Սաղմոս ԽԱ | Saghmos Kha



Գրքեր

Սաղմոս ԽԱ

Ի կատարած. սաղմոս Դավթի. Կորխեի որդիների իմաստությունը: Ղևտացիները կարողանում էին իմաստությամբ եղանակ դնել և տիրապետում էին տների արվեստին: Բայց սաղմոսի էությունն այլ է. ասված է հրեաների Բաբելոնում գերության մեջ գտնվելու ժամանակ՝ յոթանասուն տարի, որտեղից ցանկանում էին դուրս գալ: Նաև ասում են, թե Դավիթն այս սաղմոսն ասաց իր՝ Մովաբի անապատում գտնվելու ժամանակ:

1. Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ, Աստուած:

Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ ես քեզ եմ փափագում, ով Աստված:

Սակայն, սա ասված է Դավթի կողմից, երբ վերադառնում էր Ռուբենի և Գադի շրջաններից՝ շրջելով Թաբորում և Հերմոնում և ցանկանում էր Տիրոջ տապանակի մոտ գալ՝ ասելով. ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, և ինչպես որ բոլոր սրբերը և իմանալի եղջերուները փափագում են վերին Երուսաղեմին: Քանի որ եղջերուները օձեր և ճիճուներ են ուտում և ծարավում են, այդպես էլ, ասում է, սրբերն են, մինչև Քրիստոսի գալուստը կրում են բնության վշտերը և հալածվում օձակերպ ցանկություններից:

2. Ծարաւի է անձն իմ առ քեզ Աստուած, հզօր և կենդանի. ե՞րբ եկից երևեցայց երեսացդ Աստուծոյ:

Հոգիս ծարավ է քեզ, Աստված հզոր և կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ:

Հակառակ հեթանոսական կուռքերի, որոնք տկար են և մեռած: Ե՞րբ պիտի գամ. քանի որ դու ամենուր ես, իսկ մենք, որ հեռացանք, կգանք այն ժամանակ, երբ խոնարհվես և ցույց տաս քեզ: Հոր երեսը Որդին է և նրա միջոցով ենք տեսնում Հորը:

3. Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուէ և ի գիշերի. և այն զի ասէին ցիս զօրհանապազ, թէ ո՛ւր է Աստուած քո:

Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնվեցի, քանզի ամեն օր ինձ ասում էին. «Քո Աստվածն ո՞ւր է»:

Բաբելոնում իրենց կերակուրը լացելով էին ուտում, Դավիթն էլ՝ Հորդանանում, իսկ սրբերը Հիսուսին էին փափագում: Նաև այն արցունքերը, որ Աստծու սիրուց են առաջանում, կերակրի պես մխիթարում են մարդուն:  Զղջացողին խորհուրդներն ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը, որ մեղքերի պատճառով հեռացրեցիր քեզանից», ձեր մեղքերն են, ասում է, բաժանում մեզ իրարից: Քաղդիացիների գերիներին կարող էին այսպես ասել, թե «Ո՞ւր է ձեր Աստվածը», իսկ Դավթին՝ իրեն ատողները և մեր բնությանն էլ՝ դևերը:

4. Զայս որպէս յիշէի, տառապէր յիս անձն իմ. քաջալերէի զի մտից ընդ յարկաւ սքանչելեաց տանն Աստուծոյ:

Դա հիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերվում էի, որ պիտի մտնեմ Աստծո տան սքանչելի հարկի տակ:

Բաբելոնում քաջալերում էին մարգարեները, իսկ Դավիթը՝ իր օծման հույսով, մեր բնությունն էլ՝ ավետյաց խոստմամբ: Աստծո տան սքանչելի հարկը նրանց համար տաճարն էր և տապանակը, որին բաղձում էին, իսկ մեր բնության համար՝ եկեղեցին է:

5. Ի ձայն ցնծութեան խոստովանութեան. և ի ձայն բարեկենդանութեան:

Ցնծության ու օրհնության ձայնով և ձայնով բարեբանության:

Սաղմոսների ձայնով՝ Աստծո անվան խոստովանությամբ, տոնախմբություններով և բարեբանությամբ տաճար մտնելով: Մեզ համար նաև այնտեղ է, որի մասին ասաց. «Գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ» (Հովհ. 14:3):

6. Արդ՝ ընդէ՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է:

Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. հույսդ դի՛ր Աստծո վրա, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստված է:

Զգացությունը տրտմության նման է, որ գիտե այն բանի պակասությունը, ինչ ցանկանում է, դեղը՝ հույսն է և խոստովանությունը: Իմ անձը փրկողն Աստված է, որ փրկում է ինձ ամոթից և արտասուքից:

7. Անձն իմ յոյժ խռովեցաւ. վասն այսորիկ յիշեցի զքեզ յերկրէն Յորդանանու, ի Հերմոնէ ի լեռնէ փոքուէ:

Հոգին իմ խիստ խռովվեց, դրա համար քեզ հիշեցի Հորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից:

Չկարողանալով մխիթարություն գտնել՝ քեզ հիշեցի: Այն գերին էր հիշում, երբ գալիս էր Եգիպտոսից և պատվով էր անցել Հորդանանը և հանգիստ առել Հերմոնի լեռներում: Դավիթն իրար է միացնում իրենը և մերը, որ առաջին սրբերի՝ կարոտյալ Հորդանանի և Հերմոնի խորհրդով, որը թարգմանվում է՝ ճանապարհի լույս, ցույց է տալիս Տիրոջ մկրտության խորհուրդը, որ մեզ համար լույս եղավ և երկինք հասնելու լուսավոր ճանապարհ: Հերմոն լեռը Թաբորից փոքր է, ինչպես որ փոքր էր Հովհաննեսն իր Տիրոջից, որ նախապես ինքն էր մկրտում, մինչև որ փայլեց Քրիստոսը՝ Արեգակը՝ իմանալի լույսը:

8. Խորք ի խորոց կարդացին առ քեզ, ի ձայն սահանաց քոց:

Անդունդից քեզ կանչեցին քո հորձանքների ձայնով:

Երբ Եգիպտոսից էին գալիս, ծովերի անդունդները լսեցին Աստծո ձայնը և ճանապարհ տվեցին Իսրայելին: Եվ Հորդանանը նույնպես հորձանքների ձայնով և հնչմամբ, ինչպես որ Նոյի ժամանակ երկնքի և երկրի սահմանները բացվեցին, որոնց միջև սահման էր հաստատված, կանչում էին, թե՝ դու կարող ես փոխել քո դրած սահմանը, քեզ ենք հնազանդվում: Իսկ մտքի համար Աստծո խորհրդավոր խորհուրդներն էին բացվում, որոնց խորությունն անհասանելի ծովի խորքերից էլ շատ է և Տիրոջ մկրտության ժամանակ փակված երկինքը բացվեց փակող և բացող, սահմանադիր Հոր ձայնից: Ոմանք ասում են, թե երբ Դավիթը Հորդանանում էր գտնվում, փղշտացիների վրա սաստիկ կարկուտ և հորդառատ անձրև տեղաց, այդ պատճառով էլ ասաց.

9. Ամենայն զբօսանք քո, և ալիք քո անցին ի վերայ իմ:

Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով:

Կոհակները ցնորքներն են, իսկ ալիքները՝ գերության մեջ գտնվողի տառապանքներն ու Դավթի փախուստը, իսկ մեր բնության համար Ադամից ստացած դատավճիռը: Դարձյալ՝ կոհակները խնդալից, իսկ ալիքները՝ տրտմագին դիպան Դավթին, ինչպես նաև մեր բնությանը:

10. Ի տուէ պատուիրեաց Տէր զողորմութիւն իւր, ի գիշերի զօրհնութիւն նոր. և աղօթք իմ առ Աստուած վասն կենաց իմոց:

Ցերեկը Տերն իր ողորմությունը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգություն. ես աղոթում եմ Աստծուն իմ կյանքի համար:

Արեգակը ծագեցնելով թե՛ բարիների և թե՛ չարերի վրա: Գիշերը՝ նոր օրհներգություն. աշխատանքն ավարտելով քնով և նոր ուժ ստանալով, նոր օրհնություն մատուցել Աստծուն, ինչպես որ անում էր Դավիթը: Իսկ գերիի համար գիշերային գերությունը ցերեկվա պես է, ինչպես որ Դանիելն ու երեք մանուկներն Աստծո հրաշքով փայլեցին և թեև աղոթում էին Նաբուգոդոնոսորի համար, դա նաև իրենց կյանքի համար էր, որպեսզի ապրեին նրա շնորհիվ և ազատագրվեր Երուսաղեմը: Իսկ մենք օրհներգում ենք Քրիստոսին մեր հավիտենական կյանքի համար, որպեսզի հաշտվի մեզ հետ և ապրի մեր մեջ, ինչպես Պողոսի: Դարձյալ ցերեկ էր, որ Տերն ասաց. «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ» (Մատթ. 9:13): Եվ գիշերվա մեջ կդառնանք իմաստուն կույսեր, երբ լսենք այն ձայնը, թե գալիս է փեսան և նոր օրհնություն կմատուցենք:

11. Ասացի Աստուծոյ՝ ընդունելի իմ ես. ընդէ՞ր մերժեցեր զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ:

Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»:

Ոչ թե մեղադրելով է ասում, այլ՝ դժբախտության մեջ ընկած ժամանակ է այսպես ասում: Եվ ասում է, թե ինձ Երուսաղեմ կընդունես:

12. Ի փշրել ոսկերաց իմոց նախատեցին զիս թշնամիք իմ. յասել ցիս զօրհանապազ, թէ ո՞ւր է Աստուած քո:

Երբ ոսկորներս փշրվեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամեն օր ասելով. «Քո Աստվածն ո՞ւր է»:

Որովհետև ցրվեցին Բաբելոնով և աշխարհով մեկ, ըստ այնմ, թե՝ «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են» (Եզեկ. 37:11): Որ ասում են, թե մեր ոսկորները ցրվեցին, հույսը մարեց և մեռանք, իսկ բաբելացիներն ասում էին, թե ուր է ձեր Աստվածը, որ խոստացավ վերադարձնել ձեզ, և ինչու չեք պաշտում մեր աստվածներին:

13. Արդ՝ ընդէ՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է:

Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. հույսդ դի՛ր Աստծո վրա, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստված է:

Ինչո՞ւ է կրկին խոսում անձի մասին. առաջինը՝ նախ Տիրոջ գալստյան մասին և հուսով մկրտությամբ, երկրորդ՝ որ աղտեղացանք, և ասում ենք, թե հույսն այն է, որ ձրի տրվեց և ապաշխարության տքնությունը կընդունվի և սա է հույսը: Որովհետև, երբ իր արյունը տվեց այն դեպքում, երբ չէինք խնդրել, ապա եթե խնդրենք, ինչպես չի տա իր ողորմությունը: Խոստովանելը նույնպես երկակի է լինում, նախ՝ դավանել Աստծուն այնտեղ և այստեղ խոստովանել մեղքերը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

29.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․