Գրքեր

Սաղմոս Թ

Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի:

Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը: Սա ոչ ոքին հայտնի չէր, նույնիսկ առաքյալները չգիտեին, ինչպես որ ասում է. «խոսքը նրանցից ծածկված էր» (Ղուկ. 18:34): Այդ պատճառով էլ յոթանասունից թարգմանության մեջ այն «խորհուրդ» է թարգմանվել:

1. Գոհացայց զքէն, Տէր, բոլորով սրտիւ իմով. պատմեցից զամենայն սքանչելիս քո:

Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ:

Զորաբաբելը և ժողովուրդը [գոհություն  հայտնեցին Տիրոջը, երբ ազատվեցին գերությունից և Դարեհ թագավորի հրամանով սկսեցին վերակառուցել Երուսաղեմը]: Եվ նորից, ինչպես Մովսեսն ասաց. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ ուժով» (Բ. Օրին. 6:5) և թող արծաթասիրության խորհուրդները չբաժանեն աստվածասիրությունից և ոչ՛ էլ ոսկեսիրության խորհուրդները՝ Քրիստոսասիրությունից թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալում: Կպատմեմ. եբրայական թարգմանությանը հետևողներն ասում են, թե երբ Դավիթը հարձակվեց Սուբայի արքա Ադրաազարի վրա, այդ ժամանակ գրեց այս Սաղմոսը: Գոհություն է հայտնում և պատմում ոչ միայն սրա մասին, այլև Տիրոջ մյուս բոլոր սքանչելագործությունների: Հայտնում է նաև դժոխքի և մահվան կործանումը՝ Աստծո Որդու մահվան շնորհիվ: Կպատմեմ բոլոր հրաշագործություններդ. եթե միայն Ադրաազարը լիներ, ապա կասեր արարչագործությունը քո, այլ սա ցույց է տալիս, որ միայն Ադրաազարը չէ, այլ այն բոլոր գործերը, որ Տերը կատարեց իր գալստյամբ. Սուրբ Կույսից ծնվելը և մանուկ դառնալը և մյուս հրաշագործությունները՝ մահը, դժոխք իջնելը և մեռելներից հարություն առնելը, ինչը ծածկված էր աշխարհի իշխաններից:

2. Ուրախ եղէց և ցնծացայց ի քեզ. սաղմոս ասացից անուան քում, Բարձրեալ:

Կուրախանամ ու կցնծամ քեզնով, սաղմոս կերգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ:

Ինչպես որ այլ տեղերում էլ ասում է, թե հիշեցի Աստծուն և ուրախացա: Քեզանով ուրախացա, ասում է, այլ ոչ թե ուրիշ բանով: Ցնծալն ուրախությունից առավել է, ինչպես որ հոգով զմայլվելը: Սաղմոս կերգեմ քո անվանը. քո էությանը հասու չենք, ասում է, բայց քո անունը բարձրաձայն քարոզում ենք երգելով:

3. Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցեն յերեսաց քոց:

Թշնամիներս ետ դառնալով՝ կթուլանան ու կկորչեն քո առաջից:

Երբ ետ դարձան թշնամիներս, հասկացան, որ Աստված ինձ հետ է և ամբողջովին թուլացան ու կորչեցին: Իսկ երբ մահը ետ դառնա և Տերը հարություն առնի, այդ ժամանակ թշնամու բոլոր զորությունները կթուլանան: Ետ դարձած թշնամուն խափանում է մահը, քանզի դառնալով կթուլանան, ասում է:

Արարեր զդատաստանս իմ, և զիրաւունս. նստար յաթոռ՝ դատաւոր արդարութեան:

Դատաստանս և իրավունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատավոր արդար:

Երբ իրավացիորեն դատվում են թշնամիները, ապա հայտնի է դառնում, որ Աստված էր դատավորը: Որդին էլ՝ դատաստանով փրկելով մեզ, նստեց իր աթոռի վրա, որից չէր էլ իջել և այնուհետև թշնամին տեսնում է նրան բարձունքներում նստած և ինքն էլ որպես չարագործ, որ կարծում էր, թե պիտի թագավորեր՝ դատապարտվում է և իրենից ազատագրվում են հեթանոսների սրտերը:

4. Սաստեցեր ի հեթանոսս, և կորեաւ ամբարիշտն. զանուանս նոցա ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից. եւ թշնամւոյն զէն պակասեաց մինչ իսպառ:

Սաստեցիր հեթանոսներին, և ամբարիշտն անհետացավ, նրանց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից. եւ թշնամու զենքը իսպառ վերացավ:

Առաքյալների միջոցով սաստեց հեթանոսներին, ինչպես երբ ցանկանում էին զոհաբերություն անել, նա սաստեց նրանց Պողոսի և Բառնաբասի միջոցով, և ինչպես որ գաղատացիներին ասաց. «Ո՛վ անմիտ գաղատացիներ» (Գաղ. 3:1): Եվ անհետացավ սատանան և նրա ամբարշտությունը: Նրանց անունները ջնջեցիր. այսինքն՝ հեթանոսկան աստվածների, Արամազդի և այլոց անունները և ոչ միայն նրանց սրտերում այլևս երբեք կռապաշտություն չի լինի, այլև կջնջվի նրանց անունները՝ բազմագլուխ վիշապի, կռապաշտ թագավորի և իշխանի: Եվ թշնամու զենքը վերացավ, այսինքն՝ սատանայի ապստամբ զորությունների, հեթանոս թագավորների, քանզի նրանց մեջ էր նրա [սատանայի] զորությունը: Թշնամու զենքերը նաև հմայողներն ու կախարդներն են, որոնց միջոցով մեծամեծ չարիքներ է գործում:

5. Զքաղաք աւերեցեր. և կորեաւ յիշատակ նոցա աղաղակաւ:

Դու քաղաքներ ավերեցիր, և հիշատակը դրանց կորավ աղաղակով:

Այսինքն՝ դժոխքը, ինչպես Սոդոմն ու Գոմորն էին, դևերի մեհյանները և մարդկանց, որոնց մեջ դևերը բնակվում էին իբրև քաղաքի: Եվ հիշատակը դրանց կորավ. որպեսզի ոչ ոք չընկնի կռապաշտության մեջ: Աղաղակով, այսինքն՝ հայտնապես, բացահայտորեն և աղաղակելով դևերը չքացան: Դարձյալ քաղաքներ ավերեցիր ասելով նկատի ունի դժոխքը և գերեզմանները՝ աշխարհի վերջին օրը: Նորից՝ ամենուր լսվեց նրանց կորստյան լուրը:

6. Աստուած կայ և մնայ յաւիտեան, պատրաստ արար զաթոռ իւր ի դատաստանի:

Բայց Աստված կա և կմնա հավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար:

Աստվածպաշտությունը կա և կմնա հավիտյանս հավիտենից: Դարձյալ՝ Աստված միշտ կա, որովհետև նա հավիտյան է և կլինի նաև դատաստանի օրը՝ բոլորին հատուցելու ըստ իրենց արժանիքների: Պատրաստեց իր աթոռը այնտեղ հատուցելու: Ոչ միայն այս աշխարհում ցույց տվեց իր զորությունը, այլև հանդերձյալում էլ բոլոր մարդկանց ցույց կտա իր ահավոր դատաստանը: Այս աշխարհում նա առավել ցույց տվեց իր գթասրտությունը:

7. Ինքն դատէ զաշխարհս արդարութեամբ, և զժողովուրդս իւր ուղղութեամբ:

Ինքն է դատում աշխարհն այս արդարությամբ, և իր ժողովրդին՝ ուղղամտությամբ:

Քանզի այստեղ մարդկանց դատաստանները սխալ են, անիրավ և ոչ ուղիղ, ինչպես հրեաներինն էր:

8. Եղեւ Տէր ապաւէն տնանկի. օգնական ի նեղութեան՝ ի դէպ ժամանակի:

Տերն եղավ տնանկի ապավենը և նեղության ժամանակ օգնականը:

Երբ ժամանակների լրումը եղավ, Աստված իր Որդուն ուղարկեց որպեսզի ապավեն լինի տնանկ Ադամին: Նորից Տերն ապավեն եղավ տնանկին, երբ չարագործները տանջվեցին դևերի կողմից, իսկ նա օգնեց տնանկներին՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ» (Մատթ. 25:34): Դարձյալ Տերն ապավեն եղավ, ինչպես որ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ» (Բ. Կորնթ. 6:2):

9. Յուսասցին ի քեզ ամենեքեան՝ ոյք գիտեն զանուն քոյ. զի ո՛չ թողցես զայնոսիկ, որ խնդրեն զքեզ Տէր:

Քեզ վրա թող հույս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր:

Գիտեն, որ ողորմած ես, որովհետև բոլոր արդարներն այս աշխարհում հույսով են ապրում, իսկ այնտեղ՝ վայելելու են: Քանզի դու չես լքի. որովհետև ով խնդրում է, ստանում է: Այստեղ գիտեն Քրիստոսի անունը, իսկ այնտեղ տեսնելու են Նրան:

Սաղմոս ասացէք Տեառն՝ որ բնակեալն է ի Սիոն. պատմեցէք ի հեթանոսս զգործս նորա:

Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում. Հեթանոսների մեջ պատմեցեք գործերը նրա:

Սա թեև հնում է ասված, սակայն Նոր Սիոն է նշանակում, ինչպես որ Պողոսն է ասում. «Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և Աստծո քաղաքին՝ երկնային Երուսաղեմին» (Եբր. 12:22): Դարձյալ Սիոնում է բնակվում ասելով ոչ թե նկատի ունի այնտեղ, որտեղ խաչվեց, այլ այնտեղ, որտեղ փառավորվեց: Հեթանոսների մեջ պատմեցեք. Սիմաքոսը ճարտարություն է թարգմանում, իսկ Ակյուղասը՝ փոփոխություն: Իսկապես մեծ փոփոխություններ եղան՝ թշնամիները սիրելի դարձան, հեռավորները՝ մտերիմ, ծառաները՝ որդիներ, խավարյալները՝ լուսավոր և այլն:

10. Ի խնդրել զարիւն նոցա՝ յիշեաց եւ ոչ մոռացաւ Տէր զաղօթս տնանկաց:

Տնանկների արյան համար վրեժխնդիր լինելիս՝ Տերը հիշեց և չմոռացավ աղոթքը նրանց:

Որ դևերին էին զոհաբերում իրենց որդիներին, եկան և խնդրեցին վրեժխնդիր լինել բռնավորից: Տերը լսեց տնանկների աղաղակը, ովքեր իրենց մեղքերի պատճառով էին մտել աղտեղությունների մեջ, ինչի հետևանքով էլ առաջացել էր իրենց նեղություններն ու մահը: Վշտացել էին, ասում է, անհանդուրժելի աղետի պատճառով, ինչն էլ շարժեց Արարչի գութը:

11. Ողորմեա՛ ինձ Տէր՝ և տե՛ս զխոնարհութիւն իմ ի թշնամեաց իմոց. ո բարձր արարեր զիս ի դրան ի մահուանէ:

Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ նվաստացումն իմ թշնամիներից: Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից:

Ողորմեց, երբ վերցրեց մեր մեղքերը, որովհետև դրանք էին մահվան տանում: Եվ ով է թշնամին, եթե ոչ սատանան, որ խոնարհեցրեց մեր բնությունը՝ ծառայեցնելով աղտեղություններին ու կուռքերին:

12. Որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո ի դրունս դստեր Սիոնի, և  ցնծացայց ի փրկութեան քում:

Որ պատմեմ քո բոլոր օրհնությունները Սիոնի քաղաքի դռներին, և ցնծամ քո փրկագործությամբ:

Դուստրը՝ հին Սիոնի և դռները՝ վերին Երուսաղեմի, եկեղեցին են խորհրդանշում, որովհետև եկեղեցու շնորհիվ ենք այնտեղ մտնում՝ նրա անթիվ երախտիքներին բազում օրհնություններ տալով եկեղեցու միջոցով: Նաև Սիոնի դռները Եզեկիելի տեսած տասներկու դռներն են, նույնն ասաց և Հովհաննես Ավետարանիչը. «Կային տասներկու դռներ՝ տասներկու միաձև մարգարիտներից» (Հայտն. 21:21): Եվ ցնծամ քո փրկությամբ, որովհետև Աստծո շնորհիվ փրկվեցինք:

13. Ընկլան հեթանոսք յապականութեան իւրեանց՝ զոր արարին. որոգայթ՝ զոր թագուցին, առցէ զոտս նոցա:

Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, և իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու:

Այսինքն՝ սահեցին և ընկան, երբ փորձեցին ապականել եկեղեցին: Իրենց լարած թակարդը. որովհետև հատկապես առաքյալների մահվանից հետո բռնվեցին Ավետարանի ուռկանից, որի շնորհիվ կարծում էին, թե կազատվեն: Նաև դևերին է հեթանոս կոչում, որ կորստյան մատնվեցին, քանզի այն, ինչ մտածում էին անել Տիրոջ գլխին, իրենց գլխին թափվեց:

14. Ճանաչի Տէր յառնել զդատաստանս իւր, և ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք:

Տերն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, և մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի:

Քանզի Տիրոջը չճանաչելու պատճառով է դատաստան լինում: Ըստ իրենց ձեռքի գործերի. ովքեր Տիրոջը ցանկացան որսալ մահվամբ, իրենց կյանքերը որսացին: Եվ յուրաքանչյուր ոք, ով մեղանչում է, բռնվում է դրա կապանքներով:

15. Դարձցին մեղաւորք անդրէն ի դժոխս, և ամենայն հեթանոսք որք մոռացան զԱստուած:

Մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաև բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն:

Ովքեր Տիրոջը դարձան և վայելեցին նրա քաղցրությունը և դժոխքից դուրս եկան մկրտության ավազանի միջոցով, բայց նորից դարձան առաջին փսխածին, նրանք հրավիրյալներ են դժոխքի: Կամ ովքեր դժոխք գնացին Տիրոջը չհավատալով, բայց դուրս ելան այնտեղից, երբ Սուրբ Թագավորը մտավ դժոխք, ապա դատաստանի օրը նորից նույն տեղն են վերադառնալու, կամ դժոխքի այլ՝ առավել դաժան տեղերը, քանզի կրկին ասելով ցույց է տալիս, որ նախապես այնտեղ էին:

16. Ոչ իսպառ մոռանայ Տէր զաղքատն. համբերութիւն տնանկաց մի կորիցէ իսպառ:

Տերն ամենևին չի մոռանա աղքատին, և տնանկների համբերությունը երբեք չի սպառվի:

Որովհետև երանելի են հոգով աղքատները, թեև [Տիրոջ] կողմից անտեսված են թվում, բայց իրենց համբերության շնորհիվ հազար անգամ շատ են վարձատրվելու:

17. Արի, Տէր՝ և մի զօրասցի մարդ. դատեսցին հեթանոսք առաջի քո:

Ելի՛ր, Տե՛ր, և թող մարդը չզորանա, թող հեթանոսները դատվեն քո առջև:

Թագավորները, որ իրենց պատկերը պաշտել էին տալիս, երբ դատվեն, կիմանան, թե ծառայակիցներ էին, այլ ոչ թե աստվածներ: Նորից «անօրինության մարդու» (Բ. Թեսաղ. 2:3)՝ նեռի ժամանակը թող չերկարաձգվի, որպեսզի նորից հեթանոսներ  չլինեն և չդատվեն:

18. Կացո՛ Տէր՝ օրէնսդիր ի վերայ նոցա. և ծանիցեն հեթանոսք թէ մարդիկ են:

Նրանց վրա օրենսդի՛ր կարգիր, Տե՛ր, և թող հեթանոսներն իմանան, թե իրենք մարդիկ են:

Առաջնորդ ասելով Մովսեսին նկատի չունի, քանի որ ասում է. «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին… իսկ ես ձեզ ասում եմ այս» (Մատթ. 5:2-22), «Եվ չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. 5:17): Եվ մարգարեն նրանից այցելություն է խնդրում, ինչպես որ արեց իր գալստյամբ: Սա մեկնաբանվում է նաև որպես Նոր Կտակարան, ինչը Քրիստոսի փոխանորդն է, և որպեսզի հեթանոսներն իմանան, այլ ոչ թե անբան անասունները կամ ապստամբ դևերը:

Ըստ եբրայական և ասորական բնագրերի սա մարգարեություն է Տիրոջ երկայնամտության, ամբարիշտների հպարտության և սրբերի համբերության մասին  

19. Ընդէ՞ր, Տէր, կացեր ի հեռաստանէ. անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի:

Ինչո՞ւ, Տե՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղության ժամանակ:

Աստվածասեր հոգին նեղությունների ժամանակ չի վհատվում, ինչպես որ ոսկին, մինչև բովի մեջ չմտնի, թագավորի պատկերն իր վրա չի դրոշմի: Այդպես էլ Դավիթը, թեև հինկտակարանյան ժամանակաշրջանում էր ապրում, բայց հոգևոր պատերազմի մեջ էր, և գիտեր, որ չարի դրդմամբ էր մեղանչել և իր անձը նսեմացնում էր զղջմամբ: Նորից ինչո՛ւ, Տե՛ր, անտարբեր եղար այսքան ժամանակ, որը տևելու է մինչև ժամանակների լրումը, այսինքն՝ [Տիրոջ գալուստը]: Դարձյալ աղոթում է հեթանոսներին կանչելու և չուշանալու համար:

20. Յամբարտաւանիլ ամբարշտին այրի աղքատն. արգելցին ի խորհուրդ իւրեանց՝ զոր և խորհեցան:

Ամբարշտի հոխորտալուց տոչորվում է աղքատը. թող խափանվեն այն հնարքները, որ խորհեցին նրանք:

Երբ սատանան ամբարտավանությամբ սպառնում է աղքատին, ապա վերջինս, կարծես հրով տոչորված, իր բերանից ծխի պես հառաչանքներ է հանում: Թող խափանվեն. քանզի դու ես «բռնում իմաստուններին իրենց խորագիտության մեջ» (Ա. Կորնթ. 3:19) և չեն կարող հաղթել սրբերին:

21. Զի գովի մեղաւորն ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէն, և նա գովի:

Քանզի գովաբանվում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանվում է և նա, ով զրկում է:

Աշխարհի ցանկություններում հեշտացողները գովաբանում են կեղծավորներին, սակայն Աստված բարկանում է, ինչպես որ ասում է:

22. Իսկ ընդէ՞ր բարկացոյց մեղաւորն զԱստուած, ըստ բազում բարկութեան իւրում, թէ ոչ խնդրի:

Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնությամբ զայրացրեց Աստծուն, թե չի ստանա հատուցում:

Որովհետև մեղավորը նախ բազմաթիվ անգամներ բարկացնում է աղքատներին, ինչի պատճառով լցվում է Աստծո համբերության բաժակը, քանզի առանց երկյուղի չարիք են գործում՝ մտածելով, թե հատուցում չեն ստանալու Աստծուց:

23. Ոչ է Աստուած առաջի աչաց նորա, պիղծ են ճանապարհք նորա յամենայն ժամ:

Չկա Աստված նրա աչքերի առջև, մշտապես պիղծ են նրա ճանապարհները:

Մշտապես պիղծ են նրանց ճանապարհներն ու ընթացքները, որովհետև ամեն ժամ իրենց առջև չունեն Աստծուն:

24. Բարձրեալ են իրաւունք յերեսաց նորա, ի վերայ ամենայն թշնամեաց իւրոց տիրեսցէ:

Իրավունք ասվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակորդներին:

Այսինքն՝ Աստծո իրավունքը վերացել է սատանայի և նրա մերձավորների մտքից և կարծում է, թե կտիրի իր բոլոր հակառակորդներին և չի տեսնում Աստծո աննենգ դատաստանը, ինչպես որ ասում է. «Կհարձակվեմ բոլոր երկրների վրա…և բոլորին կվերցնեմ՝ ինչպես մնացած ձվեր» (Ես. 10:14):

25. Ասաց ի սրտի իւրում, թէ ոչ սասանեցայց ազգէ յազգ առանց չարի:

Նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կապրի առանց փորձանքի:

Իրեն չի թվում, թե կտանջվի, ինչպես մյուս թարգմանիչն է ասում, թե չի դառնում իր չարիքներից և չի զղջում, որովհետև դարեդար ապրելու հույս ունի:

26. Անիծիւք և դառնութեամբ և նենգութեամբ լի է բերան նորա. և ի ներքոյ լեզուի նորա ցաւք եւ վաստակք:

Անեծքով, դառնությամբ ու նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք:

Դառնությամբ է խոսում և իր սրտում հնուց կուտակված ոխ կա և նենգություն, այսինքն՝ կեղծավորություն: Լի է բերանը, այսինքն՝ մարդու ներքին և արտաքին աշխարհը: Եվ իր լեզվի տակ ցավ ունի թաքցրած՝ բոլորին դառնացնելու և տառապանք պատճառելու համար:

27. Նստի դարանեալ ընդ մեծամեծս, ի գաղտնիս՝ սպանանել զամբիծն:

Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին:

Գաղտնաբար մատնում է մեծամեծերին, երբ ինքը չի կարողանում [սպանել]:

28. Աչք նորա ի տնանկս հային. դարանի ի գաղտնիս, որպէս զառիւծ ի մորւոջ իւրում:

Նրա աչքն աղքատի վրա է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպես առյուծն իր որջում:

Մեծամեծերին չկարողանալով [չարիք պատճառել, աչք է գցում] աղքատների վրա, ինչպես որ սատանան սպասում էր Ադամին և մյուսներին, իրեն որպես թշնամի ունենալով Աստծուն և հրեշտակներին, և նրա [սատանայի] աշակերտներն էլ՝ ընկերակցելով նրան, ջանում են առյուծի պես ցերեկը դարանակալել և գիշերը բռնել իրենց որսին:

29. Դարանի յափշտակել զաղքատն, յափշտակել զաղքատն, և ձգել զնա:

Դարանակալում է հափշտակելու աղքատին, հափշտակելու աղքատին և ճանկելու նրան:

Իր որոգայթով ճանկելու աղքատներին:

30. Յորոգայթ իւր խոնարհեցուսցէ զնա. խոնարհեսցի և անկցի ի տիրել իւրում ի վերայ տնանկաց:

Նրան կգցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կխոնարհվի ու կընկնի:

Ջանալով ավելի բարձրերին հասնել՝ ինքը կխոնարհվի և կընկնի:

31. Զի ասաց ի սրտի իւրում թէ մոռացաւ Աստուած. դարձոյց զերեսս իւր զի մի՛ տեսցէ իսպառ:

Նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնավ չտեսնելու համար:

Նկատի ունի Ադամին: Նաև մեղքերի բազմության պատճառով է այսպես ասում:

32. Արի՛, Տէր Աստուած իմ. բարձր եղիցի ձեռն քո. և մի մոռանար զտնանկս:

Ելի՛ր, Տեր իմ Աստված, թող բարձրանա քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին:

Դավիթը տեսնելով Տիրոջ երկայնամտությունը, աղոթում է աղքատների համար՝ ասելով, թե՝ գոնե բարձրացրու ձեռքդ՝ հատուցելու չարերին, որպեսզի աղքատներն ազատվեն նրանց ձեռքից:

33. Իսկ՝ ընդէ՞ր բարկացոյց ամբարիշտն զԱստուած. զի ասաց ի սրտի իւրում թէ ոչ քննի:

Իսկ ամբարիշն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թե ինքը չի քննվի:

Որովհետև պատճառն այն էր, որ սատանան կարծեց, թե հավիտյան իշխանություն ունի և Աստված չի քննի իր խորամանկությունները և տարաբնույթ չարիքները:

34. Տեսանես դու զնա ի ցաւս, և ի սրտմտութիւնս հայիս. ի քեզ թողեալ է աղքատն, և որբոյն դու ես օգնական:

Տե՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցավին ու սրտմտությանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար: Քեզ է ապավինել աղքատը, և դու ես որբի օգնականը:

Ասում է կարիք չկա, որ ես ամեն ինչ ասեմ, քանզի դու ինքդ տեսնում ես աղքատի ցավը և սրտմտությունն իր թշնամիների պատճառով: Քեզ է ապավինել աղքատը, ուրիշ ոչ ոքի բնավ հոգ չէ: Առաջին աղքատը և որբը Ադամն է՝ Աստծուց և Դրախտից զրկված:

35. Խորտակեսցի բազուկ մեղաւորին և չարի. խնդրեսցին մեղք նորա, և նա մի՛ գտցի:

Թող խորտակվի մեղավորի ու չարագործի բազուկը, թող փնտրվեն նրա մեղքերն ու այլևս չգտնվեն:

Սիմաքոսն ասում է, թե թող չապրի իր չարիքներով: Իսկ ինչո՞ւ չասաց, թե թող խորտակվի մեղավորը, այլ՝ մեղավորի բազուկը, որովհետև մեղավորը մարդն է, իսկ բազուկը՝ սատանան: Երբ սատանան չլինի, մեղքն էլ չի լինի: Բազուկ ասելով նկատի ունի նաև այն զորությունը, որով մեղանչում է:

36. Տէր թագաւոր յաւիտեանս յաւիտենից. կորիցեն հեթանոսք յերկրէ նորա:

Տերը թագավոր է հավիտյանս հավիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից:

Քանզի կարծում են, թե իրենց գործերը Տերը չի քննում, իսկ ես ասում եմ, թե չի անտեսում: Եվ այդ պատճառով հեթանոսները թող կորչեն ողջերի երկրից և Տիրոջ երկրում թող չլինի հեթանոսի անունը:

37. Զցանկութիւն տնանկաց լուաւ Տէր, ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո:

Տնանկների ցանկությունը լսեցիր, Տեր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամությանը:

Սիմաքոսը այսպես է գրում. «Նրանց սրտի կարիքները տեսնում ես և հատուցում»: Ցանկությունները. աղքատը ցանկանում է, որ երբ խորտակվի ամբարիշտ սատանան, մարդիկ չկործանվեն: Լսեցիր, այսինքն՝ արքայություն տվեցիր: Սրտի պատրաստակամություն ասելով նկատի ունի այն, որ իրենց սիրտը պատրաստ էր ամեն տեսակի չարիքներին համբերել և բազում բարեգործություններ անել:

38. Դատ առնել որբոյն և տնանկի. զի մի ևս յաւելցի մարդ, ի մեծաբանել իւրում ի վերայ երեսաց երկրի:

Տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպեսզի մարդը չշարունակի իր հոխորտանքը երկրի երեսին:

Այսինքն՝ Տիրոջ վրեժխնդրությունից մեծապես շահում են Աստծուց երկյուղ կրողները: Որպեսզի մարդը չշարունակի… այսինքն՝ մյուսները տեսնելով խրատվեն և իրենք էլ նրանց չարիքների վրա չարիքներ չավելացնեն: Դարձյալ, որ նեռն էլ հաջողություն չունենա:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

19.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․