Գրքեր

Սաղմոս ՃԲ

Սաղմոս Դավթի: Ինչպես որ նախորդ սաղմոսը հատկապես վերաբերվում էր գերուն, իսկ սա՝ ամբողջ ազգին: Ասում են, թե Դավթի ծերացած ժամանակվա սաղմոսն է, սթափեցնում է իրեն, և զրկվածներին ու ազատվածներին իր օրինակով հորդորում է՝ ասելով.

1 Օրհնեա՛ անձն իմ զՏէր, և ամենայն ոսկերք իմ՝ զանուան սուրբ նորա:

Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա:

Թո՛ղ չխաբի քեզ ծերությունը, և ոչ էլ՝ ցավերը: Նախ հոգին՝, որ պատկերն է Աստծու, և ապա բոլոր ոսկորները, ինչը ոմանք ներքնաշխարհ են ասում, որը հաստատուն խորհուրդներն է և կամ բոլոր ոսկորներն ասելով նկատի ունի ամբողջ մարմինը, ոսկորների ամբողջ կազմությունը՝ բոցավառվելով Աստծու սիրով:

2. Օրհնեա՛, անձն իմ, զՏէր, և մի՛ մոռանար զամենայն տուրս նորա:

Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները նրա:

Վանի՛ր քունը և մոռացության ամպը, ինչ որ տվեց նա բոլոր արարածներիս, ինչպես նաև՝ Միածնին և իր հայրությունը և Սուրբ Հոգու նորոգությունն ու մխիթարությունը:

3. Ո՛ քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո:

Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր:

Օրհնության աղբյուրն և անկարոտ բնությունը ներգործում է քո մեջ, որ մշտապես կարոտ ես սովորական բարերարության, քավում է քո մեղքերը, քավելն անմեղացնելն է՝ ազատելով սատանայի և առաջին օձի պատճառից: Նաև միայն չի քավում՝ ազատելով մեղքերից, այլև՝ մեղքի հետևանքով առաջացած բազում հիվանդություններից. որն ըստ մտքի, որն ըստ հոգու և որն էլ ըստ մարմնի, ինչպես որ անդամալույծին ասաց, թե այլևս մի՛ մեղանչիր, քանի որ առաջին հերթին մեղքերի թողություն եմ տվել:

4. Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ և գթութեամբ:

Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, քեզ պսակում է ողորմությամբ ու գթությամբ:

Ոչ թե այստեղ, այլ հարության ժամանակ է պսակում, ոչ թե ըստ արժանիքի, այլ՝ ողորմությամբ և գթությամբ, ըստ այսմ. «Որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Ես. 61:10): Եվ անդամալույծին Տերն ասաց. «Քո մեղքերը քեզ ներված են… ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տունը» (Մարկ. 2:9)՝ դրախտ, և պսակդ [ստացիր]՝ որպես բնության օրինակ:

5. Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո. նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:

Որ բարիքներով լիացնում է ցանկությունը քո, և քո երիտասարդությունը նորոգում է արծվի պես:

Աստվածանալու ցանկությունը, քանզի դա է բարին, և դրանից այն կողմ այլ բան գոյություն չունի: Քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես, ինչպես որ ասում են, թե մոտ է արեգակին և իջնելով լվացվում է աղբյուրում և նորոգվում, ինչպես մեր բնությունը՝ հավատով մոտ լինելով Քրիստոսին, լվացվում է ավազանում և նորոգվում:

6. Առնէ ողորմութիւնս Տէր, և իրաւունս ամենայն զրկելոց:

Ողորմություն ու արդարություն է շնորհում Տերը բոլոր զրկեալներին:

Սատանայի կողմից [զրկվածներին]:

7. Եցոյց Տէր զճանապարհս իւր Մովսէսի, և որդւոցն Իսրայէլի զկամս իւր:

Տերն իր ուղիները ցույց տվեց Մովսեսին, և իր կամքը՝ Իսրայելի որդիներին:

Սա էր՝ մկրտել նրանց ամպով և ծովով, ու երկնքից իջած հաց տալով, կամ իր կամքը օրենքի միջոցով հայտնեց Մովսեսին, որը ճանապարհ կոչեց:

8. Գթած ողորմած է Տերը, երկայնամիտ եւ բազումողորմ:

Գթասիրտ ողորմած է Տերը, երկայնամիտ և բազումողորմ:

Մի՛ եղեք թերահավատ, քանզի բնությամբ ամեն բարության ունի:

9. Ոչ իսպառ բարկանայ մեզ Տէր, և ոչ յաւիտեան պահէ ոխս:

Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում:

Ոչ թե բնությամբ է այդպես, այլ մեզ խրատելու համար է փոքր-ինչ տանջում:

10. Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ Տէր, և ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ:

Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրինության համեմատ հատուցեց մեզ:

Մեր բնությունը նույն օրը մահվան էր արժանի, ինչպես նաև հրեաների մասին է գրված, թե եթե մեկը մեղանչի, պիտի մեռնի, իսկ նա խրատելով խրատեց և մահվան չմատնեց:

11. Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն իւր ի վերայ երկիւղածաց իւրոց:

12. Որչափ հեռի են արևելք յարևմտից, այնպէս հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:

Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա:

Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրինությունները մեզնից:

Եթե երկնքից բարձր որևէ բան գտներ կամ երկար ու հեռու քան արևելքը արևմուտքից, ապա դրանով ցույց կտար Աստծու ողորմությունը, և ինչպես որ չենք կարող երկնքի բարձրությունը մտովի պատկերացնել կամ աչքով տեսնել, նույնպես նաև ողորմությունը, որ զորացավ Քրիստոսի խաչելությամբ: Եվ ինչպես որ չգիտենք, թե որքան է արևելքի և արևմուտքի հեռավորությունը և ոչ էլ մեր մեղքերի պատճառով Աստծուց հեռանալու չափը, որ բռնեց մեր ձեռքից և մոտեցրեց իրեն: Եվ ինչպես որ խավար արևելք չի կարող լինել, այդպես էլ այնտեղ, որտեղ Աստված է, չի կարող լինել մեղք ու չարակամություն: Մի այլ տեղ Հովհաննեսն ասում է, թե որքան բարձր է երկինքը, այդքան է արևելիքի և արևմուտքի միջև ընկած տարածությունը և հյուսիսի ու հարավի լայնությունը:

13. Որպէս գթայ  հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս իւր:

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես Տերը պիտի գթա իրենից երկյուղ կրողներին:

Այլ սա Քրիստոս գերազանցեց՝ ասելով. «Դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ» (Մատթ. 7:11), ուստի և իր համեմատ է մեզ չար համարում, սակայն երկյուղածներին է գթացող կոչում, այլ ոչ թե աներկյուղներին:

14. Զի նա գիտաց զստեղծուածս մեր, և յիշեաց թէ հող եմք:

Նա գիտե կազմվածքը մեր և հիշում է, որ հող ենք մենք:

Եվ չի մոռացել, որ հողից է ստեղծել:

15. Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:

Մարդու օրերը խոտի պես են. նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ:

Քանի որ հավասարվեց անասուններին և բանջար կերավ: Որպես վայրի ծաղիկ, քանզի չար պատահարներից ընկնում է, երբ չի գտնվում պարտեզի մեջ կամ պարսպի ու ցանկապատի տակ:

16. Շնչէ ի նմա հողմ, և ոչ է՝ և ոչ ևս երևի տեղի նորա:

Երբ փչի քամին, նա կանհետանա, և նրա տեղն իսկ չի երևա:

Երբ փչի մահվան քամին, մարդ կանհետանա՝ կարծես թե չի էլ եղել, և նրա տեղն իսկ չի երևա, թե ուր գնաց:

17. Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերա երկիւղածաց իւրոց, և արդարութիւն նորա յորդւոց մինչև յորդիս:

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրենից երկյուղ կրողների վրա է, և նրա արդարությունը՝ որդուց որդի:

Սիմաքոսը փչի քամին ասելու փոխարեն Հոգին է ասում, թերևս որ սկզբում փչեց, այդ պատճառով այստեղ ասում է, թե Հոգին անցնում գնում է, և մարմնի առաջին կերպարանքն էլ գերեզմանում չի երևում: Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրենից երկյուղ կրողների վրա է. հոգուս երկյուղը հոգունն է, և հավիտենական է, Աստված նրանց կանչում է, ինչպես Աբրահամին, Իսահակին, Հակոբին, որովհետև ոչ թե մեռելների, այլ՝ ողջերի Աստվածն է, ինքը վկայեց ճշարտությունը, և զավակները, ինչպես Աբրահամը և յուրայինները:Եվ նրա արդարությունը որդուց որդի. արդար է իր խոստման մեջ, ինչպես խոստացավ զավակներին:

18. Ոյք պահեն զուխտս նորա, յիշէն զպատուիրանս նորա և առնեն զնա:

Նրանց հանդեպ, որոնք պահում են ուխտը նրա, հիշում նրա պատվիրաններն ու կատարում դրանք:

Որ հրեաները ուխտցին, և քրիստոնյաների որդիները: Հիշում նրա պատվիրաններն ու կատարում, ոչ միայն խոսքով, այլև՝ գործով:

19. Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ իւր, արքայութիւն նորա ամենեցուն տիրէ:

Տերը երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագավորությունը տիրում է բոլորին:

Իր սեփականը, որը անշարժ է, և անմեղների գավառը, որ թեև ասվում է, թե այնտեղ է նրա արքայությունը, բայց բոլորի վրա է տիրում՝ թե ծովի և թե ցամաքի:

20. Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն հրեշտակք նորա՝ հզօրք զօրութեամբ, որ առնէք զբան նորա ի լսել ձայնի պատգամաց նորա:

Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների:

Որտեղ աթոռն է, և հզոր ուժով, քանզի անմահ են, որ կատարում են խոսքը նրա բանականությամբ, նաև սպասավորում են Ադամի որդիներին, լսում ձայնը նրա պատգամների, ուստի և հրեշտակը պատգամավոր է կոչվում, և հավատարիմ են իրենց սպասավորության մեջ:

21. Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն զօրութիւնք նորա, պաշտօնեայք եւ արարօղք կամաց նորա:

Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր զորքե՛ր, սպասավորնե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր:

Երկնայինները երեք քահանայապետությունների են բաժանվում. հրեշտակներ՝ ներքին աստիճանի, զորություններ՝ միջին աստիճանի,  որ մեծարում են օրհնյալ Աստծուն, և որ իրեն բավական չհամարեց և չվստահեց վերին քահանայապետություններին, այլ նրանց, ովքեր առավել մոտ են մեզ և ուսուցիչ են: Սակայն բոլոր երկնայիններն այս երկու անվամբ են կոչվում՝ հրեշտակներ և զորություններ, հրեշտակներ, որովհետև բոլոր աստվածային խոսքի պատգամավորներ են, և զորություններ, քանի որ բոլորից հզոր են Աստծու կամքը կատալու մեջ: Եվ յորաքանչյուր միտք, յուրաքանչյուր անձ ունի էություն, զորություն և ներգործություն, և կարող են կատարել նրա կամքը: Նաև վերինները ներքին դասերին անուններով են կոչվում [հրեշտակներ և զորություններ], քանզի ունեն դրանց շնորհն ու փառքը, իսկ ներքինները վերինների անուններով չեն կոչվում [սերովբեներ և աթոռներ], քանզի չունեն վերինների փառքը:

22. Օրհնեցէք զՏէր ամենայն գործք նորա, ընդ ամենայն տեղիս է տէրութիւն նորա. օրհնեա՛ անձն իմ զՏէր:

Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը:

Մի տեղ հավաքելով բոլոր գոյերին, հորդորում է օրհնություն մատուցել, որպեսզի ովքեր գոյակից են, մասնակից լինեն նաև Աստծուն փառաբանելուն, այդ պատճառով էլ ասում է ամենուրեք է, քանզի որտեղ էլ որ օրհնեն, մոտ է և ընդունում է օրհնությունը, հետևաբար քերովբեներն ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում» (Եզեկ. 3:12): Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը. սեփական հոգուց սկսելով օրհնությունը՝ ավարտում է, քանզի ներքին աշխարհի գլխավորը մարդն է, և  բերանը՝ Աստծու գործերը՝ անշունչ և շնչավոր արարածների մեջ բանական լինելով, այդ պատճառով էլ ասում է. հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը՝  անմահ հավիտենականը, որպեսզի դու էլ օրհնվես ու ժառանգես ողջերի երկիրը, որովհետև ասում է. «ես փառավորելու եմ ինձ փառավորողներին» (Ա. Թագ. 2:30), և ովքեր օրհնեն Տիրոջը, ժառանգելու են երկիրը:

 

Վարդան ԱրևելցիՄեկնութիւն Սաղմոսացն ԴաւթիԷջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

29.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․