Գրքեր

Սիրով լի սիրտը միայն ինքն իր մասին չի մտածում

Մարդն իր ազատ ընտրությամբ կարող է իր սիրտը դարձնել Սիրո բնակարան, իսկ Սիրով լի սիրտը «միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը» (Ա Կորնթ. 13:5-6): «Մի փնտրիր քոնը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- որպեսզի կարողանաս քոնը գտնել: Յուրաքանչյուրի օգուտը կայանում է մերձավորի օգուտով: Նա, ով չի ցանկանում մերձավորի օգուտի մեջ իր օգուտը փնտրել, նա չի արժանանա պսակների: Նա է սիրում, ով մերձավորին բարին է մաղթում, իսկ նա, ով չի փնտրում բարին, թեկուզ հազար անգամ էլ ասի, որ սիրում է, կլինի միայն թշնամիների թշնամին»:

Հուլիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ռուզաննա Գրիգորյանին (53 տ.), ով իր որդու՝ Գրիգորյան Ալիկի (20 տ.) հետ բնակվում է Մոլդովական 29/4 հասցեում գտնվող հանրակացարանի 123 սենյակում: Ընտանիքն արդեն յոթը տարի է, ինչ բնակվում է տարրական պայմաններից զուրկ նկուղային խոնավ սենյակում: Ալիկը 1-ին խմբի հաշմանդամ է, նա տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ), էպիլեպսիա և «Պարբերական» հիվանդություններով: Տասնութ տարի առաջ ընտանիքի հայրը որդու առողջական խնդիրների պատճառով լքել է ընտանիքին և ժամանակ առ ժամանակ միայն գումարով է օգնում:

«Տղաս, տարածքային ֆոբիա ունենալու պատճառով, չի կարողանում քայլել և միայն իմ օգնությամբ է տեղաշարժվում: Ալիկի համար անհրաժեշտ դեղորայքի մեծ մասը ես եմ գնում, իսկ պոլիկլինիկան մի մասն է միայն տրամադրում: Ամեն օր ֆինանսական խնդիրների առջև եմ կանգնած. չգիտեմ ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով տղայիս համար անհրաժեշտ դեղորայքը և սնունդը գնեմ, թե կոմունալ վարձերը վճարեմ: Երբեմն ստիպված եմ լինում պարտքով գնումներ կատարել, երբեմն հարևաններս են ինձ օգնում: Եվ այսքան խնդիրների և դժվարությունների մեջ երբևէ իմ մտքով չի անցել, որ երեխայիս մանկատուն տանեմ, առանց Ալիկի ես չեմ պատկերացնում իմ կյանքը»,-ասաց Ռուզաննան և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Ռուզաննային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

 

Կարինե Սուգիկյան

06.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․