19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

«Սիրենք մեր մերձավորին, այդպես և կսիրենք Քրիստոսին»

Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Նիկողոսյան կարիքավոր ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Էրեբունի 42 փ. 90 տուն հասցեում:

Նիկողոսյան ընտանիքում մեծանում են երեք որդիներ, որոնցից երկուսը հաշմանդամ են: Կրտսեր որդին՝ Դավիթը (5 տ.), վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունի, որի պատճառով նրա մոտ առողջական այլ խնդիրներ են առաջ եկել, միջնեկ որդին՝ Զոհրապը (13 տ.), փոքր տարիքում խաղալիքի վրա ընկնելով, կորցրել է մեկ աչքը, իսկ ավագ որդին՝ Մայիսը (14 տ.), այս տարի իններորդ դասարանն ավարտելով, ուսումը չի շարունակելու ավագ դպրոցում, այլ խոհարարական դասընթացի է մասնակցելու, որպեսզի կարողանա աշխատի և ընտանիքին օգնի:

«Տարվա մեջ երկու անգամ Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում Զոհրապի աչքի պրոթեզն ենք փոխում և ամեն անգամ ֆինանսական դժվարության առջև ենք կանգնում, քանի որ այդ ծառայությունը վճարովի է: Մի քանի օր հետո էլ փոքր տղայիս պետք է վիրահատեն, հուսով ենք ամեն ինչ լավ կընթանա և հանգիստ ենք այն առումով, որ ֆինանսական խնդիր չենք ունենա, որովհետև վիրահատությունն անվճար է: Ամուսինս չի կարողանում ողջ տարին աշխատել, քանի որ տարիներ առաջ աշխատելիս ձեռքը կոտրել էր և սխալ բուժման հետևանքով նրա ձեռքի վնասված հատվածում ջուր է հավաքվում: Այժմ նա ժամանակ առ ժամանակ որպես վարորդ է աշխատում»,- ասաց ընտանիքի մայրը՝ Ավետիսյան Թերմինեն (34 տ.):

Նիկողոսյան ընտանիքը տան և կոմունալ վարձերը, բուժման ծախսերն ու այլ կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի, երեխաների հաշմանդամության և ընտանիքի հոր վաստակած գումարների միջոցով:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, այնուհետև Կարեն Վարդանյանն ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), իսկ նրա որդին՝ վեցամյա Միքայելը, փոքրիկ Դավիթին նվիրեց քաղցրավենիքի փաթեթ:

Կյանքը կարճ է և անցողիկ, իսկ այն կյանքը, որ պատրաստել է Տերն Իր հետևորդների համար, հավիտենական է և երջանիկ: Հավիտենականին արժանանալու համար յուրաքանչյուրին տրված է նախապատրաստման, այսինքն՝ աստվածահաճո կյանք ապրելու հնարավորություն: Ուստի այդ ճանապարհին եկեղեցու հայրերի հորդորն է. «Սիրենք մեր մերձավորին, այդպես կսիրենք Քրիստոսին, և ուրախության դռները կբացվեն մեր առջև, ու հարուցյալ Քրիստոս կհանդիպի սիրո մեջ հարուցյալ մեր հոգուն: Ընդամենը այսքանը, որքան քիչ բան է սպասում մեզանից մեր Տերը, և հենց այդ ամենի մեջ է դրախտը»:

 

Կարինե Սուգիկյան

11.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․