Գրքեր

Սաղմոս ԿԴ

Ի կատարած. սաղմոս Դավթի. Երեմիայի, Եզեկիելի և ժողովրդի օրհնությունն է, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից:

Այս վերնագիրը թարգմանիչները չեն դրել, այլ ուրիշներն [են ավելացրել], ըստ իրենց մտքի, քանզի Երեմիան չգնաց Բաբելոն և ոչ էլ դուրս եկավ այնտեղից: Ուստի սա ի դեմս այնտեղ գտնվող գերիների է, որ ասում էին, թե ինչո՞ւ օրհնությամբ օրհներգենք Տիրոջը օտար երկրում. նրանք ասում են.

1. Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիովն. և քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Աստվա՛ծ, քեզ վայել է օրհնություն Սիոնում, և քեզ աղոթք պիտի մատուցվի Երուսաղեմում:

Եզեկիայի տնից՝ Ասորեստանի կործանման համար: Եվ քեզ աղոթք պիտի մատուցվի. քանզի Բաբելոնից նվերներ և աղոթքներ են ուղարկում Երուսաղեմ: Նաև ասվում է, թե երբ Դավիթը Աբեդդարի տնից տապանակը Երուսաղեմ տարավ, որն ասում էին, թե հեթանոսների մոտ էր, այս [սաղմոսն] ասաց. Աստվա՛ծ, քեզ վայել է օրհնություն Սիոնում  և Երուսաղեմում, այլ ոչ թե լոկ մի մարդու տանը: Այստեղ նկատի ունի նաև եկեղեցին, որտեղ հեթնոսները նույնպես մատուցում են և ասում. քեզ վայել է, այլ ոչ թե կուռքերին և ոչ էլ մեհյաններին: Նաև՝ վերին Սիոնում, սուրբ դիտարանում և Երուսաղեմում՝ ճշմարիտ խաղաղության վայրում, քանզի ասում է, թե այնտեղ կմատուցենք:

2. Լո՛ւր աղօթից իմոց, զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Լսի՛ր աղոթքս, քանզի քեզ մոտ է գալու ամեն մարմին:

Ամեն մարմին ասելով նկատի ունի այնտեղ իմանալի, բանական մարմինները՝ դատաստանի համար, իսկ այստեղ՝ հավատքով և Քրիստոսով յուրաքանչյուրը, որ դառնում է Քրիստոսի մարմնի մաս, ինչպես որ ասում է. «Այն օրերին իմ Հոգուց կհեղեմ իմ ծառաների վրա» (Հովել 2:29):

3. Բանք անօրինաց զօրացան ի վերայ մեր, զամբարշտութիւնս մեր դու քաւեսցես:

Անօրենների խոսքերը ծանրացան մեզ վրա, դու պիտի քավություն տաս մեր ամբարշտություններին:

Դևերի, ասորեստանցիների և բաբելոնացիների [խոսքերը ծանրացան] եկեղեցու վրա սպառնալիքներով և մարմնավոր իմաստությամբ, նաև մեր ցասման և ցանկասիրության պատճառով զորանում են չարի ներգործությունները և դժվարությամբ ենք ազատվում [դրանցից]: Դու պիտի քավություն տաս մեր ամբարշտություններին. քո գալստյամբ Քրիստոս Աստված, ըստ Եսայու. «Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում» (Ես. 53:4), և ըստ Հովհաննեսի. «Ահա՛ Գառն Աստծու, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29):

4. Երանի զոր ընտրեցեր և ընկալար, և բնակեսցեն ի գաւիթս քո:

Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակվեն քո գավիթներում:

Ընտրեցիր աշխարհի ստեղծումից առաջ՝ ըստ Առաքյալի, և ընդունեցիր հավատով, որ բնակեցնես քո գավթում՝ եկեղեցում, որը վերին գավիթն է:

5. Լցցո՛ւք մեք ի բարութենէ տան քո. սուրբ է տաճար քո՝ սքանչելի արդարութեամբ:

Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, սուրբ է քո տաճարը՝ սքանչելի արդարութամբ:

Հագենանք բարիքներից, որտեղից տրվելու է իմաստության, հանճարի, աստվածպաշտության խոսքը և այլն: Սուրբ է քո տաճարը, որտեղից սքանչելի կերպով բխելու են արդարության աղբյուրները:

6. Լո՛ւր մեզ, Աստուած փրկիչ մեր, յոյս ամենայն ծագաց երկրի, և որ ի ծով հեռի:

Լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր՝ հույս երկրի բոլոր ծագերի և հեռավոր ծովաբնակների:

Բոլոր հեթանոսների, ըստ Հակոբի, թե նա է հույսը ծովում և ցամաքում գտնվողների: Նաև երկրի բոլոր ծագեր ասելով նկատի ունի նրանց, որ երկրից էլ վեր են, որտեղ ծովն է իր անսահման իմաստությամբ և հրեղեն անդունդներն են:

7. Ո պատրաստէ զլերինս զօրութեամբ իւրով. և զգեցեալ է զօրութիւն:

Նա, որ իր կարողությամբ լեռներ է հաստատում և զորություն է հագել:

Առաքյալներն ու մարգարեները, ինչպես որ հաստատված նյութական լեռները մոմի պես կհալվեն, այդպես էլ նրանք հավիտենից կան և կմնան հաստատուն: Զորություն է հագել.  և կարող է ստեղծել, քանզի բնությամբ ունի սիրո զորությունը, իսկ պատժելու զորությունը մեղքից հետո հագավ:

8. Ո խռովեցուցանէ զմեծութիւն ծովու, և զձայն ալեաց նորա ցածուցանէ:

Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակությունը և ցածրացնում նրա ալիքների ձայնը:

Նա, ով ալեկոծում է աշխարհն առաքելական քարոզությամբ և բաժանում հավատացյալներին անհավատներից: Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը՝ արթնացնելով աշակերտների միջոցով և ցածրացնելով կռապաշտության ալիքները, որպեսզի հեթանոսները չկործանվեն:

9. Խռովեսցին հեթանոսք, և երկիցեն բնակիչք երկրի ի նշանաց քոց:

Հեթանոսները պիտի խռովվեն, և երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից:

Ինչպես որ ծով կոչեց։ Սարսափեցին առաքյալների հրաշագործություններից և դարձի եկան։

10. Յելս առաւօտու՝ ընդ երեկոյս զուարճասցին. հայեցար յերկիր՝ արբեցուցեր զնա, և բազում արարեր զմեծութիւն նորա։

Այգաբացին և երեկոյան պիտի զվարճանան։ Նայեցիր երկրին, ջրով հագեցրիր այն և բազմացրիր նրա հարստությունը։

Սիմաքոսն այսպես է թարգմանել. առավոտյան և երեկոյան քեզ օրհնություն կմատուցենք։ Այգաբացին և երեկոյան. վերջին օրը, որ երեկո է ձախակողմյանների համար և առավոտ՝ աջակողմյանների, ինչպես նաև ցնծության և զվարճության օր։ Նայեցիր երկրին,  այսինքն՝ այցելություն արեցիր իմանալի երկրին։ Հագեցրիր նրան Սուրբ Հոգու ոռոգությամբ։ Եվ բազմացրիր նրա հարստությունը, այսինքն՝ առաքինության հասկը, նաև նահատակներին, կույսերին, անապատականներին և այլոց, որոնց և մեծություն ու արմատ է անվանում։

11. Գետն Աստուծոյ լի եղև ջուրբ. պատրաստ արարեր զկերակուր նորա, զի այսպէս է պատրաստութիւն։

Աստծու գետը լցվեց ջրով. դու պատրաստեցիր նրա կերակուրը, քանզի այդպես է պատրաստությունը։

Ավետարանը լցվեց ավետյաց խոստմամբ, ինչն օրենքի հին գետը չուներ, ինչպես որ Սիմաքոսն է ասում. այցելություն արեցիր երկրին և բազմացրեցիր նրա պտղաբերությունը, և Աստծո առվակները լիացան ջրերով, այսինքն՝ առաքյալները, լցվելով Սուրբ Հոգով, դարձան ավետարանիչներ: Պատրաստեցիր նրա կերակուրը. քո մարմինն ու արյունը, քանզի այս տան մեջ դա է պատրաստությունը, որի շնորհիվ անմահանում ենք, և նրա գալստյան ժամանակ պատրաստ ենք գտնվելու:

12. Զակօս նորա արբեցուցեր, և բազում արարեր զարմտիս նորա:

Դու ոռոգեցիր նրա ակոսն ու բազմացրիր նրա արմտիքը:

Այսինքն՝ մարդու սիրտը, որ Քրիստոսի խաչի գութանով և առաքյալների լծով է շարժվում, որի արմատները բազում են, ինչպես որ ասաց. «մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր» (Մատթ. 13:23):

13. Ի ցօղել նորա զուարթ եղիցի բոյս նորա. Օրհնեսցի պսակ տարւոյ քաղցրութեան քոյ:

Քո ցողը զվարթ պիտի դարձնի նրա բույսը: Տարվա պսակը պիտի օրհնվի քո քաղցրությամբ:

Եկեղեցու վարդապետների խոսքերով զվարթանում են բույսերը, այսինքն՝ եկեղեցու մանուկները: Տարվա պսակը պիտի օրհնվի. այսինքն՝ Տիրոջ տնօրինության [լրումը]՝ համբարձումը, որ հրեշտակներն ու առաքյալները օրհնում են: Նաև նորից տարի, որ բոլորին տանում է, և այնտեղ է պսակում սրբերին՝ օրհնելով պոսակողին և քաղցրահամ կերակուրը:

14. Դաշտք քո լցցին պարարտութեամբ, պարարտասցին գեղեցկութիւնք անապատի:

Դաշտերդ պարարտությամբ պիտի լցվեն: Անապատի գեղեցկությունները պիտի փթթեն:

Հոգով աղքատները: Պարարտությամբ պիտի լցվեն, որ դաշտ ու անապատ էին, գեղեցկությամբ պիտի հերկվեն և ծաղիկներ պիտի աճեն՝ Հոգով պարարտանալով՝ դառնալով պսակ Քրիստոսի գլխի համար:

15. Բլուրք ցնծութիւն զգեցցին, և զգեցցին խոյք մաքեաց:

Բլուրները ցնծությամբ պիտի զգեստավորվեն: Մաքիների խոյերը պիտի զուգվեն:

Քրիստոնյա թագավորները, և պիտի զգեստավորվեն նույն՝ եկեղեցու ցնծությամբ: Մաքիների խոյերը հավատացյալ իշխաններն են և եկեղեցու քահանաները:

16. Հովիտք բազում արասցեն ցորեան, աղաղակեսցեն և օրհնեսցեն:

Հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն:

Վարդապետության ցորենը հեթանոսների խոնարհ հոգիները [բերեցին], ըստ գրվածքների, ինչն էլ ամբարեցին եկեղեցու սուրբ վարդապետները, որով աղաղակում ենք. աբբա հայր և օրհնում հավիտենական Աստծուն, նույնիսկ ասողների անուններն են օրհնություն աղաղակում և փառաբանում Քրիստոսին: Ոմանք այս ասվածները հանդերձյալ կյանքին են վերագրում, և գետն էլ, ասում են, թե Հորդանանն է՝ լցված ջրով, ինչը սակայն, հավանական չէ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

10.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․