Գրքեր

Սաղմոս ՂԶ

Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատվեց։

Ունի Տիրոջ առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը, որով հաստատվում է երկիրը։

1.  Տէր թագաւորեաց՝ ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։

Տերը թագավորեց, թող երկիրը ցնծա, թող ուրախ լինեն բազում կղզիները։

Ուստի երկիրը միայն սգակից և ողբակից չի լինում, այլև ցնծում է մարդկանց փրկությամբ։ Թող ուրախ լինեն կղզիները, որոնք ընդունեցին ավետարանը՝ Կիպրոսը, Կրետեն, Կարթագենը և այլն։

2. Ամպ և մէգ շուրջ է զնովաւ, յիրաւունս և յարդարութիւն ուղղեալ է աթոռ նորա։

Ամպ և մեգ է շուրջը նրա, իրավունքով և արդարությամբ է հաստատուն աթոռը նրա։

Ամպն ու մեգը Սինայում ծածկում էին փառքը, ձայնը լսում էին, սակայն էությունը չէին տեսնում։ Եվ առաջին գալստյան ժամանակ Տիրոջ մարմինը ամպով էր [ծածկված], և երկրորդ գալստյան ժամանակ ամպով ու մեգով է գալու, որը անմատույց լույս է։ Իրավունքով ու արդարությամբ է հաստատուն աթոռը նրա,  քանզի նրա դատաստանում կեղծավորություն չկա։

3. Հուր առաջի նորա գնասցէ, այրեսցէ շուրջ զթշնամիս նորա։

Նրա առջևից հուր պիտի ընթանա՝ այրելով իր շուրջը եղող թշնամիներին։

Ինչպես որ Դանիելն է ասում. «Նրա անիվները բորբոքված կրակի պես էին, և նրա առաջից հոսում էր կրակե հորդ մի գետ» (Դան. 7։9-10)։

4. Երևեցան փայլատակունք նորա տիեզերաց. ետես և սասանեցաւ երկիր։

Նրա կայծակները երևացին տիեզերքում, երկիրը տեսավ դրանք ու սասանվեց։

Խաչը կայծակի պես ելնելով արևելքից, նաև նրա աթոռից հրեղեն ամպեր են ելնում և կայծակներ են ճարճատում նրանից։ Առաջին գալստյան ժամանակ աստղը վառվեց, իսկ երկրորդ գալստյան ժամանակ՝ կրակ [է վառվելու]։ Նաև առաքյալներն էին նրա կայծակները, տեսավ և սասանվեց երկիրը, առաջին անգամ ցնծաց, սակայն երկրորդ անգամ սասանվելու է՝ դուրս հանելով մեռելներին։

5. Լերինք որպէս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերեսաց Տեառն ամենայն երկիր։

Լեռները մոմի պես պիտի հալվեն Տիրոջ ներկայությունից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայությունից։

Լեռներ ասելով նկատի ունի նյութական, քանզի հալվելով հարթվելու և հավասարվելու են։ Նաև սատանայի զորությունը՝ Տիրոջ ներկայությունից, իսկ ովքեր որ թքեցին, ի՞նչ են լինելու: Ոմանք ասում են բացի հրեշտակներից դևերն ու մարդիկ մնալու են, ոմանք՝ ամեն ինչ հրով այրվելու է, բայց անգոյության չեն հասնելու, սակայն կարծում եմ սա այդ չէ:

6. Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, տեսին ամենայն ժողովուրդք զփառս նորա:

Երկինքը պիտի պատմի արդարությունը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա:

Պիտի պատմի, ինչպես ծննդյան ժամանակ՝ հովիվներին, և հարության ժամանակ՝ կանանց՝ երկնավոր հրեշտակները, նույնպես նաև այնտեղ՝ Տիրոջ Հիսուսի արդար դատաստանը վկայելով: Բոլոր ժողովուրդները կտեսնեն փառքը նրա, որոնք տեսան անարգանքը նրա, առավել շատ կտեսնեն [փառքը], քան տեսան Թաբորում:

7. Ամաչեսցեն ամենեքեան, որ երկիր պագանեն կռոց, և ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց:

Թող խայտառակվեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին, և պարծենում իրենց արձաններով:

Որոնց իրենք իսկ ստեղծեցին և հորինեցին, [կխայտառակվեն], երբ տեսնեն Տիրոջ ներկայությունից հալված:

8. Երկիրպագցեն նմա ամենայն հրեշտակք նորա, զի լուաւ և ուրախ եղև Սիովն, և ցնծասցեն դստերք Յուդայ վասն իրաւանց քոց, Տէր:

Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն, քանզի լսեց և ուրախ եղավ Սիոնը. Հուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տեր:

Ըստ Պողոսի, երբ հաջորդ անգամ Անդրանիկն աշխարհ գա, ասում է բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն նրան, քանի որ լսեց հրեշտակներին և արդարներին և մարդ եղավ, և ուրախ եղավ վերին Սիոնը դատաստանների համար, քանզի իրավունքով փրկվեցին մարդիկ: Հուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան՝ բոլոր եկեղեցիները, առաքյալների որդիներն ու դուստրերը, որոնց մասին ասում էր Պողոսը. «Քրիստոս Հիսուսի Ավետարանով ես ծնեցի ձեզ» (Ա Կորնթ. 4:15), և քանի որ ծննդական է և կենդանություն տվող, դուստր է կոչում:

9. Զի դու Բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի, յոյժ բարձրացար ի վերայ ամենայն կռոց:

Դու Բարձրյալ ես ողջ երկրի վրա, անչափ վեր եղար բոլոր կուռքերից:

Քանզի գալու ես ամպերի վրա նստած: Անչափ վեր եղար բոլոր կուռքերից, երբ նրանք ցույց են տալիս, թե քո արարածներն են, ովքեր գալիս և երկրպագում են քեզ:

10. Ոյք սիրէք զՏէր՝ ատեցէք զչարութիւն. պահէ Տէր զանձինս սրբոց իւրոց, ի ձեռաց մեղաւորի փրկեսցէ զնոսա:

Տիրոջը սիրողներ, ատեցե՛ք չարությունը, Տերը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղավորների ձեռքից փրկում է նրանց:

Ուստի ինչպե՞ս կարելի է միաբանություն հաստատել Քրիստոսի և Բելիարի հետ: Տերը պահպանում է իր սրբերի հոգիները. ասում է. «Մի՛ վախեցեք նրանից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28), մեղավորների ձեռքից փրկում է, այսինքն՝ սատանայի:

11. Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղև ուրախութիւն:

Արդարների համար լույս ծագեց, և սրտով շիտակների համար ուրախություն եղավ:

Արդարների համար, քանի որ մեղավորները փակեցին իրենց աչքերն իմանալի արեգակի առջև: Սրտով շիտակների համար ուրախություն եղավ, ինչպես որ պիղծերի համար՝ տրտմություն:

12. Ուրա՛խ եղերուք արդարք ի Տէր, խոստովան եղերուք յիշատակի սրբութեան նորա:

Ցնծացե՛ք, արդարներ, Տիրոջով, գոհաբանեցե՛ք հիշատակը նրա սրբության:

Այս ավետիսով գոհաբանեցե՛ք, քանզի հիշելու է ձեզ սրբությամբ իր Հոր առաջ՝ ասելով. «Ահավասիկ ես և իմ զավակները» (Եբր. 2:13):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

17.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․