Գրքեր

Սաղմոս Ժ

Ի կատարած Սաղմոս Դավթի

Երբ փախել էր Սավուղից և ծաղրում էին նրան՝ ասելով, թե ճնճղուկի պես լեռները թռչի: Իսկ եբրայական և ասորական բնագրերում ասվում է, թե երբ Դավիթը Անքուսի մոտ էր և երբ Անքուսը հարձակվեց Իսրայելի վրա ու տարավ Դավթին իր հետ և գերեցին ամաղեկացիները նրանց կանանց, և երբ Աստծո նախախնամությամբ իշխանները չկամեցան, որ Դավիթն իրենց հետ պատերազմի դուրս գա, որովհետև մտածեցին, թե Սավուղի կողմը կանցնի և որ կազատի գերիներին, ինչպես որ եղավ,  այդ ժամանակ էլ Դավիթը երգեց այս Սաղմոսը՝ գոհանալով Աստծուց:

1. Ի Տէր յուսացայ. ո՞րպէս ասիցէք ցանձն իմ, փոփոխեաց ի լերինս որպէս ճնճղուկ:

Հույսս դրի Տիրոջ վրա. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ:

Դուք, որ այսպես էիք ասում հեգնելով՝ ձեր կանանց գերի ընկնելու պատճառով դառնացած, բայց ես փրկվեցի ինչպես ճնճղուկը որսորդի ծուղակից: Դարձյալ, սա նաև Ղովտի և Եզեկիայի մասին է:

2. Զի ահա մեղաւորք լարեցին զաղեղունս իւրեանց. պատրաստ արարին զնետս ի կապարճս, ձգել ընդ խաւար՝ այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք:

Չէ՞ որ մեղավորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրա:

Ամաղեկացիները լարեցին իրենց աղեղները, կամ Սավուղը լարեց՝ խորամանկաբար: Պատրաստել են նետերը կապարճներում. նենգավոր խորհուրդները համեմատում է կապարճի հետ: Որ մութն ընկնելիս ձգեն. համոզում է ուրիշներին, որպեսզի որսան ուղղասիրտ Դավթին, ինպես որ արեցին հրեաները՝ մեր Տիրոջը և սատանան՝  յուրաքանչյուրին, որի նետերը չեն երևում, բայց խոցվածների վերքերից երևում է, որ խոցվել են մեղքերով:

3. Զի զոր դուն շինեցեր՝ նոքա աւերեցին. իսկ արդարն զի՞ արար:

Ինչ դու շինեցիր՝ ավերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց:

Ինձ թագավորություն տվեցիր, իսկ իրենք իրենց [թագավորությունը] ավերեցին մեղքով, իմը ինձ չեն կամենում, ինչպես սատանան՝ Ադամին, որ անապական էր ստեղծվել: Իսկ արդարն ասելով, նկատի ունի Տիրոջը, թե ի՞նչ արեց հրեաներին, որ ավերեցին Երուսաղեմը, կամ ի՞նչ արեց Դավիթը Սավուղին և կամ Ադամը՝ սատանային:

4. Տէր ի տաճար սուրբ իւրում. Տէր յերկինս յաթոռ իւրում:

Տերն իր սուրբ տաճարում է, Տերը երկնքում է՝ իր գահի վրա:

Եկեղեցում և երկինքում է աթոռը, որտեղից տեսնում է և դատում մարդկանց ըստ իրենց գործերի: Մենք էլ վեր նայենք՝ դատաստանի աթոռին և չմեղանչենք եւ դուրս չգանք եկեղեցուց:

5. Աչք նորա ի տնանկս հային, արտևանունք նորա քննեն զորդիս մարդկան:

Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտևանունքները զննում են մարդկանց որդիներին:

Հրեշտակների զորքերը, որոնք ուղարկվում են որպես սպասավորներ, առավել խնամում են աղքատներին և տառապյալներին, որոնք մարդկանց կողմից անտեսված են: Արտևանունքները, ինչպես որ պահում են աչքերը, այդպես էլ կարգ ու կանոնի մեջ են պահում եկեղեցու առաջնորդներին ու Ադամի որդիներին, քննում են նրանց լավ ու վատ գործերը՝ առավել շատ ներելով տնանկներին: Նորից՝ նրա աչքերը տնանկներին են նայում օգնելու համար, իսկ նրանց տանջողներին մանրազնին քննելով պիտի դատի:

6. Տէր քննէ զարդարն և զամբարիշտն. որ սիրէ զմեղս, ատեայ զանձն իւր:

Տերը քննում է արդարին և ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր:

Ինչպես [քննեց] Ադամին և սատանային, Դավթին և Սավուղին: Ով սիրում է մարմնի հեշտությունը, ատում է իր հոգին: Դարձյալ ամբարիշտները դատաստան չեն գա, իսկ ովքեր որ գան և դատվեն, չեն կործանվի, որովհետև ունեն թե՛ արդարության և թե՛ ամբարշտության գործեր, քանզի ոսկին բովի մեջ մտնելուց չի կորչում:

7. Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ՝ հուր և ծծումբ, այս մրրիկ՝ բաժին բաժակի նոցա:

Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը:

Սոդոմի պատուհասին կարժանանան հանդերձյալում, ինչը [սոդոմացիների] համար մեղմ պատիժ էր, քանզի այստեղ ստացան իրենց հանցանքների հատուցումը, իսկ նրանցը՝ հավիտենական է: Որոգայթ, որովհետև հանկարծակի կլինի: Հուրը՝ գործերի վրա կտեղա, իսկ ծծումբը՝ գործողների: Այս ասելով նկատի ունի հողմը, իսկ փոթորիկը՝ հրախառն հողմն է: Բաժակի բաժինը, որովհետև բարկության բաժակը ընդհանրական է, իսկ սոդոմացիներինը միայն իրենց գործերի համար էր:

8. Արդար է Տէր՝ և զարդարութիւն սիրէ, զուղղութիւն տեսանեն երեսք նորա:

Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը նրա:

Իսկ Աստծուն հակառակը անիրավություն է սիրում և մոլորության է նայում երեսը նրա:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

26.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․