Գրքեր

Սաղմոս ՃԽԳ

Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին:

Ոմանք վերնագիրը «Գողիաթի մասին» դրեցին, որը, սակայն, նման չէ սաղմոսի զորությանը, բայց ասում են, որ Գեթում վեց հսկաներ ընտրեցին և Դավթի կողմից Գողիաթի պես կորստյան մատնվեցին, հետևաբար, խոսքն առաջ տանելով, Աստծուն նոր օրհնություն է մատուցում: Սակայն իրական պատճառն այլ է: Բաբելոնից վերադարձածներն իրենց հետ օտար կանայք էին բերել, ինչն էլ Եզրասը տեսնելով՝ պատառոտեց զգեստներն ու գետնին ընկավ առավոտից մինչև երեկո: Հարցնելով դրա պատճառը և լսելով պատասխանը՝ ասացին, թե ինչ պատվիրես կանենք: Եվ նա ցանկացավ արձակել նրանց, ովքեր գնացել էին Գեթսեմանիի ձորը և լաց էին լինում: Հեթանոս ազգերն ու իշխաններն դրա մասին լսելով՝ զայրացան, առավել ևս՝ տաճարի շինության մասին: Դրա մասին գրեցին Արտաշեսին, որոնց գլխավորներն էին. Բաղամոսը, Միթրիդատը, Բելիոսը, Հռաթիմոսը, Բեղտեթիմոսը, Սամեղիոս գրիչը և նրանց հետ շատ ուրիշներ: Եվ ասում են. «Եթե այս չար քաղաքը կառուցվի, ապա ամբողջ երկիրը կավերվի», և զայրացրին նրան: Նրանց նախանձի այլ պատճառ էլ կար: Սամարիայի բնակիչները բաբելոնացիներն ու սեփարիմացիներն էին, որոնք Սալմանասարի կողմից էին բնակեցվել այդտեղ և վախենում էին առյուծներից, և սրանք նույնպես հետևում էին հնագույն օրենքին (տես. Ա Եզր. 5:66-71), մտածում էին օգնել տաճարի շինության գործում, սակայն նրանք Զորաբաբելի խրատով չկամեցան ստանալ վերջիններիս օգնությունը, ինչն էլ առավել ևս զայրացրեց նրանց: Նաև երբ ամոնացիների և արաբների իշխաններ Նաբողատն ու Տուբիան լսեցին, իրենք էլ զարմացան և պատրաստվեցին պատերազմի: Այս ամենի մասին վկայում են Եզեկիելը և մյուս մարգարեները, ինչպես որ ասում է, թե՝ պատրաստվիր և արի սրով ավերված և բազում ժողովուրդների կողմից կործանված երկիրը: Եվ նորից, թե՝ կիջնի ինչպես ձյուն, և կտարածվի ինչպես մշուշ և ինչպես ամպ կծածկի նրանց, և սա գալստյան օրինակն է: Խոսում է նաև կործանման հանգամանքների մասին, թե՝ իմ բոլոր սահմաններում սրի սարսափը կտիրի, այսպես է ասում Ադոնայի Տերը, մարդու սուրն իր եղբայրը կլինի, և կդատի նրանց մահվամբ և տեղատարափ անձրևով ու քարե կարկուտով, և հուր ու ծծումբ կթափվի նրանց վրա, և [այդ ժամանակ] ո՞վ կլինի նրանց զորավիգ: Եվ պատշաճ սերտողը կարող է սաղմոսի իմաստը տեսնել և ուսանել, ինչպես որ ասում է.

1. Օրհնեալ Տէր Աստուած իմ, որ ուսոյց զձեռս իմ ի պատերազմ եւ զմատունս իմ ի ճակատամարտ:

Օրհնյալ է Տեր Աստվածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս՝ ճակատամարտի:

Բաբելոնից վերադարձածները չգիտեին պատերազմի մասին և ոչ էլ զենքեր ունեին, որ այսպես ասեին, ուստի սա վերաբերում է մեզ: Առաքյալն ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ» (Եփես. 6:12), և պատվիրում է առնել հավատի վահանը, Հոգու սուսերն ու արդարության զրահը (տե՛ս Եփես. 6:16-17), որից սովորելով՝ օրհնում ենք Աստծուն և ձեռքերի տարածմամբ ու մատների միջոցով խաչակնքելով մեր դեմքը՝ հաղթում ենք թշնամուն: Եվ սա Քրիստոսն ուսուցանեց՝ ձեռքերը խաչի վրա տարածելով, որի համար ասում ենք.

2. Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, օգնական իմ և փրկիչ իմ. ապաւէն իմ, և ես յուսամ ի նա:

Նա ողորմությունն ու ապավենն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ: Ես հույսս դրել եմ նրա վրա:

Ողորմությունն է իմ, որովհետև նրա ողորմությանն ապավինեցինք: Իմ օգնականը, քանի որ օգնելով փրկեց մեզ, ուստի և վահանակն է իմ, քանի որ առաքինության բոլոր զենքերի վրա հավատքի ամրության վահան եղավ՝ հավատ մատուցելով Ամենասուրբ Երրորդությանը, և մեր հույսը նրա վրա է հաստատված:

Ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինև:

Նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ:

3. Տէ՛ր, ո՞վ է մարդ, զի յայտնեցար դու նմա կամ որդի մարդոյ, թէ համարիս ինչ զնա:

Տե՛ր, մարդն ի՞նչ է, որ հայտնվեցիր նրան, կամ մարդու որդին, որ բանի տեղ ես դնում նրան:

Նա է, որ հնազանդեցնում է. Զորաբաբելն է այսպես ասում օտար ազգերի մեջ կատարված հրաշագործությունների մասին, որ միմյանց կոտորելով ՝ ժողովուրդներին հնազանդեցրին մեծագույն հույսին: Տե՛ր, մարդն ի՞նչ է. Ադամը, և նրա որդին՝ Զորաբաբելը, որովհետև հայտնվեցիր և ճանաչել տվիր նրանց, այլ ոչ թե իրենք ճանաչեցին քեզ, ինչպես որ առաքյալն է ասում, որ Ադամին պատվեցիր [քո] պատկերով, իսկ ինձ՝ թագովս՝ Դարեհի առջև փառավորելով:

4. Մարդ նանրութեան նմանեաց, եւ աւուրք նորա որպէս հովանի անցին:

Մարդը նման է ունայնության, և նրա օրերն անցնում են ստվերի պես:

Սիմքոսը գոլորշի է թարգմանում: Ոմանք ունայնությունը հեշտությամբ չորացող խոտ են կոչում. առավոտից մինչև ճաշի ժամը բուսնում է և չորանում: Ինչպես որ ասում են, թե հռոմեացի թագավորներն այդ սերմից ունեին, և կողովից վերցնում ու ցանում էին իրենց առջև գտնվող հողի մեջ, և մինչև հաց էին ուտում, այն ծլում էր, ծաղկում, թափվում ու սերմ տալիս՝ հիշեցնելով նրանց սնոտի կյանքի մասին, որպեսզի չվստահեն դրան: Եվ իմ օրերն անցնում են ստվերի պես, այսինքն՝ ոչ միայն մահվամբ ավարտվում է, այլև միշտ փոփոխվում է կյանքի այլայլությամբ, ինչպես ստվերն է, որ հեշտությամբ շրջում է իրերի հետևից:

5. Տէր, խոնարհեցո՛ զերկինս և էջ, մերձեա ի լերինս, և ծխեսցին:

Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մոտեցի՛ր լեռներին և թող ծխեն դրանք:

Օգնությո՛ւն ցուցաբերիր գերուն՝ քո խնամակալությամբ հրեշտակ ուղարկելով: Սա նաև սրբերի պաղատանքն է Տեր Հիսուսին, որոնց լսելով՝ իջավ և Քրիստոսի օրերին մարտնչեց և հաղթեց փորձողին ու չարին այն լեռան մոտ, որին մոտեցել էր և որը Սուրնաբա լեռ էր կոչվում, ինչպես որ ասաց. «Եթե այս լեռանը ասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի» (Մատթ. 17:19), և՝«Եթե այդ լեռանն ասեք՝ ելիր և ծովն ընկիր (Մատթ. 21:21), այդպես էլ Տերը լուսնոտի [մեջ մտած] դևին կործանեց ծովում: Եվ թող ծխան ջուրն ընկած կայծակի պես, և ինչպես [խոզերի] լեգեոնը՝ ծովում:

6. Փայլատակեա՛ զփայլատակունս քո, և խռովեա՛ զնոսա, առաքեա՛ զնետս քո և ցրուեա՛ զնոսա:

Արձակի՛ր կայծակները քո և խռովի՛ր նրանց, առաքիր նետերը քո և ցրի՛ր նրանց:

Առաքյալների վրա հրեղեն լեզուների փայլատակումն է: Առաքիր քո ձեռքը, այսինքն՝ խոսքը, որ տվեց առաքյալներին ինչպես նետեր աղեղնավորների կապարճներում, որով ցրվեցին թշնամիները:

7. Առաքեա՛ զձեռն քո ի բարձանց և փրկեա՛ զիս ի ջուրց բազմաց, ի ձեռաց որդւոց օտարաց:

Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ հորդացող ջրերից և օտարների որդիների ձեռքից:

Նախ ասում է իջի՛ր և այնուհետև՝ ձեռքդ մեկնի՛ր, կամ [այսպես է ասում], որպեսզի ցույց տա անբովանդակելին և կամ Հիսուս նախ իջավ և ապա վեր բարձրանալով՝ ուղարկեց Հոգուն, որն էլ ձեռք կոչեց՝ ասելով, թե Աստծու ձեռքով են դուրս գալիս դևերը: Նաև մարգարեն է ասում. «Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա» (Եզեկ. 1:5): Հորդացող ջրերը այնտեղ թշնամու զորքերի բազմությունն է, իսկ այստեղ՝դևերից եկող փորձությունները: Օտարների որդիների ձեռքից. այսինքն՝ դևերից և նրանցից, ովքեր հակառակորդներ են, օտարն են մարդկանցից և օտարի որդիներ են:

8. Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, և աջ նոցա աջ է մեղաց:

Որոնց բերաններն ունայնություն են խոսում, և որոնց աջը մեղսագործ աջ է:

Նկատի ունի Գոգի հոխորտությունը և հայհոյությունը, որը ունայնություն է, այսինքն՝ սնոտի է, քանզի ո՛չ Աստծուն է դիպչում և ոչ էլ նրա սրբերին և աջ է թվում նրանց, որ կարող են մեղանչել տալ Աստծու սրբերին և խափանել որևէ բարի գործ: Սակայն աղաչում եմ, որ հաջողես այն, ինչը քեզ համար է աջ:

9. Աստուած յօրհնութիւն նոր օրհնեցից զքեզ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացից քեզ:

Աստվա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ:

Նորից [այսպես է ասում] Բաբելոնում գերության մեջ գտնվողը, և փրկվելով Գոգի մեծ պատերազմից՝ նոր օրհներգով է օրհնելու: Նաև մեղքերից մաքրված հոգին է ասում, թե նոր օրհնություն է տալու Աստծուն: Նորից, ինչպես Մաքսիմոս իմաստասերն է ասում, մարդու հոգին երկու զորություն ունի՝ միտք և բան: Սրանք էլ հնգական զորություն ունեն. մտքի իմաստություն, տեսողություն, ուսանելու կարողություն, անմոռացություն և ճշմարտության կատարում: Իսկ բանինը՝ աստվածայինի մասին խոկալը, գործ, առաքինություն, հավատ և բարու կատարում և սա է մտքի ու բանի տասնալար քնարը: Սրանք միմյանց հետ միաձուլվում են հետևյալ կերպ. իմաստությունը՝ խոկման, տեսությունը՝ գործին, ուսման կարողությունը՝ առաքինությանը, անմոռացությունը՝ հավատքի, ճշմարտությունը բարու հանդեպ: Քանզի միտքը իմաստությամբ շարժվելով՝ ուղևորություն է կատարում դեպի ճշմարտություն և հանգչում [այնտեղ]: Իսկ բանը՝ սկիզբ առնելով խոկումից և ճանապարհորդելով բարու մոտ՝ տեղավորվում է այնտեղ, և երկուսի լրումն Աստված է, որովհետև նա է ճշմարտությունը և նա է բարին, և ճշմարիտը բարին է, իսկ բարին՝ ճշմարիտը՝ անդրադարձությամբ, և սրանք են որ մարդուն դարձնում են Աստծու կատարյալ պատկեր: Քանզի միտքն իմաստուն է, տեսնող է և տեսնելով՝ ուսանում է պատշաճը, և ուսանածն անմոռաց է պահում ու մնում է ճշմարիտ՝ Աստծու ճշմարիտ պատկեր: Նույնպես և լուսատեսակ բանը նախ խոհականով խոկում է և ապա խոկացածը գործի է վերածում խոստովանությամբ, աղոթքով և խրատով, ապա առաքինություն է առաջանում և հասակ է առնում սերն ու երկայնամտությունը, համբերությունը և այլն: Ապա կանգնում է հավատը, անտես և աներևելի հատուցման հույսը, և տեսնողներն ու լսողները հավատում են ասված խոսքին: Եվ այս ամենի վրա [խոյանում է] բարին, որն էլ ամեն ինչի գագաթն է և գլուխը, որին նայում է ամեն բանական բնություն և հանգստանում՝ ամեն աշխատավոր ու բեռնավոր և որ այդ երանությունների մասին հնարավոր չէ խոսել: Սա նաև Քրիստոսն ասաց, թե մի է բարին և դա ինքն է՝ Աստված: Արդ, հոգին քնար է և բաղկացած է վերին ու ներքին լարերից՝ բանից, որի կնտնտոցը միտքն է և սրանցից բաղկացած լարն է տասնալար կոչվում, այս երգերի մեջ է Աստված հանգչում և օրհնում:

10. Ո՞ տացէ զփրկութիւն թագաւորաց մերոց, որ փրկելոցն իցէ զԴաւիթ ծառայ իւր ի սրոյ չարէ:

Նա փրկություն պիտի տա մեր թագավորներին և չար սրից պիտի փրկի իր Դավիթ ծառային:

[Թագավորներ] Եզեկիային, Օսիային, ինչպես նաև Զորաբաբելի փրկությունը: Սուրբ թագավորների հոգիները թեև խնդությամբ հանգչում են, սակայն նրանց են վերագրվում [այս խոսքերը], որովհետև չասաց, թե փրկեց, այլ՝ փրկություն պիտի տա և պիտի փրկի:  Նաև իր կյանքի ընթացքում Դավիթը մշտապես փրկության հույս ուներ և նրա շնորհիվ որդիներն էին նստելու նրա աթոռին, հետևաբար ոչ թե աղոթում էր՝ փրկվելու իմանալի մահվանից, որովհետև նրա համար բարի էր այդ մահը, այլ աղաչում էր՝ փրկվելու թշնամու չար լեզվից, որովհետև, ինչպես Սողոմոնն է ասում. կան ոմանք, որ իրենց խոսքով խոցում են թրի պես (տե՛ս Առակ. 12:18), և պետք չէ նրանցից օգուտ սպասել, այլ աղաչում է, որ չմեռնի նրանց ձեռքով, ինչպես որ ասում է, թե լավ է ընկնել կենդանի Աստծու ձեռքը, քանզի նրա գթությունները բազմաթիվ են, քան մարդու ձեռքը (տե՛ս Բ. Թագ. 24:14):

11. Փրկեա՛ զիս եւ ապրեցո՛ զիս ի ձեռաց որդւոց օտարաց:

Փրկի՛ր և ազատի՛ր իձն օտարների որդիների ձեռքից:

Կարծես թե Աբրահամի որդիներն իր հանդեպ նենգություն չեն անում: Սակայն յուրաքանչյուր ոք, որ չարիք է գործում, օտարի որդի է, ինչպես Տերն է ասում. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք» (Հովհ. 8:44), Աբրահամն այդպիսիներին չծնեց, և օտարին բնութագրում է՝ ասելով.

Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն և աջ նոցա աջ է մեղաց:

Որոնց բերաններն ունայնություն են խոսում, և որոնց աջը մեղսագործ աջ է:

Այսինքն՝ չար հայհոյություն:

12. Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց. դստերք նոցա զարդարեալ և պաճուճեալ ի նմանութիւն տաճարի:

Նրանց որդիները նոր տունկի պես հաստատված են իրենց մանկությունից, նրանց դուստրերը զարդարված ու պճնված են ինչպես տաճար:

13. Շտեմարանք նոցա լի են և բղխեն ի միմեանս, խաշինք նոցա բազմածինք են և բազմանան ի գնացս իւրեանց,

14. և անդեայք նոցա պարարտք են:

Նրանց շտեմարանները լիքն են և մեկից մյուսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են և բազմանում են իրենց ճամփի վրա: Նրանց արջառները պարարտ են:

Այս ասելով նկատի ունի նրանց, ովքեր մեղավորների հաջողությունները տեսնելով՝ գայթակղվում են, կարծես թե Աստծու վերատեսչությունը չկա, ինչպես Հոբն էր բարեկամներին պատասխանում, որ ասում էին, թե մեղքերի համար է չարչարանքներ կրում: Ասում է, եթե այս կյանքում է ամեն ինչի համար հատուցում ստանում, ապա ամբարիշտների տներում ինչո՞ւ է ամեն ինչ լավ և հարստության մեջ են, և ամեն ինչ ըստ իրենց կամքի է լինում. որդիները մանկուց առողջ են ու գեղեցիկ, դուստրերը պաճուճված ինչպես գեղեցիկ տաճար:

Ոչ գոյ խրամատութիւն ցանկոյ նոցա. և ոչ աղաղակ ի հրապարակս նոցա:

Նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, և նրանց հրապարակներում աղմուկ չկա:

Տիրոջ խնամատարությամբ կարծես պարսպով ամրացված են, և ոչ մի վնասակար բան չի կարող ճեղքել խրամատը և ներս մտնել ու պակասեցնել զավակներին, կամ այն բարիքները, որ աճում կամ բխում են, դրա համար էլ ասում է.

15. Արդ երանեցի՞ց ժողովրդեան, որոց այս այսպէս է. նա երանի ժողովրդեան, որոյ Տէր Աստուած է նոցա:

Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. երանի՜ այն ժողովրդին, որի Տերն Աստված է:

Այն, ինչին շատերը երանի են տալիս և փաղաքշելով գովում, ավելացնում է և ասում, որ դա այդպես չէ, որովհետև Աստծու թույլտվությամբ անասունի պես պարարտանում են, որպեսզի թերևս դրանով փրկեն իրենց հոգիները՝ հագնելով և ավելորդն աղքատներին տալով, իսկ եթե ոչ, ապա որպես անասուն չարաչար սպանվելու են և գեհենում կերակուր դառնալու հրեղեն անքուն որդերին: Ուստի և ավելացնում է. Երանի այն ժողովրդին, որի Տերն Աստված է. որովհետև ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, ընդ որում Ղազարոսինն է երանին, այլ ոչ թե մեծահարուստինը: Դավիթը հոգով գիտեր, թե Տերն իր վարդապետությամբ ում էր ցանկանում երանի տալ՝ ասելով. «Երանի հոգով աղքատներին» (Մատթ. 5:3): Ժողովուրդը գերությունից ազատվելուց հետո աղքատ էր, և նրանց շուրջը շատ էին գանձեր ունեցող հեթանոսներն ու իրենց դեմ պատերազմողները: Նաև երանի է սուրբ եկեղեցուն, որի գլուխը Տեր Աստվածն է և նրանք Հոր սեղանի հրավիրյալներն են, որովհետև եկեղեցու անունը ժողովուրդ է:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

18.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․