Գրքեր

Սուրբ Անթիմոս եպիսկոպոսի վկայաբանությունը

Նիկոմիդիա մայրաքաղաքի սուրբ եկեղեցու աճելով և Քրիստոսի հոտի բազմանալով` բարիքն ատեցող բանսարկուն և արդարության թշնամին, մարդկանց հոգիների ապականիչը, չար գազանը, ոչխարի մորթով ծածկված մտավ Քրիստոսի հոտը` Նրա ներելու պատճառով: Քանի որ այն ժամանակ արբանյակներ ու գործակիցներ գտավ իր չարության` ամբարիշտ և անօրեն թագավոր Մաքսիմիանոսին Դեոկղետիանոսի հետ. խավարային վայրենամիտներ, ապերասան, խայտառակված մտքով և սովորությամբ խաբեբաներ: Նա [Մաքսիմիանոս] եկավ Նիկոմիդիա քաղաքը, մտածելով կործանել քրիստոնյաներին, հետևելով մոլորության բանսարկուին` մեռելոտի կուռքերի մոլորությամբ: Քանի որ երկրպագում էին ձուլածո սնոտի որոշ աստվածների և անմաքուր ու պիղծ դևերին մատուցում զոհեր ճենճերալիր, ծխամած, միգախառն, մշուշատիպ: Եվ այնտեղ եկած պատուհասների դատարանները Աստծու սիրելի երկյուղածներին տանջում էին: Եվ այն օրերին երկու բյուր քրիստոնյա այր ու կին այրեցին հրով: Իսկ հավատացյալ եղբայրները տեսնելով այդպիսի տարակուսանքի աղետը, որ լինում էր նրանցից, որ ճշմարտության հակառակորդ էին և Աստծուն չէին ճանաչում, այն քաղաքից խույս տալով սփռվեցին լեռներն ու ագարակները, թաքնվելով բռնավորների հալածանքներից, ագարակները քաղաք, իսկ լեռները քաղաքամերձ վայր համարելով: Որովհետև իրենց հետ ունեին անմահ Թագավոր Քրիստոսին, նմանվելով Նրա սուրբ աշակերտներին, որ Հիսուսի հետ լեռը բարձրացան: Եվ այնտեղ լեռներում և ագարակների շուրջը կյանքի Բանն էին ուսուցանում և բարեպաշտության կրոնը:

Արդ, այն ժամանակ Աստծու սուրբ այրը, Քրիստոսի բանավոր հոտի վերատեսուչն ու հովիվը, որի անունն Անթիմոս էր, հալածանքի երկյուղից թաքնվել էր նույն քաղաքում մի տան մեջ և այնտեղ անհագ ձայնելով պաշտամունք էր մատուցում և աղոթելով խոսակցում էր միշտ Աստծու հետ: Քանի որ արդարության բոլոր գործերով, իմաստուն ու խոհեմ մտքերով զարդարված, բարեպաշտ գործերում արագ, պատրաստ վարդապետելու, պատկառելի տեսակով, քաղաքավարությամբ` անպարսավելի. ոչ մի առաքինություն պակաս չէր նրան:

Խույս տալով այդ քաղաքից օրենքի աղտեղի գործերի համար և գնալով մի տեղ թաքնվեց լեռներում, նման իր Տիրոջը և Ուսուցչին, որ անապատ գնալով խուսափեց, և այնտեղ էր` աղոթելով ու սաղմոսելով այսպես. «Հուսացի ի Տեր, ինչպես ասում եք ինձ` տեղափոխեցիր լեռները ինչպես ճնճղուկ: Ահա մեղավորները լարեցին իրենց աղեղները, պատրաստեցին նետերը իրենց կապարճներում` գաղտնի սպանելու անբիծներին» (Սաղմ. Ժ.3): Եվ իր համար տաղավար պատրաստեց գեղատեսիլ վայրում, այնտեղ բնակվեց` Աստծու Բանը խոկալով, շատերին բուժելով իրենց հիվանդություններից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով հալածելով դևերին: Եվ տաղավարում ուներ օթևան գիշերային հանգստի: Այն լեռան կողմերի բնակիչներին բարեպաշտության ավանդություն տալու և ուսուցանելու համար ցերեկները շրջում էր լեռներում, ծառերի ոստերի մեջ հրճվելով սաղմոսերգությամբ: Եվ մարմնական աչքի հետ հոգու աչքը վեր դարձնելով դեպի երկինք ասում էր. «Աչքերս բարձրացրի դեպի լեռները, որտեղից ինձ օգնություն կգա» (Սաղմ. ՃԴ. 1): Եվ անընդհատ, հաճախակի նրա աղոթելով վայրի գազանները հնազանդվում էին նրան` ինչպես գրված է` «Վայրենի գազանները քեզ խաղաղական կլինեն» (Հովբ Ե. 23):

Բայց սուրբ Անթիմոսը, Քրիստոսի բանավոր հոտի հովիվը, ոչ թե մահից վախենալով էր փախել այնտեղ, այլ Սուրբ Հոգու շնորհների պարգևի, մեծ իղձ ու ցանկություն ուներ, իբրև օժանդակություն առաջիկա մրցանքներում ու չարչարանքներում: Որ հաղթելով հակառակորդի զորությանը, Բելիարի աներևույթ գնդին մոլորեցնի և մնա անարատ մարտիրոսական մրցման հանդեսում և վերցնի իր խաչը, խաչակցաբար հետևի Խաչյալին: Բայց օրըստօրե զորանում էին այն չարագուշակ ժամանակի հալածանքները, չարաչար սպառնալիքների երկյուղից [մարդիկ] միմյանց մատնում էին բռնավորի ձեռքը. հայրերը իրենց որդիներին և որդիները հայրերին, հարևանները հարևաններին և բարեկամներն իրենց սիրելիներին, որպեսզի կատարվեր տերունական խոսքը, թե` «Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն և որդիները կհարձակվեն հայրերի վրա և կսպանեն նրանց ատելի կլինեն բոլորից իմ անվան համար» (Մատթ. Ժ. 21-22, Մարկ. ԺԳ. 12-13):

Արդ, բանսարկուի չարասեր արբանյակներից մեկը, որ նրա նման չէր ճանաչում երկնքի ու երկրի Աստծուն, ճշմարտության հակառակորդը, մոտենալով ամբարիշտ Մաքսիմիլիանոսի ականջին` ասում է նրան. «Թագավոր, ապրիր հավիտյան, այն քրիստոնյան, որին սպանել խոստացար, ահա փախել է այս քաղաքից, մանավանդ քահանա լինելով` մոլորեցնում է շատերին, նրանց ուսուցանելով մոլորության առասպելներ: Այժմ լսիր ինձ, ո՛վ թագավոր, և զինվորներ ուղարկիր, որ գնան գտնեն նրան և բերեն կանգնեցնեն ատյանում քո առաջ»: Եվ Մաքսիմիլիանոս արքան լսեց այն մարդուն` մատնիչ ամբարիշտին, իր զորքից 20 հոգու ուղարկեց և պատվիրեց ասելով. «Գնացեք այն գյուղը, փնտրեցեք քրիստոնյա այր Անթիմոսին և գտնելով բերեք իմ անմահական պետության առաջ»:

Նրանք շտապով հրաժեշտ տվին թագավորին, փութացին կատարել հրամայվածը: Եվ հասան այնտեղ, հարցնում էին լեռան բնակիչներին, թե ո՞րտեղ է բնակվում քրիստոնյա այրը, որ կոչվում է Անթիմոս: Բայց նրանք, ում հարցնում էին, չուզեցան պատասխանել, որովհետև խուսափում էին, քանի որ լուսավորված էին սրբի վարդապետության լույսով: Որովհետև նա լի ու լեցուն էր Հոգու շնորհներով, անպակաս ունենալով իր մեջ աստվածադիր պատվիրանների վարդապետության իմաստությունը. ստեղծել և սովորեցնել իմաստության խոսքով հանդերձ: Եվ նրա հասակի ձևը, դեմքի նկարագիրը, լի էին շնորհներով, աչքի տեսողությանը հաճելի, անբիծ և անարատ կենցաղավարություն: Զի Հոգու ուղղությամբ հանդերձ, մարմնի անդամներով նույնպես վայելչական էր, և ունենալով ստեղծագործողի գեղեցիկ շարժուձև` ցուցաբերում էր փայլուն քաջաբնակություն:

Այնուհետև տեսնելով պարկեշտ կենսաձևը և բազմահանճար վարդապետությունը` այն վայրերի բնակիչները հանձն չէին առնում Հուդայի նման մատնել սրբին: Իսկ զինվորները գյուղացիներից որևէ բան չիմացան, որ պատմեին իրենց առաքողներին: Երբ փոքր-ինչ հեռացան այն գյուղից, մի նեղ արահետ գտան ճանապարհի և մարդկանց ոտնահետքեր, որ իջնում էին այնտեղ, ուր սուրբ Անթիմոսը իր տաղավարն էր պատրաստել: Եվ այս ու այն կողմ նայելով` անտառախիտ ծառերի մեջ տեսան սրբի բնակարանը, ուրախացան, հեծան երիվարները և արագ փութով հասան լեռան զառիվայրը, որպեսզի որսան սրբին:

Իսկ Աստծո այրը տեսնում է հեծելազորը, որ իր մոտ էր գալիս, ասում է. «Սրանք կառքով ու երիվարով են, իսկ ես կկարդամ իմ Տեր Աստծու անունը»: Այս ասելով երանելին սկսեց աղոթել և ասել այսպես. «Հիսուս, լույս` նախ քան ամեն ինչ հավիտյանս, որ քո մեջ եղած լույսդ շնորհեցիր բոլոր մարդկանց և քո աշակերտներին հայտնապես ասացիր` «Ով ինձ խոստովանի մարդկանց առջև, և ես կխոստովանեմ նրան երկնքում իմ Հոր առջև» (Մատթ. Ժ. 32): Քեզ եմ դիմում, կատարիր քո խոստումը, մխիթարիչդ ու առաջնորդողդ, ուղարկիր նրանց, որ փորձության մեջ են: Լուսավորիր ինձ քո ամենիմաստ գիտության լույսով, Տեր, ինձ հետ արի առաջիկա հանդիսական մարտի մրցարան, ինչպես երից մանկանց ժամանակ Բաբելոնում, նույնպես և իմ նահատակությանը: Քեզ հուսացողներին համարձակություն տուր, որ իմ մաղթանքներով հաղթեն արդարության թշնամի բանսարկուին: Մարմինս տկարանալու դիմաց ինձ զորացրու Սուրբ Հոգով: Ինձ շնորհիր զորության քաջալերություն, վանելու ընդդիմամարտի մեքենայությունները, փառավորիր քո անունը, Տեր, որպեսզի երկրի բոլոր թագավորներն իմանան` որ դու ես մեծ Տեր և Թագավոր ամբողջ տիեզերքի վրա»: Եվ վերառաքելով ամբողջը, գոհանալով տիրոջից` սկսեց ուտել: Եվ սրբի կերակուրը գարեհաց էր ու աղ, և ըմպելիքը` լոկ ջուր, որովհետև հրաժարվել էր հրի ծառայությունից մանկությունից մինչև իր սուրբ կատարման ժամանակը, նույն կարգով ապրեց ու կուսությամբ նահատակվեց:

Իսկ այն այրերը, որ թագավորն էր ուղարկել, երբ մոտեցան սրբի տաղավարին` գտան երանելի Անթիմոսին, որ դեռևս ճաշակում էր պարզ կերակուրը: Եվ հարցնում են նրան ասելով. «Պատմի՛ր մեզ, ընկեր, թե գիտե՞ս այս վայրում բնակվող ոմն Անթիմոսի»: Ասում է նա. «Գոհություն իմ Տեր Աստծուն, եղբայրներ եկեք հանգստացեք մի քիչ իմ տաղավարում, և շուտով կգա ձեր փնտրածը»:

Այնժամ այն մարդիկ ուրախացան և բերկրանքով լցվեցին, մտան տաղավար և հանգստացան: Նրանց կերակուր տվեց, և կերան նրա հացից: Մի ժամանակ անց հարցնում են սրբին. «Դեռ ուշանո՞ւմ է այրը այստեղ գալուց»: Սուրբը ինքն էր խոսում նրանց հետ, իսկ նրանք չգիտեին: Պատասխանեց սուրբը և ասաց նրանց. «Ի՞նչպես և ինչո՞ւ եք նեղություն կրել գալու այստեղ այն Անթիմոսի համար»: Նրանք պատասխանեցին և ասացին սրբին. «Մեզ առաքեց ինքնակալ Մաքսիմիանոս թագավորը, որ տանենք նրան դատական ատյան, բեմի առաջ»: Այնժամ սուրբ վկա Անթիմոսը իրեն կնքեց Քրիստոսի նշանով. խոստովանեց և ասաց նրանց. «Ես եմ Քրիստոսի ծառա Անթիմոսը, որին փնտրում եք»: Բայց նրանք չէին ուզում հավատալ նրան: Իսկ նա նորից ու նորից ասում էր դառնալով նրանց. «Ես եմ և այժմ կգամ ձեր ետևից, ուրև կամենաք, հանուն Տիրոջ զորության, և մի՛ երկմտեք»:

Այն մարդիկ լսելով սրբից այս ամենը` թախծելով տրտմեցին և ասես նետով խոցված լինեին, և ասացին նրան. «Այր դու, համարենք, որ չենք տեսել քեզ և կգնանք, և դու կազատվես ինքնակալի չարաչար սպառնալիքներից, և քեզ չարախոսողները կկորչեն, և դու բարեպաշտորեն միշտ մեզ անմոռաց հիշող կմնաս»: Եվ երանելին հիշելու առթիվ փառավորեց իր Տեր Աստծուն, քանի որ հոգով իմացավ նրանց ապագա փրկությունը: Եվ սուրբ առաքյալի նմանությամբ ասաց նրանց. «Եղբայրնե՛ր իմ, մի՛ շրջեք ստությամբ, քանի որ գրված է. «Մի՛ ստեք միմյանց, այլ ձեր այոն այո լինի և ոչը` ոչ» (հմմտ. Մատթ. Ե. 37, Բ. Կորնթ. Ա. 17): Եվ սրանից առավելը չարից է. եթե հավատով չեք խնդրում ինձնից, որ հիշեմ ձեզ` կարգով հանդերձ: Սուրբ Հոգին Միածնի շնորհները ձեզ պարգևել է ուզում, որպեսզի խավարային իշխանությունից ազատվելով և ճողոպրելով չարագլուխ վիշապի ժանիքներից` մեզ հետ լինեք բանավոր ոչխարներ ճշմարիտ Հովվի, ժառանգորդ լինելով ձեր անապական Թագավորի զինվորության, երկնային հոգեղեն հրեշտակների բնակակից»:

Եվ երբ նրանք լսեցին այն երանելիի այսպիսի խոսքերը, արտասուքը դադարեցնելով սրբի ոտքերն էին ընկնում, աղաչելով նրան, որ խուսափի և թաքնվի մի ծածուկ տեղ և չգնա իրենց հետ: Այնժամ պատասխանեց Աստծու սուրբ Անթիմոսը և ասաց. «Որդյակնե՛ր իմ, ձեր մեջ տրտմություն չլինի, որ ես գնալու եմ Տիրոջ մոտ, այլ ես ևս գամ ձեզ հետ, որովհետև չեմ վախենում մահից` համբերելով հանուն իմ Քրիստոսի, որն ինձ համար չարչարանք ու մահ տարավ, Իր սուրբ արյունով գնելով մեզ առաջին նախաստեղծողների անեծքից: Չէ՞ որ այս ապականացու կենդանությունը ժամանակավոր է, և այն, որ կա և մնում է` անվախճան և հավիտենական, որ պարգևում է Հիսուս Իրեն հավատացողներին: Որի համար Նրան ունենալով լույսի փրկության պաշտպան, հոժար կամքով ձեզ հետ գալիս եմ թագավորի մոտ: Բայց Աստված տա Իր շնորհները և խաղաղություն ձեր սրտերին ընդունելու Միածնի գիտության լույսը: Եվ ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ հանճարավորեց ձեզ հավիտենական կյանքի փրկության խորհրդին, հանճարեղ և իմաստուն դարձնի հոգով ու մարմնով, ընդունարան և բնակարան լինելու Սուրբ Հոգուն` հավատի, հույսի և հարության հավիտենական կյանքում»: Եվ խոնարհվելով ծունր դրեց, դիմելով Տեր Աստծուն, որ տա իրեն Հոգու օժանդակություն` ճակատամարտում թիկունքին հասնելու, ուր պատրաստվել էր մտնել: Եվ աղոթքը վերջացնելով` նրանց հետ ելավ, ճանապարհ ընկավ գնալու թագավորի մոտ: Եվ երբ նրանց հետ եկավ` սուրբ Անթիմոսը խրատում էր նրանց և ասում. «Լսեցեք ինձ, իմ մանուկներ, և հավատացեք իմ Աստծուն և իմ Տիրոջը, և իմացեք, որ Նա է հավիտենից Թագավորը, որի ձեռքով ստեղծված ենք և շարժվում ենք և կանք ու կերակրվում ենք, որից և ստացել ենք շնորհների գիտությունը Նրա մեծ Որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իջավ երկնքից, Հոր ծոցից, մեզ շնորհեց ապաշխարություն` մեղքերի թողության համար, տվեց մեզ փրկական մկրտություն վկայության և կնիք հավատի իր նկատմամբ, որ նրան ժառանգակից լինենք: Արդ, իմ եղբայրներ, լսեցեք ինձ և հավատացեք Նրան, որ այնպես անխարդախ և անբիծ լինեք հարության օրը, երբ բոլորս պիտի հառնենք և գանք հանդիպելու Աստծու Միածին Որդուն, որ պահանջելու է ամեն մեկից` ինչ է գործել, թե՛ բարի, թե՛ չար»:

Ու երբ նրանք լսեցին սրբից հանդերձյալ դատաստանի մասին, մեծ երկյուղով ու սարսափով լցվեցին և ասես տառապանքի խավար գուբից ելած կամ որպես մի գոռոզ բանսարկուից փրկված ու ազատված, այնպես էին փարվում սուրբ Անթիմոսին, արտասվալից պաղատանքով ընկնում նրա ոտքերը, ասելով. «Հիմա քո աստվածախոս վարդապետության միջոցով ճանաչեցինք երկնքի ու երկրի արարողին և հավատացինք Նրան, որ դու մեզ քարոզեցիր: Մինչև օրս մոլորած էինք անգիտության խավարի մեջ: Այժմ հավատացինք քո վարդապետությանը. մեզ համար աղաչիր Աստծուն, որ մենք ևս ճանաչենք ճշմարտության ճանապարհը, որ ցույց տվիր մեզ: Տեղեկանալով այժմ իմացանք, որ ոչ թե քեզ համար ենք ուղարկված, որ տանենք բռնավորի առջև, այլ որ դու մեզ կանգնեցնես երկնավոր և անմահ Թագավորի առջև: Որի համար աղաչում ենք քեզ, ընդունիր մեզ` տգետներիս, և տուր քո վարդապետությամբ ճշմարտության ճանաչողություն, քանի որ ճշմարտապես քո մեջ տեսնում ենք իջած Սուրբ Հոգու շնորհները: Բարեխոսիր Տիրոջ մոտ, որ մեզ արժանի անի լինելու իր աստվածության բնակության տաճար և ժառանգավորներ վերին Սիոնի, և հաղորդակից լինելու այս բանում Նրա խաչի չարչարանքին ու հարությանը»: Եվ սուրբ Անթիմոսը իր աջը բարձրացրեց երկինք, գոհանալով Տիրոջից` սկսեց ասել այսպես. «Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որ Քո մարգարեների միջոցով մեզ խոստացար Քո Միածնի գալուստը, որին և Քո կամքով առաքեցիր բանի փրկության համար, որ եկավ և մարմին առավ անարատ կույս Մարիամ Աստվածածնից, և իր ձեռքով գոյացան բոլոր տարրեղեն արարածները: Եվ Քո պատվիրաններից մեր շեղելով չտարամերժեցիր Քո ծառաներիս, այլ նրա միջոցով առաջնորդեցիր Քո աստվածադիր պատվիրանների իմացությանը: Նա երբեմնի խավարյալներին վերստին կանչեց, մոլորյալներին դարձրեց, գերյալներին փրկեց, խորտակվածներին առողջացրեց: Սքանչելիքի այս փրկական նշանները ցույց տվեց մարդանալիս Քո սիրելի Միածին Որդին: Գոհանում եմ Քեզնից` երկնային Թագավոր, որ այժմ ևս ճշմարտության գիտության դարձրիր Քո անարատ ձեռքով այս ստեղծվածներին, որ մոլորված ու տարագրված էին, փրկելով հեթանոսների մոլար պաշտամունքի ունայնությունից և արժանի դարձրիր երկրպագություն մատուցելու քեզ` երկնքի ու երկրի Արարչիդ: Որի համար և այժմ, Տեր, սրանց ուղարկիր Սուրբ Հոգուդ շնորհները, որպեսզի սուրբ Մկրտության լվացմամբ արժանի լինեն Հոգու պարգևներին, լինեն տաճար, օթևան սուրբ Երրորդությանդ: Հաստատուն և անխարդախ և անբիծ պահիր սրանց հավատքի մեջ, որին կոչեցիր, որ աչալրջությամբ արժանի լինեն հանդիպելու Քո Միածնին` երբ Քո փառքով գա դատելու կենդանիներին ու մեռածներին»:

Երբ աղոթքն ավարտեց և ամբողջը վերառաքեց, ասաց նրանց. «Ուզո՞ւմ եք ընդունել աստվածային պարգևների շնորհը` հավատով խնդրեցեք` ինչի մասին ասում եք»: Եվ նրանք դարձյալ ընկնում էին նրա առջև և աղաչում տալ իրենց սուրբ մկրտության շնորհների պարգևը: Եվ երբ սուրբ Անթիմոսի հետ եկան գետի մոտ, այնժամ ափին կանգնած դիմում էր Տիրոջը` տալու նրանց Սուրբ Հոգու լույսը` մեղքերի լվացման և երկնային Հոր շնորհներին որդեգրվելու համար:

Եվ ձեռքը դնելով նրանց վրա խաչակնքեց նրանց հանուն Հոր և Որդվո, և Հոգվույն սրբո, որ տրված է հավատացյալներին` ի սրբություն և ի փրկություն անձանց: Եվ կատարելով մկրտության ամբողջ տնօրինական խորհուրդը` օրհնեց նրանց և նրանց հետ փառաբանություն վերառաքեց Հայր Աստծուն և Նրա Միածին Որդի Հիսուս Քրիստոսին և կենդանարար ամենազոր Սուրբ Հոգուն, քաջալերեց նրանց և ասաց. «Գնացե՛ք, իմ որդիներ ու եղբայրներ, ում որ ի Քրիստոս Հիսուս ավետարանով ծնեցի, որպեսզի և դուք արժանի լինեք վկայի հավատարմության, և ես հպարտ կլինեմ Քրիստոս Հիսուսի հավատացյալներով, համարձակ ասելով` «Ահա ես և իմ մանուկները, որ Աստված տվեց ինձ» (Եսայի, Ը. 18): Եվ հավատացյալ եղբայրները նրա հետ ճանապարհը գնացին բերկրալից ուրախությամբ պատրաստվելով քաջարիությամբ, որ և իրենք երանելիի նման մտնեն նահատակության հանդես և Քրիստոսի համար բոլոր չարաչար նեղությունները հանձն առնեն, և հասան այդ բարվոք ու գովելի ցանկությանը, որ Աստծու համար էր և երկնքի աստվածային բարիքների: Եվ երբ նրանք քաղաքի դռնով մտնում էին` չարախոսները լսեցին սուրբ Անթիմոսի գալուստը և լուսաբացին, մինչդեռ ամբարիշտ Մաքսիմիանոսը ատյանում բեմին նստել էր, գնացին նրան հայտնեցին, թե եկել է այրն այն, որին փնտրում էր քո ինքնակալությունը:

Այնժամ թագավորը հրամայեց սրբին բերել առաջ, իր ատենի բեմին: Իսկ նա իր մկրտածներին հաստատում էր ճշմարտության հավատին, նրանց հանձնելով Տիրոջը և Բանի շնորհներին, որին հավատացին: Եվ Քրիստոսի կնիքն անելով իր դեմքին` Աստծու սուրբը, համարձակորեն եկավ անօրեն Մաքսիմիանոսի բեմի մոտ, ձեռքերը հավաքած և դեմքը խոնարհ և հույս ստացած երկնքից, սկսում է խոստովանել օրհնելով Աստծուն և սաղմոս է ասում այսպես. «Ցնծություն իմ, փրկիր ինձ նրանցից, որ միասին պաշարեցին ինձ» (Սաղմ. ԼԱ. 7): Եվ բազմակույտ ամբոխը շրջապատեց հանդեսը, ուր հարցաքննվում էր սուրբ Անթիմոսը: Մարդիկ միմյանց ոտնատակ էին տալիս, և ոմանք մեռան, այնժամ Մաքսիմիանոսը հրամայեց բերել բոլոր տանջողական գործիքները: Նախ բերին շիկացրած երկաթով անիվներ, իսկ հետո երկսայրի սուսերներ` սայրասուր ծայրերով, նաև կայծակնաբորբոք տապակներ` ճարպով և ձեթով լի, շատ երկար ու հաստ մեխեր, արջաջիլի ճոպաններ, փշալից մահակներ, արտաշեկ տաքացրած պղնձե ոտնամաններ, հրատեսակ սաղավարտներ և այլ զանազան տանջանքի սարքեր: Երբ սուրբ Անթիմոսը տեսավ այս բոլոր գործիքները, ծաղրով արհամարհելով ասաց. «Արդյոք պակասա՞ծ են քեզնից տանջանքի գործիքները, որ քո եղբայր Անտիոքոսը հնարեց մակաբայեցիների դեմ, որով և ինքը պարտվեց: Իսկ նա, որ նրանց հետ գործեց, որպեսզի հայրենի ավանդը չուրացվի, իմ դեպքում առավել ևս կհաջողվի, և ես նույնպես հաղթելով քո չարությանը` իմ քահանայությունը կպահեմ անխարդախ և անբիծ հավատով իմ Աստծու նկատմամբ»:

Այնժամ ամբարիշտ Մաքսիմիանոսը ցասմամբ ու բարկությամբ լցված ասում է սրբին. «Դո՞ւ ես այն չարամոլության կցորդ և գալիլիացոց օրենքի վարդապետ Անթիմոսը, անմահ աստվածների հայհոյիչ, որ խաբեպատիր առասպելաբանությամբ մարդկանց սովորեցնում ես հեռանալ և ապստամբել աստվածների բարերարությունից: Արդ, քանի ուշ չէ, լսիր ինձ. ես մարդ եմ շատ դժնդակ և ցասումով լցված, և ահա տե՛ս տանջանքի գործիքները, որ պատրաստել եմ քեզ համար: Վախեցիր ինձնից և մոտեցիր, զոհ մատուցիր բարերար և անմահ աստվածներին»: Եվ սուրբ Անթիմոսը բացեց բերանը, խաչակնքեց և ասաց. «Մաքսիմիանոս թագավոր, ես չէի ուզում քեզ պատասխանել, բայց քանի որ աստվածային առաքյալը սովորեցնում է մեզ պատրաստ լինել ամեն մի հարցնողի, ուստի ես կտամ քեզ պատասխան, ունենալով Քրիստոսի խոստովանությունը, որ ասում է. «Մի՛ հոգացեք` ինչ խոսեք, որովհետև ձեզ կտրվի բերան և իմաստություն, որին պատասխանել չեն կարող ձեր բոլոր հակառակորդները, քանի որ ոչ թե դուք եք խոսում, այլ ձեր Հոր Հոգին է խոսում ձեր մեջ» (Մատթ. Ժ. 19-20): Ուստի լսիր ինձ, ո՛վ թագավոր, տանջանքները, որոնցով սպառնում ես, չեն վախեցնում ինձ, որովհետև Աստված ունեմ երկնքում, որ մարգարեի միջոցով ասաց. «Աստվածները, որ երկինք ու երկիր չեն ստեղծել` կկորչեն իմ առջևից» (Երեմիա, Ժ. 11): Դրանց խուլ և կույր եմ կոչում և ավեր պղծություն անվանում, և երբեք դրանց Աստված չեմ համարի»:

Մաքսիմիանոսն ասում է. «Գիտեմ, որ հիմա չես ուզում հավանել և զոհ մատուցել աստվածներին, բայց երբ կտեսնես մարմինդ մաշված և մարմնիդ բոլոր անդամները մաս-մաս կոտորված, այնժամ կհամակերպվես իմ հրամաններին»: Սուրբն ասում է. «Մի՛ խաբիր, ո՛վ թագավոր, թե զոհ կմատուցեմ, քո սնոտի ու խաբեբա աստվածներին, որ քանդակված ու կռած են դիվապատիր ու ամբարիշտ մարդկանց ձեռքով»: Երբ սա լսեց անօրեն Մաքսիմիլիանոսը` հրամայեց քարով ջարդել նրա կզակը և ստվար վեմեր դնել նրա լանջին:

Այն ժամանակ սուրբ Անթիմոսը բացեց բերանը, սկսեց անարգել անօրեն Մաքսիմիանոսին և ասաց. «Քեզ կխփի Աստված, ո՛վ չարագույն գազան, սատանայի արբանյակ` քո եղբայր Հերովդեսի նման, որի գործը ձեռնարկեցիր: Թե՞ չգիտես, քարջարդ լինելովս ինձ համարձակություն տվիր նմանվելու Ստեփանոս Նախավկային, որ քարերի կույտերը որպես ծաղիկ էր հավաքում: Եվ ես այս նետված քարերով ճոխացած կլցվեմ անուշահոտությամբ, հեռու վանելով դևերի ժահահոտությունը»: Մաքսիմիանոսը դարձյալ ասաց նրան. «Այսուհետև հավատա՛ ինձ և զոհ մատուցիր աստվածներին, եթե ոչ` առավել ցասմամբ կլցնես ինձ քո դեմ, և զայրանալով` ավելի սաստիկ կվարվեմ, քան առաջ»: Պատասխանեց սուրբ Անթիմոս եպիսկոպոսը և ասաց բռնավորին. «Իսկույն արա ինչ որ ուզում ես և մի դանդաղիր, այլ եղիր հպատակ քո հորը` սատանային, քանի որ նա ևս ի սկզբանե մարդասպան էր, աներևույթ խավարային պատրանքով: Իսկ քեզանից ստույգ մահը հեռու չէ, այլ մոտ ես վախճանիդ»:

Եվ Մաքսիմիլիանոս թագավորը բարկացավ, հրամայեց նրա ոտքերի հոդերին հրաշեկ երկաթներ հագցնել: Իսկ երանելի Անթիմոսը ձեռքերն ու աչքերը երկինք բարձրացրած` սկսեց աղոթել այսպես. «Աստծու Միածին Որդի Հիսուս Քրիստոս, լո՛ւյսդ նախահավիտյան, փառք և ապավեն նրանց, որ հույս են դրել Քեզ վրա, խաղաղ նավահանգիստ նավաբեկյալների, որ ծփում են մեղքի ծովում` այս հավերժի պատրանքով, որ Քո սուրբ առաքյալների համբերությամբ պարգևեցիր Սուրբ Հոգու շնորհները, դիմում են քեզ, որ ամեն ինչում հասել ես օգնության Քո անհասանելի և անպարտելի զորությամբ, իսկ այժմ նաև այստեղ ես` անմիջական մերձավոր, և ամեն ինչ լցնում ես ամենաբավ Քո ողորմությամբ: Ինձ համբերություն տուր, որ հաղթեմ բանսարկու բռնավորին, քանի որ Դու ես միակ Տեր Աստվածը, որ Քո աստվածությունը ճանաչել տվիր ամբողջ տիեզերքին և անգոյությունից գոյություն բերիր ստեղծեցիր, և Քո անունից հաղթություն ես տալիս երկյուղածներին` ըստ քո խոստման` ասելով. «Ահա ձեզ տվի իշխանություն ճզմելու օձերին ու կարիճներին և թշնամու բոլոր ուժերը» (Ղուկ. Ժ. 19): Եվ այս ասելով սուրբ վկան ամբողջապես անտեսում էր բռնավոր Մաքսիմիանոսի տված տանջանքները:

Այնժամ ամբարիշտը նորից հրամայում է խեցանոթ կոտրել և փռել նրա կողերի տակ և վերևից մահակներով վայրենի հարվածներ [տեղալ]: Այսպիսի չարաչար տանջանքներ կրելով նա սկսեց աղոթել. «Քրիստոս, գոհանում եմ Քեզնից, որ բերիր ինձ հագցրիր պատերազմելու զորությունը, որ դրա դեմ կկապես ինձ վրա բոլոր հարձակվողների ոտքերը և նրանց կդնես ոտքերիս տակ, և իմ թշնամուն կհանձնես ինձ, և ատելիներին արմատախիլ խորասույզ կկորցնես»: Թագավորը պատասխանելով ասաց նրան. «Ո՛վ պիղծ դու և երիցս թշվառական, տանջանքները ճաշակեցիր և չխրատվեցի՞ր»:

Սուրբն ասում է. «Ամենապիղծդ և մարդատյաց, թշնամի երկնքի օրենքին, չե՞ս դադարում Աստծու ուղիղ ճանապարհը շեղելուց, արդ հենց դու քանդվելով կպարտվես ինձնից իմ մարտակից Տեր Հիսուս Քրիստոսով: Իսկ ես օր-օրի կզորանամ նրա շնորհիվ, որ ինձ հետ է, որի համար չեմ զգում տանջանք»: Եվ ամբարիշտ Մաքսիմիանոսը բարկությամբ լցված ու կատաղած` հրամայեց շիկացնել պղնձե կոշիկները և հագցնել նրա ոտքերին: Եվ Աստծու նահատակախոս ծառա Անթիմոսը աչքերը բարձրացրեց դեպի երկինք, տեսավ Աստծու փառքը, որ իրեն հովանի էր լինում, և վերևից ձայնը լսելի էր բազմությանը, և ասաց. «Զորացիր և քաջ եղիր, ծառադ Իմ Անթիմոս, քանի որ Ես քեզ հետ եմ, մինչև որ հաղթես բանսարկու բռնավորին»: Եվ երիցս երանելին զորանում էր ձայնից, որ դիմեց նրան վերևից, և ուրախությամբ ասաց. «Դու իմ համբերությունն ես, Տեր, Տեր, իմ հույս մանկությունից ի վեր, և Քեզնով է իմ օրհնությունը ամեն ժամ»: Իսկ երբ բռնավորը տեսավ, որ [Անթիմոսը] Տիրոջից խրախուսված ու համարձակված է` հիացավ, ապշեց իր մտքում և ասում էր. «Այս այրը չարագործ էր, որ այնքան և այնպիսի տարատեսակ չարչարանքներից բան չզգաց, այլ դեռ զվարթացել է»:

Եվ Քրիստոսի երանելի նահատակն ասում է նրան. «Անհանճար տմարդի և եղկելի` քան բոլոր կենդանիները, աչքիս դեմ տեսնում եմ իմ զորացուցիչ Աստծուն, որ կարողն է ամեն բանում և մեկ օրում կկորցնի քեզ ու քո աստվածներին»: Եվ Մաքսիմիանոսը մեծ ցասումով լցված ու մոլորված` պատռեց իր թագավորական պատմուճանը և ատամները կրճտելով հրամայեց` սրբին մոտեցնել սյունին: Եվ Անթիմոսն ասում է. «Ո՛վ թագավոր, տրտմում ու ատամներդ ես կրճտացնում, որովհետև կլինի մարգարեի խոսքը, որ ասում էր. «Իր ատամները կկրճտացնի և կհալչի, և մեղավորների ցանկությունը կկորչի» (Սաղմ. ՃԺԱ. 10): Իսկ թագավորական պատմուճանդ պատռեցիր, որովհետև Նրա սուրբ նահատակիս ճզմելով դառն տանջանքների ենթարկեցիր»:

Այնժամ սրբին հանեցին անիվի վրա, և բռնավորը զինվորներին հրամայեց ձեռքերին ջահեր բռնել և անիվը պտտելիս մոտեցնել նրա մարմնին, որպեսզի դաժան տանջանքներից նեղվելով և ջահի կրակի տաքությունից շուտով ավանդե հոգին: Եվ զինվորները փութով կատարում են ամբարիշտի հրամանը: Իսկ սուրբ վկան Քրիստոսի Սուրբ Հոգով զովացած ասում է. «Գոհանում եմ Քեզնից, Աստված ճշմարտության և Հայր ողորմության, որ Քո հրեշտակին ուղարկեցիր երից մանկանց մոտ` Բաբելոն, կրակի միջից փրկեցիր նրանց, իսկ անօրեն քաղդեացիներին հրի մատնեցիր իրենց անհավատության համար: Այդպես ցույց տուր և այժմ Քո սքանչելիքների նշանը` այս անօրեն կռապաշտների մեջ և բոցի տապությունը դարձրու նրա պաշտոնյաների վրա, որպեսզի իմանան և հավատան, որ Դու ես իմ պաշտպանը, Տեր, որ փրկում ես Քեզ հուսացողներին»: Այս ասելով` ջահերի բոցերը դարձան անօրենների պաշտոնյաների վրա և չարաչար կիզմամբ այրեցին: Եվ հանկարծակի կանգնեց անիվը, և զինվորները գետին տապալվեցին: Թագավորը տեսավ անիվի դադարելը, բարձրացրեց իր գեղարդը, [իր մարդկանց] վրա, որ սպանի նրանց, ասելով այսպես. «Ո՛վ չարեր և չարագործներ իմ պաշտոնյաներից, զինվորական կարգի անպիտաններ, ինչո՞ւ իմ պատվիրանները անտեսեցիք և արհամարհեցիք իմ ինքնակալ զորությունը»: Եվ նրանք ելան գցեցին ջահերն իրենց ձեռքից և ասացին թագավորին. «Ո՛վ արքա քաջ և բարերար, մենք տեսանք` երեք այր լուսավոր հանդերձանքով, որ ասացին մեզ. «Թողեք Աստծու այդ ծառային: Ի՞նչ կա ձեր և Աստծու այդ ծառայի` Անթիմոսի [միջև], որ թերևս հաղթի բռնավորին, քանի որ նա հրաժարվում է ժամանակավոր կյանքից ու փափագում է հավիտենական կյանք: Երբ անօրեն պաշտոնյաներդ պատրաստում էիք Աստծու ծառայի տանջանարանը` արդարին պես-պես տանջանքներով վանելու, դրանով առաքինության պսակ և բրաբիոն էիք պատրաստում: Որի համար, ո՛վ թագավոր, չենք համարձակվում կատարել քո ինքնակալության հրամանը, որովհետև ջահերի հուրը տոչորում է մեր երեսները և մեր մարմինների լարերը կտրատում, մեր գլխում ուղեղը խոցոտված է, և մեր հոգիները ելնում են մարմիններից, և չենք դիմանում աներևակայելի տանջանքներին: Իսկ այս մարդը դիմանում է. դու տեսնում ես նրան անիվի վրա ձգված, իսկ մենք տեսնում ենք հաղթություն հագած երեք լուսազգեստ այրերի շնորհիվ, և տանջանքի խոշտանգումներից չի տուժում: Բայց և քեզ համար հրաման ստացավ, որ պատուհասվես»:

Եվ արքան իմացավ, որ ճշմարիտ է զինվորների ասածը, հրամայեց սրբին իջեցնել տանջարան անվից: Այնժամ սուրբ եպիսկոպոս Անթիմոսը աչքերը դեպի երկինք բարձրացրեց, տեսավ Աստծու փառքը և սուրբ ձեռքերը պարզելով աղոթք մատուցեց մեր բոլորի Տիրոջը. «Երկնքի ու երկրի Տեր, Քո բազմագթությամբ առաքեցիր Միածին Որդուդ` լուսատու և փրկիչ, և այդպես Նրա միջոցով ճանաչեցինք Քո անճառ աստվածությունը: Որի համար կռոց մոլորության ունայն պաշտամունքից զատվեցինք, ընտանի դարձանք Քո Միածնի աստվածությանը, որ գթության և բարերար կամքի համար այսօր Իր սուրբ հրեշտակին ուղարկեց ինձ մոտ, թեթևացնելու չարչարանքս, որպեսզի հաղթելով անօրեն բանսարկու բռնավորին` հասնեմ սուրբ կենցաղավարության, լինելով երկնային թագավոր Քրիստոսի արժանավոր զինվորը»:

Եվ Մաքսիմիանոսը մեծ ցասումով կատաղեց, ասաց Քրիստոսի սուրբ վկային. «Մինչև երբ չես դադարելու այդ առասպելաբանությունը շաղակրատելուց, կարծում ես շատախոսությամբ դո՞ւրս պրծնել իմ ձեռքից: Արդ, համաձայնիր և զոհ մատուցիր աստվածներին, եթե ոչ` սրի կմատնեմ քեզ»: Աստծու սուրբը լսածից ուրախացավ և ասաց. «Քեզ թվում է սրի սպառնալիքներով կզարհուրեցնես ինձ, իսկ ես առավել շուտ եմ ուզում ելնել մարմնի ապականացու այս կյանքից և մտնել Աստծու մոտ, որին կարոտել եմ և [ուզում եմ] արդարների արքայության մեջ ժառանգության մաս ստանալ: Դրա համար համբերում եմ: Որովհետև Նա զորացնում է ինձ, որ երկու բյուրի հետ գնամ իր մոտ և պարծենամ համարձակորեն ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեց ինձ Աստված» (Եսայի, Ը. 18): Նրանք ևս իմ հոտից էին, որ կարծում էիր, թե սպանել ես: Երկնային Աստված քաջ հովիվը իմ նվաստությանը հավատաց, որ նաև ես այդպես ասեմ համարձակ. «Ում որ ինձ տվիր` նրանցից ոչ մեկին չկորցրի» (Հովհ., Ժէ. 9):

Իսկ անօրեն Մաքսիմիանոսը իմացավ, թե սուրբ Անթիմոսը ուրախացել է իր կրելիք սրի պատուհասի համար, և նրան ասում է բռնակալը. «Գիտեմ, որ ուրախացար իմ ձեռքից շուտով ազատվելուդ համար, բայց քեզ արագ մահվան վճիռ չեմ տա, այլ ավելի չար ու անողորմ տանջանքով և հարվածներով կմաշեմ մարմինդ, որին հենց արժանի ես, և այն ժամանակ սրի միջոցով քեզ կմատնեմ պատուհասի»: Պատասխանեց սուրբ եպիսկոպոսը և ասաց նրան. «Իբր մահից վախեցնելով խոստանում ես այդպիսի բան. անմիջապես արա` ինչ ուզում ես, անօրեն: Քանզի ինչքան ես համբերություն եմ ստանում տանջանքներից, այնքան հաճախակի Աստված փառավորվում է և ինձ կտա համբերություն` իր նկատմամբ ունեցած հույսիս համար: Իսկ դու չես փրկվելու Աստծու դատաստանից, այրվելով գեհենում»: Եվ նրան ասաց Մաքսիմիանոսը. «Արդյոք չե՞մ կարող հիմա պատշաճ ձևով վարվել քեզ հետ` քո վրա ունենալով իշխանություն»: Եվ սուրբ Անթիմոսն ասաց. «Ինձ վրա ոչ մի իշխանություն չունեիր, այլ Աստված թողել էր, որ քեզ ցույց տա, թե ինչպիսի նահատակներ ունի, որ կհաղթեն քեզ և բանսարկուին, որ հագել ես դու, որովհետև դու նրա կամքի ծառայակիցն ու արբանյակն ես` Տիրոջից խորթացածդ և թշնամի արդարության: Քո անօրեն գործերով գեհենի անշեջ հուրն ես գանձել դու, որ կա, պահվում է բոլոր ամբարիշտներին ու մեղավորներին` քեզ հետ միասին, անանց և անվախճան տանջանք»:

Այնժամ անօրենը հրամայեց դարձյալ տանջել նրան, ապա նետել բանտ և ոտքերը հաստ երկաթներով կաշկանդել և անուր դնել նրա պարանոցին և պահել զգուշությամբ: Եվ Քրիստոսի զինվորը բանտ գնալով մեծ ուրախությամբ ու ցնծությամբ` բանտի արգելարանում աղոթում էր ու ասում. «Հիսուս Քրիստոս, նախահավիտյան ծնունդ Հոր, որ ամեն ինչ ոչնչությունից գոյության բերեց, և հայրական կամքով իջար երկնքից, մարմին առար սուրբ կույս Մարիամից և մարմին առնելու միջոցով աստվածային ներգործությամբ ցույց տվիր Քո սքանչելիքների հնարներն ու նշանները, և մարգարեների գրքերում գրվածները կատարեցիր, կամովին խաչվեցիր և խաչակցեցիր իմ մեղքերը, հարություն առար եռօրյա աստվածային իշխանությամբ և Քո բազում բարեգթությամբ մեզ հարության հույս պարգևեցիր, չանտեսելով մեղքով մահացած մարդկանց որդիներին: Եվ այժմ, բարերար Տեր, վերջին ժամիս, իմ բանտ մտնելուց առաջ տուր վարդապետության պատգամ` լուսավորելու այստեղ կալանավոր պահվող Քո ծառաներին, որ Քեզնով խավարը չխավարի, և գիշերը ցերեկի պես լուսավոր լինի` հնազանդ Քո հրամանին»:

Եվ բռնավորի անօրեն սպասավորները բռնել էին երանելիին, կապել երկաթե կապանքներով: Այնժամ տեսան նրան, կապանքներից ազատ, ինչ-որ լուսազգեստներով առաջնորդվելիս: Նրանց դեմքը տեսնելով` զինվորները գետին էին ընկնում և չէին կարող նայել նրանց: Իսկ Աստծու սուրբ Անթիմոսը բարձրացնում էր նրանց, ասելով. «Ելեք, կատարեցեք բռնավորի հրամանը»: Եվ նրանք ելան նրա ետևից գնացին հեռվից դիտելով նրան, և զարհուրում էին բռնավորի ահից: Եվ սուրբ Անթիմոսը բանտում գոհություն էր մատուցում, և աղոթելիս ասում էր այսպես. «Տեր Աստված արարող և հաստատող ամեն լինելության, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, գոհանում եմ քեզնից, որ արժանացրիր անարժանիս մահու վճիռ ընդունել բռնավորի ձեռքից երանյալ կարապետ Հովհաննես Մկրտչի նման, որ ես նրա հետ Քո շնորհների բերմամբ համարձակությամբ և աչալրջությամբ զվարթերես մնամ սրբերի և Քո անվան սիրելիների հետ` Քո Միածնի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը»: Եվ բոլորին, որ իր հետ արգելված էին բանտում, քարոզում էր սուրբը և ուսուցանում բարեպաշտության կարգը և հաստատում քրիստոնեական հավատի մեջ, ասելով, «Բազում նեղություններով պարտավոր ենք մտնել Աստծու արքայություն»: Եվ նրանք նրա ոտքերն էին ընկնում, արտասվագոչ պաղատանքներով աղաչում, ասելով. «Բարձրյալ Աստծու ծառա, դու դիպվածով հանդիպեցիր` ում ցանկանում էիր վաղուց, և ավարտեցիր բարվոք ընթացքդ, իսկ մենք դեռևս ճգնական աշխատանք ունենք, ուստի աղաչիր մեզ համար Տիրոջը, որ մեզ տա Սուրբ Հոգու պարգևներ, որ և մենք արժանանանք բարի ու քաջ հովվիդ հետևելու, հանդիպելու մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Եվ նա բանտում սաղմոսելով ու գոհանալով Քրիստոս Աստծու անպատում պարգևներից, քաջալերում էր Քրիստոսի հավատացյալներին, որ իր հետ արգելված էին բանտում:

Անօրեն Մաքսիմիանոսը լսեց, որ այնտեղ ևս սուրբ Անթիմոսը քրիստոնեական կրոնն ու հավատքն էր ուսուցանում, [մարդ] ուղարկեց և կանչեց նրան: Եվ զինվորները բանտ եկան սրբին դատավորի ատյանը տանելու: Անթիմոսը ծնրադիր, նրանց հետ, որ բանտում կալանավոր էին, աղոթք էր անում իր սրտում: Եվ սուրբը ամեն ինչ ասելով` ձեռքը դրեց [նրանց] վրա և նրանց հանձնեց Սուրբ Հոգու շնորհները: Եվ այնպես խաչակնքեց, ցնծությամբ ելավ բանտից և ուրախ եկավ կանգնեց Մաքսիմիանոսի առաջ;

Պիղծ բռնավորն ասում է նրան. «Այժմ նո՞ւյնպես չդադարեցիր քո մոլորությունից և չխրատվեցիր այնքան օրեր բանտում մնալով. հավանիր իմ խոսքը, զոհ մատուցիր աստվածներին, և քեզ կդարձնեմ բարձրագույն քահանայապետ»:

Պատասխանում է նրան սուրբ Անթիմոսը. «Քահանայապետն եմ ես բարձրյալ Աստծու` հավիտենից Քահանայապետի և Նրան եմ մատուցվում անարյուն զոհ օրհնության և առանց ճենճերի: Իսկ դևերին, որ մոլորեցնում են քեզ անշունչ քարերի միջոցով` զոհ չեմ մատուցի: Քար լինելով` քարերին ես երկրպագում, և դրանք դատաստանին չեն գալու, որովհետև անզգա են: Իսկ դու, անօրեն, դատապարտելով գեհեն կերթաս, որ պատրաստել են քո հայր սատանան ու իր հրեշտակները, զի լինելով բանական` թողիր քո արարողին և թագավորությունդ տվողին, որը Աստված քեզնից կվերցնի անօրինությանդ պատճառով և մարմինդ կմատնե որդերին, քանի որ չկամեցար ապրել առաքինությամբ»:

Այս ամենը լսեց անիծյալ Մաքսիմիանոսը սուրբ եպիսկոպոս Անթիմոսից, ասաց նրան. «Երդվում եմ աստվածների փրկությամբ` այսօր մահից չես փրկվի, քանի որ պաճուճյալ ու սնոտի խոսքովդ խաբել ես մեզ և ծիծաղել մեր վրա»: Եվ պատրաստվեց նրա վրա դատավճիռ կայացնել: Այնժամ սուրբ Անթիմոսն սկսեց աղոթել ասելով. «Հայրերի Աստված և ողորմության Տեր, որ Քո անճառելի բարերարությամբ հասնում ես բոլորին, որ Քո Սուրբ Հոգու շնորհները պարգևում ես Քեզ հավատացողներին, որով և ինձ պարգևում ես համբերություն, աղաչում եմ Քեզ` բոլորի պատճառ և արարիչ, ինձ ևս արժանի արա ընթացքս ավարտելու Քո կամքի համաձայն: Եվ այս հոտը, որ հավատացիր և ընձեռեցիր իմ նվաստությանը, հաստատուն պահիր հավատի մեջ, ուր կանչեցիր և խորտակեցիր չարի բոլոր մեքենայություններն ու պատրանքները և Քո ամենակարող զորությամբ նկուն արա սրանց առջև, որ պատկառելով չհեռացնի քո սուրբ հոտից: Տակավին նորընծա այս ծառաներդ հանձնում եմ Քեզ, որ կարող ես Քո շնորհները պարգևել, ինչպես երկու բյուրին պարգևեցիր, խոստովանելու Քեզ, որ Քո անմոռաց անունը, Տեր, և Քո Միածնինը իրենց մեջ պահեն Քո Սուրբ Հոգով: Տեր Հիսուս Քրիստոս, մեր Աստված, գոհանում ենք Քո մարդասիրությունից, որ եկար փնտրելու մեզ` կորածներիս, փրկեցիր մեզ դիվապաշտ մոլորությունից և հաղթություն շնորհեցիր աներևույթ թշնամու դեմ: Եվ այժմ ի՞նչ կկարողանանք հատուցել Քո աստվածությանը, լոկ մեր անձերն ենք ընծայում անուշահոտությանը»:

Եվ նա ավարտեց աղոթքը: Իսկ թագավորը չարից գրգռված ու մեծ ցասումով զայրացած դահճապետի և դահիճների վրա, հրամայեց սրբին տանել կառափնարան և սուսերով կտրել նրա պարանոցը: Եվ գրավոր դատավճիռ է տալիս այսպես. «Գալիլիացոց սնոտի պաշտամունքն ընդունելու և կյանքը թողնելով մահ ցանկանալու համար, մեր ինքնակալությունը հրամայում է կյանքից զրկել»: Իսկ զինվորներն ու դահճապետը ստանալով այս վճիռը` շտապում էին սրբին տանել սպանման վայրը: Եվ երբ երանելին հասավ այդտեղ` աղաչում էր դահճապետին ու զինվորներին, որ թողնեն իրեն մի քիչ աղոթել, և թույլատրեցին: Այնժամ ձեռքերը տարածեց սուրբը դեպի երկինք, սկսեց աղոթել այսպես. «Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, անկարող եմ գոհանալու Քո առատ մարդասիրությունից, որ իմ անարժանությանը պատվի ու եպիսկոպոսության կոչեցիր և ինձ սրբեցիր` Սուրբ Հոգուդ տաճար, անարատ և անբիծ պահելով իմ սրբության կուսությունը և ինձ տվիր այս առաքելական քաղաքը և սրանց շուրջը այստեղ բնակվողներին: Եվ նրանց մեջ ուղիղ համառոտեցի Քո Սուրբ Ավետարանի կենսաբեր խոսքը: Արդ, ովքեր հավատացին Քո սուրբ անվանը` պահիր նրանց չարի պատրանքներից և խառնիր վերին բանականների, հրեշտակների երամին` ստանալու լույսի պսակը Քո բոլոր սրբերի հետ: Ընդունիր և իմ հոգին անուշահոտ պատարագ ընդունելի Քո աստվածության փառքի առաջ` երկնքում գրանցված արդարների հարկը: Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Հայր գթության և աստվածային բոլոր մխիթարությունների, անարատ պահիր Քո հավատացյալներին և ամոթահար արա չարին իր բոլոր գործակիցներով, նաև ինձ ընդունիր, Տեր իմ»:

Ավարտեց աղոթքը և ասաց ամենը, և այնժամ ասաց դահիճներին. «Արդ, ինչո՞ւ եք դանդաղում, շտապեցեք կատարել բռնավորի հրամանը»: Եվ դահիճներից մեկը բարձրացրեց սուսերը և կտրեց սրբի պարանոցը, և [նա] հոգին ավանդեց Աստծու ձեռքը, չէ՞ որ արդարների հոգիները Աստծու ձեռքին են:

Սա կատարվեց Բութանիայի Նիկոմիդիա մայրաքաղաքում, Մաքսիմիանոսի հյուպատոսության ժամանակ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի` մեզ թագավորելու ամսի` սեպտեմբերի երրորդ օրը, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ` Հոր և ամենաՍուրբ Հոգու հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

06.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․