Գրքեր

Շնորհավոր Ամանոր

Սիրելի՛ բարեպաշտ քույրեր ու եղբայրներ Մայր հայրենիքում և Սփյուռքում բնակվող,

Բարեգութ Աստծու անբավ մարդասիրությամբ ու ողորմությամբ բոլորեցինք ձեզ հետ միասին մեկ տարի ևս՝ հնարավորություն ստանալով դարձյալ մեկ էջ ավելացնելու մեր կյանքի գրքին։ Փա՜ռք և գոհաբանությո՜ւն Ամենակալին։ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ այս տարին կլինի հոգևոր նորոգության ու պտղաբերության տարի թե՛ յուրաքանչյուր հավատացյալի, թե՛ ողջ հայ ազգի կյանքում։

Մաղթում եմ, որ այս նոր տարում Մարդասեր Քրիստոս մանկան պարզություն պարգևի ձեր սրտերին, սեր և միություն՝ ընտանիքներին, ուժ, կամք ու հավաքականություն՝ մեր ազգին։ Դեռևս 1917 թ․-ին մեր Եկեղեցու հոգևորականներից մեկը գրել է․ «Քրիստոնէական կրօնի տեսակէտից, նոր տարուան նշանակութիւնն է յառաջադիմել նրա կենսատու ճշմարտութիւնների եւ հրահանգների մէջ դէպի հոգեկան եւ բարոյական կատարելութիւն, իսկ ազգային տեսակէտից, դիմել դէպի առաջ, դէպի զարգացում եւ դէպի ընկերական կատարելութիւն, խելքով, մտքով, խօսքով եւ գործով: Այս երկու տեսակ նոր տարիներից, ո՞րն արդեօք պէտք է շնորհաւորենք մենք միմեանց, մինչ նոր նոր տարիներ գալիս գնում են մեր ազգի վրայով, բայց մեր ազգը ոչ հոգեկան եւ բարոյական նորոգութիւն է ցոյց տալիս Քրիստոսի նոր տարուայ հետ եւ ոչ էլ ազգային կենդանութիւն ազգային նոր տարուայ հետ»: Ցավոք, այս տողերն արդիական են ցայժմ, ուստի մաղթում եմ, որ մենք վերջապես հաստատակամություն ունենանք՝ փոխվելու, վերածնվելու Քրիստոսով, միայն ու միայն ավելի լավը, ավելի առաքինի ու բարոյական լինելու, ճշմարտության ճանապարհով ընթանալու, որպեսզի աշխարհն էլ փոխվի մեր շուրջը դեպի լավը։

Մանուկներն Ամանորը հաճախ նույնացնում են հրաշքի, հեքիաթի հետ։ Թող այն մեզ համար էլ հեքիաթային լինի այն առումով, որ մենք էլ հեքիաթների հերոսների պես ինչ-ինչ փորձություններ հաղթահարելուց հետո, Բարձրյալի սուրբ կամոք հասնենք մեր բաղձալի նպատակակետին, և բարին անպայմանորեն հաղթի չարին։

Թող Ամենակարող Աստված պահպանի մեր Հայաստան և Արցախ աշխարհը երևելի ու աներևույթ թշնամուց, խորտակի չարի կապանքներն ու արժանապատիվ խաղաղություն հաստատվի հայոց երկնակամարում և ողջ աշխարհում։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

 

 

31.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․