Գրքեր

Սաղմոս Զ

Ի կատարած Սաղմոս Դավթի ութերորդական եղանակով:

Վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդկային բնությունը և յոթերորդ օրը նա օրհնեց արարածների գլխավորին, ով հանցանք գործելու պատճառով երկյուղ կրեց ութերորդ՝ հարության օրվանից: Քանզի յոթերորդ օրը խորհրդանշում է վերջին կիրակին, որին հաջորդելու է ութերորդ դարը, որը ո՛չ գիշեր կունենա և ո՛չ էլ հաջորդ օր, որովհետև դրանից հետո այլևս ո՛չ օր կփոխվի և ո՛չ էլ դար: Այդ պատճառով էլ ասում է. «Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովեն», որովհետև եթե յոթերորդ օրը ամաչեն, ապա թողություն ստանալու հույս կունենան, դրա համար ասում է.

1. Տէր, մի՛ սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս. և մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս:

Տե՛ր, զայրույթով քո մի՛ հանդիմանիր ինձ, և քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր:

Ոչ թե հանդիմանությունից ու խրատից է հրաժարվում, որ այստեղ ողորմությամբ է այն արվում, այլ՝ բարկությունից և զայրույթից, որն այնտեղ է լինում և որն արդեն խրատ չէ, այլ՝ հավիտենական տանջանք: Նաև՝ Տե՛ր, զայրույթով մի՛ հանդիմանիր ինչպես Ադամին արեցիր:

2. Ողորմեա՛ ինձ Տեր զի հիւանդ եմ ես. բժշկեա՛ զանձն իմ, զի խռովեցան ոսկերք իմ:

Ողորմի՛ր ինձ, Տեր, քանզի հիվանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտվել են:

Ոչ ոք չի ընկնի մեղքի մեջ, եթե չթուլանան և չհիվանդանան նրա խորհուրդները: Բժշկի՛ր ինձ /իմ անձը/. հոգուն է անձ կոչում, ոսկորներ կամ մարմնին է կոչում կամ հոգու մասնիկներին, քանզի հոգին ու մարմինը միասին են ախտահարվում:

3. Անձն իմ յոյժ խռովեցաւ, և դու Տէր, մինչեւ յե՞րբ:

Անձն իմ հույժ խռոված է, և դու, Տե՛ր, մինչև ե՞րբ…

Հատկապես հոգին է զարհուրում, որովհետև նա է զգում հանդերձյալ տանջանքները: Մինչև ե՞րբ ասելով ցույց է տալիս ժամանակների փոփոխությունը, երբ մեղքին հաջորդում է զղջումը, դրա համար էլ ասաց այս Սաղմոսը:

4. Դա՛րձ, Տէր և փրկեա զանձն իմ. կեցո՛ զիս Տէր ըստ ողորմութեան քում:

Դարձի՛ր, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր /ապրեցրու/ ինձ, Տե՛ր քո ողորմությամբ,

Կարծես թե դարձրել է Աստված իր երեսը: Ապրեցրու, այսինքն՝ մեռելներից հարություն տուր և ողորմությամբ, այլ ոչ թե ըստ արդարության:

5. Զի ոչ ո՛ք է որ ի մահու յիշէ զքեզ. կամ ի դժոխս խոստովան առնի առ քեզ:

Քանզի չկա մեկը, որ մահվան մեջ հիշի քեզ, կամ դժոխքում գոհանա քեզանից:

Երկրորդ մահվան մասին է խոսքը, քանզի դժոխքում ոչ ոք չի կարող հիշել Աստծուն քավության հույսով, որպեսզի խոստովանի նրան:

6. Վաստակեցայ ես ի հեծութեան իմում, լուացի զամենայն գիշեր զմահիճս իմ. և արտասուօք իմովք զանկողինս իմ թացի:

Ես հոգնեցի իմ հառաչանքներից, ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ և իմ արտասուքով անկողինս թրջեցի:

Թող լսեն բոլոր նրանք, ովքեր ասում են, թե տանջանքներին վերջ կա և հեշտությամբ են մեղքերը քավվում: Քանզի ահա մի գիշեր մեղանչելու պատճառով՝ ամեն գիշեր երկյուղով լվանում և թրջում էր իր անկողինն արտասուքներով:

7. Խռովեցաւ ի սրտմտութենէ ակն իմ. և մաշեցայ ես ի վերայ ամենայն թշնամեաց իմոց:

Սրտնեղությունից այլայլվեց աչքն իմ, ես հյուծվեցի բոլոր թշնամիներիս ձեռքից:

Աչք մտքին է կոչում, այլայլվեց, որովհետև մարմնական ցանկությունների պատճառով տրտմում էր և թշնամիների ամոթից ու նախատիքներց առավել մաշվում, իսկ մեղքերի պատճառով՝ երկյուղում Աստծուց:

8. Ի բաց կացէք յինէն ամենեքեան. ոյք գործէք զանօրէնութիւն:

Հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրինություն եք գործում:

Նկատի ունի դևերին, ովքեր մարդուն մեղանչելուց հետո հուսահատության են հասցնում:

9. Լուաւ Տէր ձայնի լալոյ իմոյ. լուաւ Տէր աղօթից իմոց. և Տէր զխնդրուածս իմ ընկալաւ:

Տերը լսեց իմ լացի ձայնը, Տերն ականջ դրեց իմ աղոթքներին, Տերն ընդունեց իմ խնդրանքները:

Քանզի մարմնի հեշտությունը, որ բնությունից է գալիս, արտասուքով է մաքրվում: Տերն ընդունեց իմ խնդրանքները. որովհետև Սուրբ Հոգին չհեռացավ նրանից, ըստ այն խնդրանքի, թե. «Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից» (Սաղմ. 50:13):

10. Ամաչեսցեն և խռովեսցին յոյժ ամենայն թշնամիք իմ. դարձցին յետս և ամաչեսցեն յոյժ վաղվաղակի և խռովեսցին:

Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովվեն, թող ետ դառնան և իսկույն խիստ ամաչեն ու զարհուրեն:

Թշնամիներ ասելով նկատի ունի սատանային և իր դևերին, որովհետև նրանք պարզերես չեն լինում իրենց ամոթի պատճառով, երբ իրենցից խաբվածները սթափվելով Աստծուն են դառնում, ինչպես անառակ որդին: Խիստ, այսինքն՝ անչափ: Իսկույն, որովհետև Հայրը կարոտով և արագ ընդառաջ է ելնում:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

30.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․