորը հեթանոսական շրջանից մնացած Արև աստծո տոնակատարությունն էր, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր և ամենասիրված ժողովրդական տոնն էր համարվում: Հռոմում այս տոնը կատարվում էր դեկտեմբերի 21-31-ին, իսկ հանդիսավոր տոնակատարությունը լինում էր դեկտեմբերի 25-ին: Դեկտեմբերի 25-ը Միթրայի ծննդյան օրն էր, որը Եվրոպայում, մասնավորաբար Հռոմում, կատարվում էր մեծահանդես արարողությամբ: Քրմերը կրակ էին վառում և ժողովուրդը տոնախմբություն էր կատարում: Բոլոր կրոնների, հատկապես արևելյան կրոնների մեջ, ամենահարգված ու ժողովրդական աստվածը Միթրան էր՝ որպես արև աստված: Լույսի և կրակի հետ կապված տոն էր այն, Հռոմում կոչվում էր սաթուրնական տոներ, Եգիպտոսում հայտնի էր որպես արև աստված, Իրանում և այլ երկրներում բուն իսկ անունով կոչվում էր Միթրա: Հռոմի կայսրերը Արև աստծուն համարում էին իրենց կայսերական հեղինակության պաշտպան աստվածը և անվանում Անհաղթ Արև աստված: Քրիստոնեությունը չկարողացավ արգելք հանդիսանալ նրա տոնակատարությանը և մինչև 4-րդ դարը հիշատակվում և տոնակատարվում էր նրա ծնունդը դեկտեմբերի 25-ին, Անհաղթ Արև աստծո ծնունդ անունով:

Հեթանոսական այդ ավանդույթները խափանելու համար 336թ-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր՝ որպես Արդարության Արեգակի ծննդյան տոնախմբության օր: Հետագայում Ասորիքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության՝ Մկրտության օր: Այսպիսով, Արև աստվածը՝ Միթրան կամ Անհաղթ աստվածը, աստիճանաբար մոռացվեց և դեկտեմբերի 25-ը դարձավ Հիսուսի ծննդյան օրը: Նույն կերպ է նշում այդ տոնը նաև Ռուս եկեղեցին. Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 6-ին: Քանի որ Ռուս եկեղեցին մինչ հիմա չի անցել Գրիգորյան տոմարի (Նոր տոմարի), այլ նշում է Հուլյան տոմարով (Հին տոմարով), ապա Ծնունդը կընկնի՝ դեկտեմբերի 25+13 օր=հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը համապատասխանաբար՝ հունվարի 6+13 օր= հունվարի 19-ին:

Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները տարբեր օրեր նշելու որպես մեկ այլ պատճառ հիշատակվում է, որ Պաղեստինում, տեղացիների և ուխտավորների մասնակցությամբ, Բեթղեհեմում, մթնշաղին տոնակատարվում էր Ս. Ծնունդը. նույն օրը տեղի էր ունենում նաև Մկրտության տոնախմբությունը Հորդանան գետում: Երթևեկության համար այժմյան միջոցները չկային, Բեթղեհեմից մինչև Հորդանան գետը ճանապարհորդությունն այնքան էլ հեշտ չէր: Այս էլ նպաստեց, որ դեկտեմբերի 25-ին կատարվի Ս. Ծննդյան տոնը և հունվարի 6-ին՝ Մկրտությունը:

Ս. Ծնունդն ու Մկրտությունը միասնաբար կատարելու և նույն օրը տոնախմբելու հիմնական ապացույցը Ղուկաս ավետարանչի հետևյալ վկայությունն է. «Հիսուսը շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց Իր գործունեությունը» (Ղուկաս 3:23): Համաձայն Հին կտակարանի՝ որևէ մեկը իրավունք չուներ քահանայություն անել, եթե չէր լրացել նրա երեսուն տարին: Ուստի երբ Հիսուս սկսեց քարոզել Նա երեսուն տարեկան էր: Իսկ Նա սկսեց քարոզել Մկրտության օրից հետո: Այս վկայությունից եկեղեցական հայրերն այն հետևությանը եկան, որ եթե Հիսուսը հունվարի 6-ին ծնվեց, ապա երեսուն տարի հետո, նույն օրը՝ հունվարի 6-ին էլ մկրտվեց: 

Հայ եկեղեցու կանոնագրքի մեջ Ս. Ծննդյան տոնի թվականի մասին հետևյալ կանոններն ունենք.

1. Առաքելական 34 կանոնների 7-րդ կանոնը հրահանգում է.

«Ծննդյան և Աստվածհայտնության տոնը կատարվի հունվարի 6-ին, մեծ փառքով և սաղմոսերգությամբ ու հոգևոր երգերով»:

2. Դվինի 5-րդ ժողովի (719թ.) 26-րդ կանոնը հրահանգում է.

«Պետք է և արժան է Հայտնության օրը ջուր օրհնել և վրան մեռոն կաթեցնել ի հիշատակ Քրիստոսի Հորդանանում մկրտվելուն, իսկ Ծաղկազարդին ոստեր բռնել և ճոճանակ ածել»:

3. Նույն ժողովի 30-րդ հոդվածը հրահանգում է. «Պետք է Հայտնության օրը կարդալ Մկրտության ավետարանը և թե ութօրէքին խառը կարդալ Ծննդյան և Մկրտության ավետարանները, որովհետև ինչպես տոնն է մի օր կատարվում, նույնպես և երկուսի ավետարանն էլ նույն օրում պիտի կարդացվի»:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

 

22.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․