Գրքեր

Շատ աշախատանքն ու հոգսերը աշխարհիկացնում են վանականին

Հոգևոր կյանքով ապրել ցանկացող մարդը, հատկապես՝ վանականը, լավ է, որ իրեն հեռու պահի որոշակի զբաղմունքներից, աշխատանքներից ու հոգսերից՝ այնպիսիներից, որոնք իրեն հեռացնում են հոգևոր նպատակից: Պետք չէ բազմաթիվ անվերջանալի գործեր սկսել, որովհետև գործերը երբեք չեն ավարտվում: Եվ եթե վանականը չսովորի ինքն իր վրա ներքին աշխատանք կատարել, ապա արտաքին աշխատանքով անընդհատ պիտի խույս տա դրանից: Անվերջանալի գործերն ավարտել ձգտող մարդիկ իրենց կյանքը հոգևոր անկատարությամբ են ավարտում: Կյանքի վերջում զղջում են, բայց դա արդեն ոչ մի օգուտ չի բերում, որովհետև «արտասահմանյան անձնագիրն» արդեն նրանց ձեռքին է լինում: Ամեն դեպքում, գործերից նույնիսկ փոքր դադար առնելն անհրաժեշտ է:

Երբ բազմաթիվ աշխատանքները կրճատվեն, ֆիզիկական ուժերի թարմություն և ներքին աշխատանքի ծարավ կառաջնա ինքնաբերաբար, որը չի հոգնեցնում, այլ վերականգնում է մարդու ուժերը: Այնժամ հոգին էլ լիաթոք կշնչի հոգևոր թթվածինը: Հոգևոր աշխատանքի հետևանքով առաջացած հոգնածությունը ուժասպառ չի անում, այլ վերականգնում է ուժերը, որովհետև այդ աշխատանքը բարձրացնում է մարդուն և մոտեցնում նրան սիրող Հորը, այնպես, որ նրա հոգին էլ է ուրախանում:

Հոգևոր իմաստից զուրկ ֆիզիկական հոգնածությունը կամ ավելի ճիշտ՝ առանց հոգևոր անհրաժեշտության առաջացածը, որի դեպքում այն կարող էր արդարացված լինել, մարդուն խստասիրտ է դարձնում: Նույնիսկ ամենահնազանդ ձիուկն է սկսում աքացի տալ, եթե քշելով ուժասպառ անես նրան, այսինքն վատ սովորություն է ձեռք բերում, չնայած, որ նախկինում չուներ և մեծանալով՝ կարող էր ավելի ուշիմ դառնալ:

Որոշ գործեր կարելի է մի կողմ դնել՝ նախապատվությունը հոգևորին տալու համար: Շատ աշխատանքն ու հոգսերն աշխարհիկացնում են վանականին և նրա հոգևոր զգացումի օրգանն աշխարհիկ է դառնում: Նա արդեն որպես այս աշխարհի մարդ է ապրում՝ հոգեկան անհանգստությամբ և աշխարհիկ տագնապով: Կարճ ասած, մշտական հոգսերի, անհանգստությունների ու դժբախտությունների պատճառով նա արդեն այս կյանքում մասնակիորեն դժոխային տանջանք է ապրում: Բայց եթե վանականը ոչ թե նյութականի, այլ սեփական և այլոց փրկության մասին է հոգ տանում, ապա նա Աստծուն իրեն կառավարիչ է դարձնում, իսկ մարդկանց՝ ծառայողներ:

Սրբակյաց ծեր Գերոնտիոսի ու նրա աշակերտի* դեպքը հիշո՞ւմ եք: Նա Սուրբ Աստվածածնից մի քիչ ջուր խնդրեց, որպեսզի իրեն և իր աշակերտին խմելու համար բավականացնի: Աստվածայրը, որպես բարի Մայր, նրանց խցի մոտ գտնվող ժայռի վրա անցք բացեց և այնտեղից ջուր բխեցրեց՝ սուրբ աղբյուրը, որպեսզի նրանք խմելու բան ունենան: Որոշ ժամանակ անց ծերի աշակերտն սկսեց դարատափեր կառուցել, հող լցնել այնտեղ, այգիներ ու բանջարանոցներ տնկեց, և այդքան շատ հոգսեր իր վրա վերցնելով՝ սկսեց իր հոգևոր պարտականություններն անտեսել: Իսկ քանի որ ջուրը չէր բավականացնում, նա վերցրեց դուրն ու սկսեց ժայռի վրա բացված անցքը լայնացնել, որպեսզի աղբյուրն ավելի շատ ջուր տա: Այդժամ Աստվածամայրը վերցրեց ջուրն ու խցից բավականին ներքև, մեկ այլ տեղ բխեցրեց և ասաց նրան. «Եթե ուզում ես բանջարանոցներով զբաղվել և շեղվել, ապա ջուրը հեռվից բեր»:

 

* Տես՝ Старец Паисий. Отцы-святогорцы и святогорские истории. Свято-Троицкая Сергиева Лавра, 2001, С. 140-141.

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․