Գրքեր

Սաղմոս ԺԱ

Ի կատարած. ութերորդական եղանակով Սաղմոս Դավթի: Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ Սամուելը մահացավ, իսկ ութերորդականի մասին ասաց վեցերորդ Սաղմոսում: Սա մարգարեություն է Սավուղի և հրեաների ստախոսության մասին: Նաև մարգարեություն է այն մասին, որ հետագա օրերին սրբերն ավելի քիչ են լինելու քան մեղավորները:

1. Ապրեցո՛ զիս Տէր՝ զի նուաղեաց սուրբ. նուաղեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ:

Փրկի՛ր ինձ, Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիների մեջ:

Նկատի ունի Երեմիայի, Եղիսեի և Եղիայի ժամանակաշրջանը և նրանց մահվան մասին է ասում: Նաև նրանց մասին է, ովքեր խոստացան այստեղ կուսությամբ և պարկեշտությամբ ապրել, բայց չպահեցին իրենց խոստումը:

2. Ի նանիր խօսեցաւ այր ընդ ընկերի իւրում. շրթամբք նենգաւորօք սրտէ ի սիրտ խօսեցաւ:

Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով:

Ստությամբ խոսեց ինչպես Սավուղը Դավթի հետ և հրեաները՝ Քրիստոսի: Սրտերը հաղորդակցվեցին, այսինքն՝ ըստ իրենց սրտի չափեցին նաև ուրիշների սրտերը:

3. Սատակէ Տէր զամենայն շրթունս նենգաւորս, և զլեզուս մեծաբանս:

Տերը կոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախոս:

Այսինքն՝ նախնիների չարությունը, որ ցանկացան նման լինել Բարձրյալին:

4. Ոյք ասացին. զլեզուս մեր մեծս արասցուք, շրթունք մեր առ մեզ են, և արդ՝ մեր ո՞վ է Տէր:

Որոնք ասացին. «երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր Տերը»:

Այսինքն՝ ինչ ցանկանանք կխոսենք և կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք: Այդպես էին ասում նաև Նեմրութը, փարավոնը և Նաբուգոդոնոսորը:

5. Վասն տառապանաց աղքատին և հեծութեան տնանկին, այժմ յարեայց ասէ Տէր, եդից զփրկութիւն իմ, և համարձակեցայց ի նոսա:

Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար այժմ ես կելնեմ, - ասում է Տերը, - կբերեմ իմ փրկությունը և վստահ կլինեմ նրանց վրա:

Վրեժխնդիր կլինեմ բոլոր տնանկներին և աղքատներին զրկողներից, ովքեր Տիրոջն են աղաղակում, ինչպես որ ասում է. «Ձեր կողմից զրկվածն աղաղակում է» (Հակոբ. 5:4): Եվ Աստծո Որդին էլ ասում է, - Կելնեմ իմ հայրական աթոռից զրկվածների համար: Կբերեմ իմ փրկությունը՝ Գողգոթայում խաչվելով, որովհետև Տիրոջից է փրկությունը: Եվ վստահ կլինեմ նրանց վրա. ամբողջ աշխարհում վստահորեն քարոզվեց և ովքեր չլսեցին այստեղ, ապա վերջին օրը կլսեն:

6. Բանք Տեառն են բանք սուրբ, որպէս զարծաթ ընտրեալ և փորձեալ յերկրէ. սրբեալ և պարզեալ եօթնպատիկ ի հողոյ:

Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված ու զտված հողից:

 Տիրոջ խոսքերն այն խոսքերն էին, ինչ խոստացավ մարգարեներին և առաքյալներին: Արծաթ ասելով նկատի ունի մարգարեներին, իսկ ոսկի՝ առաքյալներին՝ յոթնապատիկ մաքրված և զտված հողից. ըստ Տիրոջ իմաստության յոթ սյուների, յոթ ճրագների, յոթ աչքերի և յոթ պսակների: Տարածվեցին Տիրոջ յոթնապատիկ շնորհները, ըստ այնմ, թե Տերը եկեղեցու մեջ դրեց առաքյալներին, մարգարեներին, հովիվներին, վարդապետներին, ապա զորություն տվեց, շնորհներ, օրհնություններ: Զտված հողից, այսինքն՝ բազմաթիվ փորձությունների միջոցով զտեց հոգին և լեզուն հողեղեն վիճակից, ինչը յոթնապատիկ է նշանակում:

7. Դու Տէր պահեցեր զմեզ, և ապրեցուցեր զմեզ յազգէ յայսմանէ մինչև յաւիտեան:

Դու, Տե՛ր, պահպանեցիր մեզ և փրկեցիր այս ազգից մինչև հավիտենություն:

Ադամից սերելով թեև մեղանչեց [բայց Տերը պահպանեց], ինչպես նաև ջրհեղեղից փրկեց: Եվ փրկեցիր այս ազգից, ինչն այլ կերպ չէր լինի, եթե ոչ պահքով և աղոթքով:

8. Շուրջանակի ամպարիշտք շրջին. ըստ բարձրութեան քում մեծ արասցես դու զորդիս մարդկան:

Ամեն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրության համեմատ դու մեծություն տո՛ւր մարդկանց որդիներին:

Շրջում են վեցյակի շարժմամբ կորստյան մատնելու համար: Քո բարձրության համեմատ դու մեծություն տո՛ւր. քանզի Աստծո որդիներ պիտի կոչվեն՝ գերազանցություն ունենալով մահվան հանդեպ: Եբրայերենում ասվում է, թե շուրջբոլորը բլուրների պես պատել են Եդոմի լրբությունները, ինչպես որ ասում են, թե Եսավի որդիները լրբացան, Աֆրոդիտե լրբի արձանը կանգնեցրին և այնտեղ տղամարդիկ ու կանայք խայտառակ էին լինում:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

03.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․