19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ առաքյալներ՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր

Թովմաս առաքյալը Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է: Նա Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ Նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Երբ առաքյալները հավաքված էին վերնատանը, Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս, ձեռքդ բեր ու մխիր կողիս մեջ, և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Սրան ի պատասխան՝ Թովմասը ծնրադրում և բացականչում է. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Հիսուս եզրակացնում է. «Դու տեսար և հավատացիր. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու» (Հովհաննես 20:24-29):

Սակայն, հակառակ իր այս թերահավատության, Թովմասը Ավետարանում մի տեղ ներկայացվում է իբրև Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետևորդ: Երբ Հիսուսը լսում է Իր բարեկամ Ղազարոսի մահվան լուրը, որոշում է գնալ և հարություն տալ նրան: Սակայն առաքյալները վարանումի են մատնվում, որովհետև հրեաները Երուսաղեմում ուզում էին քարկոծել Հիսուսին: Այդ ժամանակ Թովմասն ասում է. «Եկեք մենք էլ միասին գնանք վարդապետի հետ, ու եթե պետք լինի մեռնել, մեռնենք Նրա հետ» (Հովհաննես 11:16):

Ավանդությունը նշում է, որ Հոգեգալստից հետո Սուրբ Թովմաս առաքյալը քարոզում է Պարթևստանում, ապա հասնում է մինչև Հնդկաստան, ուր և նետահարվելով նահատակվում է: Ուստի համարվում է Հնդկաստանի առաքյալը: Առաքելական դարերից ի վեր Հնդկաստանում փոքր քրիստոնեական եկեղեցի է գոյություն ունեցել, և այնտեղ հավատում են, թե իրենց նախահայրերը դարձի են եկել Թովմաս առաքյալի քարոզությամբ: Առաքյալի գերեզմանն էլ գտնվում է Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքի մոտ: Հայ եկեղեցին Թովմաս առաքյալին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում և Հակոբոս Ալփեան ու Շմավոն նախանձահույզ առաքյալների հետ:

Հակոբոս Ալփեան առաքյալի միայն անունն է հիշատակվում Ավետարանում, իսկ նրա մասին մանրամասներ չեն տրվում: Ըստ եկեղեցական ավանդության՝ Հակոբոս առաքյալը՝ Ալփեոսի որդին, եղբայրն է Մատթեոս ավետարանչի՝ նախկին մաքսավորի: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր քարոզչությունից առաջ ընտրեց առաքյալ լինելուն արժանի, պարզ և ազնիվ մարդկանց՝ թվով տասներկու հոգու, որոնց մեջ էր նաև Հակոբոսը: Նա դառնում է Քրիստոսի հետևորդը և աստվածային խոսքի քարոզիչը: Սուրբ Հոգին ստանալով՝ մեկնում է քարոզչության հեթանոսական երկրներ՝ ցույց տալով մոլորյալներին փրկության տանող ուղին: Հակոբոս առաքյալը քանդում է հեթանոսական տաճարները իրենց կուռքերի հետ միասին, բուժում է բազմաթիվ հիվանդների, այդ թվում՝ նաև դիվահարների: Հակոբոսը մարդկանց սրտերում սերմանում է Աստծո խոսքը, տնկում հավատ և աճեցնում բարեպաշտություն: Այդ պատճառով էլ նա ստանում է նոր անուն՝ «Աստվածային սերմ»: Բազմաթիվ երկրներ անցնելով՝ սերմանում է երկնային սերմը և հավաքում մարդկային փրկության բերքը:

Հակոբոսն Ավետարանը տարածել է Պաղեստինի հարավային ծովեզերքում, Եդեսիայում, Գազայում, Ելեվֆերոպոլում, որտեղից մեկնում է Եգիպտոս, և Օստրացինե քաղաքում խաչվելով՝ նահատակվում է: Կաթոլիկ եկեղեցին նրան նույնացնում է Հակոբոս Տեառնեղբոր հետ, ինչը չեն ընդունում արևելյան եկեղեցիները, որոնց թվում և Հայ եկեղեցին: Ըստ արևելյան եկեղեցիների՝ Հակոբոս Տեառնեղբայրը Հովսեփ աստվածահոր եղբոր՝ Կղեովպասի և Մարիամի որդին է և ոչ թե՝ Ալփեոսի: Հայ եկեղեցին Հակոբոս Ալփեան առաքյալին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում և առանձին՝ Շմավոն նախանձահույզ և Թովմաս առաքյալների հետ:

Շմավոն առաքյալը կամ Սիմեոնը (հունարեն անվանաձևն է), Ավետարանում ծանոթ է «Կանանացի» մակդիրով, որ նշանակում է նախանձահույզ: Նա նույնպես մեկն է Տիրոջ տասներկու գլխավոր առաքյալներից: Նրա «Կանանացի» մակդիրի պատճառը նրա պատկանելիությունն է այդ ժամանակ Հրեաստանում գործող մի կուսակցության, որի նպատակն էր ամեն միջոցով հռոմեական օտար լծից ազատել իրենց հայրենիքը: Քրիստոսի համբարձումից տասը օր անց՝ Հոգեգալուստին, Շմավոնը մյուս առաքյալների հետ միասին ստանում է Սուրբ Հոգին, Ով իջավ նրանց վրա կրակե լեզուների տեսքով: Բոլոր առաքյալները մեկնում են տարբեր երկրներ Քրիստոսի Ավետարանը քարոզելու:

Շմավոնը քարոզել է Եգիպտոսում, ապա Պարսկաստանում, ուր և նահատակվել է: Ըստ այլ ավանդությունների՝ նա սկզբից քարոզել է Հրեաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իսպանիայում և քարոզելով հասել Բրիտանիա, ուր խաչվելով նահատակվել է այնտեղ: Հայտնի է, որ Շմավոնը Անդրեաս և Մատթեոս առաքյալների հետ միասին քարոզել է նաև Իբերական երկրում: Ավելի ուշ նա Անդրեաս առաքյալի հետ գնացել է Սվանեթի լեռը, ապա Օսեթիա և Աբխազիա, որտեղ և Սեվաստե (այժմ՝ Սուխումի) քաղաքի մոտ կանգ են առել: Սբ. Անդրեասը շարունակել է քարոզչությունը Կովկասում, իսկ Շմավոնը մնացել է այն քարայրում, որ գտնվում էր Պսիրցխի գետի կիրճում (այսօրվա Նոր Աթոսի տարածքում): Դա եղել է մոտավորապես 55թ-ին: Աբխազիայում Շմավոնը գործել է բազմաթիվ հրաշքներ, իր քարոզչության ուժի շնորհիվ շատերը դարձի են եկել: Այդ պատճառով էլ նա հեթանոսների կողմից բազմիցս է ենթարկվել հարձակումների: Շուտով, ինչպես և մյուս առաքյալները նա ընդունում է մարտիրոսական մահը: Աշակերտները նրա մարմինը ամփոփում են քարայրից ոչ շատ հեռու: Նրա գերեզմանին սկսում են այցելել բազմաթիվ հավատավորներ՝ խնդրելով նրա բարեխոսությունը իրենց հիվանդությունների համար: Ավանդության համաձայն՝ դեռ առաջին դարում Շմավոն առաքյալի քարայրի կողքին բխում է բուժիչ աղբյուր, որը կա առ այսօր: 4-րդ դարում առաքյալի թաղման վայրում կառուցում են տաճար: Իսկ 19-րդ դարում Տիբերիական լեռան մոտ կառուցվել է Նոր Աթոսի Սիմոն Կանանացու անունով վանքը: Շմավոն նախանձահույզ առաքյալին Հայ եկեղեցին հիշատակում է տարին երկիցս՝ տասներկու առաքյալների շարքում, նաև առանձին՝ Հակոբոս Ալփեան և Թովմաս առաքյալների հետ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

25.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․