Սաղմոս ԾԳ | Saghmos Tsg



Գրքեր

Սաղմոս ԾԳ

Այսուհետև՝ Դավթի իմաստության օրհնությունը, այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին. «Ահա Դավիթը թաքուն նստած է մեզ մոտ»:

Այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին, թե ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ այն այրում: Սա նաև առաքյալների դասին է վերագրվում, որոնք գնալով քարոզելու՝ ասացին.

1. Աստուած, յանուան քում կեցո՛ զիս, և ի զօրութեան քում իրա՛ւ արա ինձ:

Աստվա՛ծ, քո անվամբ փրկի՛ր ինձ և քո զորությամբ արդար հանի՛ր ինձ:

Որպեսզի նշաններ լինեն քո անվամբ և զորությամբ, ինչպես Դավիթն է այստեղ ասում, թե որպեսզի փառավորվի քո անունն ու զորությունը: Նաև մկրտվողներս ենք այդպես ասում, երբ մեզ տանում են. «Անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու», Հայրը միտքն է, Հոգին՝ մեր հոգին, Որդին՝ մարմինը, որոնք հավիտյանս ապրեցնում և զորացնում են մեզ, եթե արդարացիորեն հրաժարվենք և խոստովանենք:

2. Աստուած, լո՛ւր աղօթից իմոց. ունկն դիր բանից բերանոյ իմոյ:

Աստվա՛ծ, լսի՛ր իմ աղոթքները, ականջ դիր բերանիս խոսքերին:

Քանզի նենգությամբ չէ մեր աղոթքը, ինչպես Սավուղինն է:

3. Օտարք յարեան ի վերայ իմ. և հզօրք խնդրեցին զանձն իմ, և ո՛չ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:

Օտարներն ելան իմ դեմ, հզորներն իմ կյանքն ուզեցին և քեզ իրենց աչքում Աստված չհամարեցին:

Ինձ հետ բաժանելու ոչինչ չունեն, և դևերը մեր մեջ օտար են, այլ ոչ թե բնակակից: Քեզ իրենց աչքում Աստված չհամարեցին, թե դու ամեն ինչ տեսնում ես:

4. Ահա՛ Աստուած օգնական իմ:

Ահա Աստված իմ օգնականն է:

Պետք չէ վախենալ նրանից, ով մարմինն է սպանում:

Եւ Տէր ընդունելի հոգւոյ իմոյ:

Եվ Տերը՝ իմ հոգու ապավենը:

Քանզի Սավուղը հեռացավ իրենից և հոգին հանգստացավ այդ երկյուղից, և միայն [Աստված] կարող է հոգին ընդունել մահվամբ:

5. Ի դարձուցանել զչարն ի թշնամիս իմ ճշմարտութեամբ քով սատակեա՛ զնոսա:

Չարիքը շրջելով թշնամիներիս դեմ՝ քո ճշմարտությամբ կործանի՛ր նրանց:

[Այն չարիքը], որ մտածում են իմ դեմ գործել, [նրանց դեմ շրջի՛ր] ճշմարիտ և արդար դատաստանով:

6. Ես կամօք իմովք պատարագս մատուցից քեզ, խոստովան եղէց անուան քում, Տէր, զի բարի է:

Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, և գոհանամ քո անվամբ, քանի որ այն բարի է:

Ես ինքս [իմ կամքով պիտի մատուցեմ], քանզի սատանան չմատուցեց և ընկավ: Կամքն է Աստծո առջև [ընդունելի] զոհը և խոստովանությունը՝ բարի նվերը:

7. Յամենայն նեղութենէ իմմէ փրկեցեր զիս. և ի թշնամիս իմ ետես ակն իմ:

Իմ ողջ նեղությունից փրկեցիր ինձ, և աչքս տեսավ կորուստը թշնամիներիս:

Այնպես, ինչպես ինքն էր ցանկանում տեսնել ինձ, ես տեսա նրան:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

01.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․