Գրքեր

Սաղմոս ԿԹ

Այսուհետև՝ սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան: [Բնագրում] սաղմոսը վերջում է դրված, սակայն իր մասին է Դավիթն ասում սա, երբ փախել էր Աբիսողոմից, նաև Զորաբաբելի մասին է, և մեր բնության. աղոթում է Դավիթն ու ասում.

1. Աստուած, յօգնել ինձ նայեա՛ց. և Տէր յընկերել ինձ փութա՛:

Աստվա՛ծ, ինձ օգնության հասիր. Տե՛ր, փութա՛ ընկերակցել ինձ:

Միայն քո հայացքին եմ կարոտ, ասում է, և եթե գաս, կլինես մեր ընկերն ու մարդու Որդին, որպեսզի մենք էլ տեսնենք քեզ:

2. Ամաչեսցեն և յամօթ լիցին, որ խնդրէին զանձն իմ. դարձցին յետս և ամաչեսցեն, ոյք խորհէին ինձ չար:

Թող խայտառակվեն ու ամոթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգվեն իմ մասին չար խորհողները:

Գոգը և դևերը, որոնք ցանկանում են կործանել մարդկանց հոգիները:

3. Դարձցին առ ժամայն ամաչեցեալ, որ ասէին ինձ վա՜շ վա՜շ:

Թող իսկույն խայտառակված ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ-վա՜շ էին ասում:

Որպեսզի հասկանան, որ երկյուղը Տիրոջից է, և իսկույն, ովքեր որ [այդպես] էին ասում, ինչպես Սեմեն, Աքիտոբելը և ուրիշ շատերը:

4. Ցնծասցեն և ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, որ խնդրեն զքեզ, Տեր:

Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր:

Քուսին և Եթթին, և ովքեր նրանց պես են, ինչպես նաև հրեշտակները, երբ մենք դեպի Հայրն ենք դառնում:

5. Ասասցեն յամենայն ժամ, մեծ է Աստուած. և ոյք սիրեն զփրկութիւնս քո:

Քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստված»:

Ովքեր հեթանոսությունից են եկել ինձ մոտ, Դավիթն է այսպես ասում, նաև Քրիստոսին  տեսնելով են այսպես ասում, հրեշտակներն են այդպես ասում, ովքեր ցանկանում են մեր բնության արդարանալը, և քո բոլոր սրբերը, որ սիրում են Քրիստոսիդ:

6. Ես աղքատ և տնանկ եմ, Աստուած, օգնեա՛ ինձ, օգնական և փրկիչ իմ ես և Տէր իմ, մի՛ յամենար:

Ես աղքատ և տնանկ եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր:

Աղքատ, այսինքն՝ հոգով եմ աղքատ, և տնանկ, քանզի ընկա դրախտից, հրեաները՝ Սուրբ Գրքից և տաճարից, իսկ Դավիթը՝ Երուսաղեմից և տապանակից: Կարոտ եմ քո օգնությանը, իմ օգնականն ու հույսը դու ես, և դու, Աստված իմ, մի՛ ուշացիր, որովհետև դու երկայնամիտ ես, իսկ մենք՝ պակասամիտ, դու հավիտենական ես, իսկ մենք՝ քիչ օրեր ունեցող:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

17.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․