Գրքեր

Սիրիահայերին բաշխվեց հումանիտար Ամանորյա օգնություն

ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում դեկտեմբերի 25-ին առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Ամանորի նախաշեմին քսան սիրիահայ ընտանիքների հանձնեց 20 հազար դրամ արժեքով կտրոններ: Հումանիտար Ամանորյա այս օգնությունն իրականցվեց հիմնադրամի զարգացման ծրագրի շրջանակներում:

Սիրիահայ ընտանիքների հետ հանդիպումը Սրբազան Հայրը սկսեց «Տերունական աղոթք»-ով, ողջունեց Տեր Գրիգորի նախաձեռնությունը և իր գոհունակությունը հայտնեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին իրականացված ծրագրի համար:

Ապա Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը, ում օրհնությանն ու աջակցությանն արժանացան 2012 թ-ին Հայաստան արտագաղթած սիրիահայ բազմաթիվ ընտանիքներ: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց նաև ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին, որի աջակցությամբ այս տարիների ընթացքում արձանագրված 1000 սիրիահայ ընտանիքներ մասնակցեցին երկու նմանատիպ և այլ բարեգործական ծրագրերի՝ ստանալով հոգևոր-հոգեբանական աջակցություն: Ինչպես նշեց Տեր Գրիգորը, այսօր սիրիահայ 100 ընտանիք ներգրավված են Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս և արդեն կես տարի ամեն ուրբաթ Վաչագան սարկավագ Դոխոլյանն արևմտահայերենով քարոզխոսություն է անցկացնում սիրիահայերի համար: «Նպաստավոր ամեն պայման ստեղծվում է, որ սիրիահայերը պահպանեն իրենց ավանդույթները: Եկեղեցում գործում է նաև «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Օր օրի ավելանում է սիրիահայերի թիվը՝ կազմելով մի մեծ ընտանիք»,- ասաց Տեր Հայրը:

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի բոլոր ծրագրերի գլխավոր կոմպոնենտը սոցիալ-հոգեբանական աջակցությունն է աղետից տուժած մարդկանց: Եվ ծրագրերի պատասխանատուներից Ալլա Սարգիսովան նշեց, որ 2012 թ-ից հումանիտար օգնության ոլորտում նորամուծություն է օգնությունը կտրոնների տեսքով, ինչը հնարավորություն է տալիս շահառուին ազատ ընտրելու իրեն անհրաժեշտ սննդամթերքը, բացի ալկոհոլից և ծխախոտից: Տիկին Ալլան հավելեց. «Տարեցտարի սիրիահայ ընտանիքների թվի ավելացման հետ կապված նվազեց կտրոնների տեսքով տրվող գումարի չափը: Տարիների ընթացքում էլ համոզվեցինք, որ հումանիտար օգնությանը զուգահեռ շատ կարևոր և անհրաժեշտ է լուծել սիրիահայերի մասնագիտական և աշխատանքի հետ կապված հարցերը: Այս առումով կատարված ծրագրերի արդյունքում սիրիահայերից շատերը, մասնագիտություն ստանալով, աշխատանք ձեռք բերեցին»:

«Հույս միավոր» տիկնանց միության փոխատենապետուհի Քնարիկ Ղազարյանը սիրիահայերի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը, Տեր Գրիգորին, Վաչագան սարկավագին և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին իրենց ցուցաբերած աջակցության համար:

Ի պատասխան շնորհակալության՝ Սրբազան Հայրն ասաց. «Մենք ենք շնորհակալ, որ ասպնջական ափերի մեջ հայ մնացիք՝ պահպանելով ձեր ազգային պատկանելիությունը և ինքնությունը: Կյանքի բերումով, Հայաստան գալով, հարստացրիք մեր հայկական կյանքը: Հուսահատական տրամադրությունները թող ձեզ չպարուրեն, ուժ և կորով ստանաք հայրենի հողի վրա՝ մշտապես կարևորելով Հայոց երկրի գերագույն արժեքը»:

 

 

Կարինե Սուգիկյան

25.12.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․