Գրքեր

Օգնություն տրամադրվեց սոցիալապես անապահով սիրիահայ քսան ընտանիքի

«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17): Աստծո սերն իր մեջ ունեցողը չի կարող անտարբեր գտնվել եղբոր կարիքի հանդեպ, քանի որ մտածում է՝ եթե ինքը կարիքի մեջ լիներ, ինչ կցանկանար, որ մարդիկ իր համար անեին: Այդ պատճառով Քրիստոսի անունը կրող քրիստոնյան չի կարող այլ կերպ պատվել Քրիստոսի անունը, եթե ոչ գործով՝ սիրով արված զոհողություններով:

Տարիներ առաջ իր ընտանիքի նման բազմաթիվ այլ ընտանիքների հանդեպ ցուցաբերված զոհողության արժեքը զոհողությամբ գնահատեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը: Վերջինս, ով չցանկացավ իր անունը նշել, Հայրենական պատերազմի ժամանակ հայրենադարձված ընտանիքի զավակ է: Դժվարին այդ ժամանակաշրջանում, երբ իր ընտանիքը ներգաղթել է հայրենիք, հայրենադարձ այլ ընտանիքների թվում հանդիպել է մի շարք դժվարությունների, որոնք հաղթահարելու համար նրանց օգնության ձեռք են մեկնել Մայր եկեղեցին և սրտացավ հայրենակիցները: Այսօր էլ այս ընտանիքի զավակը, ի հիշատակ իր ծնողների և ի երախտագիտություն հայրենիքում իրենց ձեռք մեկնած հայրենակիցների, եկեղեցու միջոցով համավարակի այս շրջանում օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Հայաստան ներգաղթած սիրիահայ ընտանիքների: Մայիսի 4-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ սոցիալապես անապահով քսան ընտանիքների հանձնեց բարերարի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (յուրաքանչյուր ընտանիքի 50 000 դրամ), նաև մի ընկերության կողմից սննդի փաթեթ (սննդի փաթեթների ընդհանուր արժողությունը կազմել է 350 000 դրամ): Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան, ձևավորվեց սիրիահայ համայնք և Նավասարդ Սրբազանի օրհնությամբ՝ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Սիրիահայ ընտանիքներն իրենց երախտագիտությունը հայտնեցին բարերարին և սննդի փաթեթ տրամադրած ընկերությանը՝ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

04.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․