Գրքեր

Սերն ու ողորմածությունն անբաժանելի են միմյանցից

Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ողորմածությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի, Վերջին Դատաստանի օրը Տերը ողորմած է գտնվելու ողորմածների հանդեպ (Մատթեոս 5:7): Սերը մղում է մարդուն ողորմածության և ինչպես աղն է սննդին համ տալիս, նույնպես և սիրո միջոցով է ողորմածությունը ստանում իրական արժեք: Սերն ու ողորմածությունն անբաժանելի են միմյանցից, ինչպես ողորմածությունն առանց սիրո, այնպես էլ սերն առանց ողորմածության Աստծո առջև աննշան արժեք ունեն: Նույնն է և հավատի պարագայում. ինչպես հավատն առանց գործերի, այնպես էլ գործերն առանց հավատի չեն կարող մարդուն փրկության առաջնորդել:

Սիրող սրտի համար մեծագույն երջանկություն է մարդուն ծառայելը՝ իր ուժի և կարողության համապատասխան: Այդ զգացումն ապրելու առիթն ունեցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից երիտասարդ մի ընտանիք՝ մարտի 17-ին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին այցելելով Կիրակոսյան կարիքավոր ընտանիքին: Սա համայնքի երկրորդ տնայցն էր այս ընտանիք, որ բնակվում է Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի վթարային վիճակում գտնվող 39-րդ տանը:

Քառանդամ ընտանիքն ամեն օր ապրում է այն մտավախությամբ, որ ամեն պահի հնարավոր է տան որևէ հատված քանդվի: Ընտանիքը բազմիցս անգամ դիմել է համապատասխան մարմիններին՝ տունն ամրացնելու համար անհրաժեշտ շինանյութի խնդրանքով, բայց մնացել է անարձագանք: Բացի այն, որ տունը վթարային վիճակում է գտնվում, այն նաև խոնավ է: Խոնավանության պատճառով ընտանիքի չորս անդամները տառապում են ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդությամբ: Նաև ընտանիքի մայրը՝ Մերի Ավետիսյանը (33 տ.) նշեց, որ իր ոսկորներում օջախ են հայտնաբերել, քրոնիկ հայմորիտ ունի, ինքն ու իր երկու անչափահաս զավակները՝ Դավիթն (6 տ.) ու Գալինան (12 տ.) նաև պարբերական հիվանդություն ունեն: Երեխաները հաճախակի են հիվանդանում թոքաբորբով, հիվանդությունների հետևանքով նրանք դպրոց են հաճախում կամ ցավազրկող դեղ ընդունելով, կամ էլ բացակայում են դասերից: Մերին ցավով նշեց, որ առ այսօր իրեն դեռ չեն հատկացրել իրեն հասանելիք հիվանդության կարգը:

«Ամուսինս շինարար է, ողնաշարային ճողվածք ունենալով, աշխատում է, որպեսզի կարողանանք առաջնայինը մեր բուժման հետ կապված ծախսերը մասամբ հոգալ, քանի որ դեղամիջոցներ կան, որ անմատչելի են մեզ համար և միայն արտերկրում են վաճառվում: Ընտանեկան նպաստի գումարն էլ չի բավարարում, որպեսզի կարողանանք վճարել էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարները, որոնք վճարում են մեր թաղամասի տեսուչները՝ մեզ ընդառաջելով, մինչ ի վիճակի կլինենք գումարը մաս առ մաս վճարելու: Եթե հնարավոր լիներ ինչ-որ կերպ բնակարանի խնդիրը լուծել, ապա մեր հիվանդություններն էլ մասամբ կմեղմանային»,- ասաց Մերին:

Եկեղեցու համայնքի երիտասարդ ամուսինների կողմից կարիքավոր ընտանիքին տրվեց սննդի փաթեթներ: Տեր Վահանը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և իր պատգամն ուղղելով նրանց՝ ասաց. «Տիրոջ օրհնությամբ թող հաղթահարելի լինեն ձեր կյանքի դժվարությունները, Տերը թող պարգևի ձեզ հոգու և մարմնի առողջություն: Աստծո սիրո և օրհնության արտահայտությունն է այս երիտասարդ ընտանիքի պատրաստակամությունը՝ կիսելու ձեզ հետ ձեր դժվարությունները, ինչի համար շնորհակալ ենք իրենցից: Աղոթակից ենք ձեր ընտանիքին, մի վհատվեք և հույսով ապրեք՝ ակնկալելով Տիրոջ ամենազոր պահպանությունը»:

Կիրակոսյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին՝ հանձինս երիտասարդ ամուսինների, հոգևոր դասին՝ երկրորդ անգամ իրենց ընտանիքին աջակից լինելու համար:

 

Կարինե Սուգիկյան

17.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․