Գրքեր

Սաղմոս Է

Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ

Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը:

1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս. եւ յամենայն հալածչաց իմոց ապրեցո՛ զիս:

Տե՛ր իմ Աստված, քեզ վրա դրեցի հույսն իմ, փրկի՛ր ինձ և իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ:

Տե՛ր Աստված, քեզ վրա դրեցի հույսն իմ, այլ ոչ թե մարդկանց: Բոլոր հալածիչներից ազատիր, որովհետև եթե իր որդին էր կռվում իր դեմ, ապա ոչ ոք չկար, որ խաղաղություն հաստատեր իր հետ:

2. Գուցէ երբէք յափշտակիցէ որպէս առիւծ զանձն իմ. ոչ ոք իցէ որ փրկիցէ եւ ոչ այն՝ որ ապրեցուցանիցէ:

Չլինի թե առյուծի նման հոշոտեն ինձ, և չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահպանի:

Որովհետև Աբիսողոմը, որպես ամբողջ Իսրայելի թագավոր, գալիս էր իր վրա:

3. Տէր Աստուած իմ, թէ արարի զայս. և թէ իցեն անօրէնութիւնք ի ձեռս իմ:

Տե՛ր իմ Աստված, եթե արել եմ այս բանը, եթե իմ ձեռքով անօրինություն եմ գործել:

Չասաց մարմնով, այլ՝ ձեռքով [որովհետև նրանց դեմ ոչ մի անօրինություն չէր գործել]՝ իր մեծությունը ոչնչություն համարելով:

4. Թէ հատուցի երբէք այնոցիկ, ոյք հատուցին ինձ չար. անկեայց և ես ի թշնամեաց իմոց ընդունայն:

Եթե երբևէ իմ չարակամներին չարությամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով:

5. Հալածեսցէ ապա թշնամին զանձն իմ, հասցէ կոխեսցէ յերկիր զկեանս իմ. և զփառս իմ ի հող բնակեցուսցէ:

Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրա հասնի և խորտակի կյանքն իմ՝ կոխկոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հավասարեցնի:

Փառք ասելով նկատի ունի թագավորությունը: Ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ոչ ոք թողություն չի ստանա, եթե նախ թողություն չտա իր դեմ հանցանք գործածներին, ինչպես որ Դավիթն էլ ոխակալությամբ չէր լցված Աբիսողոմի և Աքիտոփելի հանդեպ:

6. Արի՛, Տէր, բարկութեամբ քով, եւ բարձր լեր ի սպառել թշնամեաց իմոց:

Ելի՛ր, Տեր, բարկությամբ քո և բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին:

Ելի՛ր, ասում է, վրեժխնդրության համար: Այս խոսքերը կարող են ուղղված լինել նաև մեր Տիրոջը՝ մահվանից հարություն առնելուն: Բարկությամբ՝ սատանայի վրա: Բարձրացիր՝ կամ խաչի վրա, կամ երկինք համբարձվելով: Իսպառ վերացնելու հրեաների թշնամիներին. ինչպես որ ոչնչանում էին հրեաների թշնամիները հռոմեացիների ժամանակ, կամ ոչնչացրու սատանային, որ մարդկանց հոգիները դժոխք է տանում՝ որպես վճար մեղքերի փոխարեն:

7. Զարթի՛ր, Տէր Աստուած իմ, ի հրամանս քո՝ զոր պատուիրեցեր. և ժողովք ժողովրդոց շուրջ եղիցին զքև:

Արթնացի՛ր, Տե՛ր իմ Աստված, հանուն քո սահմանված կարգի. և ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն:

Ինչպես օրենքով էլ սահմանվեց՝ մահվան դիմաց մահ և պատժի դիմաց թշնամություն: Սա կարող է նաև Աստծո Որդու խոսքը լինել, ինչպես որ մարգարեները մարգարեացան: Ժողովուրդների բազմությունները. Դավթի միջոցով դեպի Հոր միաստվածությանը եկան և Որդու միջոցով՝ դեպի Սուրբ Եկեղեցին և նրա անդամները կոչվեցին:

8. Վասն այսորիկ ի բարձունս դա՛րձ, Տէր և Տէր դատէ զժողովուրդս իւր:

Իսկ դու, Տե՛ր, բազմի՛ր բարձունքում և Տերն է դատում իր ժողովրդին:

Նկատի ունի այն բարձր աթոռը, որի վրա նստած պիտի դատի աշխարհին: Կամ նորից դիմում է Հորը՝ մարդեղության խորհրդի կատարումից հետո: Տերն է դատում իր ժողովրդին, այսինքն՝ Որդին [դատելու է]՝ իր երկրորդ գալստյան ժամանակ:

9. Դա՛տ արա ինձ, Տէր, ըստ արդարութեան իմում, ըստ անբծութեան իմում՝ որ յիս:

Դատի՛ր ինձ, Տեր, իմ մեջ եղած արդարության և անմեղության համեմատ:

Ինչպես որ Դավիթն էր Աքիտոփելի հանդեպ, այդպես էլ Քրիստոսի Հայրն էր հրեաների հանդեպ և եկեղեցին էլ՝ սատանայի, քանզի շատ պատերազմեցին նրա դեմ անպատճառ:

10. Կատարեսցին չարիք ի վերայ մեղաւորաց, և յաջողեսցես դու արդարոյն:

Մեղավորների վրա չարիք կգա, իսկ արդարին հաջողություն կտաս:

Սատանայի և հրեաների վրա [չարիք կգա] հանդերձյալում, քանզի այնտեղ է այդ երկու դասերի կատարյալ հատուցման վայրը:

11. Որ քննէ զսիրտս և զերիկամունս Աստուած արդար. յիրաւի է ինձ օգնութիւն յԱստուծոյ, որ ապրեցուցանէ զայնոսիկ, ոյք ուղիղ են սրտիւք:

Սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստված. հիրավի, օգնողն Աստված է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով:

Քանզի անաչառ է և անսխալ են նրա դատաստանները:

12. Աստուած դատաւոր արդար՝ հզօր և երկայնամիտ, որ ոչ ածէ զբարկութիւն իւր զօրհանապազ:

Արդար, հզոր և համբերատար դատավոր է Աստված, որն իր զայրույթը չի թափում հանապազ:

Քանի որ ամենակարող է և չի թափում իր ողջ բարկությունն այստեղ՝ սպասելով նրանց ապաշխարությանը:

13. Ապա թէ ոչ դառնայք առ նա, զսուր իւր սրեալ է՝ և զաղեղն իւր լարեալ. և ի նմա պատրաստեալ է զանօթս մահու, եւ զնետս իւր այրեցելովք է գործեալ:

Սակայն եթե չդառնաք դեպի Նա, սուրն իր սրած է և աղեղն իր՝ լարած. Նա պատրաստել է մահվան գործիքները, իսկ նետերն իր հրանյութով է սարքել:

Այսինքն՝ սպառնում է, ցույց տալով իր զենքերը, նախ սրով, որով սպանում են մոտիկից և ապա աղեղով, որով սպանում են հեռվից՝ միջնորդներով. օտար հեծելազորի և այլազգիների միջոցով և կապարճն էլ այդ ամենը հիշեցնելու համար է ու դատաստանի նշանակություն ունի: Մահվան գործիքները տանջելու միջոցներ են: Իսկ նետերն իր հրանյութով է սարքել. այրելու մեղքերը, որոնք փայտի, խոտի և եղեգի հատկություն ունեն: Հոգու և մարմնի մեղքերի պատճառով մխում են նրա բարկության նետերը: Նաև հրի դատապարտվածներն են նետ կոչվում, ովքեր այլ մարդկանց տանջեցին, տանջվելու են նաև իրենք: Իսկ այն երեք անունները, որով բնութագրում է Աստծուն. դատավոր Աստված, արդար Աստված, փրկիչ Աստված, հայտնապես ցույց է տալիս Սուրբ Երրորդության խորհուրդը:

14. Ահաւասիկ երկնեաց զանօրէնութիւն, յղացաւ զցաւս և ծնաւ զանիրաւութիւն:

Ահավասիկ, ով որ անօրինություն երկնեց, չարիք հղացավ եւ անիրավություն ծնեց:

Աքիթոփելը և Հուդան նախ չարիք հղացան, ապա երկնեցին, իսկ հետ՝ ծնեցին, քանզի նախ՝ խորհեցին, ապա խոսեցին այդ մասին, իսկ հետո՝ գործեցին:

15. Սակայն գուբն՝ զոր փորեաց և պեղեաց, ի նոյն անկցի ի խորխորատ՝ զոր և գործեաց:

Նա փոս փորեց, խորացրեց, հենց ինքն էլ ընկավ այն խորխորատը, որ նա պատրաստեց:

Քանզի այս կյանքում դժվարությամբ հոգին կավանդեն և այնտեղ էլ կզրկվեն հավիտենական կյանքից:

16. Դարձցին ցաւք ի գլուխ նորա. և ի վերայ գագաթան նորա անօրէնութիւնք իւր իջցեն:

Նրա գլխին կթափվեն իր չարագործությունները, նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները:

Այսինքն՝ աններելի մեղքերի մեջ կընկնեն, սակայն Դավիթը զերծ մնաց տառապանքների փոսից և մեր Տերն էլ՝ գերեզմանից՝ երկինք համբարձվելով: Նաև Սուրբ Եկեղեցին է այսպես ասում:

17. Խոստովան եղէց Տեառն ըստ արդարութեան նորա. սաղմոս ասացից անուան Տեառն բարձրելոյ:

Գոհություն կմատուցեմ Տիրոջն իր արդարության համար, սաղմոս կերգեմ Բարձրյալ Տիրոջ անվանը:

Քանզի նրա անունը տարածվեց երկրի բոլոր անկյուններում և Յիսուս Քրիստոսի անվան առաջ երկրպագում են բոլորը՝ թե՛ երկնավորները և թե՛ երկրավորները:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

06.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․