Գրքեր

Սաղմոս ՃԻԴ

Աստիճանների օրհներգություններ

Այս սաղմոսով հայտնում է անսասան հույսի մասին, որ պետք է անսասանություն ունենանք Տիրոջ հանդեպ՝ ասելով.

1. Ո յուսոյ ի Տէր, որպէս լեառն Սիովն, մի սասանեսցի յաւիտեան՝ որ բնակեալն է յԵրուսաղէմ:

Ով ապավինում է Տիրոջը, նման է Սիոն լեռանը, Երուսաղեմում բնակվողը հավիտյան չի սասանվի:

Որևէ ուրիշ լեռան չի նմանեցնում Տիրոջն ապավինածին, այլ՝ Սիոնին, որ բազմաթիվ չարչարանքներ, ավերածություն և այլ բաներ կրեց, սակայն նորից վերաշինվեց: Լեռանը նմանվեցին Դանիելը և երեք մանուկները, թեև գերության մեջ ընկան այլ վայրում, սակայն անսասան մնացին աստվածպաշտության մեջ ինչպես Սիոն լեռը, որ Երուսաղեմի ավերման ժամանակ անսասան մնաց ինչպես որ էր և շարունակում է մնալ Երուսաղեմում: Նաև արդարները պետք է նմանվեն վերին Սիոնին, որտեղ ապականություն չկա:

2. Լերինք շուրջ են զնովաւ. Տէր շուրջ է զժողովրդեամբ իւրով՝ յայսմհետէ մինչև յաւիտեա:

Ինչպես որ նա շրջապատված է լեռներով, այնպես Տերն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետև մինչև հավիտյան:

Երուսաղեմով զգալիներն են հայտնի, իսկ Տիրոջով՝ իմանալիները, որ նրա շուրջն են հավաքվում: Նաև՝ վերին Սիոնով՝ հրեշտակները, որ հրեղեն լեռներ են, և Տերն էլ համախմբում է նրանց՝ այսուհետև մինչև հավիտյան:

3. Ոչ թողու Տէր զգաւազան մեղաւորաց ի վիճակս արդարոց, և արդարք մի ձգեսցեն զձեռս իւրեանց յանօրէնութիւն:

Տերը չի թողնի, որ մեղավորների գավազանը որոշի արդարների վիճակը, և արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրինության:

Նկատի ունի հեթանոսների թագավորներին, ըստ այն բանի, թե՝ «Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը, քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ» (Ես. 10:5-6): Նաև չթողնել ասելով նկատի ունի չերկարելը, բայց արդարները իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրինության, քանզի արդարներին վայել չէ նույնիսկ անօրինության որևէ չնչին գործ [կատարել], ինչպես որ չի կարող լույսը միավորվել խավարի հետ:

4. Բարի առնէ Տէր բարեաց. և այնոցիկ, ոյք ուղիղ են որտիւք:

Տերը բարիք է գործում բարիներին և նրանց, որ ուղիղ են սրտով:

Քանզի Տերն արդարություն իմացող է, ընտրողաբար բարիներին բարիով է հատուցում, որոնք արժանի են, ըստ այս խոսքի՝ «Ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:2): Եվ նրանց հանդեպ, ովքեր սրտով ուղիղ են, բարիք է գործում, և նրանց, ովքեր ուղղամիտ են հավատքի մեջ, սակայն գործով չեն կարողանում, ինչպես վիրավոր ու հիվանդ Ղազարոսն էր, որ վշտերն ուղղամտորեն էր կրում:

5. Իսկ զթիւրեալսն յափշտակութեամբ, տանի զնոսա Տէր ընդ այնոսիկ, ոյք գործեն անօրէնութիւն. խաղաղութիւն ի վերայ Իսրայէլի:

Իսկ հափշտակությամբ համակվածներին Տերը կկործանի նրանց հետ, ովքեր անօրինություն են գործում: Խաղաղությո՛ւն Իսրայելին:

Որ ընկերոջ հանդեպ բարիք գործելու փոխարեն մի բան էլ հափշտակում է նրանից՝ շեղվելով օրենքից, Տերը կկործանի նրանց հետ, ովքեր իրենց բնությամբ անօրեն են և գործով չար՝ տանելով դեպի կորուստ և ապականություն, ինչպես Հուդան էր, որ շեղվեց առաքելական պատվից՝ հափշտակելով երեսուն արծաթը, սատանայի և տիրասպանների հետ տանջանքների է մատնվելու: Իսկ օրինապահները, որ միայն նրա օրենքին են նայում և Աստծուն, մշտապես խաղաղության մեջ են, ինչպես Տերը հարությունից հետո ասաց. «Խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24:36), և Պողոսն էլ. «Եվ թող խաղաղությունը լինի...Աստծու Իսրայելի վրա» (Գաղ. 6:16):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

16.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․