23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Սաղմոս ԼԴ

Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ հալածվում էր Սավուղի կողմից, երգեց սա, հիշում է նաև Դովեկին ու զիփացիներին: [Այդ ժամանակ] նաև եդոմացիներն էին պատերազմում Դավթի դեմ: Մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին և նաև նրանց մասին, ովքեր կանչում են Հորը, սա մարգարեություն է նաև առաքյալների մասին:

1. Դատեա, Տէր, զայնոսիկ, ոյք դատին զիս. մարտիր ընդ այնոսիկ, որ մարտնչին ընդ իս:

Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ:

Արդարն է խնդրում սա, քանզի Աստծուն է դիմում, որ դատի, և ինքը չի շտապում դատել: Նաև մեր բնությունն է Քրիստոսի մոտ տանում՝ մեր փոխարեն դատելու համար:

2. Ա՛ռ զզէն և զասպար քո, և արի՛ յօգնել ինձ. հան զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց, արգե՛լ զնոսա. և ասա՛ դու զանձն իմ, թէ փրկութիւն քո ես եմ:

Ա՛ռ զենքն ու զրահը քո և հասի՛ր ինձ օգնության: Սուրդ հանի՛ր ընդդեմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց և ասա՛ ինձ, թե՝ «Քո փրկությունը ես եմ»:

Ո՛չ զենքի կարիք ունի և ո՛չ էլ վահանի, քանզի Աստծո մոտ զենք ու վահան չկա, այլ՝ Աստծո խոսքին է կանչում, որ ասում է և լինում, և տանջող զորությանը: Դարձյալ՝ զենքն աստվածությունն է, իսկ վահանը՝ մարմինը, որ խնդրում է ստանալ և ցույց է տալիս, թե տկար ու թույլ մարմին չէր, այլ մենք այդպես դարձրինք այն: Եվ որպես վահան իր վրա է վերցնում նետը և չի ապականվում, այլ կանգնեցնում է նետի զորությունը, նույնպես նաև չարչարանքների ցավը չվնասեց [չապականեց] Տիրոջ մարմինը և աստվածությանը չհասավ: Սուրդ հանի՛ր. այսինքն՝ Աստծո խոսքը «որ ավելի հատու է, քան ամեն մի երկսայրի սուր» (Եբր. 4:12), իսկ զենքը խաչն է: Եվ ասա ինձ, թե՝ «Քո փրկությունը ես եմ», այլ ոչ թե հրեշտակը կամ մարդը:

3. Ամաչեսցեն և յամօթ լիցին՝ ոյք խնդրէին զանձն իմ. դարձցին յետս և ամաչեսցեն, որ խորհէին ինձ չար:

Թող խայտառակվեն և ամոթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները:

Հայտնի է, որ  հետապնդում են և չար են կամենում սատանան և դևերը, բայց չկարողացան խափանել մարդկային հոգուն Աստծո մոտ գնալ, քանզի Աստված նրան թույլ չէր տա դա անել, ինչպես որ Հոբի համար ասաց, թե՝ «Նրա հոգուն չմոտենաս», բայց մարմինը չարչարեցին:

4. Եղիցին նոքա որպէս փոշի առաջի հողմոյ. և հրեշտակ Տեառն նեղեսցէ զնոսա:

Նրանք թող վերածվեն հողմից քշվող փոշու, և թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց:

Նրանք թող վերածվեն հողմից քշվող փոշու՝ հռոմեացիների միջոցով, երբ Տիրոջ հրեշտակը հավատացյալներին հանեց Երուսաղեմից, ապա նոր նրանց վրա նեղություններ ուղարկեց:

5. Եղիցին ճանապարհք նոցա ի խաւար և ի գայթագղութիւն և հրեշտակ Աստուծոյ հալածեսցէ զնոսա:

Նրանց ճանապարհը թող խավար լինի ու սայթաքուն, և Աստծո հրեշտակը թող հալածի նրանց:

Սավուղի և հրեաների ճանապարհները, որով ցանկացան ընթանալ, իրենց համար խավար եղավ և որոգայթ: Եվ Աստծո հրեշտակը թող հալածի ինչպես ասորիներին, ինչպես Եգիպտոսի սատակիչներին: Նաև դիվական պատերազմները, որ օդում դևերը մարտնչում են հոգիների հետ՝ մահվանից հետո, և հրեշտակներին խնդրում է չարչարել դրանց և հալածել: Եվ այդ մեռելներն են ասում.

6. Ի նանիր թագուցին ինձ որոգայթ յապականութեան իւրեանց, և ի նանիր նախատեցին զանձն իմ:

Իզուր որոգայթ լարեցին իմ դեմ իրենց ապականությամբ, և իզուր նախատեցին ինձ:

Նրանք, ովքեր իմ դեմ որոգայթ լարեցին, անօգուտ էր և իզուր, և դա նրանց համար կործանման պատճառ հանդիսացավ:

7. Հասցէ ի վերայ նոցա որոգայթ, զոր ոչ գիտացին. և որս՝ զոր թագուցին, առցէ զոտս նոցա. և յորոգայթ ի նոյն անկցին:

Նրանց վրա կհասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք, իրենց թաքցրած թակարդը կբռնի ոտքը նրանց, և նրանք կընկնեն այդ որոգայթի մեջ:

Չգիտեն, որ իրենց անձերն են բռնվելու:

8. Այլ անձն իմ ցնծասցէ ի Տէր. ուրախ եղիցի ի փրկութեան նորա. և ամենայն ոսկերք իմ ասասցեն, Տէր ո՞ նման է քեզ:

Իսկ հոգիս կցնծա Տիրոջով, ուրախ կլինի նրա տված փրկությամբ: Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման»:

Երբ ազատվեն հոգիները դժոխքից: Բոլոր ոսկորները. այսինքն՝ ինձ հավատացողները: Տե՛ր, ո՞վ է քեզ նման. քանզի ոչ ոք չարեց այն ամենն, ինչ ես արեցի, այդ պատճառով էլ Հայրն ինձ լսում է: Իսկ Հուդայի տունը, որ սիրում էր Դավթին, ասում է. «Մենք քո ոսկորը և քո մարմինն ենք» (Բ. Թագ. 5:2):

9. Զի փրկեաց զաղքատն ի ձեռաց հզօրի, զաղքատն և զտնանկն յայնցանէ, որ յափշտակեն զնա:

Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, և խեղճին ու տնանկին՝ իրենց հափշտակողներից:

Դավթին՝ բռնակալ Սավուղից և մեր բնությունը՝ սատանայի ձեռքից:

10. Յարեան ի վերայ իմ վկայք չարեաց. զոր ինչ ոչ գիտէի՝ հարցանէին զիս:

Իմ դեմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղյակ էի:

Դովեկը և զիփացիները և սուտ վկաները՝ Տիրոջ դեմ, մի մասն ասում էր, թե արգելում է մեզ հարկ տալ կայսրին, մյուսներն էլ այլ բաներ էին ասում: Հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղյակ էի. և նրանց ասաց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը» (Հովհ. 8:19), քանզի ո՛չ գիտեին, որ նա Աստված է և ո՛չ էլ մարգարեներին էին հավատում: Նաև նրանք, ովքեր հարցաքննում էին նրան ասելով՝ «քո Տեր Աստվածը քո մեջ է», չցանկացան ճանաչել նրան:

11. Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ. անժառանգել զանձն իմ խորհեցան յորդւոց ի մարդկանէ:

Բարու փոխարեն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ:

Գողիաթին սպանեցի, բայց դրա փոխարեն նրանք հալածեցին ինձ և չարությամբ հատուցեցին, սակայն Տերը բազում բարերարություն ցուցաբերեց: Անժառանգ թողնել. այսինքն՝ ջնջել Դավթի ազգը, այդ պատճառով էլ Տիրոջ մասին ասում էին, թե սա է ժառանգը, եկեք սպանենք նրան:

12. Ես ի նեղել նոցա քուրձ զգենուի. խոնարհ առնէի պահօք զանձն իմ. և աղօթք իմ ի ծոց իմ դարձցին:

Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, և իմ աղոթքներն ինձ վերադարձան:

Երբ ինձ հալածում էին, ես քուրձ հագած աղոթում էի, որովհետև դա հալածանքների ժամանակ դեղ է, ինչպես Եզեկիայի դեպքում էր: Եվ երբ նրանք էին նեղության մեջ ընկնում, ես նորից պահքով և քուրձով սգակից էի լինում նրանց: Տերն էլ Ադամին հագցրեց ձախողակի տրտմությունը, որը մինչև իր մահը կրեց, քանզի քուրձն այծից են ստանում՝ կորստյան մատնվածների համար, որոնք այծերի նմանվեցին: Նաև մարմնի համար է ասում, որ մեզ համար մեծ ու տանջարար գործ է քաղցով, ծարավով, տքնությամբ և պահեցողությամբ հաղթել չարին: Եվ իմ աղոթքներն ինձ վերադարձան. այսինքն՝ եկեղեցին, ինչպես որ ասում է. «Հայր…կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն» (Հովհ. 17:24)՝ դրախտի ծոցում, քանզի բարեկամները ծոցում են գտնվում, իսկ Դավթի ծոցում իր գաղտնի բարեկամներն էին:

13. Որպէս զեղբայր և զընկեր՝ այսպէս հաճոյ լինէի. որպէս սգաւոր և տրտում, այնպէս խոնարհ առնէի:

Եղբոր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգավորի ու վշտացյալի պես՝ խոնարհ:

Սավուղի ուրախությամբ ուրախանում էր նրա հետ և վշտի ժամանակ՝ սգում, և Տերն էլ խոնարհվելով լացեց Երուսաղեմի համար:

14. Ի վերայ իմ ուրախ եղեն՝ և ժողովեցան. ժողովեցան յիս տանջանք, և ես ոչ ծանեայ. ցրուեցան, և ոչ զղջացան:

Հավաքվեցին ու չարախնդացին ինձ վրա. տանջանքներ կուտակեցին իմ դեմ, և ես չիմացա. նրանք ցրվեցին, բայց չզղջացին:

Սավուղի բոլոր կողմնակիցները շատ անգամներ գաղտնի չարախնդացին Դավթի վրա, նաև Աստծո վրա: Ցրվեցին, բայց չզղջացին. երբ Տիրոջը բռնեցին, ցրվեցին, «ետ-ետ գնացին և գետնին ընկան» (Հովհ. 18:6): Եվ նորից, այն բոլոր տանջանքները, որ մենք պետք է ընդունեինք մեր վրա, Տիրոջ դեմ կուտակեցին, բայց նա ոչ մի մեղք չուներ, քանզի Աստված էր:

15. Փորձեցին զիս և արհամարհեցին արհամարհանօք. կրճտեցին ի վերայ իմ զատամունս իւրեանց. Տէր, ե՞րբ տեսցես:

Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտացրին իմ դեմ: Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի տեսնես:

Ո՞վ է Հեսսեի որդին. և Տիրոջ մասին, թե՝ սամարացի է և հյուսնի որդի է: Կրճտացրին, քանզի գազանական բարքեր էին ձեռք բերել: Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի տեսնես, այսինքն՝ մինչև երբ պիտի երկայնամիտ լինես՝ անտեսելով այդ ամենը:

16. Ի բա՛ց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա, և առիւծուց զմիամօրութիւն իմ:

Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկությունից, և միամորիկիս՝ առյուծներից:

Որովհետև ջանում են տարբեր միջոցներ գործածել: Առյուծներից, այսինքն՝ Հերովդեսից և Պիղատոսից: Միամորիկիս, որովհետև, ըստ Երգի, իր մոր՝ ընտրյալ ծնողի և Կույսի միակն է: Նաև եկեղեցին է խնդրում պահպանել առյուծից, որ մռնչում է և փորձում է կուլ տալ: Միամայր է կոչվում նաև ավազանը՝ ամբողջն իր մեջ բովանդակելով:

17. Խոստովան եղէց քեզ, Տէր, յեկեղեցիս մեծս. և ի ժողովս բազմաց օրհնեցից զքեզ:

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, մեծ հավաքներում և ժողովրդի բազմության մեջ պիտի օրհներգեմ քեզ:

Թե՛ ծովում և թե՛ ցամաքում:

18. Մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ, ոյք ատէին զիս ի տարապարտուց. ակնարկի առնէին յիս աչօք իւրեանց:

Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի և իրար աչք էին անում ինձ համար:

Իմ կորուստն ուրախություն է իրենց համար: Առանց պատճառի. միայն բարիք էի նրանց արել և ոչ մի հանցանք չէի գործել նրանց հանդեպ: Իրար աչք էին անում. խեթ հայացքով էին նայում, աչքով էին անում միմյանց՝ ուրիշներին մատնելով, որ չարիք գործեն իմ հանդեպ:

19. Ընդ իս զխաղաղութիւն խօսէին. և ինքեանք բարկութեամբ զնենգութիւն խորհէին:

Հետս խաղաղությունից էին խոսում, բայց իրենք զայրացած՝ նենգություն էին խորհում:

Սավուղը Դավթին՝ որդյակ կոչելով, հրեաներն էլ Տիրոջ հետ էին խաղաղությունից խոսում, իսկ սատանան էլ՝ մեղքերի առիթ տալով:

20. Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, և ասացին՝ այո՛ այո՛ տեսին աչք մեր:

Բացին ինձ վրա բերաններն իրենց և ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»:

Տառապանքի ժամանակ բացեցին, այլ ոչ թե աղոթելու և Աստծուն փառաբանելու ժամանակ, քանզի չունեին Աստծո Հոգին, որ ասեին, թե Տիրոջ վրա է հույսը և երկնչեին նրանից: Այդպես էին ասում Դավթի վրիպման դեպքում Սավուղի կողմնակիցները, իսկ մեր բնության վրա ուրախանում են դևերը և չարախնդում նրանք, ովքեր վայի են արժանի:

21. Տեսեր, Տէր, և մի՛ լռեր, Տէր մի՛ ի բացեայ առնիր յինէն:

Տե՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տե՛ր, մի հեռացի՛ր ինձանից:

Դավթի հանդեպ նրանց բոլոր արարքները տեսավ Տերը: Տերը նաև հրեաների համար էր Հորը դիմում՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր դրանց» (Ղուկ. 23:34):

22. Զարթի՛ր և հայեա՛ց, Տէր, յիրաւունս իմ. Աստուած իմ և Տէր իմ, ի դատաստանս իմ. և իրաւ արա ինձ ըստ արդարութեան քում, Տէր Աստուած իմ:

Զարթնի՛ր, Տեր, նայի՛ր իմ իրավունքին ու արդարությանը, Աստվա՛ծ իմ և Տե՛ր իմ:

Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարության, ո՛վ Տեր իմ Աստված:

Կելնես և իմ արդար դատաստանը կտեսնես թշնամիներիս հետ:

23. Մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ, և մի՛ ասասցեն ի սիրտս իւրեանց, թէ վա՛շ վա՛շ անձանց մերոց, զի ընկլուզաք զնա:

Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով: Եվ չասեն իրենց մտքում. «Երնե՛կ, երնե՛կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»:

Թող հպարտանալով չպարծենան, թե խորտակեցինք ու կործանեցինք նրան:

24. Ամաչեսցեն և յամօթ լիցին, ոյք խնդային ընդ չար իմ. զգեցցին զամօթ և զանարգանս՝ ոյք մեծաբանէին ի վերայ իմ:

Թող խայտառակվեն ու ամոթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դեմ մեծախոսողները:

«Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը» (Մատթ. 27:40):

25. Ցնծասցեն և ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, ոյք կամին ընդ արդարութիւն իմ:

Բոլոր նրանք, ովքեր իմ արդարությունն են կամենում, թող ուրախությամբ ցնծան քեզնով:

[Ցնծում և ուրախանում են] հրեշտակներն ու արդարները՝ տեսնելով արդարացած մարդկանց:

26. Ասասցեն յամենայն ժամ, մեծ է Աստուած. և ոյք կամին զխաղաղութիւն ծառայի քո:

Քո ծառայի խաղաղությունը ցանկացողները թող միշտ ասեն. «Մեծ է Աստված»:

Թող Դավթի բարեկամները և Տիրոջը հավատացողները ստանան այն խաղաղությունը, որ խոստացավ տալ առաքյալներին, երբ դեռ մարմնի մեջ էր, և այդ մասին ասաց Հորը: Այլ թող ոչ ոք իր մոլորություններն արդարացնելու համար չասի, թե մարգարեներն իրենց թշնամիների կորուստն էին ցանկանում, քանզի ինչ կարող է ասել օրենքը նրանց, ովքեր ըստ օրենքի էին շարժվում: «Լսել եք, - ասում է Տերը, - թե ինչ ասվեց նախնիներին, թե սիրեցեք ձեզ սիրողներին և ատեցեք ձեր թշնամիներին, իսկ ես ասում եմ ձեզ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարություն արեք ձեզ ատողներին»» (Ղուկ. 6:35): Նաև ճիշտ է այստեղ մտածել, թե բոլոր սրբերն ամենօրյա թշնամիների մասին էին խոսում և Աստծուց խնդրում էին, որ վրեժխնդիր լինի նրանցից, ինչպես Դավիթը, որ շատ տեղեր, ինչպես նաև այստեղ ասաց. «Ելի՛ր», որպեսզի վրեժխնդիր լինես, որովհետև նրանք են մեր անկման ժամանակ ոտնահարում մեզ և կրկնակի ուրախությամբ միմյանց ասում. «այո՛, այո՛, տեսանք այն հրավիրվածներին, որոնք մեր տեղը պիտի զբաղեցնեին, թե ինչպես են իջնում մեր կորստյան անդունդի մեջ»:

27. Լեզու իմ խօսեսցի զարդարութիւնս քո, զօրհանապազ զգովութիւնս քո:

Լեզուս պիտի քո արդարությունը պատմի և հանապազ քեզ գովաբանի:

Քո արդար դատաստանի մասին, որ խաչով հաստատեցիր: Հանապազ. ըստ Առաքյալի, թե. «Ամեն ինչում գոհություն մատուցեցե՛ք» (Ա Թեսաղ. 5:18):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

06.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․