20 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Սաղմոս ԽԶ

Ի կատարած Սաղմոս Դավթի Կորխի որդիների մասին: Բոլոր մեկնիչներն այս սաղմոսը վերագրում են առաքյալներին, իսկ Եփրեմը՝ Եզեկիային և Գոգին:

1. Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան:

Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն:

Հեթանոսներին հրամայում է ծափահարել, այսինքն՝ գործով ուրախացնել Հոգուն: Նորից՝ ձեռքը հոգու և մարմնի բախումն է հավատքի և գործերի հետ: Աղաղակելով, այսինքն՝ գոհություն հայտնելով, քանզի մտքով են աղաղակում:

2. Տէր բարձրեալ և ահարկու, թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի:

Տերը բարձրյալ և ահարկու է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա:

Քանզի նայում է երկրին և վերջինս դողում է, ինչպես որ առաքյալներն ուսուցանեցին: Մեծ թագավոր է, թեև երկրի վրա թագավորներ կան, սակայն դրանք բուն թագավորը չեն:

3. Հնազանդ արար զժողովուրդս ընդ մեզ, և զհեթանոսս ի ներքոյ ոտից մերոց:

Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, և հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց:

Նախքան այս հեթանոսներին ավետիս տրվեց, իսկ այստեղ գոհություն են մատուցում առաքյալները, քանզի Աստված հնազանդեցրեց նրանց, ովքեր հեթանոսներից Քրիստոսի ժողովուրդը եղան: Հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց, այսինքն՝ դևերին, ինչպես որ իշխանություն տվեց տրորել օձերին և կարիճներին, որովհետև հեթանոսություն անունը դևերի վրա մնաց, իսկ նրանք Քրիստոսի ժողովուրդը դարձան՝ նրա շուրջ համախմբվելով:

4. Ընտրեաց զմեզ իւր ի ժառանգութիւն, գեղեցկութեանցն Յակովբայ՝ զոր և սիրեաց:

Ընտրեց մեզ համար որպես ժառանգություն իրեն՝ Հակոբի վայելչությունը, որին նա սիրեց:

Հեթանոսներն են այսպես գոհություն հայտնում, որ տվեց Հայրը Որդուն, և Որդին էլ ընտրեց իրենց ու հավանեց: Հակոբի վայելչություն ասելով նկատի ունի Հակոբի մարգարեությունը, որ ասաց. «Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից» (Ծննդ. 49:10): Հակոբի վայելչությունը, այսինքն՝ թագավոր Հիսուսի բոլոր տնօրինությունները տեսանք, որ սիրեց նրան Հայրը, որ մեր հույսը եղավ և տեսնելով իմացանք, որ բոլոր մարդկանց որդիների միջից ամենագեղեցիկն է:

5. Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, և Տէր մեր ձայնիւ փողոյ:

Աստված բարձրացավ օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով:

Տնօրինությունը կատարելուց հետո օրհնեց առաքյալներին և համբարձվեց: Շեփորի ձայն ասելով նկատի ունի հրեշտակների ձայնը, ինչպես նաև այն, որ առաքյալները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ:

6. Սաղմո՛ս ասացէք Աստուծոյ մերում, սաղմո՛ս ասացէք թագաւորին մերում, սաղմոս ասացէք:

Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք:

7. Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է, սաղմո՛ս ասացէք նմա իմաստութեամբ:

Ամբողջ երկրի մեծ թագավորն Աստված է, սաղմո՛ս երգեցեք նրան իմաստությամբ:

Սաղմոս՝ թագավոր Հորը, սաղմոս՝ թագավոր Քրիստոսին և սաղմոս՝ Ամենասուրբ Հոգուն, որ թագավորեց բոլոր հեթանոսների վրա՝ առաքյալների միջոցով հայտնելով Հորը և Որդուն: Սաղմոս ասացեք երեք անձերին և մի աստվածությանը՝ իմաստությամբ, մտքով, այլ ոչ թե տաղով և քնարով, ինչպես հնում էր [ընդունված]:

8. Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց. Աստուած նստաւ յաթոռ սրբութեան իւրոյ:

Աստված թագավորեց հեթանոսների վրա, Աստված բազմեց իր սրբության գահին:

Որ Աբրահամի զավակից մարդացավ, քանզի նախապես չգիտեին նրան և դևերն ու մեղքերն էին թագավորում: Աստված նստեց իր հայրական աթոռին, որից երբեք չէր հեռացել: Սա նաև խորհրդանշում է հեթանոսների եկեղեցին, և հանդերձյալում՝ [վերջին] դատաստանը:

9. Իշխանք ժողովրդոց ժողովեցան առ Աստուած Աբրահամու, զի Աստուծոյ զօրութիւնք յերկրէ յոյժ համբարձան:

Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծո մոտ, քանզի Աստծո զորությունները շատ բարձրացան երկրից:

Առաքյալները [հավաքվեցին] Աբրահամի Աստծո՝ Հիսուսի մոտ, այստեղ՝ Ձիթենյաց լեռան վրա, երբ համբարձվում էր, և զորությունները, որ այստեղ սպասավորում էին նրան, նրա հետ համբարձվեցին: Նաև՝ շատ բարձրացան [առաքյալները], քանզի իրենց ուսուցչից վերին դասերի մասին սովորեցին: Եվ իշխանները՝ առաքյալները, հանդերձյալ կյանքում հավաքվելու են դատավորի շուրջը և քանի որ Աստծո զորություններն էին, ապա բարձրացան երկրից ու նստելու են տասներկու աթոռների վրա:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

12.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․