Գրքեր

Սաղմոս ՃԺԳ

Ցույց է տալիս Աստծու երախտիքներն ու կուռքերի տկարությունը, ու թեև սա հին [կտակարանյան] պատմություն է Իսրայելի մասին՝ ի դեմս Զորաբաբելի, բայց նաև մարգարեություն է Նորի:

1. Ելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ. տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց:

2. Եղև Հրեաստան սրբութիւն նորա, և Իսրայէլ իշխանութիւն նորա:

Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, Հրեաստանը նրա սրբարանը եղավ, և Իսրայելը՝ իշխանությունը նրա:

Տաճարն այնտեղ կառուցվեց և Իսրայելն իշխանությամբ տիրեց Պաղեստինին:

3. Ծով ետես և փախեաւ, և Յորդանան անդրէն դարձաւ:

Ծովը տեսավ ու փախավ, և Հորդանան գետը ետ դարձավ:

Ծովը խորհրդանշում է աշխարհի ծովը, որ խաչի միջոցով բաժանելով՝ հեռացրեց կռապաշտությունը և մեղքը: Գետը ետ դարձրեց՝ բնությունը դեպի Աստծուն և դեպի դրախտ:

4. Լերինք ցնծասցին որպէս խոյք. և բլուրք որպէս գառինք  մաքեաց:

Լեռները ցնծացին խոյերի պես, և բլուրները՝ ինչպես մաքիների գառներ:

Կարծես այդպես էին ցնծում լեռները, և խայտում՝ բլուրները, ուր երևում էին Տիրոջ փառքի նշույլները: Նաև լեռները Մովսեսն ու Ահարոնն են, և Իսրայելի իշխանները, բլուրները՝ Մարիամը և կանանց դասը, որ թմբուկով երգելով՝ բերկրեցին:

5. Զի ի քեզ ծով, զո՞ տեսեր և փախեար. կամ դու Յորդանան, զի՞ դարձար անդրէն:

6. Լերինք, ցնծացէ՛ք որպէս խոյք, և բլուրք որպէս գառինք մաքեաց:

Ի՞նչ եղավ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Հորդանանի, ինչո՞ւ ետ դարձար: Լեռնե՛ր, ցնծացեք ինչպես խոյեր, և բլուրներ՝ ինչպես մաքիների գառներ:

Անշունչներին է հարցնում, որպեսզի շնչավորներին հորդորի օրհնել Աստծուն, և պատասխանում է Հոգին:

7. Յերեսաց Տեառն սասանեցաւ երկիր. յերեսաց Աստուծոյ Յակովբայ:

Երկիրը սասանվեց Տիրոջ առջև՝ Հակոբի Աստծու առջև:

Ինչպես որ ասաց Հակոբին. «Քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և ինքս էլ քեզ կհանեմ այնտեղից» (Ծննդ. 46:4): Եվ Տիրոջ ահավոր երեսից փախչելը, որից լեռները մոմի պես հալչում են, նաև ցույց է տալիս, որ սասանվելը բերկրելն ու ցնծալն է, որ նայում է երկրին և դողում է այն, ինչպես երբ խաչի վրա էր գտնվում Տերը, բոլոր տարերքները սասանվեցին: Եվ լեռներին «ցնծացեք» է ասում, որպեսզի այլևս դրանց վրա կուռքեր չդնեն, այլ՝ խոյեր և գառներ նվիրաբերեն Հակոբի կենդանի Աստծուն, որին նա նվիրաբերեց Բեթելում, Սամերոնում և Միջագետքից վերադառնալիս:

8. Ո դարձոյց զվէմն ի վտակս ջուրց, և զապառաժն յաղբերակունս:

Նրա դիմաց, ով ժայռը դարձրեց ջրի վտակ, և ապառաժն՝ աղբյուրի ակունք:

Որովհետև որպես տասներկու աղբյուրներ՝ ապառաժից հոսեցին Իսրայելի տասներկու ցեղերը՝ որպես խորհրդանիշ Հիսուսի, որից ամբողջ աշխարհը ոռոգվելով՝ պարարտացավ, և տասներկու առաքյալներն ինչպես տասներկու վտակներ գնացին ամբողջ տիեզերքով մեկ:

9. Մի՛ մեզ, Տէր, մի՛ մեզ. այլ անուան քում տո՛ւր զփառս, վասն ողորմութեան և ճշմարտութեան քոյ:

Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվանը փառք տուր քո ողորմության և ճշմարտության համար:

Այսինքն՝ մեզ վրա մի՛ բարկացիր, և մեր մեղքերի պատճառով մի՛ զրկիր մեզ քո շնորհներից: Նորից, ինչպես Պետրոսն ու Հովհաննեսն էին ասում կաղի մասին, թե՝ ոչ թե իրենց զորությամբ, այլ Հիսուսի անվամբ քայլեց նա: Ըստ քո ողորմության՝ մեղավորների հանդեպ, և արդարներին տրված ճշմարիտ խոստման համաձայն:

10. Մի՛ երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ո՞ւր է Աստուած նոցա:

Թող երբեք հեթանոսների մեջ չասեն, թե՝ «Նրանց Աստվածն ո՞ւր է»:

Քանզի սովոր էին այդպես ասել նրանց նվաճելուց հետո, թե՝ ո՞ւր է նրանց Աստվածը, որով պարծենում էին, որ խռովության մատնեց և ոչնչացրեց նրանց և նրանց հայրերին: Նաև, տեսնելով առաքյալների կատարած հրաշքները, ասում էին, թե՝ ո՞ւր է ձեր Աստվածը, որ ձեր միջոցով այդպիսի բաներ է կատարում, իսկ նրանք պատասխանում էին.

11. Աստուած մեր յերկինս և յերկրի, զամենայն զոր ինչ կամեցաւ և արար:

Մեր Աստվածը երկնքում է և երկրի վրա, ինչ որ կամեցավ՝ կատարեց:

Քանզի նրա արարածներն են, այդ պատճատով էլ ինչ որ կամեցավ՝ կատարեց, այլ ոչ թե այն, ինչ կարողացավ: Եվ երբ մեզ՝ փրկվածներիս, հաղթության պսակը տա, մենք կասենք այդպես մեզ նվաճածներին:

12. Կուռք հեթանոսաց ոսկի և արծաթ են, ձեռագործ են որդւոց մարդկան:

Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների:

Նյութի և գեղեցիկ արվեստի համար էին պատվի արժանանում, քանզի ձեռագործ էին:

13. Բերան ունին՝ և ոչ խօսին, աչս ունին՝ և ոչ տեսանեն:

14. Ականջս ունին՝ և ոչ լսեն, ունչս ունին՝ և ոչ հոտոտին:

15. Ձեռս ունին՝ և ոչ շօշափեն, ոտս ունին՝ և ոչ գնան. և ոչ գոյ բարբառ ի կոկորդս նոցա:

Բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: Ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում: Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, և նրանց կոկորդում ձայն չկա:

Ողջի կերպարանք ունեն, բայց կենդանի չեն, և ավելի վատ են, քան փոքր կենդանիները՝ ճանճը և մժեղը, քանզի նրանք գոնե շարժվում են, թռչում և քայլում, և նրանք, ովքեր ստեղծեցին, ավելի անմիտ են, քան սրանք:

16. Նման նոցա եղիցին, ոյք արարին զնոսա, ամենեքեան ոյք յուսացեալ են ի նոսա:

Նրանց նման կլինեն դրանք ստեղծողները և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա:

Մահվամբ կլինեն անմիտ և անզգա:

17. Տուն Իսրայէլի յուսացաւ ի Տէր. օգնական ընդունելի է նոցա:

Իսրայելի տունը հույսը դրեց Տիրոջ վրա, որը նրա օգնականն ու ապավենն է:

Որ ընդունեց խոստացված երկրում:

18. Տուն Ահարոնի յուսացաւ ի Տէր, օգնական ընկերելի է նոցա:

Ահարոնի Տունը հույսը դրեց Տիրոջ վրա, որը նրա օգնականն ու ընկերակիցն է:

Ընծա մատուցողներին ընկեր էր, և առավել բարկանում էր նրանց արհամարհողների վրա:

19. Երկիւղածք Տեառն յուսացան ի Տէր, օգնական և փրկիչ է նոցա:

Տիրոջից երկյուղ կրողները հույսը դրին Տիրոջ վրա, որը նրանց օգնականն ու փրկիչն է:

Քահանայությունն առանձին պատվի է արժանացնում, նաև եկվորներին է պատվում, որոնց երկյուած է կոչում: Քանզի երկյուղածների սրտի մեջ էր դնում՝ օգնելով բնական օրենքով և փրկում էր կռապաշտությունից: Դարձյալ, այս երեք տները երեք հասակներն են. կատարյալների, որ օրենքից վեր են գործում, արդարների, որ ըստ օրենքի են գործում և ապաշխարողների, որ երկյուղում են Աստծուց և ապաշխարում, իսկ երկյուղածներին նորեկներ է ասում, որոնք երկյուղելով Աստծու ճշմարտությունից՝ եկան նրա մոտ:

20. Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ. օրհնեաց Տէր զտունն Իսրայէլի. օրհնեաց Տէր զտունն Ահարոնի:

Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ, Տերն օրհնեց տունն Իսրայելի, Տերն օրհնեց տունն Ահարոնի:

Հիշեց, որ պիտի օրհներ մեզ ու օրհնեց, քանզի օրհնում է իրեն օրհնողներին: Տունն Իսրայելի, տունն Ահարոնի՝ երկյուղածների՝ առաջին, միջին և վերջին, նաև հին Իսրայելի օրհնությունը նորին ուղղեց, իսկ քահանայության շնորհը՝ եկեղեցուն:

21. Օրհնեաց Տէր զերկիւղածս իւր, զփոքրկունս և զմեծամեծս:

Տերն օրհնեց իրենից երկյուղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին:

Փոքր երկյուղածները նրանք են, ովքեր երկյուղ են կրում մարմնի տանջանքներից և գեհենից, իսկ մեծերը՝ ովքեր երկյուղում են, թե կզրկվեն նրան տեսնելուց: Եվ երկուսն էլ օրհնվում են նրանից:

22. Յաւելցէ ի ձեզ Տէր, ի ձեզ և յորդիս ձեր:

Տերը պիտի բազմացնի ձեզ՝ ձեզ և ձեր որդիներին:

Մարգարեներին պիտի բազմացնի, ինչպես նաև առաքյալներին, որ Իսրայելում էին, և նրանց աշակերտներին: Դարձյալ ասում է, թե պիտի բազմացնի ձեզ՝ հեթանոսներիդ, ինչպես որ Տերը տասներկուսին յոթանասուն դարձրեց:

23. Օրհնեալ էք դուք ի Տեառնէ, որ արար զերկինս և զերկիր:

Օրհնված եք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

Տիրոջից, այլ ոչ թե կուռքերից, որ այլոց կողմից ստեղծվեցին:

24. Երկինք երկնից Տեառն են. և զերկիրս ետ որդւոց մարդկան:

Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տվեց մարդկանց որդիներին:

Առավել վեր է այս զգալի երկնքից, Տիրոջ համար են իմանալի, որ գիտե նա այնտեղ, իսկ երկիրը մարդկանց որդիներին տվեց ճանաչելու համար, և վերինը՝ չքննելու:

25. Ոչ թէ մեռեալք օրհնեսցեն զքեզ, և ոչ ամենեքեան, որ իջանեն ի դժոխս:

Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում:

Ովքեր մեղքերի մեջ մեռած են, արժանի չեն [օրհնելու], և ոչ էլ նրանք, ովքեր կուռքերի են պաշտում, և ովքեր դժոխք են իջնում Աստծուն չհավատալու համար:

26. Այլ կենդանիքս օրհնեսցուք զՏէր, յայնմ հետէ մինչև յաւիտեան:

Այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետև մինչև հավիտյան:

Սրանով են զանազանվում ողջերը՝ մեռելներից հարություն առած, քանզի ողջերն են օրհնում Աստծուն, և նրանք, ովքեր չեն օրհնում, ապա բարի ողջեր չեն, այլ՝ անպիտան:

 

Վարդան ԱրևելցիՄեկնութիւն Սաղմոսացն ԴաւթիԷջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

22.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․