Գրքեր

«Սոցիալական աշխատանքը բարեգործություն է»

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Զորավոր» երիտասարդաց միության անդամները «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ հանդիպումների: Դեկտեմբերի 12-ի հերթական հանդիպման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոց. աշխատող Ալվինա Մուրադյանն էր: Բանախոսության թեման էր «Սոցիալական աշխատանքի քրիստոնեական դրույթները»:

«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը թեմայի ընտրության հետ կապված ասաց. «Մեր եկեղեցու երիտասարդաց միությանն անդամակցող հավատավոր երիտասարդները ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում մասնակից լինելու տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի, որ իրականացնում է եկեղեցին: Այս մտածումով հրավիրեցինք սոցաշխատողի, ով, իր փորձառությունից ելնելով, մեր երիտասարդներին կներկայացնի սոցիալական աշխատանքի նրբությունները և գաղտնիքները: Իսկ մինչ օրս երիտասարդներն առանց որևէ գիտելիքի և փորձառության փորձել են ինքնաբուխ կերպով իրենց մեջ եղած աստվածային սերը կյանքի վերափոխել՝ այցելելով մանկատուն, ծերանոց և կարիքավոր մարդկանց: Այս բանախոսությունը հույսով եմ, որ երիտասարդներին առավել կամրապնդի այդ առաքելության մեջ: Սոցիալական աշխատանքը բարեգործություն է, այն քրիստոնեական նկարագիր ունեցող մարդու գործունեությունն է՝ օրինակ ունենալով մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, Ով Իր սերն ու ուշադրությունը ցուցաբերեց մարդկանց՝ զանց չառնելով ոչ մեկի խնդրանքը: Մենք էլ՝ որպես Քրիստոսի հետևորդներ, պարտավոր ենք մեր սերն ու ուշադրությունը ցուցաբերել մեր նմանի հանդեպ»:

Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Մինչ թեմային անդրադառնալը՝ բանախոս Ալվինա Մուրադյանն առաջարկեց երիտասարդներին ծանոթացման ոչ ստանդարտ տարբերակ՝ նրանք բացի իրենց անունից պետք է ներկայացնեին իրենց բնորոշող որևէ հատկանիշ կամ պատմություն: Ինքդ քեզ հասկանալու և բացահայտելու միտումը, ըստ բանախոսի, անմիջական կապ ունի բանախոսության հետ: Քանի որ, ինչպես նշեց Ալվինան. «Կարիք կա, որ յուրաքանչյուրը սնի և ուժեղացնի իր մեջ բարի կողմերը: Երբ դու իմանում ես, թե ով ես և ուր ես գնում, քո ամբողջ ռեսուրսները օգտագործում ես հենց այդ ամենի վրա, իսկ թույլ կողմերը պատնեշում են բարին գործել՝ ստեղծելով վախի մթնոլորտ»:

Ի՞նչ կապ ունի սոցիալական աշխատանքը քրիստոնեության հետ, այս հարցին անդրադարձավ բանախոսը՝ ներկայացնելով սոցիալական աշխատանքի ծագման պատմությունը: Նա նշեց, որ սոցիալական աշխատանքը բարեգործություն է:

Ապա երիտասարդները դիտեցին «Թիթեռների կրկես» ֆիլմից մի հատված, որն առավել պարզորոշ վերհանեց այն կարևոր առանձնահատկությունը, որ պետք է իմանա բարին գործել ցանկացող յուրաքանչյուր անհատ: Ֆիլմն անդրադարձավ մարդու մեջ գերագույն արժեքի բացահայտմանը, ինչին ուղղված է թե՛ սոցաշխատողի և թե՛ հոգևորականի ծառայությունը: Կարևոր նպատակ է համարվում վերհանել խորհրդառուի ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի հնարավոր լինի օգնել նրան: Նաև շոշափվեց այն միտքը, թե որքան դժվար է պայքարը, այնքան մեծ է հաղթանակը:

Արդյունավետ աշխատանքի համար շատ կարևոր է ձեռք բերել խորհրդառուի վստահությունը: Ապա բանախոսն անդրադարձավ սոցաշխատողի չորս կոդեքսներին՝ կոնֆիդեցիալություն, զգուշացում-նախապատրաստում, ինքնաբացորոշում և տեղեկատվածություն: Այնուհետև հավելեց. «Կարևոր չէ լինել սոցաշխատող, կարևոր է լինել մարդ, ով պատրաստ է օգնել կարիքավորին: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ ֆիզիկական արատները խորթ են դիտվում: Եթե յուրաքանչյուրս փորձենք մարդկանց օգնել, առանց նրանց մատնացույց անելու, զարմանալու և խղճալու, ապա մենք կունենանք գեղեցիկ հասարակություն: Չէ որ ամենահին և առաջին քրիստոնյա ազգն ենք, իսկ քրիստոնեությունը սեր է»:

Բանախոսության ավարտին Ալվինան պատասխանեց երիտասարդների հարցերին: Տեր Վահանն եզրափակեց բանախոսությունը և շնորհակալություն հայտնեց Ալվինա Մուրադյանին օգտաշատ և բովանդակալից զրույցի համար՝ ավարտելով հանդիպումը «Տերունական աղոթք»-ով:

 

 

Կարինե Սուգիկյան

14.12.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․