Գրքեր

Սաղմոս Դ

Ի կատարած Սաղմոս Դավթի: «Ի կատարած»-ը Ակյուղոսը և Թեոդիտոն հաղթություն են թարգմանում, որովհետև Դավիթն այս Սաղմոսն ասաց Աբիսողոմին հաղթելուց հետո, սա խորհրդանշում է նաև մահվան հանդեպ Տիրոջ հաղթանակը: Իսկ Յոթանասունից թարգմանության մեջ ի կատարած ասելով հասկանում են, թե օրերի լրումին կկատարվեն մարգարեությունները, ինչպես որ ասվում է, թե՝ այդ հույսով ննջեք և արթնացեք: Գոհություն է հայտնում Աստծուց, որ իրեն հաղթանակ պարգևեց: Խորհրդանշում է նաև արդարների աղոթքները, որ լսեց Աստված, ինչպես նաև զղջման մասին է ու բազմության փափագի՝ տեսնել Տիրոջ գալուստը: Քանզի մինչ այս մեզ ծանուցեց Տիրոջ կամավոր մահվան մասին, իսկ այստեղ հայտնում է մարգարեների մասին: Աշխարհի լրումը՝ վախճանը հինգ մասի է բաժանվում. առաջինը՝ մինչև ջրհեղեղը, երկրորդը՝ Աբրահամ, երրորդը՝ Մովսես, չորրորդը՝ մարգարեներից մինչև Աստծո Որդու գալուստը և հինգերրորդ՝մինչև աշխարհի վերջը, ինչպես որ Տերն էր մշակների համար առաջին, երրորդ, վեցերորդ, իններորդ և տասնմեկերորդ ժամերն ասում: Սա կատարում է նշանակում, ինչը Դավիթն էլ ցույց տվեց՝ իր և մյուս բոլոր մարգարեների մասին ասելով, թե՝ քո ետևից եկա ես և ինձ ընդունեց քո աջը: Իսկ ո՞վ է Հոր աջը, եթե ոչ իր Միածին Որդին, որ մարգարեների միջոցով հաստատեց իր գալուստը:

1. Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուած, ըստ արդարութեան, ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա ինձ եւ լուր աղաւթից իմոց:

Երբ ձայն տվի, իմ արդարության համար լսեցիր ինձ, Աստված, նեղության մեջ ինձ անդորր տվիր, ողորմի՛ր ինձ և ականջ դի՛ր իմ աղոթքին:

Տեսե՛ք, ասում է, թե ինչպես ես փրկվեցի և հուսացե՛ք Տիրոջը: Ըստ արդարության, այսինքն՝ արդար խնդրանքի համար, այլ ոչ թե պարծենում է իր արդարությամբ: Նեղության մեջ. սովոր է Աստված թողնել իր սրբերին նեղությունների մեջ և տեսնել նրանց նահատակությունը և պատմել նրանց քաջագործությունների մասին, ինչպես Աբրահամի, Հոբի, Հովսեփի, երեք մանկանց մասին: Անդորրը լայն հասկացություն է. ինչպես որ աստվածակիր Պողոսին ասաց, թե. «Իմ շնորհները քեզ բավ են, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ. Կորնթ. 12:9): Ողորմի՛ր ինձ և ականջ դի՛ր իմ աղոթքին. Աստվածասեր անձը չի բավարարվում միայն աղոթքի պտուղներով ու նեղությունների մեջ անդորր ստանալով, այլ նաև ողորմություն է խնդրում, ինչն անսպառ է: Երբ ձայն տվի. ըստ Եսայու, թե՝ «Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»» (Եսայի 58:9): Նեղության մեջ ոչ միայն փրկեցիր, այլև անդորր պարգևեցիր: Ողորմի՛ր ինձ և ականջ դի՛ր: Քանզի թեև ըստ իր արդարության լսելի եղավ, սակայն Աստծո ողորմությամբ է ընթանում և այն իր համար ամեն ինչ է համարում:

2. Որդիք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն, եւ խնդրէք զստութիւն:

Մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի խստասիրտ լինեք. Ինչո՞ւ եք ունայնություն սիրում և ստություն փնտրում:

Ինձնից սովորեք, թե ինչ հոգատար է Աստված և հեռու պահեք ձեզանից խստասրտությունը:

3. Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա:

Իմացե՛ք, որ Տերը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, և Տերը կլսի ինձ, երբ օգնության կանչեմ նրան:

Քանզի, ասում է, բազմաթիվ անգամ մահվանից փրկեց ինձ Տերը: Սուրբ ասելով նկատի ունի իր միամտությունն ու անմեղությունն Աբիսողոմի հանդեպ: Եվ խստասիրտ են անհավատները, որ այդքան տեսնելով Աստծո շնորհները Դավթի վրա, նորից հալածում էին նրան: Մարդկանց որդիներ. Ադամի և Եվայի որդիներ, ինչո՞ւ եք ունայնություն սիրում, նրանց է ասում, ովքեր ցանկանում էին սպանել Դավթին: Հավետ չի տանջվի Դավիթը, այլ մինչև Սավուղի մահը: Իմացեք, այսինքն՝ Էմմանուելին իմացեք, ով ընտիր գտնվեց իր հրաշագործություններով, և որ մահվանից հետո առաքյալների միջոցով հաստատեց իր թագավորական աթոռը: Տերը կլսի. Հայրը լսեց Որդուն:

4. Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր՝ յանկողինս ձեր զղջացարուք:

Եթե բարկանաք՝ մի՛ մեղանչեք, ձեր անկողնու մեջ ինչ էլ որ ասեք ձեր սրտում՝ զղջացե՛ք:

Երբ խոսքով սպառնում եք, գործնականում մի կատարեք այդ: Անկողինը հանգստյան ժամն է, որպեսզի գիշերն անխռով պահենք խորհուրդները: Եթե բարկանաք. իր յուրայիններին էր ասում, ովքեր լսում էին իրեն: Եթե բարկանաք՝ մի՛ մեղանչեք. բարկությունը երկու կերպ է լինում՝ չարերի և բարիների դեմ, չարիքների և աղտեղությունների պատճառով բարկանալ պետք է, իսկ ով այլ բաների համար է բարկանում, ապա, փախչելով մեղքերից, թող զղջա՛ իր անկողնում: Եվ ով այս ամենն անում է, այդպիսին արդարության զոհեր է մատուցում, ինչպես որ ասվում է.

5. Մատուցէք պատարագ արդարութեան, եւ յուսացարուք ի Տէր:

Արդարության զոհեր մատուցե՛ք և Տիրոջ վրա հույս դրե՛ք:

Հուսացեք, որովհետև հատուցում կա: Զոհեր մատուցեք. այդպես էին անում հրեաներն ու հեթանոսները, բայց ոչ ըստ Աստծո կամքի, իսկ դուք Քրիստոսին ձեր երկրավոր անդամները մատուցեք՝ հեռու վանելով ձեզանից մարմնի ախտավոր շարժումները, որոնք հարձակվում են այնպես, ինչպես Աբրահամի զոհաբերության ժամանակ [մտային խորհուրդների ձևով]:

6. Բազումք ասէին թէ ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն Տեառն. Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:

Շատերն ասացին՝ «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»: Քո երեսի լույսը ծագեց մեր վրա և ուրախություն տվիր մեր սրտերին

Շատերը չեն հավատում Տիրոջը և նրա հատուցմանը և իրենց արդարության դիմաց մարդկանցից են սպասում հատուցում, կամ երկրավոր բարությունը համարում են իրենց մեջ Աստծո ներկայության նշան: Իսկ մեզ համար ասում է. քո երեսի լույսը ծագեց մեր վրա, այսինքն՝ հավատքի լույսով տեսանք նրա նախախնամությունը և ունայն են նրանք, ովքեր իրենց հույսը մարդկանց վրա են դնում:

7. Ի պտղոյ ցորենոյ գինւոյ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:

Ցորենի, գինու, ձեթի բարիքով հագեցրիր նրանց:

Այս երեք բարիքները նշելով՝ ակնարկում է, թե ուրիշ որևէ մեկից սա չեն կարող ստանալ: Շատերն ասացին. Դավիթը նորից իրեն սրբերի դասի մեջ է կարգում և նրանց հետ միաձայնելով՝ ասում. «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»՝ տեսնելով նրա երեսը, քանզի ինչպես որ ինքը՝ Որդի Աստվածն ասաց. «Բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստված» (Մարկ. 10:18), այն, ինչ բազում արդարներ և մարգարեներ ցանկացան տեսնել, իսկ Դավիթն ինչպես արդեն վայելած՝ ասաց. քո երեսի լույսը ծագեց մեր վրա, այսինքն՝ իրեն ցույց տվեց [Դավթին] ինչպես որ Թաբոր լեռան վրա [պայծառակերպության ժամանակ]: Ուրախություն տվիր, քանզի նա վերացրեց աշխարհի սուգը՝ զվարթ երեսով և ուրախ սրտով ճաշակելով մահը, ինչը բաժակ կոչեց, քանզի սրտով բերկրացող մարդկանց երեսները զվարթ են: Այդ ավետիսով էլ Սողոմոնը հրամայում է. «Ելե՛ք, ով Սիոնի դուստրեր, և նայեցե՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը՝ իր որդու սրտի ուրախության օրը պսակեց նրան» (Երգ Երգոց 3:11), ինչի ցնծությունը մեզ է հասնում՝ նրա խաչի նշանը դրոշմելով մեր երեսներին՝ հարստացած երեք իրերով՝ ցորենով, գինով և ձեթով: Ցորենը մարմինն է, գինին՝ արյունը, իսկ ձեթը՝ Հոգու շնորհները՝ օծում անապականության և շնորհ որդեգրության: Այդ պատճառով է ասում հագեցրիր նրանց, քանզի ոչ ոք չի մերժում նրանց, ովքեր իր սեղանի մոտ են գալիս:

8. Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք. զի դու, Տեր, միայն առանձին յուսով քով բնակեցուցեր զմեզ:

Այսուհետև մենք խաղաղությամբ կննջենք և կարթնանանք, քանզի դու միայն, Տեր, ապահովության մեջ բնակեցրիր մեզ:

Նորից նրանք, ովքեր մարդկանցից են փառք փնտրում և Աստծուն ճանաչում են միայն ցորենի, գինու և ձեթի միջոցով, պատերազմ է նրանց կյանքը, իսկ մահը՝ դաժան: Բայց մենք հավատքի շնորհիվ խաղաղություն ունենանք Աստծո առաջ, անխոցելի մնանք աջ ու ձախ գտնվող նետերից՝ խաղաղ խղճմտանքով, հավատքով և մեռելների հարության հույսով: Կննջենք և կարթնանանք. ինչպես հրեշտակն ասաց Դանիելին. «Հանգստացի՛ր, որովհետև տակավին օրեր ու ժամեր կան մինչև վախճանի կատարումը. Դու կհանգչես և վեր կկենաս քո ժամանակին, օրերի վերջում» (Դանիել 12:13): Քանզի դու միայն, Տեր, ապահովության մեջ բնակեցրիր. ըստ այնմ, թե՝ ով հավատա ինձ, մահ չի տեսնի (տե՛ս Հովհ. 8:51): Եվ եթե ժամանակը գա, ովքեր որ գերեզմանում լինեն, կլսեն Աստծո Որդու ձայնը և ովքեր լսեն՝ կապրեն, քանզի հույսը չտեսած բաներին հավատով սպասելն է:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

15.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․