Գրքեր

Սիրո գերազանցությունը

«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13):

Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը հաճախ իր հոգու ողջ թափով և ուժգնությամբ երկրից՝ երկինք վերանալով, իր հայացքի պարզությամբ և կրոնական հանճարի վեհությամբ խորասուզվում է աստվածային սիրո խորքերը և սքանչելիորեն սուրբ խորհուրդները զննելով՝ վար է իջնում այդ բարձրություններից ու կամենում է իր հայտնություններին հաղորդակից դարձնել նաև իր եղբայրներին։

Ուստի առաքյալը հրաշալիորեն և խոսքի ողջ գրավչությամբ ի մի է ժողովում իր տեսությունները, որոնք ամբողջովին գաղափարների և զգացումների մի աշխարհի իրական արտացոլանքն են։ Որքան ներթափանցում ենք այդ շքեղ խորհուրդների մեջ, այնքան թաքնված գանձեր, անսպառելի ճշմարտություններ, նորանոր գծեր ու երևույթներ ենք նշմարում, և մինչ ուժասպառ մեր եզրակացություններն ենք կատարում, համոզվում ենք, որ դեռ ամեն բան չէ, որ նկատել ենք, և ինչ էլ որ նկատել ենք՝ միայն մասնակիորեն ենք նկատել։

Ահա այսպիսի՝ խորունկ խորհրդածության արժանի ուրույն մի խոսք է այսօրվա ճաշու գրքից իմ ընտրած այս բնաբանը, ուստի դժվար է ասել՝ պիտի կարողանա՞մ արդյոք ձեզ հաղորդակից դարձնել ներշնչված առաքյալի գաղափարին և պիտի կարողանա՞մ իրապես արտացոլել այդ գաղափարի բեղուն գեղեցկությունն իմ ունկնդիրներին։ Ես կասկած չունեմ, որ դուք օգուտ պիտի քաղեք առաքելական այս խոսքից, բայց նաև զգում եմ, որ իմ բացատրություններով մեծապես տկարացրած կլինեմ առաքյալի այս չքնաղ խոսքի հմայքը։

Երբ առաքյալն իր մտքի ճառագայթումով լուսավորում է մեզ, առավել ևս որքա՜ն պայծառապես կլուսավորեր իր սրտի՛ց արձակված սիրո ճառագայթներով, իսկ երբ նրա խոսքը սրտի ու մտքի շողարձակումով արտահայտվի, այլևս հնարավոր չէ, որ մարդ կարիք ունենա խոսքի կամ բացատրության, այլ միայն մտքով ինքնամփոփվելու կարիք կլինի։ Նրա գաղափարներն այնքա՜ն բարձր և այնքա՜ն խորունկ, այնքա՜ն մեծ ու այնքա՜ն պարզ, այնքա՜ն լուսավոր ու այնքա՜ն թափանցիկ են, որ մարդ ինքնին լուռ մտահայեցողության մեջ է ընկնում, ինչից հետո ամեն մարդկային բացատրություն տաղտկալի գլխացավանք պիտի նկատվի։ Երբ Աստված այսկերպ բարձրացնում է Իր ձայնը, մարդը պարտավոր է լռել։ Հաճախ Պողոս առաքյալի խոսքերը մեզ այնպես են ներկայանում, որ ասես մենք գրավիչ ու պատկառելի մի բնապատկերի առաջ լինենք. հոգին մնում է անխոս և անձայն՝ հափշտակված լռության մեջ։

Այսպիսի փառաշուք ու սքանչելի տեսարանների առջև, երբ Աստված հայտնվում է Իր զորությամբ և Իր փառքով, երբ արևն իր ճառագայթներով ոսկեզօծում է արգավանդ դաշտերը, երբ փոթորկալից ծովն անծայրածիր անհունությամբ իր ահռելիության մասին է բղավում, երբ գիշերվա խորունկ մթության մեջ երկնքի աստղերը հմայիչ ու խոսուն տեսքով մեզ դեպի իրենց են ձգում, մարդն այսպիսի տեսարանների առջև միայն հիանում, սքանչանում է ու լռում։

Այնտեղ Աստված է միայն խոսում։ Այնտեղ է, որ լսում ենք խորախորհուրդ մի ձայն, որն ասում է. «Ես եմ Տերը», «Ես Նա եմ, որ Է»։ Այնտեղ մարդը խորասուզվում, հափշտակվում ու վերանում է իրականությունից։ Այնտեղ մեկնիչներն ու ճառախոսները պետք է լռեն, պետք է դադարեն խոսելուց, քանի որ այնտեղ կարիք չկա բացատրության, կարիք չկա ապացույցների։ Այնտեղ հասկանալի, զգալի ու խոսուն է ամեն բան, քանի որ այնտեղ Աստված է, որ խոսում է, և դա արդեն բավական է։

Եվ հիմա, արտաքին բնության տեսարանից ավելի, հոգևոր կյանքի մի բնապատկեր է հայտնվում մեր աչքերի առաջ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխով։ Առաքյալի հոգին մի վսեմ ներշնչանքով նկարագրում, ավելի ճիշտ՝ հրաշալի մի լեզվով երգում է այն շնորհը, որը մեծագույնն է երկնքի և երկրի վրա։ Նա իր երգի մեջ բոլոր սրբությունների, բոլոր մեծությունների և բոլոր շնորհների միջև համեմատականներն անցկացնելուց և նրանց արժեքը մեկ առ մեկ ի ցույց դնելուց հետո մի խիզախ ու վճռական հոժարությամբ և իր բանաստեղծական ողջ ներդաշնակությամբ փառաբանում է սիրո գերազանցությունը՝ գոչելով. «Եվ արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է»։

Ինչպիսի՜ փայլատակում, ինչպիսի՜ շողարձակում և ինչպիսի՜ լուսավորություն ամենքիս սրտի և հոգու համար. երկնային մի երգ, որն, իսկապես, մինչև անգամ հրեշտակները չեն կարողացել երգել։ Եվ այդ երգը լսելու համար պետք է լռել։ Միայն լռություն. ես կարիք չունեմ բացատրության, կարիք չկա ապացույցների ու մեկնության, քանի որ Աստված է, որ խոսում է այնտեղ, Աստված է, որ երգում է, ուստի լռե՜նք, լռե՛նք՝ Նրան լսելու համար։ Թող որ լռե՛ն մարդկանց ձայները, թող լռե՛ն սառնասիրտ մեկնիչները, թող որ նրանք «կարճ կապեն» իրենց ճառերը։ Ո՜վ քարոզիչներ, մի՛ ապացուցեք, մի՛ բացատրեք մեզ այդ խոսքերը. Աստված է, որ խոսում է, և այդ մեզ բավական է։

Որքա՜ն քաղցր է այսպես տարվելը, հափշտակվելն ու վերանալը Աստծու ներդաշնակություններով, և որքա՜ն քաղցր կլինի ինքնին ազդվելը ներշչյալ այս խոսքերից և թույլ չտալը, որ անարժան ու սառնասիրտ մեկնաբաններն իրենց բացատրություններով տկարացնեն այս խոսքերի արժեքը։ Սակայն չտարվենք պատրանքներով և նայե՛նք, դիտե՛նք տխուր իրականությունը ևս։ Առաքյալի այս խոսքը բոլոր հոգիների վրա նույն տպավորությունը չի թողնում և ամենքի հոգիները չեն, որ հափշտակվում են այս խոսքերով։ Մեզնից շատերի սրտերը՝ մեղքով տկարացած լինելով, հաճախ չեն կարողանում լսել առաքյալի այս խրախույսն ու հորդորը։ Մյուս կողմից՝ սովորությունն ու վարժանքն էլ շատ անգամ բթացնում է զգացումը, ուրեմն հարկ է փորձել արթնացնել քնած զգացումները։ Պետք է հեռու վանել ծույլ և ծանր տրամադրությունները, պետք է մարդկայնորեն խոսել աստվածայինի մասին։

Անտարակույս է, որ առաքյալը մեր այսօրվա ընտրած բնաբանով շեշտում է սիրո գերազանցությունն ու վսեմությունը։ Իր այս հայտարարությամբ առաքյալը մեզ մի նոր երևույթի առջև է կանգնեցնում։ Առհասարակ, Պետրոս առաքյալը հայտնի է իբրև օրենքի և գործի մարդ, Պողոս առաքյալը՝ հմուտ վարդապետ և հավատքի մարդ, Հովհաննես առաքյալը՝ սիրո և գթության մարդ: Անշուշտ, չի կարելի նման արհեստական դասակարգում դնել առաքյալների մեջ, բայց կարծես թե յուրաքանչյուր առաքյալ իրեն բնորոշ հակումներ ու համոզմունքներ ունի և ընթերցողը նրանցից յուրաքանչյուրի գրվածքներից տարբեր ներշնչումներ է ունենում։

Այսպես՝ Պողոս առաքյալն իր գրվածքներով մեզ այն համոզմանն է առաջնորդում, որ ինքը հավատքի մարդ է, ինչպես նաև՝ հեղինակություն վարդապետական խնդիրներում։ Առաջինը նա է, որ համակարգված կերպով խմբավորել է քրիստոնեական վարդապետությունները։ Առաջինը նա է, որ ջանասիրաբար պայքարել է հրեական նեղմտության, ինչպես նաև գնոստիկյան բանդագուշանքների դեմ։ Առաջինը նա է, որ հավատքի միջոցով եղող փրկությունը ջատագովել և ի հայտ է բերել Ավետարանի ողջ վսեմությունը։ Ուրեմն, ըստ այսմ, Պողոսը եղել է վարդապետության և հավատքի մարդը։

Բայց իմ այս բնաբանի մեջբերումով ինչքա՜ն նոր ու լուսավոր մի երևույթի, երկնային մի ճառագայթումի են ականատես լինում մեր աչքերը։ Հավատքի ջատագով նկատված այս մարդն է, որ երեք առաքինությունները՝ հավատքը, հույսը և սերը  միմյանց հետ համեմատելուց հետո վճռական կերպով և բարձր հանդիսավորությամբ Սերը բոլոր առաքինությունների թագուհին, բոլոր շնորհներից մեծագույնն է համարում՝ ասելով. «Եվ արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը Սերն է»։

Ինչո՞ւ և ինչո՞վ է սերը մեծագույնը բոլորից։ Ինչպես ամեն տեղ, այստեղ ևս, սիրո մասին խոսելու ժամանակ Պողոս առաքյալը այնքա՜ն գերապանծ ու մեծաշուք ոճ է կիրառել, որ անշուշտ, մենք չպիտի կարողանայինք նրա ոգով ու խորաթափանց մտքով չափել բարձրությունը, լայնությունն ու խորությունը սիրո։ Բայց որպեսզի մեր միտքը լուսավորվի և համոզում ձևավորի իրենում, պիտի փորձեմ վերլուծել իմ այս բնաբանի խոսքերը հետևյալ հերթականությամբ. Սերը մեծ է իր խորության մեջ; մեծ է իր զորության մեջ; մեծ է իր ընդգրկունության մեջ; մեծ է իր բարձրության մեջ։

1. Սերը մեծ է իր խորության մեջ. Սերը մարդ էակի ամենախորունկ ու նախնական ապրումն է, քանի որ սերը կապված է զգացումին, իսկ մարդու մեջ ամեն բան սկսվում և ավարտվում է զգացումով։ Զգացումն է, որ ամբողջովին իր գիրկն է առնում ու պարուրում մարդ էակին. սա տիեզերական օրենք է, և Սուրբ Գիրքը այս օրենքն է, որ ձևակերպում է այս խոսքով. «Սրտից են ելնում կյանքի խորհուրդները»։ Արդ, սերը սրտի տիրույթում է գտնվում, հավատքը՝ իր ավանդական ու հիմնական իմաստով և սիրո հետ համեմատությամբ, գտնվում է իմացականության տիրույթում, իսկ հույսը պատկանում է երևակայության տիրույթին։ Սերն է միայն, որ սրտի, զգացմունքների տիրույթում է գտնվում և խարիսխն ու արմատն է հավատքի և հույսի։ Սերն այն խորունկ աղբյուրն է, որտեղից բխում են մյուս երկու առաքինությունները։ Ո՛չ հավատքը և ո՛չ հույսը չեն կարող գոյություն ունենալ առանց սիրո։

Սերն, ուրեմն, ամենամեծն է իր խորության մեջ, քանի որ ինքն է գոյացնում, իր մեջ բովանդակում ու պտղավորում մյուս երկու առաքինությունները, քանի որ չեք կարող հավատալ՝ առանց սիրելու, չեք կարող հուսալ՝ առանց սիրելու։ Եթե ասում եք՝ «հավատում եմ Աստծուն», ուրեմն արդեն իսկ սիրում եք, հակառակ դեպքում ճշմարտապես չպիտի հավատայիք Աստծուն ու ձեր հավատքն էլ մակերևութային, կամ, ավելի ճիշտ, գեթ կարծիք պիտի լիներ միայն։

Երբ սիրելով՝ հավատում եք Աստծուն, չե՞ք ուզում կատարել Նրա կամքը, չե՞ք ուզում  նպաստել Նրա թագավորության հաստատմանը, չե՞ք ուզում ծառայել Նրան՝ ի սպաս դնելով ձեր ողջ ուժերը։ Երբ իրապես հավատում եք Աստծուն, չե՞ք ուզում հաճելի լինել Նրան, չե՞ք ուզում մշտապես հաղորդակցություն պահպանել Նրա հետ։ Բնականաբար։ Ձեր հավատքը չի կարող սիրուց առաջ անցնել, քանի որ սերն է, որ բարձր է պահում հավատքը։

«Հավատքը սիրով է հաջողակ». եթե սերը հավատքի խարիսխը չէ և չի սնուցում այն, ուրեմն ձեր հավատքն էլ հավատք չէ ու արժանի չէ անգամ այդ անվանը. այդ այն հավատքից է, որը հեթանոսներն էլ ունեն և որով սատանաներն էլ են դողում Աստծու առաջ՝ ինչպես որ շատ զորեղ կերպով ասում է Հակոբոս առաքյալը. «Դու հավատում ես, որ մե՞կ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում» (Հակ. Բ 19)։

Նմանապես, չեք կարող հուսալ՝ առանց սիրելու։ «Հավիտենական կյանքը մեր հույսն է»,- պիտի ասեք։ Բայց այդ հույսը ձեր ննջող սիրելիների նկատմամբ ունեցած անջինջ սիրո արդյունքն է։ Եթե երկնքում նրանց վերստին տեսնելու բուռն փափագը չունենայինք, անդենականի մասին երբեք հույս չէինք ունենա։ Հավիտենական կյանքի մասին գեղեցիկ պատկերացումները, որ կառուցել ենք մեր երևակայության մեջ, ինչի՞ հետևանքն են. սիրո և միա՛յն սիրո։ Այսպես, ուրեմն, Պողոս առաքյալի խոսքը ևս մեկ անգամ է հաստատվում, որ «սրանցից մեծագույնը սերն է»։

2. —Սերը մեծ է իր զորության մեջ. Ոչ մի բան այնքան հզոր չէ, որքան սերը՝ իր դրական ու ժխտական դիրքորոշումներով, թե՛ դիմադրելու և թե՛ հաղթելու համար։ Երբ մենք սիրո տիրույթում ենք, կարծես հրաշալիքների ու սքանչելիքների աշխարհում լինենք։ Որքա՜ն հզոր է մոր սերն իր սրտի հատոր եղող զավակների հանդեպ։ Մի՞թե հնարավոր է սիրո այդ զորությունը տկարացնել։ Նույնն է երկու մաքուր սրտերի՝ միմյանց նկատմամբ ունեցած սիրո պարագան. ո՞վ կարող է իրարից բաժանել այդ երկու սրտերը, ո՞ր զորությունը կարող է պատնեշ լինել այդ երկու սրտերի միջև։ Նույնիսկ մահը չի կարող մեռցնել այդ բաբախող սրտերի սերը։

Սողոմոնը որքա՜ն զգայուն բացատրություն է տալիս այս մասին, երբ ասում է. «Բուռն է իբրեւ զմահ սէր»՝ մահից ավելի զորավոր է սերը։ Եկեղեցու սկզբնական շրջանի հերոսական մահերը ինչի՞ արդյունքն էին. անշուշտ, արդյունքն էին ա՛յն սիրո, որը Հիսուս բորբոքեց իր հետևորդների սրտի խորքերում և որի միջոցով Եկեղեցին ձևավորվեց, տարածվեց ու զորացավ և իր բարոյական ու հոգեկան զորության դեմ ներոններն անգամ չկարողացան ավելի հզոր մի ուժ գտնել՝ տապալելու քրիստոնեական եկեղեցու սերը. ո՛չ առյուծների ճանկերը, ո՛չ կրակների բոցերը, ո՛չ զորականների հարվածները չկարողացան տկարացնել հավատացյալների սրտի սերը, քանի որ վերջիններս նախընտրում էին մեռնել, քան ուրանալ իրենց սիրո առարկա հանդիսացող Քրիստոսին՝ իրենց Աստծուն։

Այս սերն, իսկապես, ամեն ինչից էլ զորավոր է։ «Հավատքի՞ց էլ հզոր է»,- պիտի հարցնեք. անտարակույս, քանի որ հավատքը կարող է խախտվել, մտքում կարող է տարակուսանք առաջանալ, բայց սիրո պարագան այլ է։ «Հույսի՞ց էլ հզոր է». այո՛, անշուշտ. հույսի առարկան ներկա չէ, հեռվում է։ Հեռավորությունը սքողում է այն, բայց սերը իրապես ներկա է, այն ներկա իրողություն, սիրավառ, խանդավառ ստուգություն է, այն հայտնություն, հարստություն ու նույնիսկ կյանք է։ Մարդու հավատքը կարող է խախտվել, հույսը կարող է քողով ծածկվել, բայց եթե սիրտը սիրով կապված է Աստծուն, այդ սրտի մեջ որևէ տկարություն չի լինի։ Ամեն բան փրկված է. այդ սիրտն ի զորու է դիմադրելու, այդ սիրտը նույնիսկ նահատակության ժամանակ հաղթող պիտի լինի։

Սերը թե՛ դիմադրելու համար է հզոր, և թե՛ հաղթանակելու։ Եթե հավատքը լեռներն է տեղափոխում, ապա սերը տեղափոխում է աշխարհները, վեր ի վայր է շրջում և վերաստեղծում։ Այդ ի՞նչն էր, որ վերից վայր շրջեց հին աշխարհը՝ ընդարձակ հռոմեական կայսրությունը, և հնի ավերակների վրա հիմնեց նոր աշխարհը. այդ ո՛չ Որոգինեսի գիտությունն էր, ո՛չ Հովհան Ոսկեբերանի պերճախոսությունը և ո՛չ էլ Կոստանդիանոսի ճկուն քաղաքականությունը. ո՛չ և ո՛չ։ Ամեն բանից առաջ քրիստոնեական սուրբ, մաքուր ու եռանդուն սերն էր այդ։ Այդ հերոսական սերն է, որ փնտրում է հոգիները, կամենում է մխիթարել ու փրկել նրանց։ Այդ սերն է, որ փնտրում է մարդկային թշվառություններն ու մեղմացնում դրանք և մխիթարում։ Այդ սերն է, որ զարմանքով ու հիացումով է լցնում հեթանոս եսասերներին և ամենից իմաստուն նկատված Հուլիանոս կայսրին ասել է տալիս այս դառն ու ապշեցուցիչ խոսքերը. «Ինչպե՞ս են այս ամբարիշտ գալիլիացիներն այսքա՜ն սիրում հերիք չէ՝ իրենց, այլ նաև մե՛ր աղքատներին»։

Պետք է գիտենանք, որ աշխարհի անդիմադրելի շարժիչ զորությունը ո՛չ գիտության, ո՛չ պերճախոսության և ո՛չ էլ իմացականության մեջ է, այլ միայն և ամեն բանից վեր՝ սիրո մեջ։ Եթե մեր գիտության, մեր պերճախոսության և իմացականության բոլոր դրսևորումները սիրո վրա են հիմնված, օ՜հ, իսկապես անդիմադրելի և հաղթական պիտի լինենք մեր ձեռնարկներում։ Այդ իսկ պատճառով շատ ճիշտ է Պողոս առաքյալի ասելը, թե՝ «Եվ արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է»։

3. ՍԵրը մեծ է իր ընդգրկունության մեջ. Հավատքը և հույսը իմ բարոյական անձի տիրույթից դուրս չեն ելնում, և եթե ելնեն՝ ուրիշներին հաղորդվելու նպատակով, այդպիսով իսկ արդեն սեր կդառնան։ Իմ հավատքը ինձ է, որ կարող է ծառայել։ Իմ հույսը ինձ է, որ օգուտ է տալիս։ Սրանք տարածական չեն, իսկ սերը, ընդհակառակը, տարածական ու հաղորդասեր է. այն կտրում-անցնում է ես-ի սահմանները, այն ուրիշներին է օգտակար լինում, այն ծառայում է ամենքին։ Մինչդեռ հավատքը և հույսը կենտրոնացած են մնում մարդկային անձի մեջ, սերը խոյանում է դեպի դուրս՝ օգնության հասնելու բարոյապես և նյութապես թշվառներին։

Սիրո սահմանները չեն սահմանափակվում անհատի անձի տիրույթում։ Սիրո ասպարեզը աշխարհն է. հոգեկան աշխարհը, ընկերական աշխարհը, նյութական աշխարհը։ Սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն տալիս, նվիրում է անհունաբար ու անբավորեն։ Սերը փնտրում է դժբախտին՝ նրան ամոքելու համար։ Սուրբ անհամբերությամբ սերը վազում է բոլոր տառապողներին ընդառաջ։ Սերը լալիս է բոլոր լացողների հետ, տառապում է տառապողների հետ ու բոլոր հերոսական միջոցներով մխիթարություն և ուրախություն է բերում սուգի ու տառապանքի մատնվածներին։

Մարդկային փրկության պայմանը սերն է։ Սրտի արևը լուսատու սերն է։ Առանց սիրո սիրտը փչացած, փտած ու նեխած է լինում. կոխոտեցե՛ք այնպիսի մի սիրտը, որը սեր չունի։ Երևույթներով, կեղծիքներով, «հավատամք»-ներով և հրաշքներով պարծեցողները նույնն է թե՝ պարծենում են ոչնչով։ Հիսուս երբե՛ք Իր հետևորդներին չասաց՝ «Եկե՛ք Իմ հետևից, որովհետև Ես հրաշքներ եմ գործում», այլ ասաց. «Եկե՛ք Իմ հետևից, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ»։ Իսկ որտե՞ղ կարելի է հեզություն և խոնարհություն գտնել, եթե ոչ այնտեղ, որտեղ սեր գոյությու ունի։

4. Սերը մեծ է իր հավիտենականության մեջ.— Ահա՛ սիրո առավելությունները բնութագրող վերջին լուսագիծն ու պսակը, սիրո փառքը և աստվածացումը։ Սերը երկնքի առաքինությունն է. Աստծու առաքինությունն է այն։

Մտքով փոխադրվենք Ավետարանի նկարագրած լավագույն ու վերին մթնոլորտի, խաղաղության և լույսի խորանների մեջ։ Արդյոք հավատքի, հույսի և սիրո առաքինություններից ո՞րն է, որ պիտի մնա ու հարատևի։ Հավա՞տքը արդյոք։ Ո՛չ, քանի որ հավատքը պիտի փոխվի տեսության. երկնքում չեն հավատում, այլ նայում են ու տեսնում։ Հու՞յսը արդյոք։ Ո՛չ, քանի որ հույսը փոխվում է իրականության. երկնքում այլևս հույս չեն տածում, այլ տիրանում են իրենց ակնկալությանը և ուրախանում։ Բայց եթե երկնքում չեն հավատում և հույս չեն տածում այլևս, սակայն սիրում են, այո՛, սիրում են։ Սերը երկինքն իսկ է. սերը մնում է, սերը ապրում է հավիտենապես։

Հավատքը և հույսը մարդկային, երկրավոր պայմանների համար եղող առաքինություններ են միայն, մինչդեռ սերը հավիտենականությանն է պատկանում։ Այն հավիտենական, անվերջ առաքինությունն է։ Այն ինչպես այստեղի, նմանապես և անդենականի առաքինությունն է։ Սերը երկնային ծաղիկ է, որի արմատը երկրի մեջ է։ Այն այստեղ ծլում, մեծանում է և բարձրանում է դեպի երկինք, միշտ բարձրանում է և բացվում է միայն երկնքում՝ երկնային լույսերի շողերի ներքո։ Սերը Երկնքի արքայությունն է։

Սերը Աստծու առաքինությունն է։ Հավատքի, հույսի և սիրո այս առաքինություններից ո՞րը կարող ենք պատշաճեցնել Աստծու փառապանծ էությանը։ Մի՞թե Աստված հավատում է։ Աստված հո՞ւյս է տածում։ Աստված սիրո՞ւմ է։ Աստված չի հավատում. Աստված գիտի, Աստված տեսնում է, Աստված դիտում է, և հետևաբար, ասելը թե՝ Աստված հավատում է, անվայել մտքի արգասիք կլինի։ Աստված հույս չի տածում. անպատշաճ և հակասական է ասելը, թե՝ Աստված հույս է տածում։ Աստված հույս չի տածում. Աստված տիրանում է, Աստված ուրախանում է։

Աստված, սակայն, սիրում է։ Սիրել. ահա՛ Նրա գործը, ահա՛ Նրա փառքը, ահա՛ Նրա երջանկությունը, ահա՛ Նրա բնությունը, ահա՛ Նրա իսկությունը, ահա՛ Նրա կյանքն իսկ։ «Աստված սեր է», և մարդիկ միայն սիրո զգացումով կարող են նմանվել Աստծուն, բանալ երկնքի դռներն ու վեր ելնել լուսեղեն այն սանդուղքով, որը Նազովրեցի Հիսուս դրեց՝ երկիրը երկնքին կապելու համար։

«Սէր անուն Յիսուս,

Սիրով քով ճմլեա՛

Սիրտ իմ քարեղէն»։

Ամեն։ 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

06.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․