Գրքեր

Սաղմոս ԼԵ

Ի կատարած. Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը: Գիշերով փորձեց Դավիթը և չսպանեց Սավուղին ու առավօտյան հանդիմանեց նրան և Սավուղն էլ երդվեց, սակայն չպահեց իր երդումը և այդ կապակցությամբ էլ ասաց այս սաղմոսը: Նորից՝ խորհրդանշում է հեթանոսների հավատալը և Աստծո դատաստանների անքննելիությունը:

1. Ասէ անօրէնն ի մեղանչել ընդ միտս իւր, թէ չի՛ք երկիւղ Աստուծոյ առաջի աչաց նորա:

Անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծո վախը չկա:

Նախ սրտին է ասում, թե ինչ է անելու, որպեսզի լսելի լինի Աստծուն: Աստծո վախը չկա. այդ է պատճառը, որովհետև Աստծո վախը հեռացրեց իր աչքերի առջևից, կարծես թե Աստված մոտ չէ:

2. Նենգեաց առաջի նորա, գտանել զանօրէնութիւն, և ատել զնա:

Նա խորամանկություն է գործում իր իսկ հանդեպ, որ չտեսնի իր անօրինությունն ու չատի այն:

Աստծո հանդեպ, որ չտեսնի Աստծո օրենքներից դուրս իր իսկ կյանքը, ասելով Տիրոջը, թե՝ հեռու մնա ինձանից, չեմ ցանկանում ճանաչել քո ճանապարհները և ատում եմ դրանք:

3. Բանք բերանոյ նորա՝ անօրէնութիւն և նենգութիւն են:

Նրա բերանի խոսքերն անարդար ու նենգամիտ են:

Կեղծիքներով լցված:

4. Ո՛չ կամեցաւ նա իմանալ զբարի. զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում:

Նա չկամեցավ հասկանալ բարին: Անօրինություն խորհեց իր անկողնում:

Ավելի հեշտ է հորինել՝ նախապես խորհելով անկողնում, և ապա հաջորդ օրը նոր գործի դնել:

5. Եկաց նա յամենայն ճանապարհ, որ ո՛չ է բարի. և ի չարէ նա ո՛չ ձանձրացաւ:

Կանգնեց այն բոլոր ուղիների վրա, որոնք բարի չեն, և չարից չձանձրացավ:

Խորհել, խոսել և գործել չար և չվաստակել ոչինչ: Եվ չձանձրացավ. սատանային են վերաբերում այս խոսքերը:

6. Տէր, յերկինս է ողորմութիւն քո. ճշմարտութիւն քո մինչև յամպս:

Տե՛ր, երկնքում է քո ողորմությունը, իսկ ճշմարտությունը՝ մինչև ամպերը:

Ողորմությունն այն է, որ ծածկել է հաստատությունը, երկիրը և ծովը: Ճշմարտությունը՝ արդար դատաստանը՝ լցված ցասումով, ինչպես անձրևով, որից վերցնում է ողորմությունը, որպեսզի ամբողջը չթափի երկրի վրա, ինչպես աղեղ ամպերի մեջ դրված, որ ցողի պես քիչ թափվի: Տե՛ր, երկնքում է քո ողորմությունը, որտեղ ողորմություն է, այնտեղ բարկություն չի կարող լինել, իսկ որտեղ ճշմարտություն է, այնտեղ ողորմություն չի կարող լինել, այլ՝ իրավունք, թեև մարդիկ անգիտանում են: Երկնքից ողորմության անձրևը քո գութն է՝ ճշմարտախոս մարգարեների միջոցով, որոնց էլ ամպ է կոչում: Դարձյալ այդ քաղցրությունը երկնային Աստծո ողորմությունից է, որ պահում է երկրավորներին և չի այրում մեզ՝ տեսնելով մեր չարաչար մեղքերը: Եվ նրա ճշմարտությունն է, որ պահում է երկրավորներին անչափ մեղքերից՝ ամպերի միջոցով խրատելով հրդեհներով, կարկուտով, երաշտով, մինչև որ գործի է դնում ամպը՝ հաստատությունից ներքև, այսինքն՝ մինչև այն վայրը, որտեղից բացվում է հաստատությունը:

7. Արդարութիւն քո որպէս լերինք Աստուծո, իրաւունք քո որպէս խորս բազումս. զմարդիկ և զանասուն կեցուցանես դու, Տէր:

Արդարությունդ, Աստված, լեռների պես է, իրավունքդ՝ խոր անդունդի պես. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տեր:

Աստծո արդարությունը հաստատուն լեռների պես է, իրավունքը՝ խոր անդունդների, ինչպես որ Պողոսն է ասում. «Օ՜, խորություն Աստծո հարստության, իմաստության և գիտության, և անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռոմ. 11:33):

Մարդ ու անասուն դու ես ապրեցնում. ոչ միայն մարդկանց, այլև՝ անասուններին, դրանց համար են երկրի գալարումները, քանզի մարդկանց համար է անասուններին պահում, ինչպես նինվեացիների դեպքում էր: Նորից արդարությունդ ոչ թե այս լեռների հետ է համեմատում, այլ՝ երկնքում գտնվող հավիտենական լեռների հետ, որոնք ժառանգելու են արդարները՝ նոր աշխարհում: Խոր անդունդների պես, որ աչքը չի տեսել և խորն է, որ տալու է Աստված: Մարդ ու անասուն դու ես ապրեցնում. այն մարդկանց, որ Աստծո պատկերն են կրում, և անասուն է ասում, որ հավասարվեցին անասուններին: Կամ մարդ ասելով նկատի ունի հրեաներին, իսկ անասուն՝ հեթանոսներին, որոնք բանականություն, այսինքն՝ մարգարեներ չունեին:

8. Որպէս զի բազում արարեր զողորմութիւն քո Աստուած. այլ որդիք մարդկան ի հովանի թևոց քոց յուսասցին:

Որքա՜ն առատ է քո ողորմությունն, Աստված, մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի ապավինեն:

Առատ էր ողորմությունը, որ Պետրոսին աթոռ տվեց և Հուդային՝ գանձերը: Պետրոսին աթոռը զղջումից հետո տվեց, որպես արժանավորի, իսկ Հուդային գանձը՝ որպես անարժանի, որ նախապես գիտեր ամեն ինչ: Նման կերպ տալիս է նաև ուղղափառներին, իսկ հերետիկոսներին, որոնք Հուդայի հետ մաս ունեն՝ այստեղ է տալիս և անարժաններին գանձ ու թագավորություն, քահանայություն և տարբեր շնորհներ է տալիս, իսկ մարդկանց որդիները խաչի հովանու տակ պիտի ծածկվեն, այլ ոչ թե անասունները: Տերը մարդ լինելով՝ մարդու Որդի կոչվեց, հավի պես ցանկացավ իր թևերի հովանու տակ վերցնել նրանց, սակայն անասունները դա չցանկացան:

9. Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան քո. և զուխս փափկութեան քո տացես ըմպել նոցա:

Նրանք պիտի հագենան քո տան լիությունից, և նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից:

Նախ երկրի բարիքներից, որը մեծ տուն է կոչվում: Դարձյալ տուն է կոչվում նաև եկեղեցին և տան լիությունը ոչ թե միայն գիտություն ունենալն է, այլև՝ հոգևոր կերակուր և ըմպելիք: Դարձյալ՝ լի է եկեղեցին իր աստիճանակարգերով և ավազանով և զանազան շնորհներով, որ բաշխում է այստեղ: Եվ գրգանքի գետեր. ովքեր խաչի հովանու տակ մտան՝ խաչակից լինելով, նրանց պիտի խմեցնի գրգանքի գետերից: Ի սկզբանե սրանք գետեր չէին, և վտակներ հորդեցին, որովհետև Տիրոջ Հոգին ելավ տիեզերքից, որտեղ ավարտվում է Հոր սեղանը, թողնելով փափկության դրախտը:

10. Ի քէն է, Տէր, աղբիւր կենաց. և լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս:

Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում:

Կյանքի աղբյուրը Որդին է և Հոգին էլ Հորից է, ինչպես որ ասում է. «Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց» (Երեմ. 2:13): Եվ երեսիդ լույսով. Հոր երեսը Որդին է, իսկ երեսի լույսը՝ Հոգին, ոչ ոք չի կարող ասել Տեր Հիսուս, եթե ոչ Սուրբ Հոգու միջոցով: Եվ Սուրբ Երրորդությունը ոչ ոքի հայտնի չէ բացի միմյանցից, քանզի ո՞վ գիտե Հորը, եթե ոչ Որդին, և ո՞վ գիտե Որդուն, եթե ոչ Հայրը: Դարձյալ՝ քեզնից է, Տեր, կենդանության աղբյուրը. որովհետև իր կենդանությունը, այսինքն՝ աստվածությունը գերեզմանից դուրս չմնաց, այլ իր հետ գերեզման իջավ, դժոխք իջավ, նրանով կենդանացան մեռած հոգիները և սրբերի մարմինները: Դարձյալ՝ ջուրն ու արյունն են, որ աղբյուրի պես ներգործելու են մինչև աշխարհի վախճանը: Նաև արդարների լույսը նրա երեսի լույսից է, ինչպես որ Թաբոր լեռան վրա փայլեց նրա ամենասուրբ երեսը:

Ծագեա՛ զողորմութիւնս քո՝ ոյք ճանաչէն զքեզ, զարդարութիւնս քո որ ուղիղ են սրտիւք:

Ողորմությունդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, և արդարությունդ՝ սրտով ուղիղներին:

Այսինքն՝ ցույց տուր այլոց մեր հանդեպ քո խնամակալությունը: Դարձյալ, երբ արդարները ծագեն արեգակի պես, ապա դա կլինի հատկապես ըստ քո ողորմության, քան ճշմարտության: Սրտով ուղիղներին. նրանք, ովքեր հավատքով կենդանի են:

11. Մի՛ եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից. և ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ:

Թող ամբարտավանների ոտքը մեզ չհասնի, և մեղավորների ձեռքը չդողացնի մեզ:

Նկատի ունի ամբարտավանության ախտը. սատանայի ոտքերն ամբարտավաններն են, ովքեր ցանկանում են բարձրանալ և ընկնում են նրա որոգայթի մեջ: Իսկ նրա ձեռքերը՝ մեղավորներն են, վհուկներն ու կախարդները և նրա արբանյակները: Թող չդողացնեն մեզ, երբ ցանկանանք փոքր-ինչ հանգստություն գտնել քո պատվիրաններում:

12. Անդ անկցին ամենեքեան՝ ոյք գործեն զանօրէնութիւն. մերժեսցին և այլ մի՛ կարասցեն հաստատիլ:

Այնտեղ բոլոր անօրինություն գործողները պիտի ընկնեն, մերժվեն ու չկարողանան այլևս ոտքի կանգնել:

Նրանք, ովքեր իրենց հոժար կամքով ցանկացան գործակցել [չարի հետ]: Դարձյալ՝ ովքեր այնտեղ մեղքերով են գնում, կրակե լճի մեջ են ընկնելու: Մերժվելու են այծերը և այլևս չեն կարողանալու չար կամ բարի գործեր անել, այլ միայն ստանալու են ըստ իրենց այս կյանքում ունեցած արժանիքների:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

13.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․